Հղի կնոջ և ապագա երեխայի վիճակի ժամանակին որակյալ և մասնագիտական բժշկական հսկողությունը, ծննդաբերության և հետծննդյան շրջանի գրագետ վարումը կարող են կանխարգելել կրիտիկական վիճակներ՝ հանդիսանալով մոր և մանկան առողջության գրավական:
Էրեբունի ԲԿ-ի ծննդատունն ունի III աստիճանի բարձրագույն կատեգորիա և հանդիսանում է բազմապրոֆիլ հիվանդանոցի բաղկացուցիչ մասը, որտեղ հսկվում և ծննդալուծվում են բարձր ռիսկի հղիներն ինչպես մանկաբարձագինեկոլոգիական ախտաբանություններով, այնպես էլ այլ օրգան-համակարգերի հիվանդություններով: Էրեբունի ԲԿ-ի հարմարավետ և բարձր որակավորում ունեցող ծննդատանը յուրաքանչյուր տարի գրանցվում է ավելի քան 4000 ծնունդ և տարեկան մոտավորապես 27 000 կին ստացիոնար բուժում է ստանում օպերատիվ ու կոնսերվատիվ գինեկոլոգիայի բաժանմունքներում: Ծննդատան ամբուլատոր ծառայությունը յուրաքանչյուր տարի սպասարկում է մոտավորապես 200 000 կնոջ:
|
Էրեբունի ԲԿ ծնարանում ցուցաբերում են բարձր տեխնոլոգիական մանկաբարձական օգնության ամբողջ սպեկտրը, որն իր մեջ ներառում է դասական մանկաբարձության ավանդույթները՝ նորագույն պերինատալ տեխնոլոգիաներով: Էրեբունի ԲԿ ծնարանը հագեցած է հղիի և պտղի ներարգանդային վիճակը գնահատող ժամանակակից սարքավորումներով:
Ծննդաբերության ժամանակ կիրառվում են ցավազրկման տարբեր եղանակներ՝ հաշվի առնելով ծննդկանի և երեխայի վիճակը, ինչպես նաև բարձր ռիսկի հղիների ծննդալուծման ժամանակակից մոտեցումները, ինչը հնարավորություն է տալիս խուսափել տարբեր մանկաբարձական բարդություններից: Ծննդաբերության ցավազրկման նպատակով լայնորեն կիրառվում է տևական էպիդուրալ անզգայացումը, որն ապահովում է բարձր ցավազրկող արդյունավետություն՝ չունենալով ընկճող ազդեցություն ծննդաբերական գործունեության, մոր և երեխայի վիճակի վրա: Էպիդուրալ ցավազրկումն իրականացնում են բարձր որակավորված անէսթեզիոլոգները, ովքեր կատարելապես տիրապետում են այս եղանակին:
|
Գինեկոլոգիական բաժանմունքում իրականացվում է տարբեր ծագման անպտղության կոնսերվատիվ և վիրահատական բուժում` օգտագործելով ախտորոշման և բուժման առաջատար մեթոդները (կոլպոսկոպիա, հիստերոսկոպիա և լապարոսկոպիա)։ Կատարվում են գինեկոլոգիական և ուրոգինեկոլոգիական բոլոր վիրահատությունները` լապարոսկոպիկ, լապարոտոմիկ և հեշտոցային եղանակներով, ներառյալ արգանդի լապարոսկոպիկ էքստիրպացիան։ |
Մոր և մանկան համատեղ կացությունը առավել ֆիզիոլոգիական է։ Կրծքով կերակրման ծրագրի համաձայն` նորածինը կրծքով կերակրվում է ըստ պահանջի։ Դա նպաստում է կաթնարտադրության ակտիվացմանը և արգանդի արագ կրճատմանը։ Մայրը ստանում է անհրաժեշտ խորհրդատվություն երեխայի խնամքի և կերակրման վերաբերյալ‚ ինչպես նաև` կերակրող մոր սննդակարգի մասին։ |
Նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքը հագեցած է կարդիոմոնիտորներով, պերֆուզորներով, արհեստական շնչառության, ռենտգեն սարքավորումներով, նորածինների խնամքի համար անհրաժեշտ տաքացվող սեղաններով և կյուվեզներով։ Այստեղ իրականացվում է թոքերի արհեստական շնչառության տակ գտնվող անհաս, գերհաս և ծանր վիճակի երեխաների խնամք և սնուցում։ Բաժանմունքի հիմքի վրա ստեղծվել է նորածինների վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի կենտրոն։ |