Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010

Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների հիգիենիկ գնահատականը

Կնոջ մոտ ծննդաբերությունից հետո սկսվում է լակտացիայի շրջանը։ Այն ֆիզիոլոգիական վիճակ է, որի ժամանակ կնոջ օրգանիզմի կողմից սննդանյութերի և էներգիայի նկատմամբ պահանջն ավելի է մեծանում, քան հղիության ընթացքում։ Հետազոտության նպատակն է ուսումնասիրել կերակրող մայրերի սննդային օրաբաժինները և տալ դրանց հիգիենիկ գնահատականը։

 

Նյութը և մեթոդները


Կերակրող մայրերի փաստացի սնունդն ուսումնասիրելու նպատակով հետազոտվել է Երևան քաղաքի 50 կերարկող մայրերի (առաջին 6 ամիսների ընթացքում) 350 սննդային օրաբաժիններ։

 

Հետազոտվածների փաստացի սննդի ուսումնասիրությունները կատարվել են 7 օր անընդմեջ [3]։ Դա հնարավորություն է տվել բացահայտելու օգտագործված սննդամթերքների տեսականին և կերակրատեսակների բնույթը։ Սննդային օրաբաժիններում մակրո և միկրոնուտրիենտների միջին պարունակության հաշվարկը կատարվել է սննդամթերքների քիմիական կազմի աղյուսակներով [ 5,6]։

 

Հետազոտվել են օրաբաժինների քիմիական կազմի այնպիսի ցուցանիշներ, որոնց պահանջը կանոնակարգված է ֆիզիոլոգիական նորմաներով [4]։ ՈՒսումնասիրվել են էներգետիկ արժեքը, սպիտակուցների ընդհանուր քանակությունը (այդ թվում` կենդանական), ճարպերի ընդհանուր քանակությունը (այդ թվում` բուսական), ածխաջրերը, վիտամինները (A, B1, B2, B6, B12, C, PP, ֆոլացին), հանքային նյութերը (Ca, P, Mg, Fe)։


Արդյունքները և քննարկումը


Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների նուտրիենտային կազմի միջին օրական ցուցանիշների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էներգակիր սննդանյութերի պարունակությունը հաշվեկշռված չէ, ինչպես քանակական, այնպես էլ որակական առումով (աղյուսակ)։ Այն բնութագրվում է բոլոր նուտրիենտների անբավարարության ֆոնի վրա սպիտակուցների նշանակալի անբավարարությամբ (29%), հատկապես կենդանական ծագման (27%), ինչպես նաև բուսական ճարպերի 45% անբավարարությամբ։ Հիմնական սննդանյութերի անբավարարության արդյունքում սննդային օրաբաժիններն ունեցել են ցածր էներգետիկ արժեք (22% անբավարարություն)։ Էներգակիր սննդանյութերի քանակական անբավարարության հետ մեկտեղ խախտվել է նաև դրանց փոխհարաբերությունը։ Այսպես, կերակրող մայրերի սննդային օրաբաժիններում սպիտակուց, ճարպ, ածխաջուր փոխհարաբերությունը կազմել է 1 ։ 1,1 ։ 3,5` հանձնարարվող 1 ։ 0,8 ։ 3,2-ի փոխարեն։

 

Սննդային օրաբաժիններում հայտնաբերվել է համարյա բոլոր վիտամինների արտահայտված անբավարարություն, մասնավորապես, վիտամիններ A, B1, B2, B6, PP, C։ Ֆոլացինի անբավարարությունը կազմել է 57%։ Ընդհանուր առմամբ, վիտամինային անբավարարությունը կրել է համակցված բնույթ, տատանվել 33-57% սահմաններում։ 

 

Վիտամինների պարունակությունը կրծքի կաթում անմիջականորեն կախված է կերակրող կնոջ սննդի վիտամինային կազմից, և նրանց ոչ լիարժեք սնունդը կարող է կրծքի երեխաների մոտ վիտամինային անբավարարության պատճառ հանդիսանալ [1,2]։

 

Կերակրող մայրերի օրաբաժիններին բնորոշ է նաև հանքային նյութերի անբավարարությունը։ Ca-ի նկատմամբ օրգանիզմի պահանջը բավարարվել է 54%-ով, P-ի` 61%-ով, Mg-ի` 63%-ով և Fe-ի` 49%-ով։ Ca։P։Mg փոխհարաբերությունը կազմել է 1 ։ 1,7 ։ 0,4` հանձնարարվող 1 ։ 1,5 ։ 0,4-ի փոխարեն։

 

Այսպիսով, կերակրող մայրերի սնունդն ըստ մակրո- և միկրոնուտրիենտների պարունակության` հաշվեկշռված չէ և ոչ ռացիոնալ է։

 

Աղյուսակ. Կերակրող մայրերի սննդային օրաբաժինների էներգետիկ արժեքը և նուտրիենտների պարունակությունը


Սննդանյութեր

Նորմաներ

Փաստացի

պարունակությունը

M ՞ m

 

Դեֆիցիտը

%

Էներգետիկ արժեք (կկալ)

2500

1955,57 ՞ 88,7

22

Սպիտակուցներ (գ)

Ընդամենը

101

71,28 ՞ 3,5

29

այդ թվում` կենդանական

60

44,08 ՞ 2,5

27

Ճարպեր (գ)

Ընդամենը

82

77,63 ՞ 3,4

5

այդ թվում` բուսական

25

13,69 ՞ 0,9

45

Ածխաջրեր (գ)

329

249,13 ՞ 12,2

24

Վիտամիններ

A (մկգ)

1200

544,36 ՞ 41,9

55

B1 (մգ)

1,7

0,99 ՞ 0,04

42

B2 (մգ)

1,8

0,97 ՞ 0,04

46

B6 (մգ)

2,3

1,55 ՞ 0,07

33

B9 (մկգ)

300

128,95 ՞ 6,7

57

B12 (մկգ)

4

2,43 ՞ 0,4

39

C (մգ)

110

71,63 ՞ 6,02

35

PP (մգ)

19

12,30 ՞ 0,6

35

Հանքային նյութեր

Ca (մգ)

1200

646,88 ՞ 35,1

46

P (մգ)

1800

1090,07 ՞ 49,5

39

Mg (մգ)

450

281,52 ՞ 12,5

37

Fe (մգ)

33

16,02 ՞ 0,8

51

 

Սննդի լիարժեքությունը պայմանավորված է սննդային օրաբաժինների կազմում եղած սննդամթերքի տեսականիով և քանակով։ Կերակրող մայրերի փաստացի սննդում ընդգրկված պարենամթերքի հավաքածուի մեր ուսումնասիրության արդյունքները ցույց տվեցին, որ դրանց տեսականին աղքատ է և միօրինակ։ 

 

Կերակրող մայրերի սննդաբաժիններում մսի և մսամթերքի անբավարարությունը կազմել է 19%, կաթի և կաթնամթերքի անբավարարությունը` 81%, ձուկ-ձկնեղենն օգտագործվել են շատ հազվադեպ։ Բուսական յուղի նկատմամբ պահանջն, որն անփոխարինելի չհագեցած ճարպաթթուների հիմնական աղբյուր է, բավարարվել է 65%-ով։ Կերակրող մայրերի փաստացի սնունդը բնութագրվում է բանջարեղենի 84% և մրգերի 36% անբավարար օգտագործմամբ։ Կերակրող մայրերի օրաբաժինների անբավարար ապահովվածությունն էսենցիալ և ոչ էսենցիալ նուտրիենտներով բացատրվում է միատեսակ սննդով, սննդի մեջ ռաֆինացված մթերքների (հացաբուլկեղենի, ալրային մթերքների) մեծ տեսակարար կշռով, միաժամանակ թարմ բանջարեղենի և մրգերի ոչ բավարար օգտագործմամբ։

 

Եզրակացություն


Մեր կողմից հետազոտված 50 կերակրող մայրերի օրաբաժիններն, ընդհանուր առմամբ, չեն ապահովում սպիտակուցի, ճարպերի, ածխաջրերի նկատմամբ օրգանիզմի պահանջը։ Այն միօրինակ է, բնորոշվում է սպիտակուցների, հատկապես կենդանական ծագման, ճարպերի, ածխաջրերի, վիտամինների և հանքային նյութերի ցածր պարունակությամբ։ Այդ ամենը պայմանավորված է սննդային օրաբաժինների ոչ ճիշտ կառուցվածքով, դրանում մսի և մսամթերքի, կաթի և կաթնամթերքի, ձկան, ձվի, բանջարեղենի, մրգերի, անբավարար քանակով և սահմանափակ տեսականիով։

 

Գրականություն


  1. Королев А.А., Гигиена питания. М։ Академия; 2007
  2. Мартинчик А.Н., Маев И.В., Янушевич О.О. Общая нутрициология. М։ 2005
  3. Методические рекомендации по вопросам изучения фактического питания и состояния здоровья населения в связи с характером питания. М; 1984
  4. Нормы физиологических потребностей в пищевых веществах и энергии для различных групп населения. (N5786-91), М;1991
  5. Скурихина И.М., Химический состав пищевых продуктов, М;1984
  6. Скурихина И.М., Химический состав пищевых продуктов, М;1994

 

Հեղինակ. Ա.Ս. Ղազարյան, Ի.Վ. Կոջոյան, Գ.Զ. Մարտիրոսյան, Ն.Դ. Խաչատրյան. ՀՀ ԱՆ ԱԱԻ
Սկզբնաղբյուր. Գիտական բժշկության հանդես ԱԱԻ 1.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Գյումրիում ավստրալիական հակածինի (HBsAg) նկատմամբ հետազոտությունների շուրջ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ ժամանակակից բժշկության հրատապ խնդիրներից մեկը` պայմանավորված այս վարակների լայն տարածվածությամբ (նաև զարգացած երկրներում) և համաճարակաբանական բարձր ներուժով[6,9]...

Թվեր և փաստեր Վարակաբանություն Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն
Սուր պանկրեատիտի ախտորոշման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Ներկայում սուր պանկրեատիտը անհետաձգելի վիրաբուժության ամենակարևոր և հետագա ուսումնասիրություններ պահանջող խնդիրներից մեկն է : Վերջին տարիներին նկատվում է պանկրեատիտով հիվանդների քանակի աճի միտում ամբողջ աշխարհում...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Ախտորոշիչ մեթոդներ
Սուր պանկրեատիտի բուժման ժամանակակից հարցերը (գրականության տեսություն)

Սուր դեստրուկտիվ պանկրեատիտի բուժման պատմությունն իրենից ներկայացնում է բազմամյա երկխոսությունների պատմություն` կոնսերվատիվ բուժման և ակտիվ վիրաբուժական մեթոդների կողմնակիցների միջև։ Դա պատմություն է մշտական անցումների...

Գաստրոէնտերոլոգիա, լյարդաբանություն Բուժման մեթոդներ
Էսենցիալ և պայմանական էսենցիալ միկրոէլեմենտային կարգավիճակը նախադպրոցական տարիքի երեխաների օրգանիզմում

Կենսամիկրոէլեմենտները սննդի անփոխարինելի այն բաղադրիչներից են, որոնց համապատասխան քանակությամբ ներմուծումն օրգանիզմ անհրաժեշտ է առողջության և աշխատունակության ապահովման համար...

Երեխայի սնուցումը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ