Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2009

Բժիշկ Հ. Հովհաննիսյանի տունը` հայ բժշկության թանգարան

Բժիշկ Հ. Հովհաննիսյանի տունը` հայ բժշկության թանգարան

XX դարասկզբի գեղեցիկ շինություններից է Երևանի Աբովյան փողոցում գտնվող բժիշկ Հովհաննես Հովհաննիսյանի տունը:

 

Հովհաննիսյանների ընտանիքը

 

Հայրը` Գրիգոր Հայրապետի Հովհաննիսյանը եղել է Երևանի հարուստ վաճառականներից մեկը, մահացել է 95, իսկ մայրը` Ելիզավետա Իսահակի Հովհաննիսյանը, 97 տարեկան հասակում:

 

Նրանց ավագ որդին` Հովհաննես Հովհաննիսյանը, ծնվել է 1865 թ., Երևանում: Երևանի արական գիմնազիան ավարտելուց հետո բժշկական կրթություն է ստացել Խարկովի, ապա` Մոսկվայի համալսարաններում: Հետագայում վիրաբուժության գծով մասնագիտացել է Վիեննայում, Բեռլինում, Փարիզում, Մոսկվայում: 1891-ից որպես բժիշկ է աշխատել Մոսկվայի նահանգում: 1895 թ. Երևանի քաղաքային վարչության հրավերով վերադարձել է հայրենի ոստան և մինչև 1907 թ. աշխատել քաղաքային հիվանդանոցի տնօրեն: Եղել է նաև հայկական բարեգործական հիվանդանոցի տնօրենը, քաղաքների միության Երևանի կոմիտեի բժշկական բաժնի վարիչը, Երևանի սբ. Հռիփսիմե իգական գիմնազիայի բժիշկը, Երևանի բժշկական միության նախագահության անդամ, Երևանի քաղաքային դումայի պատգամավոր, Կովկասի հայկական բարեգործական միության Երևանի բաժանմունքի նախագահը: Հեղինակ է գիտական աշխատանքների և զեկուցումների, եղել է ակտիվ հասարակական գործիչ և այլն: 1911 թ. պետական աշխատանքը թողնելուց հետո, Երևանի կենտրոնում վարձակալել է մի սեփական տուն և բացել քաղաքի առաջին` 10 մահճակալանոց մասնավոր վիրաբուժական հիվանդանոցը` կից ամբուլատորիայով: 1914 թ. նրա շքեղ սեփական տունը նախագծել և ընդամենը մեկ տարում կառուցել է ճարտարապետ Բ.Մեհրաբյանը: 1915 թ. բժիշկը իր մասնավոր հիվանդանոցը տեղափոխել է Աստաֆյան 39 հասցեում գտնվող իր նորակառույց երկհարկանի տան առաջին հարկը: Երկրորդում բնակվել է ինքը` ամուրի բժիշկը: Հիվանդանոցը ունեցել է վիրաբուժական և ակնաբուժական բաժանմունքներ: Այն իր հարդարանքով, գույքով, բժշկական պարագաներով, հիվանդներին ցույց տրվող բուժմամբ ու սննդով համարվել է Հայաստանի թիվ մեկ բուժհիմնարկը: 1923 թ. հիվանդանոցը և շենքը բռնագրավվել է խորհրդային իշխանության կողմից: Բժիշկ Հ. Հովհաննիսյանը մահացել է 1935 թ., Երևանում:

 

Կրտսեր եղբայրը` Առաքել Հովհաննիսյանը 1911-24 թթ. աշխատել է եղբոր հիվանդանոցում, որպես տնտեսվար: 1921 թ. փետրվարին Երևանում բռնկված դաշնակցական խռովության ժամանակ եղբայրների հիվանդանոցը բուժօգնություն է ցույց տվել վիրավոր դաշնակցականներին: 1935 թ. Հովհաննեսի մահից հետո, Առաքելը կոմիսիոն խանութի միջոցով աստիճանաբար վաճառել է հիվանդանոցից մնացած գույքը և դրանով ապրել: 1924-41 թթ. հիվանդանոցի գույքի վաճառքից գոյացած գումարը կազմել է 127000 ռուբլի: Սա այն դեպքում, երբ նա իր 12 սենյակներից բաղկացած տունը վաճառել էր 5000 ռուբլով: Սա վկայում է այն մասին, թե ինչպիսի թանկարժեք կահավորանք ու գույք է ունեցել հիվանդանոցը: 1941 թ. Առաքելը բնակվել է Աբովյան 31 հասցեում: Նույն տարում նա, որպես հակասովետական տարր, ձերբակալվել է և բանտարկվել Երևանի ներքին բանտում: 1942-ին դատապարտվել է 5 տարի ազատազրկման և աքսորվել Ղազախստան: 

 

Այժմ բժիշկ Հովհաննիսյանի տան և ԱՕԿՍ-ի շենքի մասին:

 

Շուրջ մեկ դար առաջ Երևանի կենտրոնում կառուցված այս գեղեցիկ շենքը իր ճարտարապետագեղարվեստական առանձնահատկություններով, ծավալատարածքային լուծումներով և ինքնատիպ դեկորատիվ հարդարանքով  հանրապետությունում պահպանված հուշարձանների շարքում նմանը չունի: Այն պետք է վերածել թանգարանի և հատկապես հայ բժշկության թանգարանի: Եվ ահա թե ինչու:

 

  1. Բժիշկ Հ. Հովհաննիսյանի տունը` հայ բժշկության թանգարան Շենքը կառուցվել է 1915 թ., Երևանի անվանի բժիշկներից մեկի` Հովհաննես Հովհաննիսյանի անձնական միջոցներով: 
  2. Շենքը 1915-23 թթ. ընթացքում եղել է Երևանի, այդ տարիների համար շքեղ կահավորված ու հրաշալի հագեցված առաջին մասնավոր հիվանդանոցը և որակյալ բժշկական օգնություն ցույց տվել համաքաղաքացիներին ու հարևան շրջանների բնակիչներին:
  3. Շենքը 1923 թ. բռնագրավվել է բոլշևիկյան կառավարության կողմից, ուստի գոնե 85 տարի հետո պետք է վերադարձվի նրա անունը կրող բժշկական թանգարանին:
  4. Շենքը 1923-44 թթ. եղել է Հայաստանում առաջին տրոպիկական ինստիտուտը` ‚Մալարիայի հիվանդանոցըե, որտեղ շուրջ 20 տարի աշխատել են հայ բժշկության բազմաթիվ երախտավորներ, և որը մեծ դեր է կատարել հանրապետությունում մալարիայի և տրոպիկական այլ հիվանդությունների վերացման դժվարին խնդրում: 
  5. Շենքը 1944 թ. տրամադրվել է արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությանը (հետագայում` արտասահմանյան երկրների հետ կապերի հայկական կոմիտե` ԸԿԽհ) և 65 տարի ծառայել այդ կազմակերպությանը, որի ֆունկցիան սպառվել է` Սփյուռքի նախարարության ստեղծումից հետո:

 

Բժշկության պետական թանգարաններ վաղուց գործում են նախկին ԽՍՀՄ բոլոր հանրապետություններում` մերձբալթյան երկրներից մինչև միջինասիականները, անգամ Ադրբեջանում: Երկրներ, որոնց մի մասը նույնիսկ գոյություն չի ունեցել այն ժամանակ, երբ Հայաստանում արդեն գործում էին անվանի բժիշկներ ու գրվում բժշկական մատյաններ: Աշխարհում քիչ ազգեր կան, որոնք կարող են հպարտանալ այնպիսի գիտական գրավոր հուշարձաններով, ինչպիսիք են Մխիթար Հերացու` XXII դարում գրած ‚Ջերմանց մխիթարությունե և Ամիրդովլաթ Ամասիացու` XV դարում գրած ստվարածավալ աշխատությունները: 

 

Նման թանգարան ունենալու դեպքում ի տես աշխարհի կցուցադրվեն դարերի պատմություն ունեցող հայ բժշկության փառավոր վկայությունները հանդիսացող հազարավոր արժեքավոր ցուցանմուշներ, որոնք այսօր ցուցադրվում կամ պահվում են հանրապետության թանգարաններում ու գրադարաններում, պետական ու ընտանեկան արխիվներում, անհատ անձանց հավաքածուներում և սփյուռքում: 

 

Ինքս պատրաստ եմ ապագա թանգարանին տրամադրել երկար տարիների ընթացքում հավաքած իմ ‚Հայ բժշկության թանգարանե պայմանական անունը կրող հավաքածուն` բաղկացած մի քանի հազար (այդ թվում` հազվագյուտ և արժեքավոր) ցուցանմուշներից: 

 

Կարծում եմ, որ առաջարկս կարժանանա ՀՀ կառավարության, առողջապահության և մշակույթի նախարարությունների ուշադրությանը: 

 

«Կոչ եմ անում բոլորին` ընտրեք հայրենիքի ձեր մասնիկը, ընտրեք ձեր գրադարանը, դպրոցը, թանգարանը կամ ցանկացած այլ գաղափար, ընտրեք ու կառուցեք, ավելացրեք, ստեղծեք, բազմապատկեք, իրականացրեք, կերտեք ձեր մանկության հեքիաթը: Ահա թե ինչ եմ խնդրում բոլոր գործարարներից, մեծահարուստներից: Վստահ եմ, որ իմ կոչն անարձագանք չի մնա, վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ մենք մահկանացուներ ենք, իսկ Հայաստանը հարատևելու է»:

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Համահայկական
երիտասարդական հավաքի մասնակիցներին ուղղված խոսքից 

Ջերմուկ, 14-07-2008

 

Հեղինակ. Հ. ՄԻՆԱՍՅԱՆ . բժիշկ-կենսագրագիր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ