Արվեստագետ
''Հրեշտակների'' անհավատալի սխրանքը. ֆիլմ 44-օրյա պատերազմի մասնակից բժիշկների մասին
Ձեր ֆիլմերից դիտել եմ ''Թևանիկը'', երկար ժամանակ տպավորված էի: Խոսենք Ձեր նոր նկարահանվող ֆիլմի մասին:
Նոր ֆիլմը, որն անվանել եմ ''20 20-ի հրեշտակները'', պատմում է 2020-ի պատերազմի մասնակից բժիշկների մասին: 2021 թվականի հունվարից առայսօր հանդիպել ենք բժիշկների հետ թե՛ Արցախից, թե՛ Հայաստանից և թե՛ արտերկրից, որոնք որևէ կերպ մասնակցություն են ունեցել պատերազմին: Բժիշկների ջանքերը և նվիրումը անպատմելի մեծ է եղել, չնայած որ յուրաքանչյուրը պատերազմը վերապրել է յուրովի։
Պատերազմի ժամանակ շատ դեպքերի ականտես եղա, որոնք բավականն էին` հասկանալու համար, որ յուրաքանչյուր բժիշկ արժանի է հենց միայն ի՛ր մասին ֆիլմ նկարահանելուն: Նրանք այդ անմարդկային պայմաններում փորձել են հնարավորինս ավելի շատ կյանքեր փրկել:
2021-ին, պատերազմից ամիսներ անց, հանդիպել ենք 50-ից ավելի բժշկների հետ, հավաքագրել վկայություններ, պատմություններ, իսկ 2023-ից՝ սկսել սցենարի վրա աշխատել: