Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 1.2011

Ուռուցքաբանության ազգային կենտրոնը 2011-ին. Հայրապետ Գալստյան

2011-ին Ուռուցքաբանության ազգային կենտրոնի ողջ անձնակազմն աշխատել է մեծ լարումով, քանզի  չարորակ ուռուցքներով հիվանդացության ցուցանիշն աստիճանաբար աճում է և ոչ միայն Հայաստանում, այլև աշխարհում հասնելով 2-4%-ի սահմաններին:

 

Եթե դրան գումարենք նաև նախորդ տարիներում բուժված հիվանդների մի մասին, ում մոտ կրկնվում է հիվանդությունը, ապա պարզ է, որ հիվանդների թիվը դառնում է շատ ավելի և դա պահանջում ուժերի մեծ լարում, առավել ևս, որ մեր հանրապետությունում չարորակ ուռուցքների բարձիթողությունը հասնում է 45 %-ի: Պետք է ասեմ, որ կոլեկտիվը, լարված աշխատելով, կարծես թե, իր առջև դրված բոլոր խնդիրները կարողանում է լուծել: Սակայն, դա չի նշանակում, իհարկե, որ ամեն ինչ ի զորու ենք անել: 2011-ին մեր կենտրոնի ստացիոնարում բուժում է ստացել մոտ 10 հազար հիվանդ, պոլիկլինիկայում հաճախումների թիվը գերազանցում է 24 հազարը: Պատկերացնում եք թե ինչ ծավալի աշխատանք է կատարվում մեզ մոտ: 

 

2011-ին մեր ախտորոշիչ պարկը հարստացավ ռադիոիզոտոպային լաբորատորիայով, որը մեզ հատկացվեց ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից և շատ կարճ ժամանակահատվածում այն ներդրեցինք: Այս տարի ձեռք ենք բերել նաև մի քանի անալիզատորներ, ընդլայնվել են մեր համագործակցության շրջանակները: Ներկայումս համագործակցում ենք  Ռուսաստանի Դաշնության Բլոխինի անվան ուռուցքաբանության գիտական կենտրոնի, Օբնինսկի քաղաքի բժշկական ռադիոլոգիայի կենտրոնի, Ֆրանսիայի Գուստավ Ռուսի անվան ուռուցքաբանության կենտրոնի հետ: Այս տարի 4 բժիշկ վերապատրաստվեց Ֆրանսիայում, եկող տարվա համար պլանավորվում է ևս  2-ի վերապատրաստման ուղարկել Փարիզ: Իսկ 2013-ին ֆրանսիացի մասնագետների հետ նախատեսել ենք Երևանում, մեր բազայի վրա, անցկացնել համատեղ գիտագործնական կոնֆերանս` նվիրված չարորակ ուռուցքների ախտորոշման և բուժման հրատապ խնդիրներին: Նախկին գիտաժողովը բավական արդյունավետ էր, գալիքը, կարծում եմ, առավել արդյունավետ կլինի: 2012-ին հույս ունենք, որ մեր տեխնիկական պարկը կհագենա ախտորոշիչ կամ բուժական նոր սարքավորումներով: սակայն այն կապված  ֆինանսական դժվարությունների հետ: 

 

Ինչ կցանկանամ ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև, մասնավորապես, բուժաշխատողներին: Որ պետության կողմից բուժաշխատողի օրը նշվի հավուր պատշաճի, որ ավելի ընդգրկուն և ժողովրդի լայն զանգվածների համար ավելի տեսանելի լինի բժշկի աշխատանքը, որ գնահատվի նրա գործունեությունն ու նվիրվածությունը, այսօր, ցավոք, բուժաշխատողն անպաշտպան է դարձել:

 

Կուզենայի նաև, որ լրագրողական աշխարհում ցուցաբերվի օբյեկտիվ մոտեցում, առանց նախնական ուսումնասիրության որևէ հոդված չտպագրվի: Կուզեմ, որ գալիք տարին բոլորիս համար լինի հանգիստ  և բարեկեցիկ տարի, առանց լարվածությունների: 

 

Աշխարհն այսօր ալեկոծված է, խնդիրը մեկ պետության շահը չէ, այլ ամբողջ մոլորակի մարդկության հարցն է: Մի կողմից բնությունն է ընդվզել, մյուս դեպքում` ընդերքը, երրորդ դեպքում` տիեզերքը և այդ ամենը, բնականաբար, հետք է թողնում բոլորիս վրա: Թող 2012 թվականը լինի խաղաղության տարի, զինվենք համբերությամբ, չլցվենք ատելությամբ և, որպես ավագ սերնդի ներկայացուցիչ, ով ունի արդեն մասնագիտական գործունեության 50 տարվա փորձառություն, ջերմ բարեմաղթանքներով շնորհավորում եմ իմ զինակիցներին, առողջապահության ոլորտի բոլոր աշխատողներին:  

Հեղինակ. Հայրապետ Գալստյան ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, ՀՀ ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2011
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ