Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006

Մալարիայի հետ մղման ծրագիրը հայաստանում. Առաջընթաց եվ գերակա խնդիրներ

Նախաբան

Մալարիան շարունակում է խոչընդոտել աշխարհի զարգացող շատ երկրների առողջապահության զարգացմանը: Մոլորակի բնակչության ավելի քան 2 միլիարդը, որ բնակվում է մալարիայի շուրջ 100 էնդեմիկ պետության տարածքում, ապրում է մալարիայի վտանգի տակ:

 

Հաշվի առնելով մալարիայի ժամանակակից համաճարակային իրավիճակը և վերջինիս բացասական ազդեցությունը պետությունների սոցիալական ու տնտեսական զարգացման վրա` Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արագ արձագանքել է  մալարիայի գլոբալ վտանգին: 1998թ. լայնածավալ կոալիցիա է ծավալվել մալարիայի դեմ պայքարի ուղղությամբ` առաջնորդվելով համակարգված ջանքերով և գիտականորեն հիմնավորված ռազմավարությամբ: Վերջին տարիներին ստեղծվել է գլոբալ համագործակցություն` մալարիայի դեմ պայքարի ուղղությամբ` Մալարիայի հետ մղման ծրագիրը (RBM): 

 

Չնայած խոշոր ներդրումներին և ջանքերին` մալարիան երբեք չի վերացվել նախկին ԽՍՀՄ-ի և Թուրքիայի հարավային տարածաշրջաններից: 1970-1980-ական թվականներին մալարիայի բռնկումներ և համաճարակներ են արձանագրվել Ադրբեջանում, Տաջիկստանում և Թուրքիայում: Վերջին տարիներին մալարիայի զանգվածային վերադարձի ապացույցն են դարձել Միջին Ասիայի և Անդրկովկասի մի շարք երկրներ: 

 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային գրասենյակը (WHO/EURO) արագ արձագանքել է մալարիայի վտանգին և 1999թ. մշակել է մալարիայի դեմ պայքարի տարածաշրջանային ռազմավարությունը:  

 

Միջազգային և Հայաստանի քաղաքական միավորված ուշադրությունը մալարիայի դեմ պայքարում ներկայում արտացոլված է իրական նախաձեռնությունների ու գործողությունների մեջ: Հայաստանը հզոր քաղաքական նախաձեռնություն է ցուցաբերում մալարիայի դեմ պայքարի ասպարեզում: Ներկայում իրականացվող հակամալարիային միջոցառումները ներառում են մալարիայի ախտորոշման և բուժման ուղղությամբ բուժաշխատողների և լաբորատոր մասնագետների վերապատրաստում բոլոր մակարդակներում` համաճարակաբանական հսկողություն, բնակչության շրջանում քարոզչական աշխատանքներ և բազմոլորտ համագործակցություն: RBM-ի շրջանակներում իրականացվող միջոցառումներն աջակցություն են ստացել ՀՀ առողջապահության նախարարության, պետական կառավարման այլ մարմինների, ԱՀԿ եվրոպական գրասենյակի (WHO/EURO), Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (UNICEF), Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային դաշնության (International Federation of Red Cross and Red Cross Societies) և Համաշխարհային սննդի ծրագրի (World Food Programme) կողմից: 2003թ. Հայաստանը վերանայել և գնահատել է մալարիայի դեմ պայքարի ռազմավարությունը, խնդիրներն ու մոտեցումները` հաշվի առնելով ստացված արդյունքները, խնդրի իրական առկայությունը և մալարիայի դեմ պայքարից դեպի հանրապետությունում մալարիայի իսպառ վերացմանն անցման միտումը: 

 

Այս հրապարակման գլխավոր նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում մալարիայի դեմ պայքարի ասպարեզում նվաճումները` միավորելով այդ ուղղությամբ կատարված միջոցառումների արդյունքները և առաջընթացը մալարիայի դեմ պայքարից մինչև մալարիայի իսպառ վերացումը հանրապետությունում:  

 

Մ.Եժով, 

«Մալարիայի հետ մղման ծրագիր»

ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակ, 

Կոպենհագեն, Դանիա

 

Մալարիան եվ նրա տեղը հայաստանի երկրամասային համաճարակաբանության մեջ  

 

Մալարիան Հայաստանում եղել է հազարամյակներ շարունակ և բացակայել է ընդամենը 31 տարի` 1963-1994թթ.: Դաշնակցական Հայաստանի տարիներին, ինչպես վկայում են 1918-1920թթ. դատաբժշկական արձանագրությունները, մալարիայով հիվանդները մեր երկրում հասնում էին հարյուր հազարների: Այդ տարիներին մալարիայով հիվանդացության վրա իր ազդեցությունն էր թողնում Արևմտյան Հայաստանից բնակչության բռնագաղթը: Մալարիայի համաճարակային իրավիճակի վատթարացմանը նպաստում էին ոռոգման ցանցի բարձիթողի վիճակը, պրիմիտիվ կառուցված սանիտարա-տեխնիկական սարքավորումների և ջրօգտագործման համակարգերի ավերումը, արհեստական ճահճային մեծ հրապարակները, հակամալարիային միջոցառումների լրիվ բացակայությունը (Aleksanyan V.A., 1962): Առաջին անգամ հակամալարիային պարզ միջոցառումներ կիրառվել են Հայաստանում 1920-1922թթ.-ից հետո: 1922թ. և դրանից հետո երկրում ձևավորվել են հակամալարիային ջոկատները, ստացիոնար տրոպիկական կայանները: 1920-1922թթ. մալարիայով առաջնակի դիմելիությունը կազմում էր 98,895: Մալարիայի  և այլ մակաբուծային հիվանդությունների ուսումնասիրության և նրանց դեմ պայքարի աշխատանքները կազմակերպելու և իրականացնելու համար Հայաստանում 1923թ. ձևավորվել է Տրոպիկական ինստիտուտը, որն 1-ին գիտահետազոտական հիմնարկությունն էր հանրապետությունում և նման ուղղվածության 2-րդ ինստիտուտը նախկին ԽՍՀՄ – ում (Aleksanyan Yu.T., 1996):  

 

Մալարիայով հիվանդացությունը որոշ չափով նվազեց սկսած 1931թ.-ից: 1932-1934թթ. մալարիայով հիվանդացությունը դարձյալ աճեց (Davidyants, 2001): Այդ տարիներին մալարիայով վարակված էր հանրապետության բնակչության շուրջ 33%-ը: Սկսած 1935թ-ից մալարիայով հիվանդացությունը սկսեց նվազել` մինչև Հայրենական մեծ պատերազմի տարիները: Պատերազմի տարիներին հիվանդացությունը փոքր-ինչ աճեց` կազմելով 1,014-1,480/100000: Սկսած 1947թ.-ից մալարիայով հիվանդացությունը շարունակականորեն նվազեց: Մասնագիտացված առողջապահական ծառայությունների ձևավորման և դրանց գործունեության արդյունքում հակամալարիային հսկողությունը զգալի առաջընթաց ապրեց: 1946-ին մալարիայի դեպքերի թիվը նվազեց մինչև 60,000, 1950-ին` մինչև 14.500 (Pirumov et al., 1983): 1950-60-ական թթ.-ին մալարիայի դեմ պայքարի համալիր միջոցառումներ էին կիրառվում` ներառյալ ինսեկտիցիդների համատարած սփռումը և հիդրո-տեխնիկական միջոցառումները, ինչն էլ նպաստեց Anopheles մոծակների պոպուլյացիայի նվազմանը: Տրոպիկական, քառօրյա մալարիաները, որպես զանգվածային տարածում ունեցող հիվանդություն վերացվեցին Հայաստանից 1953թ., իսկ եռօրյա մալարիան` 1963թ. 1963-1969թթ. ընթացքում արձանագրվել է մալարիայի ընդամենը 13 դեպք` 5-ը` եռօրյա և 8-ը` քառօրյա, դրանցից 5-ը տեղական, 7-ը` ներարկումային և 1-ը` բերովի: Տեղական 3 դեպք արձանագրվել է գյուղական տարածքներում`  Աշտարակում`1, Էջմիածնում 2 և 2 դեպք`  Երևան`1 և Կապան`1 քաղաքներում (A. I., Chubkova and all, 1973): 1970-80-ական թթ-ին Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Այդ տարիներին արձանագրվել են մալարիայի 90 բերովի դեպք: Դեպքերն արձանագրվել են ինչպես Հայաստանի քաղաքացիների, այնպես էլ այլ երկրների քաղաքացիների շրջանում (Sergiev V.P., Baranova A.M., Majori G., Ejov A.N., 2004)  

 

Մալարիայի ժամանակակից համաճարակային իրավիճակը

 

ՀՀ-ում մալարիայի ժամանակակից իրավիճակը, տարածվածության առանձնահատկությունները համանման են Պալեարկտիկ գոտում` մասնավորապես, Հարավային Ասիայում տեղակայված երկրներում ընթացող գործընթացին (Belyaev A.E., 2001): 

ՀՀ-ում 1963-ից մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Որպես հետևանք նման համաճարակային իրավիճակի, հակամալարիային միջոցառումները սկսեցին կտրուկ նվազել 1990-ական թվականների սկզբին: 1991-ից, նախկին ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, մալարիայի համաճարակային իրավիճակը վատթարացավ: Ի հայտ եկան մի շարք ռիսկի գործոններ` ստեղծելով Հայաստանում մալարիայի վերականգնման վտանգ: Հակամոծակային միջոցառումների համակարգում սուղ ֆինանսական ներդրումները, ոչ լիարժեք հակահամաճարակային հսկողությունը այդ ժամանակահատվածում խոչընդոտում էին  մալարիայի նոր դեպքերի ախտորոշմանը, բուժմանը և ճշգրիտ հաղորդմանը: Չնայած մալարիայի բերովի դեպքերի առկայությանը` մինչև 1993թ. Հայաստանը համարվում էր մալարիայից ազատ գոտի` հանրային ոլորտի հաստատությունների ճշգրիտ աշխատանքի շնորհիվ (Sabatinelli and Jorgensen, 1999): Այս տարիներին իրավիճակը վատթարացավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով (մալարիայի բերովի դեպքերի 91.8% արձանագրվում էր հակամարտության տարածաշրջանից փախստականների շրջանում):  

 

1994-ին գրանցվել է մալարիայի առաջին տեղական դեպքը` մալարիայի վերացումից հետո (Davidiants et al., 1998):  Այդ տարի արձանագրվել է մալարիայի 196 բերովի դեպք (5,1- 100 հզր. բնակչի  հաշվով)  քաղաքացիական բնակչության և զինծառայողների շրջանում: 

 

Մալարիայի բոլոր դեպքերի հարուցիչը P. vivax-ն Էր: 

 

1995թ. բերովի դեպքերի թիվը քաղաքացիական բնակչության և զինծառայողների շրջանում  կազմել է 502 (13,1- 100 հզր. բնակչի հաշվով), սակայն տեղական դեպքերը բացակայել են: Հաջորդ տարում (1996 - ին) 347  (9,2- 100 հզր. բնակչի հաշվով) արձանագրված դեպքից 149-ը տեղական էին: 1997-1998-ի ընթացքում արձանագրված դեպքերի թիվը շարունակել է աճել` 1997թ-ին կազմելով 22,6, 100 հզր. բնակչի հաշվով: 1997թ-ին 567 (67,4%)  արձանագրված դեպքերը տեղական էին (Davidiants et al., 1998): 1998թ. ընթացքում արձանագրվել է 1156 դեպք (31,3- 100 հզր. բնակչի հաշվով):  81 տարածաշրջաններից 30-ում արձանագրվել են մալարիայի դեպքեր: 1998-ին տեղական դեպքերի 89%-ը արձանագրվել է Մասիսի շրջանում և Արարատյան հարթավայրի Թուրքիայի սահմանամերձ տարածաշրջաններում:  

 

 

1999-ից մալարիայի իրավիճակը սկսել է բարելավվել`կազմելով 16,6` 100 հզր. բնակչի հաշվով: Հայաստանում արձանագրված 616 եռօրյա մալարիայի դեպքերից 376-ը արձանագրվել է Մասիսի շրջանում: 2000թ-ից մալարիայի դեպքերի թիվը (տեղական և բերովի) շարունակվել է կրճատվել`կազմելով 3,8` 100 հզր. բնակչի հաշվով:    

 

2001թ. արձանագրվել է մալարիայի ընդամենը 79 դեպք (2,1- 100 հզր. բնակչի հաշվով), որից 32-ը` տեղական, Արարատի մարզի 3 և Արմավիրի մարզի 3 բնակավայրերում, 2002թ.-ին` 52 դեպք (1,4- 100 հզր. բնակչի հաշվով), որից 13-ը տեղական` Արարատի մարզի 3 և Արմավիրի մարզի 1 բնակավայրում: 2003թ-ին հանրապետությունում արձանագրվել է մալարիայի ընդամենը 29 դեպք (0,07- 100 հզր. բնակչի հաշվով), որից միայն 8-ն  են տեղական, վերջիններս բացարձակապես արձանագրվել են Արարատի մարզում: 

 

2004թ. ՀՀ-ում արձանագրվել է մալարիայի 47 դեպք, որից 6-ը տեղական ծագման: 

2005թ. ՀՀ-ում արձանագրվել է մալարիայի 7 դեպք, որից 3-ը տեղական ծագման:

 

 

ՀՀ-ում մալարիայի տեսակետից առավել խոցելի խումբը մալարիայի էնդեմիկ գոտիներում տեղակայված զորամասերում զինծառայությունն անցնող զինվորներն են: 

 

1994-2005թթ. մալարիայով հիվանդացության մեջ զորացրված զինծառայողները կազմել են շուրջ 60%:  

 

ՀՀ-ում 1994-2005թթ. մալարիայի տեղական դեպքերի սեռային կառուցվածքում իգական սեռի ներկայացուցիչները կազմել են շուրջ 40,2%, արականը` 59,8%: Մալարիայի դեպքերի տարիքային կառուցվածքն ունի հետևյալ պատկերը. 1994-2005թթ. մալարիայի առողջ մակաբուծակիրներ չեն հայտնաբերվել: 

 

1994-2005թթ. մալարիայի դեպքերի արձանագրման սեզոնականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ առաջին դեպքերը սկսում են արձանագրվել հունվար ամսին: Մինչև նոր սեզոնի սկսվելը արձանագրված դեպքերը նախորդ սեզոնին վարակված երկարատև ինկուբացիայով հիվանդության դեպքերն են: Դեպքերի առավելագույն թվաքանակ արձանագրվում է հուլիս-օգոստոս ամիսներին (16-20,2%): Այնուհետև դիտվում է դեպքերի արձանագրման անկում` դեկտեմբերին հասնելով շուրջ 1%-ի: 

 

Մալարիայի դեմ պայքարի իրագործման փուլում հանրապետությունը ունեցել է հետևյալ հիմնախնդիրները և այժմ էլ դրանցից մի քանիսն առկա են. 

 

  1. անոֆելածին ջրականգերի սփռվածությունը հայ-թուրքական սահմանի երկարությամբ,
  2. մասնագիտացված կադրերի պակասը, 
  3. հակամալարիային դեղորայքի և հակամոծակային միջոցների պակասը, 
  4. բնակչության շրջանում մալարիայի դեմ պայքարի մասին գիտելիքների պակասը, 
  5. ֆինանսական միջոցների պակասը:

 

 

 

Մալարիայի համաճարակաբանական հսկողության համակարգը

 

Մալարիայի համաճարակաբանական հսկողության համակարգը  Հայաստանում վերականգնվել է  RBM-ի և ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (Ատլանտա) աջակցությամբ: Մալարիայի դեպքերի, ինչպես նաև այլ վարակիչ հիվանդությունների մասին հաղորդումը պարտադիր է: Տարածքային լաբորատորիաները կատարում են մալարիայի մանրադիտակային ախտորոշում: Երևանի բուժկանխարգելիչ կազմակերպությունների լաբորատորիաներից դրական դեպքերի մասին տեղեկատվությունը հաղորդվում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, որի կազմում գործում է մալարիայի ազգային ռեֆերենս լաբորատորիան: Մարզային լաբորատորիաներից մալարիայի յուրաքանչյուր դեպքի համար արյան նմուշը և ստանդարտ համաճարակաբանական տեղեկատվություն է ներկայացվում ՊՀՀ տեսչություն, տարածքային կենտրոն և Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության ինստիտուտի արևադարձային բժշկության լաբորատորիա` մանրադիտակային  հաստատման և համաճարակաբանական վերլուծության (Epi Info համակարգչային ծրագրով) նպատակով: Յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ համաճարակաբանական հետազոտության քարտերը ուղարկվում են ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչություն և ռեֆերենս լաբորատորիաներ: 

 

Մալարիայի բոլոր կասկածելի դեպքերի բացահայտման նպատակով Հայաստանի Հանրապետությունում ուժեղացվել է մալարիայի համաճարակաբանական հսկողությունը: Կազմակերպվել է հիվանդների հոսպիտալացումը (1-3 օրից ոչ ուշ) , համապատասխան բուժումը և հետագա հսկողությունը բժշկի կողմից:  

 

2001 թ-ից ՀՀ-ում, ԱՀԿ-ի առաջարկած տարբերակի հիման վրա մշակվել և գործադրվել է «Վարակիչ հիվանդությունների համաճարակաբանական հսկողության ստանդարտները» ներառյալ և մալարիայի (Ա.Ե.Մկրտչյան, Վ.Ա.Դավիդյանց, 2001): 

Ներկայում լուրջ աշխատանքներ են տարվում մալարիայի համաճարակաբանական հսկողության համակարգի զարգացման ուղղությամբ:

 

Հակամոծակային միջոցառումներ 

 

Մինչև 70-ական թթ. հանրապետությունում մալարիա փոխանցող մոծակի ֆաունան հանդես է եկել 5 տեսակով: Առավել տարածված է եղել An. Maculipennis-ը` իր 2 ենթատեսակով` An. Maculipennis և An. Sacharovi: 1961թ.-ից հետո, կապված բրնձի և բամբակի դաշտերի վերացման հետ, An. Sacharovi-ն չի արձանագրվել: 1950-1960-թվականներին անցկացված  հակամոծակային միջոցառումների արդյունքում  An. sacharovi ենթատեսակը  անհետացել էր և չէր գրանցվել մինչ 1965թ:  

 

Հետագա տարիներին ինսեկտիցիդներով հակամոծակային մշակումների դադարեցումը բերեցին նրան, որ մոծակների պոպուլյացիան կամաց-կամաց սկսեց վերականգնվել: 80-ական թթ. կեսից հակամոծակային  միջոցառումները կրկին թափ ստացան, ինչը նպաստեց Արարատյան հարթավայրում մոծակների թվաքանակի նվազմանը: Ըստ Kazanchyan S.M.-ի (1988) Արարատյան հարթավայրում 1 շինությունում մոծակների միջին թիվը 9,8-ից հասավ 0,8-ի, իսկ մերձքաղաքային տարածքներում` 1,1-ից 0,05-ի: 1990-ական թթ.-ին մոծակների դեմ պայքարի միջոցառումների ծավալը կտրուկ կրճատվեց: 1991թ. դադարեց հանրապետություն ինսեկտիցիդների ներմուծումը: Միաժամանակ հանրապետությունում կտրուկ աճեց ջրականգերի մակերեսը` 1990թ.-ի համեմատ 1998թ.-ին 5,3 անգամ` 508 հա- ից հասնելով 2733 հա-ի, որից 2209 հա-ն Արարատյան հարթավայրում: 1999թ.-ի տվյալներով առկա ջրականգերի 84,3%-ը տեղակայված է Արարատյան հարթավայրում, որոնցից 91,2%-ը անոֆելոգեն են: 1950- 1960թթ. անցկացված հակամոծակային միջոցառումների արդյունքում  An. sacharovi ենթատեսակը անհետացել էր և չէր գրանցվել մինչև 1965թ: Վերջին տարիների մոծակների պոպուլյացիայի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ հանրապետությունում վերականգնվել է An. Sacharovi  պոպուլյացիան (Manukyan D.V., Shakhnazaryan S.A., Oganesyan H.S., 1990,): RBM ծրագրի շրջանակներում կատարած վերջին միջատաբանական հետազոտությունների արդյունքում բացահայտվել է, որ այս ենթատեսակը կրկին առկա է Արարատյան հարթավայրի մալարիայի բոլոր օջախներում (Romi et al. 2001, F. Severini at all., 2004, M.Di Luca at all, 2004):. 

 

Արարատյան հարթավայրի բնակավայրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Anopheles ցեղի մոծակները այստեղ զգայուն են երկարատև ազդեցությամբ և բարձր  արդյունավետությամբ օժտված սոլֆակ միջատասպան նյութի նկատմամբ:  Սոլֆակի օգտագործումը վերջին տարիներին զգալի նվազեցրել է մալարիայի  փոխանցողի քանակությունը և նպաստել մալարիայով հիվանդացության  իջեցմանը:   Բարենպաստ պայմաններում Արարատյան հարթավայրում P. vivax-ի սպորոգոնիայի ցիկլը տեղի է ունենում մայիսի վերջից մինչև հոկտեմբերի 2- րդ դեկադը, ցածրադիր տարածքներում սպորոգոնիան կարող է տեղի  ունենալ հուլիսից-սեպտեմբեր: Հայաստանում առկա է Anopheles-ի 6 տեսակ,  սակայն նրանցից միայն երկուսըª Anopheles sacharovi և An. maculipennis –ը,   զգալի դեր են խաղում մալարիայի փոխանցման գործընթացում:   

 

Մալարիայի փոխանցման գործում զգալի դեր ունի նաև Anopheles superpictus-ը: Արարատյան հարթավայրում անոֆելեսի առաջին թրթուրները  ի հայտ են գալիս ապրիլի վերջին, վերջինները լինում են հոկտեմբերի կեսերին: Թրթուրների առավելագույն թվաքանակ դիտվում  է հուլիսի 3-րդ դեկադում և օգոստոսի 2-րդ դեկադում (1 փորձում 123 առանձնյակ): Կոնտրոլ ջրականգերում դիտվում են 2-3 գեներացիա: Առաջին գոնոակտիվ էգերը  դիտվում են ապրիլի 2-րդ դեկադում: Մալարիային մոծակների սեզոնային առավելագույն թվաքանակ դիտվում է հուլիսին, օգոստոսին և սեպտեմբերին:  Սեզոնային դինամիկայի կորագիծը ունի 4 պիկ, որն արտահայտում է 4  գեներացիայի թռիչք: Սեզոնի ընթացքում հավաքված մոծակների 86,3%-ը  կազմում են մալարիայի մոծակները:

 

(Hovsepyan L.A., 1996):  1998-2000թթ. ընթացքում կատարվել է շինությունների (բնակարաններ, անասնաշենքեր և այլն ) ներքին մակերեսի մշակումը  Solfac 10 WPª 0.05 գր/մ2 միջատասպան նյութով: Մշակման գործընթացները կազմակերպվել են մալարիայի փոխանցման սեզոնի սկզբում: Միջատասպան նյութի քանակությունը բավական էր հիվանդության փոխանցման սեզոնի ամբողջ տևողության (4-5 ամիս) ընդգրկման համար: 1998-ին Solfac  միջատասպան նյութով մշակվել է 559,213 մ2 (536 բնակարաններ և 1012 անասնաշենքեր հինգ տարածաշրջաններում) ընդհանուր մակերես 1999-ին նշված թիվը աճեց մինչև  1,259,637 մ2 (2,133 բնակարաններ և  2,837 անասնաշենքեր հինգ տարածաշրջանում) 2000-ին` 1,494,100 մ2 (համապատասխանաբար` 2,670 և 3,467` վեց տարածաշրջանում)  2001- ին` 233,661 մ2 (437 և 218` հինգ տարածաշրջանում ) 2002թ.` 265,229 մ2 (628 և 811` հինգ տարածաշրջանում), 2003-ին` 318,333 մ2 (398 և 429` հինգ տարածաշրջանում): 

 

 

Լարվիցիդ (հակաթրթուրային) ծրագրի իրականացման ընթացքում հատուկ ուսումնասիրություններ են կատարվել մալարիայի օջախներում` անոֆելեսի ձվադրման վայրերի բացահայտման նպատակով: 1998-1999թթ. ընթացքում էնդեմիկ տարածաշրջաններում մշակումներ են կատարվել Bacillus thuringiensis israelensis (Bacticid, բակտուկուլիցիդ) նյութով  (2կգ/հա, տարին 3 անգամ): 1998-ին անոֆելեսի ձվադրման տարածաշրջանների 56 հեկտար մակերես է մշակվել  Bacticid նյութով: 1999-ին հակաթրթուրային մշակումներ են իրականացվել 125 հա մակերեսով, իսկ 2000-ին` 150 հա (Abate 500E նյութով, 200 գ/հա չափով, տարին 2 անգամ) և 2001թ.` շուրջ 23 հա: 2001-ին 800 հա անոֆելեսի ներուժային  ձվադրման վայր գամբուզացվել է: 2001-2004թ. ընթացքում մի շարք տարածաշրջաններում իրականացվել է միջատասպան նյութերով  շինությունների ներքին մակերեսի մշակում:  

 

Հարկ է նշել, որ Հայաստանում 1998-1999թթ. ընթացքում մալարիայի ընդհանուր դեպքերի 1/3 տեղական դեպքեր էին (35%), որոնք   արձանագրվել էին Մասիս քաղաքում, մասնավորապես անոֆելեսի էքստենսիվ ձվադրման վայրերին մոտ տարածքներում, որտեղ կենդանիների արտաթորանքը խոչընդոտում է մոծակների ետմղմանը մարդկանցից (Romi et al., 2001): 

 

«Քաղաքային մալարիայի» խնդրի լուծումը ձվադրման տարածքների նվազեցման միջոցով ավելի արդյունավետ և անվտանգ է, քան կառույցների ներքին մակերեսի մշակումը միջատասպան նյութերով:  

 

ՀՀ մալարիայի էնդեմիկ տարածքներում անոֆելեսի դեմ պայքարը պետք է շարունակական ձևով տարվի, այդ են թելադրում նշված տարածքներում Anopheles  sacharovi-ի առկայությունը և նրա բարձր էնդոֆիլության փաստը:

 

Մալարիայի համաճարակային իրավիճակը բարդացնող գործոններ  

 

Բնակավայրերի  ջրակալում: Արարատյան հարթավայրի ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի բարելավման, գրունտային ջրերի մակարդակների կարգավորման, հողատեսքերի երկրորդական աղակալման, բնակավայրերի ջրակալման ու տարափոխիկ հիվանդությունների կանխարգելման, մշակաբույսերի բնական աճի ապահովման նպատակով հանրապետության գերխոնավ հողերի տարածքներում 1950-ական թթ.-ից կառուցվել են 1648,8 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցեր, այդ թվում` Արարատյան հարթավայրում 1562,2 կմ, որից 892,2 կմ-ը բաց և 670,0 կմ-ը` փակ: Հանրապետության ոռոգելի հողերում գերխոնավ հողատարածքների մակերեսները 1998թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էին 29,0 հզր. հա, որից 27,7 հզր. հա Արարատյան հարթավայրում: Հարյուրավոր հեկտար սեփականաշնորհված հողակտորներ Մասիսի և Արտաշատի տարածաշրջաններում չեն մշակվել ջրակալված լինելու պատճառով: Տագնապալի էր նաև բնակավայրերի սանիտարահիգիենիկ և էկոլոգիական վիճակը` եթե 1990թ. ջրակալված էր Արարատյան հարթավայրի 30 բնակավայր, ապա 1997թ.-ին դրանց թիվը հասել էր 66-ի: Հարյուրավոր տների նկուղային հարկեր գտնվում էին ջրածածկ վիճակում: Հիմնական պատճառը կոլեկտորադրենաժային  ցանցերի անբավարար տեխնիկական վիճակն էր: Արարատյան հարթավայրում դրենաժի տակ էր գտնվում 34,7 հզր հատարածք, որից 23,2 հզր հա բաց հորիզոնական դրենաժի և 8,0 հզր հա` փակ դրենաժի: Բաց հորիզոնական դրենաժների ընդհանուր երկարության շուրջ 70%-ը 1998թ. հունվարի 1-ի դրությամբ գտնվում էր անբավարար տեխնիկական վիճակում, մաքրման աշխատանքների ծավալները կազմում էին շուրջ 1800 հզր կմ: Փակ հորիզոնական դրենաժների ընդհանուր երկարությունը կազմում է 670,0 կմ, որից անբավարար տեխնիկական վիճակում էր  գտնվում 432,6 կմ (64%):  ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը, կառավարության ֆինանսավորմամբ, 1997թ.-ից սկսած ձեռնամուխ եղավ բաց դրենաժային ցանցերի մաքրման աշխատանքներին: 1998թ. ՀՀ-ում կատարվեց 535,7 կմ ընդհանուր երկարությամբ կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրում: Մաքրվեցին Արարատյան հարթավայրի 36 բնակավայրերի դրենաժային ցանցեր, ինչի հետևանքով դրանք ձերբազատվեցին ջրակալումից: 1999թ. այդ աշխատանքներն աջակցություն ստացան Համաշխարհային բանկից, որի շնորհիվ մաքրվեց 225,7 կմ ընդհանուր երկարության դրենաժային ցանցեր` Արարատի և Արմավիրի մարզերում:  Աշխատանքները նույն թափով ծավալվեցին (մաքրվել է 310,3կմ ընդհանուր երկարությամբ ցանց) նաև 2000թ.` ՀՀ պետբյուջեի հաշվին, ինչի արդյունքում, եթե 1999թ. հունվարի 1-ի դրությամբ բավարար տեխնիկական վիճակում էին գտնվում ցանցերի միայն 30,0%-ը, ապա 2001թ. հունվարի 1-ի դրությամբ` 55%-ը, ջրակալումից ձերբազատվեց 41 բնակավայր, ինչն էլ իր հերթին նպաստեց մալարիայով հիվանդների թվի կրճատմանը: ՀՀ-ում կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման աշխատանքները ընթանում են և 2001թ.-ից հետո` շարունակականորեն, ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների սերտ համագործակցության հիմքի վրա: Յուրաքանչյուր տարի, մալարիայի համաճարակային իրավիճակից ելնելով, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն է ներկայացվում առաջնահերթ մաքրման անհրաժեշտություն ունեցող բնակավայրերի ցանկը, ուր և հետևողականորեն իրականացվում են աշխատանքները:  

 

ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ եվ հակահամաճարակային ծառայության վերակազմակերպում 

 

Որպես ազգային անվտանգության հիմնարար դրույթներից մեկը, բնակչության սանիտարա-համաճարակային անվտանգության ապահովման գործում մեծ է  պետության դերը: Այս առումով առանցքային դերը պատկանում է պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությանը:  Խորհրդային երկրի փլուզումից հետո շարունակական կերպով ՀՀ առողջապահության համակարգում կուտակվում էին բազմաթիվ պրոբլեմներ, որոնց լուծմանը ձեռնամուխ լինելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը մշակեց 2000-2003թթ. զարգացման ծրագիր և սկսվեց ՀՀ առողջապահության համակարգի օպտիմալացման գործընթաց: Պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունն, իր հիմնախնդիրներով ևս ենթակա էր բարեփոխումների:   ՀՀ-ում 1992թ. առաջացած սոցիալ-տնտեսական իրավիճակ ի պատճառով պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը դժվարությամբ էր լուծում իր առջև դրած խնդիրները: ՀՀ առողջապահության համակարգի բարեփոխումների շրջանակներում, 2001թ-ից սկսված ծառայության կառույցների օպտիմալացման գործընթացն արդեն առաջիկա 1-2 տարում ցույց տվեց, որ առկա է ծառայության արմատական վերակազմակերպման և նոր կանոնադրության նախագծի մշակման անհրաժեշտություն:   15.08.02թ. ՀՀ կառավարության կողմից ընդունվեց N 1316-Ն որոշումը, որով ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը վերակազմակերպվեց ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության` իրականացնելու բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովումը: Այնուհետև, 31.10.2002թ. ՀՀ կառավարության N 1741-Ն որոշմամբ ՊՀՀ տեսչության  ենթակայությանը հանձնվեցին պետական ոչ առևտրային կազմակերպություններª 10-ը մարզերում և 6-ը ք.Երևանում, որոնք կոչված են իրականացնելու լաբորատոր-փորձագիտական գործառույթներ: Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման աշխատանքները համակարգում է ՀՀ գլխավոր պետական սանիտարական բժիշկը: Վերջինիս ենթակայությամբ են գործում ՙՄալարիայի դեմ պայքարի ծրագրի՚ գրասենյակը և Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտը, որոնք ընդգրկված են մալարիայի դեմ պայքարի գործընթացում:    

 

Այսօր ՀՀ ԱՆ ՊՀՀ ծառայության համակարգում մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման աշխատանքները կազմակերպվում են հետևյալ մակարդակներում.  


Կադրային ներուժի վիճակ

 

Համաճարակաբանների և մակաբուծաբանների բազային կրթությունն իրականացվում է բժշկական համալսարանում և մասնավոր բժշկական ինստիտուտներում ու համալսարաններում, վերապատրաստումները` Առողջապահության ազգային ինստիտուտում, Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում և Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում, ինչպես նաև Պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության տարածքային կենտրոններում և տարածքային փորձագիտական կենտրոններում: 

Վերապատրաստման  դասընթացներն ընդգրկում են.  

 

  • վերապատրաստման հատուկ դասընթացներ (մասնագիտացում, 1,5 ամսյա կուրսեր),  
  • մասնագիտացման կարճատև կուրսեր (1-2 շաբաթ),  
  • վերապատրաստում աշխատանքի տեղում (2-3 շաբաթ),
  • սեմինարներ, 
  • ինտերնատուրա, օրդինատուրա, ասպիրանտուրա  (մեկ տարի), 
  • գիտագործնական կոնֆերանսներ,  դասախոսություններ:

 

ՊՀՀ տեսչության համակարգում ընդգրկված կադրերի խնդիրները մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում տարբեր են: Ներկայում ՊՀՀ տեսչության տարածքային մարմիններում աշխատում են շուրջ 31 համաճարակաբան-մակաբուծաբան, որոնք զբաղվում են մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման հարցերում իրավական ակտերի պահանջների կատարման ուղղությամբ տեսչական հսկողությամբ: ՊՀՀ տեսչության տարածքային մարմինների մասնագետները,«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի գործադրումից հետո, ընդգրկված են քաղաքացիական ծառայության համակարգում:  ՊՀՀ տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններն ունեն պարազիտոլոգիական լաբորատորիաներ` միջատաբանական լաբորատորիաների ընդգրկմամբ: Վերջիններում աշխատում են շուրջ  18  բժիշկ-մակաբուծաբան,  47 նմուշառող,  36 լաբորանտ, 17 միջատաբան, 25 միջատաբանության ոլորտի նմուշառող: Աշխատանքում ընդգրկվել են նաև ժամանակավոր բոնիֆիկատորներ: Վերջիններիս շարունակական վերապատրաստումը աշխատատար և լուրջ խնդիր է:  

 

Մինչև ծառայության վերակազմակերպումը և դրանից հետո էլ մալարիայի դեմ պայքարի ուղղությամբ մասնագետների պատրաստման ուղղությամբ առողջապահությանը անուրանալի աջակցություն է ցուցաբերել ԱՀԿ-ը: 

 

1998թ. ապրիլի 14-18-ը ԱՀԿ 4 մասնագետ-փորձագետ ՀՀ-ում կազմակերպեցին «Մալարիա» թեմայով սեմիար, որին մասնակցեցին երկրի տարբեր մարզերից ժամանած 30 մասնագետ: Սեմինարն ընթացավ տարածաշրջանում մալարիայի համաճարակային իրավիճակի խորը վերլուծությամբ, մալարիայի դեմ պայքարի կազմակերպման փորձի ներկայացմամբ, ՀՀ-ում մալարիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ռազմավարության մշակմամբ և այլն: 1998թ. ԱՀԿ-ի կողմից մալարիայի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին երկշաբաթյա կուսեր էնտոմոլոգների և նրանց օգնականների համար: ԱՀԿ-ի և Համաշխարհային ու Հայաստանի կարմիր խաչի կազմակերպությունների աջակցությամբ կազմակերպվեցին մալարիայի լաբորատոր ախտորոշման հարցերին նվիրված սեմինարներ: Հրատարակվեց «Մալարիայի մանրադիտարկման հիմունքներ» ձեռնարկը: Այնուհետև հրատարակվեց«Միջատների` վարակիչ հիվանդությունների փոխանցողների դեմ պայքարի» ձեռնարկը:«Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման ազգային ծրագրի» շրջանակներում մշակվեցին մի շարք մեթոդական ցուցումներ` նվիրված մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման այս կամ այն հարցերին: 

 

1998-2000թթ.«Մալարիայի դեմ պայքարի ծրագրի» շրջանակներում վերապատրաստվել է 324 մասնագետ: 

 

2001թ. ԱՀԿ աջակցությամբ 6 սեմինար պարապմունք է կազմակերպվել մակաբուծաբանների և էնտոմոլոգների, նրանց օգնականների և բժիշկ լաբորանտների համար:   

 

2002թ. կազմակերպվել է 4 սեմինար պարապմունք բժիշկ-լաբորանտների, ինֆեկցիոնիստների և միջին բուժանձնակազմի համար: ԱՀԿ աջակցությամբ հրատարակվել է«Մալարիա» ձեռնարկը:   

 

2002-2003թթ. հանրապետության 5 մասնագետ մասնակցել են ԱՀԿ-ի կողմից կազմակերպված միջազգային խորհրդակցությունների և ուսումնական դասընթացների:  

 

2004թ. մալարիայի համաճարակաբանական հսկողության տարբեր օղակներում ընդգրկված բուժաշխատողների համար կազմակերպվել է սեմինար պարապմունք:

 

2001-2004թթ. ԱՀԿ աջակցությամբ կազմակերպված սեմինարներին մասնակցել է 206 մասնագետ:   ՀՀ առողջապահության նախարարի հրամանով առողջապահական գիտական հիմնարկներում իրականացվում են մալարիայի համաճարակաբանության, բուժման, կանխարգելման, պայքարի միջոցառումների մշակման ուղղությամբ գիտական հետազոտություններ: Վերջին տարիներին նշված թեմայով ՀՀ-ում պաշտպանվել է 2 թեկնածուական թեզ, պաշտպանության է նախապատրաստվում 2 դոկտորական թեզ:  

 

Սոցիալական մոբիլիզացում 

 

Մալարիայի իրավիճակի կայունացման գործում հիմնական միջոցառումների` ակտիվ օջախներում ներբնակարանային մշակումների, բնակչության քիմկանխարգելման, վաղ ախտորոշման և մալարիայով հիվանդների արմատական բուժման, կադրերի պատրաստման (Keshishyan A. Sh., 2002) շարքում իր ուրույն տեղն ունի նաև բնակչության հիգիենիկ կրթությունը:  

 

Մալարիայի իրական և պոտենցիալ վտանգ ներկայացնող տարածաշրջաններում բնակչության շրջանում առաջնային բուժօգնության օղակների և ՊՀՀ տեսչության տարածքային մարմինների կողմից իրականացվում է բժշկահիգիենիկ ուսուցում`բնակչության մալարիայով վարակման կանխարգելումը և հիվանդների վաղ հայտնաբերումը հեշտացնելու, քիմիոպրոֆիլակտիկայի ճիշտ կազմակերպման, միջատներից պաշտպանվելու, շինությունների ինսեկտիցիդներով մշակման անհրաժեշտության գիտակցման, զգոնության բարձրացման նպատակով: Բժշկահիգիենիկ ուսուցումը կազմակերպվում է տեղեկատվությամբ և քարոզչությամբ: Բժշկահիգիենիկ ուսուցումն ընթանում է դասախոսությունների, զրույցների, ռադիոհաղորդումների, հեռուստահաղորդումների, թղթակցական նյութերի, սան-բյուլետենների, հուշաթերթիկների, տեսաֆիլմերի և այլնի ձևով: 

 

1998-2001թթ.«Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման ազգային ծրագրի» շրջանակներում մշակվել և հրատարակվել են բազմաթիվ հուշաթերթիկներ` բուժաշխատողների, հիվանդների, բնակչության և այլոց համար, կազմակերպվել են հեռուստա- և ռադիոհաղորդումներ` նվիրված անհատական պաշտպանության միջոցներին: 

 

2001թ. Հայաստանում զանգվածային լրատվական միջոցներում մալարիայի դեմ պայքարի միջոցառումների, համաճարակաբանական իրավիճակի արտացոլման նպատակով կազմակերպվել է խորհրդակցություն լրագրողների հետ: Կազմակերպվել է նաև մալարիայի ծրագրի քաղաքականությանը նվիրված խորհրդակցություն շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչների և լրագրողների մասնակցությամբ:

 

2001թ. ընթացքում իրականացվել են լայնամասշտաբ քարոզչական աշխատանքներ բնակչության շրջանում. հրատարակվել են պլակատներ, ազգային ռադիոյով պարբերաբար հաղորդումներ են հեռարձակվել նվիրված մալարիային:  2002-2005թ. մալարիայի էնդեմիկ տարածքների բնակչության շրջանում շարունակվել են քարոզչական աշխատանքները:  

 

ՀՀ Կառավարության ջանքերը մալարիայի դեմ պայքարում

 

Հայաստանի Հանրապետության կառավարության ջանքերով մեր պետությունն ընդգրկվել է RBM ծրագրի մեջ: 90-ականների վերջին մալարիայի դեպքերի էական աճի փաստը և այն գիտակցումը, որ մալարիայի համաճարակի շարունակականությունը կարող է բերել նրա ընդլայնմանը, ապացույց դարձան, որ մալարիայի վտանգը Հայաստանում կարևորագույն խնդիրներից է: Արդյունքում ՀՀ առողջապահության նախարարությունը տվյալ խնդրի լուծման գործընթացում դարձավ առաջնորդ:  Այդ ուղղությամբ ձեռնարկվել են հետևյալ քայլերը`

 

  1. Հայաստանում մալարիայի իրավիճակի վերաբերյալ հաշվետվություն է ներկայացվել ՀՀ նախագահին: Նախագահը մալարիայի իրավիճակը հանրապետությունում վերցրել է իր անձնական հսկողության տակ: 
  2. ՀՀ վարչապետի որոշման համաձայն ստեղծվել է Ազգային համակարգող խորհուրդ, որը զբաղվում է մալարիայի խնդրին առնչվող հարցերով: 
  3. Ազգային համակարգող խորհրդում ընդգրկված են բոլոր շահագրգիռ մարմինների  (առողջապահության նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, ներքին գործերի նախարարություն, պաշտպանության նախարարություն և այլն) ներկայացուցիչները և մալարիայի էնդեմիկ տարածաշրջանների մարզպետները: 
  4. Ազգային համակարգող խորհուրդը պարբերաբար հանդիպումներ է կազմակերպում կենտրոնական և տարածքային մակարդակների բոլոր ներկայացուցիչների մասնակցությամբ: 
  5. Կենտրոնական մակարդակում հատուկ մասնագետների խումբ է ձևավորվել, որը մալարիայի էնդեմիկ տարածաշրջաններում աջակցում է հակամալարիային միջոցառումների պլանավորման, իրականացման, մոնիթորինգի և գնահատման գործնթացներին: 
  6. Մալարիայի իրավիճակի և RBM-ի աջակցությամբ ձեռք բերված նվաճումների մասին ՀՀ ԱՆ ՊՀՀ տեսչությունը մշտապես տեղեկատվություն է ներկայացնում Ազգային համակարգող խորհրդին: Լայնածավալ բանակցություններ են տարվել բոլոր շահագրգիռ մարմինների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և ԶԼՄ-ների  միջև` մալարիայի դեմ պայքարի նպատակով իրենց ջանքերը միավորելու համար, որի արդյունքում հանրապետության 11 մարզերում ստեղծվել են տարածքային խորհուրդներ: Հատուկ նշանակություն է տրվել Արարատի, Արմավիրի մարզերին և Երևան քաղաքին, որտեղ ներկայում իրականացվում են հակամալարիային միջոցառումներ:  
  7. 2001թ. մայիսին մալարիայի խնդիրը քննարկվել է ՀՀ Ազգային ժողովում: 
  8. ՀՀ առողջապահության նախարարությունը, իրավիճակին տիրապետելու նկատառումներով բոլոր շահագրգիռ մարմիններին, պաշտոնական հրապարակումների միջոցով, պարբերաբար տրամադրում է տեղեկատվություն: 
  9. «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող 2004-2006 թվականների միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության  22.01.04թ. N100 որոշման «8. Առողջապահության որակի և մատչելիության ապահովում» գերակայության 206 կետը ներառում է նաև «Մալարիայի դեմ պայքարի ազգային ծրագրի իրականացում» բաժինը: Վերջինիս իրականացման մասին յուրաքանչյուր եռամսյակ տեղեկատվություն է ներկայացվում ՀՀ կառավարություն, որպես ՀՀ-ում աղքատության դեմ պայքարի նախադրյալ: 
  10. Ելնելով երկրում տիրող մալարիայի համաճարակային իրավիճակից, ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռնամուխ եղավ մալարիայի դեմ պայքարի նոր ծրագրի  մշակմանը: Այդ ուղղությամբ 2002թ. կազմակերպվել է ծրագրի նախագծի քննարկմանը և իրականացման քաղաքականությանը նվիրված խորհրդակցություն:
  11. 2003թ. կազմակերպվել է «2005-2009թթ. Մալարիայի դեմ պայքարի նպատակային ծրագրի» իրականացման քաղաքականությանը նվիրված խորհրդակցություն: 
  12. «Հայաստանի Հանրապետությունում տեղական մալարիայի վերացման նպատակային ծրագիրը, տեղական մալարիայի վերացման բնագավառում առաջնահերթ  միջոցառումների ցանկը, տեղական մալարիայի վերացման հանրապետական   համակարգող  հանձնաժողովի  կազմը հաստատելու  մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության  որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելը որպես կարևոր միջոցառում, ներգրավված է 2006թ. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում:  

 

Համագործակցություն մալարիայի դեմ պայքարի նպատակով

 

1996թ. ՀՀառողջապահության նախարարությունը, մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում աջակցության ակնկալիքով, դիմեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ): 

 

1998թ. ՀՀ ժամանեց ԱՀԿ փորձագետ Ռ. Կուզնեցովը, որը պատրաստեց մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման առաջարկությունների փաթեթ: Վերջինս տրամադրվեց դոնոր-պետություններին և միջազգային կազմակերպություններին: Հայաստանում, մալարիայի առումով ստեղծված արտակարգ իրավիճակը կանխելու նպատակով ԱՀԿ-ն անհապաղ մեր երկրին տրամադրեց հակամալարիային դեղորայք:  

 

1998թ. ԱՀԿ ծրագրի համակարգող Գ. Սաբատինելլին ՀՀ առողջապահության նախարարությանը ներկայացրեց մալարիայի դեմ պայքարի գործունեության համալիր  պլանը, որի դրույթները հետագայում հիմք հանդիսացան «Մալարիայի դեմ պայքարի ազգային ծրագրի» մշակման համար:   

 

1998թ-ին ՀՀ առողջապահության նախարարությունը ԱՀԿ-ի տեխնիկական աջակցությամբ և Նորվեգիայի և Իտալիայի կառավարությունների ֆինանսական ներդրումների շնորհիվ հանրապետությունում վերականգնվեցին հակամալարիային միջոցառումները:  ԱՀԿ եվրոպական գրասենյակի (WHO/EURO), Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (UNICEF), Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային դաշնության (International Federation of Red Cross and Red Cross Societies) և Համաշխարհային սննդի ծրագրի (World Food Programme) աջակցությամբ իրականացվեցին լայնածավալ միջոցառումներ մալարիայի առկա օջախների վերացման և վերջինիս տարածման կանխման ուղղությամբ (Սաբատինելլի, 1999):  

 

ԱՀԿ-ի նոր տնօրենը ինտենսիվ արձագանքեց մալարիայի գլոբալ վտանգին և 1998թ. հունվարին ներկայացրեց «Մալարիայի դեմ պայքարի առաջարկը» (RBM): 1998-ին Համշխարհային առողջապահության ասամբլեային առաջարկվեց ստեղծել Գլոբալ կոալիցիա RBM-ի ուղղությամբ, որն առաջնորդվում է համակարգված ջանքերով և գիտականորեն հիմնավորված ռազմավարությամբ:  

 

1998թ. ԱՀԿ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվեցին  15 մանրադիտակ, լաբորատոր ախտորոշման համակազմեր, 25 ավտոմաքս, 500 կգ սոլֆակ միջատասպան նյութ, 21000 հաբ քլորոքվին, 868000 հաբ պրիմախին, վերջիններիս միջոցով 300 հզր մարդ ստացան սեզոնային և միջսեզոնային քիմկանխարգելում:  

 

1998թ. դեկտեմբերին Գլոբալ համագործակցություն ստեղծվեց ԱՀԿ-ի, Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի (UNICEF), Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային դաշնության (International Federation of Red Cross and Red Cross Societies), Համաշխարհային բանկի (WB), Միավորված ազգերի զարգացման ծրագրի (UNDP), Համաշխարհային սննդի ծրագրի (World Food Programme) ղեկավարների, Ազգային կառավարություններից մի խումբ ներկայացուցիչների, մասնավոր սեկտորի  և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների միջև: Գլոբալ համագործակցությունը աջակցում է ազգային մակարդակում կազմակերպվող միջոցառումներին, որոնք ղեկավարում են հանրապետության պաշտոնյաները զարգացման և աղքատության հաղթահարման բազմոլորտ ռազմավարությունների շրջանակներում:  

 

RBM ծրագիրը Հայաստանում նպաստում է համագործակցության ստեղծմանը, նպատակների համաձայնեցմանը համագործակիցների հետ, վերջիններիս ռազմավարություններն ու աշխատանքները համահունչ դարձնելուն` նպաստելով առողջապահության ոլորտում իրականացվող հակամալարիային գործողություններին, որոնք ուղղված են մալարիայի շարունակվող բռնկման ու լայնածավալ տարածման կանխմանը և հիվանդության իսպառ վերացմանը հանրապետությունում:  

 

1998-2000թթ. ընթացքում ԱՀԿ-ի ներկայացուցիչները մի շարք պաշտոնական այցեր կատարեցին Հայաստան` մալարիայի դեմ պայքարի ուղղությամբ համագործակցության ստեղծման նպատակով: 1998-2000թթ. ընթացքում մի շարք համագործակիցներ/դոնորներ արձագանքեցին և ֆինանսական  աջակցություն ցուցաբերեցին մեր երկրին` մալարիայի խնդրի լուծման նպատակով: 2001թ. հունվարին ԱՀԿ-ի եվրոպական գրասենյակի ներկայացուցիչները  պաշտոնական այց կատարեցին Հայաստանª մալարիայի դեմ պայքարի ուղղությամբ նվաճումների պահպանման և վերջինիս նոր օջախների վերականգնման կանխման ուղղությամբ լրացուցիչ ֆինանսավորման տրամադրման նպատակով: 

 

2001թ.«ՀՀ-ում մալարիայի դեմ պայքարի ազգային ծրագրի» իրականացմանը մեծապես աջակցել են միջազգային կազմակերպությունները, մասնավորապես` ԱՀԿ հայաստանյան գրասենյակը: ԱՀԿ-ի կողմից տրամադրվել են հակամալարիային դեղորայք` քլորոքվին, պրիմախին, լաբորատոր նյութեր, էնդեմիկ վայրեր մեկնելու համար` փոխադրամիջոցներ: Էնդեմիկ տարածքներում UNICEF-ի կողմից բաժանվել են նաև հակամոծակային ցանցեր և մահճակալային ծածկեր: 

 

Հայաստանում RBM ծրագրի գործադրումը նպատակաուղղված է մալարիայի խնդիրը լուծել վաղ ախտորոշման, համապատասխան բուժման, մալարիայի համաճարակի կանխարգելման, արդյունավետ հակամոծակային միջոցառումների, համաճարակաբանական հսկողության մեխանիզմի հզորացման, բնակչության գիտելիքների բարձրացման ու մալարիայի դեմ պայքարի գործում վերջինիս ընդգրկմամբ և միջգերատեսչական համագործակցության ընդլայնման միջոցներով:  RBM ծրագիրը իրականացվել է ՀՀ կառավարության, միջազգային կազմակերպությունների (WHO/EURO, UNICEF, International Federation of Red Cross and Red Cross Societies, World Food Programme) և այլ համագործակից-դոնորների սերտ համագործակցությամբ: Ծրագիրը նախատեսվել էր գործադրել 3 տարի ժամկետով (2001 - 2003): Ծրագրին բնորոշ էր հզոր և ճկուն կառավարման համակարգը` համագործակցության հնարավորություն ստեղծելով ՄԱԿ-ի, հասարակական կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների և այլ համագործակիցների/դոնորների միջև մալարիայի դեմ պայքարի միջոցառումների իրականացման նպատակով` ելնելով հանրապետության պայմաններից և կարիքներից:  

 

Հայաստանն ինքնուրույն է ձեռնարկել մալարիայի դեմ պայքարի գաղափարը և 1998թ-ին մշակել է«Մալարիայի դեմ պայքարի ազգային ծրագիրը», որը իրականացվել է ԱՀԿ եվրոպական գրասենյակի սերտ համագործակցությամբ: Ծրագրի 4 բաղադրամասերն ենª հիվանդության կանխարգելումը, հիվանդության հսկողությունը, համաճարակաբանական հսկողությունը և ծրագրի կառավարումը: 

 

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում մալարիայի շարունակվող համաճարակի փաստըª համապատասխան միջոցառումներ ձեռնարկվեցին մալարիայի վտանգը նվազեցնելու ուղղությամբ, հատկապես Թուրքիայի սահմանամերձ տարածաշրջաններում,   որտեղ Plasmodium vivax մալարիայով հիվանդացությունը դեռևս բարձր է: Մալարիայի խնդրի լուծումը, հատուկ ծառայությունների, հանրային սեկտորի և մարզերի ընդգրկմամբ, RBM ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում էր մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից և իրականացվում էր ՀՀ կառավարության կողմից,  սապասվող արդյունքն էր:  

 

2001-2005 ընթացքում «Մալարիայի դեմ պայքարի ծրագրի» շրջանակներում միջոցառումներ իրականացվել են  մի շարք տարածաշրջաններում Արարտի մարզում (Արարատ, Արտաշատ, Վեդի, Մասիս), Արմավիրի մարզում (Արմավիր, Էջմիածին, Մեծամոր, Բաղրամյան), Սյունիքի մարզում (Գորիս, Ղափան, Սիսիան), Տավուշի մարզում (Իջևան, Նոյեմբերյան) և Երևանում: Ծրագիրը իրականացվում էր մասնավորապես հարթավայրերում և ցածրադիր գոտիների տարածաշրջաններում` առողջապահական համակարգի և կապի միջոցների թույլ զարգացմամբ:  

 

2001թ.«Մալարիայի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում ստացված 4505$ արժողությամբ դեղորայքը և 4610$ արժողությամբ լաբորատոր նյութերն ու սարքավորումները հիմնականում բաշխվել են հանրապետության մալարիայի էնդեմիկ տարածաշրջաններին (Արարատի և Արմավիրի մարզեր)` մալարիայի դեմ պայքարի աշխատանքներն իրականացնելու համար: Տարածաշրջաններին է տրամադրվել նաև 3000$ արժողությամբ բենզին:  

 

2002թ. ԱՀԿ կողմից «Մալարիայի դեմ պայքարի ծրագրին» է տրամադրվել 17200 EURO արժողությամբ սոլֆակ միջատասպան նյութ, 2003թ.` 50 հզր. հաբ քլորոքվին և 50 հզր. հաբ պրիմախին: ԱՀԿ աջակցությամբ Արարատի և Արմավիրի մարզերում իրականացվել են դաշտային աշխատանքներ: 

 

Դաշտային աշխատանքները Արարատի և Արմավիրի մարզերում շարունակվել են նաև 2004-2005թթ.: Ծրագիրը նպատակաուղղված է առողջապահության համակարգում միջոցառումների ձեռնարկմանը, հատկապես տարածքային մակարդակներում, որպեսզի նրանց հնարավորություն ընձեռվի ակտիվ մասնակցել մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին և նվազեցնել մալարիայի վտանգը: Ծրագրի գնահատումը կփաստի ծրագրի գործադրման հետևանքով մալարիայի համաճարակային իրավիճակի բարելավումը:  

 

Կարճ ժամանակահատվածում ծրագիրը նախատեսում է նվազեցնել մալարիայի ակտիվ օջախների քանակը, կանխել հանրապետության տարածքում նոր օջախների վերականգնումը և տարածումը:  

 

Ավելի երկար ժամանակահատվածում, 2003-ից հետո,  ծրագրի գործադրման շարունակման դեպքում, նախատեսվում է տեղական մալարիայի իսպառ վերացում հանրապետությունում:   

 

Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման ուղղությամբ իրականացված միջոցառումների տնտեսական շահավետության հաշվարկները` հիվանդության նշանակության գնահատման և բժշկական, հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումների ծախսարդյունավետության ուսումնասիրման ընդգրկմամբ ցույց տվեցին, որ առանց միջազգային կազմակերպությունների ներդրումների մալարիայի համաճարակային իրավիճակը ՀՀ համար կդառնար անկառավարելի: 

 

Միջազգային կազմակերպությունների ներդրումները կատարվել են հետևյալ ուղղություններով (տես ստորև նկարը).  

 

Վերլուծությունը ցույց տվեց, որ մալարիայով հիվանդացությունը ծրագրային ներդրումների բացակայության դեպքում, աննախադեպ աճ կունենար:   

 

Ներկայում մալարիայի համաճարակային իրավիճակը թելադրում է նոր մոտեցումներ մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործում, ինչի արդյունքը վերը նշված «Հայաստանի Հանրապետությունում տեղական մալարիայի վերացման նպատակային ծրագրի» մշակումն է: Ծրագիրը համաձայնեցվել է բոլոր շահագրգիռ պետական մարմինների հետ, իրավագիտական փորձաքննություն է անցել և դրական եզրակացության արժանացել ՀՀ արդարադատության նախարարությունում և ներկայում պատրաստ է ներկայացվելու ՀՀ կառավարության քննարկմանը և վերջինիս գործադրման ուղղությամբ որոշման կայացմանը:

 

Կառավարություն ներկայացնելու համար պատրաստվել է փաթեթ, որն իր մեջ ներառում է մալարիայի դեմ պայքարի ուղղությամբ շահագրգիռ մարմինների գործողությունների պլանը, հանրապետական համակարգող հանձնախմբի կազմը և հանձնախմբի կանոնադրությունը:   

 

Ծրագրի նպատակն է. Հայաստանի Հանրապետության տարածքում մալարիայի տարածման կանխարգելումը և վերացումը:  Այն կոչված է լուծելու հետևյալ խնդիրները. 

 

  1. Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման գործընթացին ուղղված ազգային քաղաքականության զարգացում և իրականացում: 
  2. Մալարիայի նկատմամբ համաճարակաբանական հսկողության համակարգի կատարելագործում:
  3. Վարակի աղբյուրի նկատմամբ կատարելագործված կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացում: 
  4. Մալարիայի փոխանցողի նկատմամբ պայքարի համալիր միջոցառումների իրականացումª ելնելով տարածքի միջատաբանական իրավիճակից: 
  5. Շարունակական հսկողություն մոծակների ձվադրման վայրերի և բնակլիմայական պայմանների նկատմամբ: 
  6. Մալարիայի կանխարգելման հարցերն ընդգրկող բժշկահիգիենիկ կրթության և քարոզչության կազմակերպում և իրականացում բնակչության շրջանում: 
  7. Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման աշխատանքների իրականացում զինծառայողների շրջանում:
  8. Մալարիայի դեմ պայքարի և կանխարգելման հարցերով մասնագետների արհեստավարժության պատրաստվածության բարձրացում:

 

Ներկայում աշխատանքներ են տարվում Գլոբալ հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի» ծրագրի շրջանակներում մալարիային առնչվող մասով նոր ծրագրի մշակման ուղղությամբ: Ծրագիրը մշակվում է ԱՀԿ փորձագետների խորհրդատվությամբ:  


Կանխատեսումներ

 

Հաշվի առնելով, որ 1993-ին Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված ազգերի կազմակերպության կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիան` հարկ է նշել, որ Հայաստանը լինելով խոցելի էկոհամակարգով լեռնային պետություն, հարկ է կլիմայի գլոբալ փոփոխման ոչ ցանկալի հետևանքներ կանխատեսել:«Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության ուսումնասիրություն» ծրագրի իրականացման ընթացքում ուսումնասիրվել է նաև մալարիայի համաճարակային իրավիճակի կանխատեսվող փոփոխումը կլիմայի փոփոխության պայմաններում: 

 

Հարթավայրերում և ցածրադիր գոտիներում ջերմային ռեժիմի օպտիմալացման պայմաններում  կարող են կանխատեսվել մոծակների արեալների ընդլայնում և մալարիայի իրավիճակի վատթարացում, կիսաանապատային գոտում մալարիայի վտանգի նվազեցման հնարավորություն` կապված ճահիճների չորացման հետ (Մկրտչյան Ա.Ե., Ավետիսյան Լ.Մ., Դավիդյանց Վ.Ա., 2002):

 

Ամփոփում

 

RBM ծրագրի գործադրման հետևանքով ստացված դրական արդյունքները  անհրաժեշտ է ամփոփել, դրանով նպաստելով Հայաստանում մալարիայի դեմ պայքարին` համաձայն հանրապետության համապատասխան կարիքների: Անհրաժեշտ է ապահովել կադրերի (բժիշկների, համաճարակաբանների, մակաբուծաբանների, միջատաբանների, լաբորատոր մասնագետների) պարբերաբար  վերապատրաստումը: Առաջնային առողջության պահպանման  ռազմավարության ներդրումը Հայաստանում անհրաժեշտ է ընդունել որպես  առողջապահության համակարգի կարևորագույն բաղադրամաս: Վերջին  տարիներին մալարիայի համաճարակային իրավիճակի կտրուկ փոփոխումը  անհրաժեշտություն է ստեղծել հանրապետության տարածքի նոր շերտավորման` ըստ մալարիայի ծագման և տարածման  ռիսկի: Նոր  մակաբուծաբանական ծառայության ստեղծման անհրաժեշտություն է  առաջացել` ընդգրկելով համաճարակաբանական աշխարհագրությունը, որպես Հայաստանում համաճարակաբանական հսկողության համակարգի    ռացիոնալացման կարևորագույն բաղադրամաս:  

Վերը նշված միջոցառումները հնարավորություն կընձեռեն մոտակա տարիներին մալարիան վերացնել ՀՀ-ում:

 

Գրականություն  

 

  1. Ալեքսանյան Յու.Թ.«Ինստիտուտի հիմնական նվաճումները և նրա զարգացման հեռանկարները» Ա.Բ.Ալեքսանյանի անվան  Համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի 70-ամյակին նվիրված կոնֆերանսի նյութերի ժողովածու: Երևան, 1996թ., էջ 4-6. 
  2. Մկրտչյան Ա.Ե., Ավետիսյան Լ.Ա., Դավիդյանց Վ.Ա.«Մալարիա», Երևան, 2002թ., 192 էջ :   
  3. Алексанян В.А. Эпидемиологическая география Армянской ССР. / Автореферат диссертации на соискание ученой степени доктора медицинских наук, 1962 
  4. Казанчян С.М., Оганесян И.А., Дажидянц В.А.,  Результаты мероприятий по предупреждению возникновения очагов малярии в Армении. /В сборнике.:  Совремеббые проблемы малярии. Материалы научно-практической конференции Курган-Тюбе, 1988, ст: 49-50. 
  5. Лысенко А.Я., Кондрашин А.В., Ежов М.Н. Маляриология. 2-е издание ВОЗ Европейское региональное бюро, Копенгаген, 2003, 510 ст. 
  6. Овсепян Л.А. Некоторые биологические особенности малярийных комаров в Масисском районе./ Материалы научной конференции, посвяшенной 70-летию НИИ эпидемиологии, вирусологии и медицинской паразитологии им. А.Б. Алексаняна 
  7. Сергиев В.П., Баранова А.М., Мажори Дж., Ежов М.Н. ‘’ Малярия в Европе 1970-2000 годы - свжий взгляд, Москва, 2004, ст.: 92-94. 
  8. Чубкова А.И., Пирумов К.И., Саркисян М.А., Манукян Л.В., Ожсепян Л.А.’’Профилактика малярии в Армянской ССР/ В. сборнике: Совремеббые проблемы профилактики малярии в СССР. Материалы научной конференции. Ленкорань, 1973, ст: 33-38. 
  9. Davidiants, V. et all. (1998). Epidemic Malaria transmission - Armenia 1997. Morbidity Mortality Weekly Report, July 3, 47 (25): 526-528.  
  10. Davidyants V. (2001). Roll Back Malaria: Country report. World malaria Congress, Washington, USA.  
  11. Di Luca M.,  Menegon M.,  Severini F., Davidyants V., Avetisyan L., Raymond M., Severini C. Use of microsatellite markers to investigate genetic structure of Anopheles maculipennis sl  natural populations from Armenia./ IX European Multicolloquium of Parasitplogy, Valencia, Spain, 2004, p.120. 
  12. Pirumov, H.I., S.M. Kazanchan and M.A. Balasanian. (1983). On cases of 4-days malaria after blood transfusion. Meditsink. Parazitol. Parazitar. Bolezni 4: 7-9.  
  13. Romi R., Boccolini D., Hovanesyan L, Grigorian G., Di Luca M., Sabatinelli G. (2001). Anopheles sacharovi (Diptera:Culicidae): a reemerging malaria vector in the Ararat Valley of Armenia. J. Med. Ent. in press.
  14. Sabatinelli G., Jorgensen P. (2001). Malaria in the WHO European Region (1971-1999). Eurosurveillance 6(4): 61-65. 
  15. Severini F., Di Luca M., Severini C., Davidyants V., Avetisyan L., Romi R., Majori G..  Malaria surveillance activities in Armenia: results of an entomological survey. ‘’Parassitologia’’ official Journal of the Italian Society of Parasitology, XXIII Congresso Nazionale, Rome, Italy, 2004, Volume 46, Suppl. 1, p. 101.

 

Հեղինակ. Պրոֆ.Վ. Դավիդյանց Ա. Վանյան Լ. Ավետիսյան Զեկույցի խմբագիր` Պրոֆ.Վ.ԴավիդյանցԶեկույցի հրատարակումը պատրաստել են` Գ.Դումանյան Մ.Մեյմարյան Լ.Նիազյան Ա.Թադևոսյան Հ.Վարդումյան Կ. Փամբուխչյան
Սկզբնաղբյուր. Հայաստանի հանրային առողջության ամսական զեկույց 1-12.2006, Հատուկ թողարկում, No. 3, 2006
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Վարակիչ եվ մակաբուծային հիվանդություններով հիվանդացության ուսումնասիրությունը քաշաթաղի տարածաշրջանում

Մինչև այժմ բերված նյութերը հնարավորություն են տալիս գաղափար կազմել Քաշաթաղի տարածաշրջանում բնակչության առողջության, ինֆեկցիոն հիվանդությունների առաջացման...

Հիգիենիկ և հակահամաճարակային հսկողության համակարգի գործադրման ժամանակակից առանձնահատկությունները և հիգիենիկ բնագավառի կադրային ներուժի զարգացման նախադրյալները

Վերջին 10-ամյակում եվրոպական տարածաշրջանի մի շարք երկրներում տեղի են ունեցել քաղաքական, տնտեսական և սոցիալական ակնառու փոփոխություններ: Մի շարք երկրներում անկայուն տնտեսական իրավիճակը շարունակում է խորանալ շրջակա միջավայրի տասնամյակներ ձգվող բնափոխումներով...

Կլինիկական պրակտիկայում սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների համալրված կանխարգելում

Այս մեթոդական ձեռնարկը ներկայացնում է սրտաբանների, շաքարային դիաբետի,  աթերոսկլերոզի, հիպերթենզիայի Եվրոպական միությունների, շաքարային դիաբետի, ընտանեկան բժշկության...

Ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կարևորագույն խնդիրները

Բովանդակություն

Ներածություն  Ոչ վարակիչ հիվանդությունների պատճառները:4

Գլուխ 1

 Կանխարգելում: 7...

Քաղցկեղի համաճարակաբանությունը և հակաուռուցքային պայքարի օպտիմալացումը Հայաստանում

Բժշկագիտության զարգացումը և նվաճումները պայմանավորված են ոչ միայն հիվանդությունների պատճառագիտության և ախտածագման մասին գիտելիքների կուտակմամբ, վերջիններիս ախտորոշման...

Ծխախոտի գովազդի առկա խնդիրները հայաստանում

Այս աշխատությունը մշակվել է «Հանրային առողջության հայկական միավորում» հասարակական կազմակերպության հետազոտական խմբի կողմից` «Հասարակական առողջապահության հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ...

Բժշկության և կենսաբանության մեջ տվյալների ներկայացումը և առաջնային անալիզը

Մաս I. Տվյալների ներկայացում  Ուսումնական ձեռնարկ 

Բովանդակություն

Պայմանական նշանների ցուցակ.................................................. ...

2005թ-ին իրականացված կենսաբանական և վարքագծային հետազոտությունների որոշ արդյունքների համեմատականը 2002թ-ի նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ

Բնակչության տարբեր խմբերի շրջանում 2002թ. մարտ-ապրիլ ամիսներին անցկացվել են ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտություններ: Նմանատիպ հետազոտություններ անցկացվել են նաև 2005թ.-ին...

Հայաստանի բնակչության շրաջունում ալկոհոլի տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն

Նախաբան

2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...

Հայաստանի բնակչության շրջունում թմրամիջոցների տարածվածության համահանրապետական ուսումնասիրություն

Նախաբան

2005թ-ի ապրիլի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը Հայաստանում իրականացվեց «Չափահասների շրջանում տարածված թմրամիջոցները» վերնագրով սոցիոլոգիական հարցումը...

Նարկոլոգիա և տոքսիկոլոգիա
Հայաստանի Հանրապետությունում միավ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների արդյունքները (հոկտեմբեր-նոյեմբեր 2005թ.)

 Բովանդակություն

Հապավումներ ……………………………………………………........... 3  

Ներածություն ………………………………………………………........ 4 

1 Կենսաբանական հետազոտություններ ՄԻԱՎ վարակի վերաբերյալ … 5 

1.1 Ընտրանքային խմբերը …………………………………………........... 5 ...

Մեծահասակ բնակչության առողջության կարգավիճակ

Բնակչության ծերացումը մեր ժամանակի առավել երկարատև հեղափոխական գործընթաց է։ Նախկինում երբևէ այդքան շատ մարդ այսքան երկար չի ապրել (United Nations Center for Development and Humanitarian Affairs, 1991)։ Արդեն 1992թ. Շվեցիայի բնակչության 18% և Ճապոնիայի և ԱՄՆ-ի բնակչության 13% կազմում էին 65 տարեկան և բարձր տարիքի մարդիկ։ Ֆրանսիայում մեծահասակները կազմում են 14%։ Բնակչության ծերացումը, որը նախկինում դիտվում էր որպես արդյունաբերական զարգացած երկրներին բնորոշ պատահական միտում, ներկայումս ընդունում են որպես գլոբալ երևույթ...

Երևան քաղաքում բնակչության շտապ բժշկական օգնության (ՇԲՕ) դիմելիության բնութագիրն ըստ նոզոլոգիական խմբերի 2004թ. ընթացքում և կանչի ելքի վերլուծությունր 2001-2004թթ. ժամանակահատվածում

Վերջին տարիներին Երևան քաղաքում դիտվում է բնակչության ՇԲՕ դիմելիության աճ: Բնակչության բարձր պահանջարկի պատճառներից մեկը հանդիսանում է առաջնային բժշկասանիտարական օգնության օղակներում կանխարգելիչ ուղղության թուլացումը, ինչպես նաև հիվանդությունների քրոնիզացումը...

Թռչնի գրիպի համաճարակաբանություն

Թռչնի գրիպը (avian influenza) – սուր, բարձր վարակելիությամբ օժտված վիրուսային վարակ է` մարսողության և շնչական համակարգերի ախտահարմամբ, որին բնորոշ է բարձր մահացությունը...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ