Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2011

Հեռանկարում այունաբանական ծառայություն` միջազգային մակարդակով

Գաղտնիք չէ, որ արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումը մեզանում իրականացվում է բացառապես պետպատվերի շրջանակներում` բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60%-ի դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների առողջացման ցուցանիշը կազմում է 70%:

 

Առանձին դեպքերում ռեցիդիվների և ռեզիստենտ ձևերի ժամանակ քիմիաթերապիային զուգահեռ հարկ է լինում հիվանդներին կատարել ոսկրածուծի ցողունային բջիջների փոխպատվաստում, որի արդյունավետությունը կազմում է մոտ 25%: Ահա ինչու Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում գերակա խնդիր է դարձել ստեղծել հեմոֆիլիայի և մանկական օնկոհեմոֆիլիայի, ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն:

 

Ի՞նչ ուղղվածություն է ունենալու կենտրոնը, արյան չարորակ հիվանդությունների դեմ պայքարում, տեխնոլոգիական ի՞նչ վերազինում է պահանջվելու, մասնագետ բժիշկների ինչպիսի՞ հագեցվածություն է ունենալու Կենտրոնը կառուցապատումից և շենքային հիմնանորոգումից հետո, արդյո՞ք հնարավորություն կընձեռվի ընդունելու և բուժելու առավել մեծ թվով` այդ թվում մանկահասակ հիվանդների. հենց այս հարցերը քննարկելու, Արյունաբանական կենտրոնի բժիշկների առաջարկները լսելու նպատակով փուլային այցով Կենտրոն էր այցելել ՀՀ առողջապահության նախարար, պրոֆեսոր Հարություն Քուշկյանը:

 

Արյունաբան բժիշկների հետ անկաշկանդ զրույցի և լրագրողներին տված հարցազրույցի ընթացքում նախարարն ընդգծեց, որ միջազգային տվյալների համաձայն` ուռուցքային հիվանդությունների շարքում հեմոբլաստները կազմում են 6-7%:

 

Տարեկան ախտորոշվող արյան չարորակ հիվանդությունների կազմում սուր լեյկոզների քանակը մեզ մոտ կազմում է 90-100 դեպք (25-30-ը` երեխաների շրջանում): Նա հաղորդեց, որ ներկայումս Արյունաբանական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդներից հեմոբլաստոզով տառապում է մոտավորապես 1900-ը, որոնցից 202-ը` երեխա, ինչն արդեն մտահոգիչ է: Հեևաբար, հեմոֆիլիայի, մանկական օնկոհեմոֆիլիայի և ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոնի հիմնադրումը պետք է պայմանավորված լինի ոչ միայն շենքային պայմանների բարելավմամբ, այլև անհրաժեշտ է քննարկումներ կազմակերպել Համաշխարհային բանկի հիմնադրամի հետ, ով հրաշալի փորձ ունի այս և այլ կարգի բուժկենտրոններ հիմնադրելու գործում:

 

Պարոն Քուշկյանը հավաստիացրեց, որ մանրամասն ուսումնասիրվում է միջազգային փորձը, ինչը հնարավորություն կընձեռի ցուցաբերել բարձրորակ բուժօգնություն: Խոսքը և հստակ ախտորոշմանը, և արդիական եղանականերով բուժումն ավարտին հասցնելուն է վերաբերում:

 

Նա իրազեկեց, որ փուլային հանդիպումներն  առաջիկա մեկուկես տարիներին` մինչև Կենտրոնի կառուցումը, շարունակվելու են, որպեսզի ներդրած յուրաքանչյուր լուման նպատակին ծառայի, հատկապես, որ թեպետ, ամբողջ աշխարհում քիմիաթերապիան չափազանց տարածված բուժման եղանակ է, առանց ցողունային փոխպատվաստման հիվանդությանն ընդդիմանալ և առաջ գնալ հնարավոր չէ:

 

Արյունաբանական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը հաղորդեց, որ իր ղեկավարությամբ աշխատանքային խումբը մշակել է Հայաստանի Հանրապետությունում արյունաբանության զարգացման ծրագիր, որը ներկայացվելէ Առողջապահական ծրագրերի իրագործման գրասենյակ` Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորման համար:

 

Նա նշեց, որ արյունաբանական ծառայության զարգացման ուղղությամբ արդեն որոշակի աշխատանքներ են կատարվել. արյան հիվանդությունների ախտորոշման մակարդակի բարձրացմանը կնպաստի ցիտոֆլյուրոմետրը, փոխներարկվող արյան բաղադրամասերի վարակային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ձեռք է բերված վիրուսինակտիվացման սարքերը:

 

Արյունաբանական կենտրոնում առկա է ցողունային բջիջների հավաքագրման սարք, ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցված արյան բաղադրամասերի երկարատև պահպանման բանկ, ինչը հնարավորություն է ընձեռում պահպանել նաև հավաքագրված ցուղունային բջիջները:

 

Ուշադրության է արժանի այն փաստը, որ մշակված ծրագրով Արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքի վերակառուցման և հիմնանորոգման աշխատանքների իրականացումը թույլ կտա հասնել հիվանդների բուժման պայմանների միջազգային չափանիշների, կվերազինվեն լաբորատոր (մորֆոլոգիական, ցիտոլոգիական, մակարդելիության, բիոքիմիական, ցիտոգենետիկական, իմունոլոգիական, մանրէաբանական) և ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունները: Եվ, վերջապես, ծրագրի իրագործումը, այս ամենից զատ, հնարավորություն կտա իրականացնել արյան չարորակ հիվանդությունների բուժման առավել արդյունավետ միջոց համարվող բարձրդեղաչափային քիմիաթերապիա:

 

Հանդիպման ավարտին Առողջապահության նախարարը հավաստիացրեց, որ արյունաբան բժիշկների հնչեցրած առաջարկությունները, հարցադրումները, առարկություններն անպայման հաշվի կառնվեն ներ Կենտրոնի կառուցապատման ամբողջ ընթացքում։

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ