Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006

Երևան քաղաքում բնակչության շտապ բժշկական օգնության (ՇԲՕ) դիմելիության բնութագիրն ըստ նոզոլոգիական խմբերի 2004թ. ընթացքում և կանչի ելքի վերլուծությունր 2001-2004թթ. ժամանակահատվածում

Վերջին տարիներին Երևան քաղաքում դիտվում է բնակչության ՇԲՕ դիմելիության աճ: Բնակչության բարձր պահանջարկի պատճառներից մեկը հանդիսանում է առաջնային բժշկասանիտարական օգնության օղակներում կանխարգելիչ ուղղության թուլացումը, ինչպես նաև հիվանդությունների քրոնիզացումը:

 

 

Նոզոլոգիական խմբերով կանչերի վերլուծությունն ըստ սեզոնների (աղյուսակ 1) ցույց է տալիս, որ.

 

  • սրտանոթային հիվանդությունների հետ կապված կանչերի թվում վիճակագրորեն հավաստի տատանումներ չեն եղել,

  • նյարդային հիվանդությունների հետ կապված կանչերի թիվն ավելացել է աշնանն ու ձմռանը,

  • շնչառական օրգանների հիվանդությունների հետ կապված կանչերի թիվն աշնանն ու ձմռանը վիճակագրորեն հավաստի ավելացել է,

  • վարակիչ հիվանդությունների աճ արձանագրվում է ձմռանը,

  • վնասվածքների թվի վիճակագրորեն հավաստի կտրուկ աճ դիտվում է ձմռանը,

  • մանկաբարձական-գինեկոլոգիական

 

Կանչի ելքի արդյունքների վերլուծությունը 2001-2004թթ. ժամանակահատվածում ըստ նոզոլոգիական խմբերի (աղյուսակ 2) թույլ է տալիս կատարելու մի շարք եզրահանգումներ.

 

  • սրտանոթային հիվանդություններից կանչերի մոտ կեսը սահմանափակվել է տեղում կատարված միջոցառումներով: Ըստ որում, հիվանդների մի մասը կարիք է ունեցել զուտ ընտանեկան

  • (պոլիկլինիկական) բժշկի միջամտության (օրինակ`ԷՍԳ),

  • նյարդային հիվանդություններից կանչերի մոտ կեսի դեպքում հիվանդներին տեղափոխել են հիվանդանոց ուղեղի արյան շրջանառության քրոնիկական սրացումների պատճառով,

  • շնչառական հիվանդություններից կանչերի ելքի կեսից ավելին ավարտվել է տեղում կատարված միջոցառումներով: Հիվանդների մի մասն ունեցել է քրոնիկական հիվանդությունների սրացում (բրոնխային ասթմա, քրոնիկական բրոնխիտ),

  • վիրաբուժական դեպքերի մեծ մասի վիճակը (70%) մնացել է անփոփոխ կամ տեղափոխվել է հիվանդանոց,

  • վարակիչ հիվանդությունների մի մասի կանչերն ավարտվել են հիվանդանոց տեղափոխմամբ,

  • վնասվածքների դեպքերի մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց, մանկաբարձական-գինեկոլոգիական դեպքերի բացարձակ մեծ մասը տեղափոխվել է հիվանդանոց:

 

Համաճարակաբանական տեսություն

 

Սույն բաժնում հրատարակվում են դեկտեմբեր ամսվա ընթացքում տարբեր տարածաշրջաններում տեղի ունեցած համաճարակների, բռնկումների, թունավորումների մասին տեղեկություն և այլ նյութեր, որոնք կարող են հետաքրքիր և օգտակար լինել բուժաշխատողների և առողջապահության կազմակերպիչների համար: Նյութերի պատրաստման ընթացքում օգտագործվել են տեղեկատվություն Առողջապահության համաշխարհային կազմակերպության, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի, Եվրասիա հիմնադրամի պաշտոնական ինտերնետային հասցեներից և այլ պաշտոնական

աղբյուրներից:

 

Մանրամասն տեղեկություն կարող եք ստանալ ՀՀ ԱՆ ԱԱԻ Առողջապահության վերլուծական-տեղեկատվական հանրապետական կենտրոնից` դիմելով սույն բաժնի պատրաստման պատասխանատու Լ.Նիազյանին [email protected]; [email protected] էլեկտրոնային փոստի հասցեներով:

 

Բոտոիլիզմի բռնկում Ղրղզստանում

 

2005թ. դեկտեմբերի 15-ին Օշ տարածաշրջանի Ջափալակ գյուղում 5 հոգու մոտ արձանագրվել է բոտուլինային թունավորում, որից 3-ը 10, 11 և 12 տարեկան երեխաներ էին: Թունավորման աղբյուր է հանդիսացել տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենի աղցանը: 2005թ. դեկտեմբերի 2-ին Օշ տարածաշրջանի Կարասույ համայնքում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք, որից մեկի, 2 տարեկան երեխայի մոտ, մահացու ելքով: Թունավորման պատճառ նույնպես հանդիսացել է տնային պայմաններում պահածոյացված բանջարեղենի աղցանը:


Դիզենտերիայի բռնկում ռյազանի տարածաշրջանում

 

Ռուսաստանի Ռյազան տարածաշրջանի Կասիմով քաղաքում 300 բնակիչներ հոսպիտալացվել են սուր աղիքային վարակով: Դեկտեմբերի 12-ի պաշտոնական տվյալներով դիզենտերիան հաստատվել է 97-ի մոտ :

 

Դիզենտերիայի բռնկումն արձանագրվել է քաղաքի մի շարք համայնքներում: Քաղաքի մի քանի վաճառակետերից կատարվել է սննդամթերքի նմուշառում` լաբորատոր հետազոտման նպատակով:

 

Տրիխինելոզի բռնկում ռուսաստանի ալթայ տարածաշրջանում

 

2005թ. դեկտեմբերի 7-ի դրությամբ Ալթայի տարածաշրջանում արձանագրվել է 46 տրիխինելոզի դեպք, մինչդեռ 2004-ի ընթացքում դեպքերի թիվը 33 էր: Հիվանդության հիմնական պատճառ է հանդիսանում խոզի և շան միսը, որոնք անցնելով ոչ բավարար ջերմային մշակման օգտագործվել են նրբերշիկի և շիշ քաբաբի պատրաստման համար:

 

Տրիխինելոզը լայն տարածում ունի Ռուսաստանում: Արձանագրված բոլոր բռնկումների հիմնապատճառ է հանդիսացել խոզի և շան միսը, որոնք օգտագործվել են սննդի մեջ: Հիվանդության կանխարգելումը հնարավոր է միայն բնակչության կրթման միջոցով:

 

Իերսինիոզի բռնկում նովգորոդի տարածաշրջանի պոբերեժյե համայնքում

 

Դեկտեմբերի 14-ի տվյալներով Նովգորոդի տարածաշրջանի Պոբերեժյե համայնքում արձանագրվել է իերսինիոզի բռնկում մանկապարտեզում: Այս տարածքի Ռուսաստանյան առողջության պաշտպանման գործակալության (Ռոսպոտրեբնադզոր) տարածքային կառավարման ղեկավարի տվյալներով վարակը վերջին 2 օրվա ընթացքում հայտնաբերվել է 24 երեխայի մոտ:

 

Տարածքային ինֆեկցիոն հիվանդանոցի տվյալներով հիվանդության ախտանիշներն առաջին ախտահարված երեխաների մոտ նմանատիպ էին քութեշին` ջերմության կտրուկ բարձրացում, ցան, ցավեր որովայնի շրջանում:

 

Այս տարածքում իերսինիոզի եզակի դեպքեր արձանագրվել են նաև նախկինում, սակայն, նման բռնկում երբևէ չի արձանագրվել:

Վարակի աղբյուր է հանդիսանում, հավանաբար, բանջարեղենը, քանի որ մանկապարտեզի ամենօրյա մենյուի մեջ ներառված էր բանջարեղենի աղցան:

 

Ներկայումս Ռոսպոտրեբնադզորը քննություն է սահմանել աղցանի պատրաստման եղանակի և պայմանների նկատմամբ:

 

Հեմոռագիկ տենդի բռնկում Ղազախստանում

 

2005թ. դեկտեմբերի 14-ի դրությամբ Ղազախստանի արևելյան տարածաշրջանի 50 բնակիչների մոտ հաստատվել է հեմոռագիկ տենդի ախտորոշումը:

 

Այս տարածաշրջանում առաջին անգամ հեմոռագիկ տենդի բնական օջախ է արձանագրվել երկու տարի առաջ, երբ ախտահարվել էր 27 հոգի: 2005թ-ի ընթացքում հիվանդության դեպքեր սկցեցին արձանագրվել օգոստոս ամսից, երբ սկսվեց ստեղծվել նպաստավոր պայմաններ առնետների բազմացման համար: Տարածքային ադմինիստրացիան մոտ 200 000 ԱՄՆ դոլար է հատկացրել կրծողների դեմ պայքարի և այլ կանխարգելիչ միջոցառումների նպատակով: Ռուսաստանի Օրենբուրգի տարածաշրջանը Արևելյան Ղազախստանին հարակից շրջան է և հարկ է նշել, որ այստեղ նույնպես արձանագրվել է հեմոռագիկ տենդի դեպքերի զգալի աճ: Միայն նոյեմբեր ամսվա ընթացքում արձանագրվել է 758 կասկածելի դեպք:

 

Հարց ու պատասխան

 

- Ներկայումս գոյություն ունի արդյո՞ք պատվաստանյութ թռչնագրիպի դեմ:

 

- Թռչնագրիպի պատվաստանյութին վերաբերող հարցով Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոնի տնօրեն Վ.Դավիդյանցը կապվեց Սանկտ Պետերբուրգի «Գրիպ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Օ.Կիսելյովի հետ, որի տվյալներով թռչնագրիպի պատվաստանյութը ներկայումս գտնվում է փորձարկման վերջին փուլում և վերջինիս լայնածավալ արտադրությունը կանխատեսվում է սկսել 2006թ -ից:

 

- Ի՞նչ պատվաստումներ են անհրաժեշտ ստանալ արտերկրներ մեկնելու ժամանակ:

 

- Ներկայում համաձայն Պատվաստման միջազգային սերտիֆիկատի պահանջվում է միայն դեղին տենդի դեմ պատվաստում, եթե մուտք եք գործում այս վարակի նկատմամբ էնդեմիկ տարածաշրջան: Սակայն, մի շարք երկրներ պահանջում են նաև այլ վարակների նկատմամբ պատվաստումներ: Որոշ երկրներ պահանջում են պատվաստման սերտիֆիկատ էնդեմիկ երկրներից վերադարձող անձանցից:

 

- Միջազգային կանոններում զբոսաշրջիկների համար այլ պատվաստումների մասին տեղեկատվության բացակայությունը հերքում է արդյոք վերջիններիս ստանալու նպատակահարմարությունը:

 

- Ոչ, դա այդպես չէ: Տարբեր երկրներին բնորոշ է առանձին վարակների նկատմամբ էնդեմիկության և սննդի, կոմունալ, շրջակա միջավայրի հիգիենայի տարբեր մակարդակներ: Այդ իսկ պատճառով մարդկանց դիմադրողականությունը կառավարելի վարակների նկատմամբ պետք է գնահատել որպես գերազանցապես բնակավայրից կախված կարգավիճակ: Այդուհանդերձ, ճանապարհորդելով տարբեր երկրներով, մարդիկ կարող են ենթարկվել այս կամ այլ վարակի վտանգի:

 

- Ո՞ր կառավարելի վարակների նկատմամբ է անհրաժեշտ ավելի ուշադիր լինել արտերկրներ մեկնելու ժամանակ:

 

- Բացի դեղին դենդից, աղիքային վարակներից առաջնահերթ են համարվում վիրուսային հեպատիտ A-ն և որովայնային տիֆը, որոնք էնդեմիկ են մի շարք երկրներում, առավելապես` զարգացող: Այն զբոսաշրջիկների համար, որոնք նպատակ ունեն այցելելու զարգացող երկրների հանգստյան վայրեր, հեպատիտ Aի դեմ պատվաստումը պետք է լինի կանոն, իսկ նրանց համար, ովքեր կարող են հայտնվել ավելի ցածր քաղաքակիրթ պայմաններում, խորհուրդ է տրվում նաև պատվաստում որովայնային տիֆի դեմ: Հարկ է նշել, որ պոլիոմիելիտը դեռևս չի վերացվել Աֆրիկայում, և այդ իսկ պատճառով մեծահասակ զբոսաշրջիկներին մեկ դոզայով պատվաստումը կլինի խելամիտ կանխարգելիչ միջոց: Կենտրոնական և Արևելյան Աֆրիկայում էնդեմիկ է նաև մենինգոկոկկային վարակը:

 

- Ինչպե՞ս է խոլերայի դեմ պատվաստման իրավիճակը:

 

- Խոլերայի դեմ պատվաստումը պարենտերալ պատվաստանյութով դուրս է հանվել պրակտիկայից` համարվելով ոչ արդյունավետ: Սակայն, խոլերան դեռևս հեռու է վերացումից, որի պատճառով էլ էնդեմիկ տարածաշրջաններ այցելելու դեպքում զբոսաշրջիկների պաշտպանությունը ցանկալի է: Ներկայումս առկա է խոլերայի օրալ պատվաստանյութ, որից չօգտվելը խելամիտ չէ:

 

- Ի՞նչ պատվաստումներ են անհրաժեշտ արտասահման գնացող երեխաներին:

 

- Արտասահման գնացող երեխաները պետք է ստացած լինեն բոլոր պատվաստումները համաձայն Պատվաստման ազգային օրացույցի, ինչը կպաշտպանի նրանց մանկական վարակներից, որոնք կարող են ակտիվ լինել այցելած տարածաշրջանում: Մինչև մեկ տարեկան երեխաների դեպքում ցանկալի է, որ պատվաստումները ավարտված լինեն, անգամ եթե անհրաժեշտ լինի նրանց պատվաստվել արագացված սխեմայով` հեպատիտ B- ն` 3 ներարկում 1 ամիս ընդմիջումով, հետագայում առաջին ներարկումից12 ամիս անց ներարկել 4-րդ դոզան, ԱԿԴՓ-ի դեպքում 3 դոզա 1 ամիս ընդմիջումով և ռեվակցինացիա 6 ամիս անց, ապակտիվացված պոլիոմիելիտային պատվաստանյութով 3 ներարկում 1 ամիս ընդմիջումով: Մինչև մեկ տարեկան երեխայի դեպքում անհրաժեշտ է ներարկել կարմրուկի առաջին դոզան (6 ամսական հասակից, հետագայում լրացուցիչ երկու դոզաների ներարկմամբ մեկ տարեկանից հետո), իսկ մեկ տարեկանից մեծ երեխաների դեպքում, որոնք ստացել են պատվաստանյութի առաջին դոզան, ներարկել 2-րդ դոզան: Գրիպի պատվաստանյութը կարելի է ներարկել 6 ամսական հասակից, հեպատիտ A-ն` 1 տարեկանից:

 

Արտերկրներ մեկնելու դեպքում անհրաժեշտ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել Առողջապահության տեղեկատվական վերլուծական կենտրոն:

Հեղինակ. Ա.Բազարչյան Յու. Պողոսյան Լ.Նիազյան Գ.Դումանյան Ա.Թադևոսյան Կ. Ճամբուխչյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց, 1.2006 N. 1, 2006 ( Վ.Պողոսյան, 2005թ.)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ