Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահության լրատու 2.2010

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հիվանդության ժամանակին հայտնաբերումը` պայքարի առաջին նախապայման

Փետրվարի 4-ը քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Հիվանդության ժամանակին հայտնաբերումը` պայքարի առաջին նախապայման

Փետրվարի 4-ը համայն մարդկության համար ևս մեկ պատեհ առիթ էր, որ Երկիր մոլորակի բոլոր չափահաս բնակիչները հիշեն  այն չարանենգ հիվանդության մասին, ինչպիսին քաղցկեղն է: Իսկ հիշել, նշանակում է խոսել այդ հիվանդության ժամանակին հայտնաբերման, կանխարգելման, բուժման արդյունավետ եղանակների, հիվանդացության ծագման ու տարածման, նման հիվանդների ցավը մեղմելու, կյանքը երկարաձգելու և այլ հիմնահարցերի շուրջը:

 

Ահա այս հարցադրումների պատասխաններն ստանալու ակնկալիքով դիմեցինք ակադեմիկոս Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն, գինեկոլոգիայի և լապարասկոպիայի բաժանմունքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Նա նշեց, որ քաղցկեղ հիվանդությունն ամբողջ աշխարհում, մասնավորապես Հայաստանում, հետզհետե ավելի մեծ աճ է արձանագրում: 

 

Յուրաքանչյուր տարի աշխարհում 12 մլն մարդ հիվանդանում է քաղցկեղով, 7 միլիոնից ավելին դառնում քաղցկեղի զոհ: Եթե նման վերելքով քաղցկեղային հիվանդությունները շարունակեն իրենց ՙգրոհը՚, ապա  2020 թվականին, ընդամենը տասը տարի անց, հիվանդների թիվը կգերազանցի 20 միլիոնը: Այլ խոսքով, հիվանդության աճի համաշխարհային տոկոսը 2-4-ն է:

 

Անդրադառնալով Հայաստանում գրանցված վիճակագրությանը, պրոֆ. Բազիկյանը փաստեց, որ տարեկան այս կարգի առաջնային հայտնաբերված  հիվանդների թիվը հասնում է 7 հազարի: 2008 թ. հայտնաբերվել է 7336 քաղցկեղով հիվանդ: Նա ցավով արձանագրեց, որ, դժբախտաբար, հայտնաբերված հիվանդների 40-45%-ը բժշկի են դիմում արդեն իսկ հիվանդության բարձիթողի փուլում, մինչդեռ հիվանդության սկզբնական փուլում հայտնաբերումը, արդյունավետ բուժումը 5 և ավելի տարվա կյանքի տևողության երաշխիք են տալիս քաղցկեղով հիվանդների 90-95 տոկոսին: Հիվանդության երկրորդ փուլում այդ տոկոսն նվազում է 55-60, իսկ III-IV փուլերում ընդհանուր հիվանդների միայն 10-15%-ին է վիճակված արդյունավետ բուժման երաշխիքներ ունենալ:

 

Այս չարանենգ հիվանդությունից ապահովագրված չեն նաև երեխաները: Պարոն Բազիկյանը նշեց, որ Հայաստանում տարեկան 80-100 երեխա հետազոտման արդյունքում այս կամ այն օրգանի քաղցկեղով է տառապում: Թվում է, թե այս թիվն այնքան էլ մտահոգիչ չէ, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիվանդությունը, կապված բնապահպանական, սթրեսային, ժառանգական, ոչ ճիշտ սննդի և այլ կարգի հանգամանքների հետ, երիտասարդացման միտում է հետապնդում, կնշանակի պայքարը պետք է լայնածավալ և բազմակողմանի բնույթ կրի:

 

Մեր այն հարցին, թե հիվանդությունն առավելապես ո±ր օրգաններում է բարձր տոկոս կազմում, պրոֆ. Բազիկյանն արձանագրեց, որ ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում, առաջին հորիզոնականն զբաղեցնում է թոքի քաղցկեղը: Դրան հաջորդում են կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի, կանացի օրգանների քաղցկեղային հիվանդությունները:

 

Նա փաստեց, որ քաղցկեղի ախտորոշումն ու բուժումն աշխարհում ամենաթանկ «հաճույքներից» մեկն է և անգամ ամենազարգացած, բժշկական տեխնոլոգիաներով հարուստ պետություններն առայժմ ի վիճակի չեն 100 տոկոսանոց դրական արդյունք գրանցել: Առավել ևս Հայաստանը, ուր չի գործում ապահովագրական բժշկության համակարգը, զարգացման հիմնադրամների սահմանափակ մասհանումները, տնտեսական ու ֆինանսական ճգնաժամը հաղթահարող պետությունն առայժմ ի վիճակի չէ ձեռք բերելու ժամանակակից անհրաժեշտ բժշկական սարքավորումներ, արդյունավետ թանկարժեք դեղորայք:

 

Այս հանգամանքում անհրաժեշտ է հնարավորինս բարձրացնել ընտանեկան բժշկության դերն ու պատասխանատվությունը, իհարկե նաև մեր ազգաբնակչության գիտակցության մակարդակը: Այն է` քաղցկեղ հիվանդությունից ոչ թե պետք է սարսափել և լռությամբ հանձնվել ճակատագրի ՙպարգևած՚ անակնկալներին, այլ տարվա մեջ գոնե մեկ անգամ մտածել սեփական առողջության մասին` անցնելով բուժզննում: Չէ՞  որ նախնական, առաջնային փուլում հիվանդության հայտնաբերումն արդեն իսկ քաղցկեղը կանխարգելելու, հետագա բարդություններից խուսափելու երաշխիքներ է տալիս:

 

Պրոֆ. Բազիկյանն իբրև ապացույց ներկայացրեց Ուռուցքաբանության կենտրոնի գործունեությունը, ուր ոչ միայն լայնածավալ և բարդ վիրահատություններ, այլև քաղցկեղի դեղորայքային, ճառագայթային, քիմիաթերապևտիկ, հորմոնային և իմունային նախորդող, զուգորդող, հաջորդող բուժման եղանակներ են կիրառվում` ելնելով քաղցկեղային հիվանդության փուլից ու բարդությունից: Նա կարևորեց նաև Կենտրոնի արտագնա բրիգադների աշխատանքը մարզերում, բրիգադներ, որոնք անվարձահատույց հետազոտությունների արդյունքում տարեկան մի քանի հարյուր քաղցկեղով հիվանդացած քաղաքացիների են հայտնաբերում:

 

Վերջում նա հորդորեց ազգաբնակչությանն ապահովել տեղեկատվության թափանցիկ և իրատեսական դաշտով` արմատախիլ անելով վախի, սարսափի և հուսահատության սերմերը…

Հեղինակ. Սանդրո Ջուլհակյան
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 5 (543) 12.02.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ