Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև:

 

–  Մարդն իր կենսագործունեության ընթացքում նույն շրջակա միջավայրի հետ շփման արդյունքում ձեռք է բերում նաև վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններ: Հետևաբար` հիգիենիստի և համաճարակաբանի մասնագիտական գործունեությունը միշտ պահանջված է բոլոր ժամանակներում: 

 

Եթե նախկինում ծառայությունն աշխատում էր միայն ԽՍՀՄ ուղեցույցներով և բոլորի համար ընդհանուր չափորոշիչներով ու հրամաններով, ապա այսօր տեսչությունը ղեկավարվում է ՀՀ իրավական դաշտով, մեր երկրի նորմերին համապատասխան: Սերտացել են կապերը միջազգային կառույցների, ինչպես նաև ամերիկյան ու եվրոպական երկրների համանման կազմակերպությունների հետ:

 

Տեսչությունը զգալիորեն հզորացել է և իրականացնում է համաճարակաբանական հսկողության համակարգի ղեկավարման գործընթացը: Մեր մասնագետները մի շարք ծրագրերով վերապատրաստվել են Հայաստանում և արտերկներում, տիրապետում են միջազգային մոտեցումներին, պահանջներին և երկրի օրենսդրությանը, ունեն ինչպես դաշտային պայմաններում, այնպես էլ միջազգային, միջգերատեսչական կառույցների հետ աշխատելու մեծ փորձ: Պետական հակահամաճարակային տեսչության (ՊՀՀՏ) կողմից իրականացված ծրագրերը, եվրոպական մոտեցումներին համապատասխան նորմատիվ-իրավական ակտերի մշակումն ու կյանքի կոչելը ՀՀ առողջապահության նախարարության վարած քաղաքականության ձեռքբերումներն են: Իրականացվում է քաղաքականության մշակման և համակարգման գործառույթներ ինչպես Առողջապահության նախարարության ստորաբաժանումների, այնպես էլ շահագրգիռ այլ մարմինների հետ: 

 

–  Անկախությունից ի վեր ՊՀՀՏ-ն մի քանի անգամ կառուցվածքային փոփոխությունների է ենթարկվել: Կցանկանայի անդրադառնայիք այդ հարցին:

 

–  Ասեմ, որ սանիտարահակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: 1992 թ. ընդունվել է «Բնակչության սանիտարահակահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքը, որը հնարավորություն է ընձեռել ստեղծելու համապատասխան կառույց` իր ստորաբաժանումներով: 

 

Նախորդ տարիների փորձը բերեց նրան, որ ծառայությունը վերակազմավորվեց, ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանակում ձևավորվեց ՊՀՀՏ-ն, որը ներկայումս գործում է նախարարության աշխատակազմում` առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով: Տեսչությունը զգալիորեն հզորացվեց: 

 

–  Ինչպես գիտենք, վարակական հիվանդությունների դեմ պայքարը մշտապես եղել է ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, քանի որ վարակները մեծ չարիք են բոլոր երկրների համար: Ասացեք, խնդրեմ, ինչպիսի՞ն է իրավիճակը այժմ մեր հանրապետությունում:

 

–  Մի շարք ծրագրեր իրականացվել են և ներկայումս էլ իրականացման ընթացքում են: Ինչպես նշվեց, կարևորներից մեկը վարակիչ հիվանդությունների դեմ պայքարն է: 

 

Հպարտությամբ կարող ենք ասել, որ 2002 թ.-ին մեր հանրապետությունը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հռչակվել է որպես պոլիոմիելիտից ազատ գոտի, և չնայած ԱՊՀ մի շարք երկրներում 2009 թ. պոլիոմիելիտի բռնկումներին` ՀՀ-ում դեպքեր չեն արձանագրվել: 2000 թ.-ից արձանագրվել են դիֆթերիայի միայն եզակի դեպքեր: 2007 թ. հանրապետության բնակչության գրեթե 98%-ն ընդգրկվեց կարմրուկի և կարմրախտի դեմ լրացուցիչ պատվաստումներում, միաժամանակ ապահովվեց կարմրուկի, կարմրախտի և խոզուկի դեմ համակցված պատվաստումներում բարձր ընդգրկվածություն, որի շնորհիվ ներկայումս արձանագրվում են այդ հիվանդությունների միայն եզակի դեպքեր:

 

Պատվաստումների ազգային օրացույցում հեպատիտ B-ի պատվաստանյութի ներդրումից հետո դիտվում է հիվանդացության զգալի նվազման միտում:

 

Նպատակային տարիքային խմբերի պատվաստումների գործընթացում ընդգրկվածությունը 90 տոկոսից բարձր է: Դրան հասել ենք առողջապահության նախարարի կողմից համակարգված քաղաքականության վարման շնորհիվ, ՊՀՀՏ, առողջության առաջնային պահպանման, մոր ու մանկան ծառայության, տարածքային կառավարման մարմինների, այլ գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների համագործակցված և ճիշտ աշխատանքի արդյունքում: Վերջինս բազմիցս բարձր է գնահատվել և´ ԱՀԿ,

և´միջազգային այլ կազմակերպությունների կողմից:

 

2009-2010 թթ. գրիպի համաճարակի ժամանակ Առողջապահության նախարարության վարած ճիշտ և համակարգված աշխատանքը, միջազգային հանդիպումների, քննարկումների ընթացքում մասնագետների ձեռք բերած փորձն ու հմտությունները, գիտելիքները հնարավորություն ընձեռեցին առանց պատվաստումների և այլ դեղամիջոցների հավելյալ կիրառման կանխել համաճարակի հետագա տարածումը: 

 

Ներդրվել են հետազոտությունների նոր մեթոդներ, որոնք հնարավորություն են տալիս ախտորոշելու նախկինում չախտորոշվող վարակիչ մի շարք հիվանդություններ: 

 

2006-2010 թթ. իրականացված կանխարգելիչ և հակահամաճարակային լայնածավալ միջոցառումների իրականացման արդյունքում Հայաստանում մալարիայի տեղական դեպքեր չեն արձանագրվել: Հայաստանը եվրոպական տարածաշրջանում առաջիններից է, որը կարողացել է էլիմինացնել (վերացնել) տեղական մալարիան և դիմել ԱՀԿ` երկիրը որպես մալարիայից ազատ գոտի վկայագրելու համար: Առողջապահության նախարարությունում ձևավորվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը համակարգեց մալարիայի վկայագրման գործընթացը: Այս աշխատանքը բազմիցս գնահատվեց ԱՀԿ և միջազգային անկախ փորձագետների կողմից և բարձր գնահատականի արժանացավ: Օրերս ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկատվություն է ստացել, որ ԱՀԿ վկայագրել է Հայաստանը որպես մալարիայից ազատ գոտի: Դա զբոսաշրջության զարգացման և երկրի հեղինակության բարձրացման համար զգալի խթան կդառնա: 

 

Նշանակալի ձեռքբերումներ կան նաև ոչ վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի գործում: Երկրում հաջողությամբ ներդրվում են միջազգային առողջապահական կանոնները, սահմանվել է ազգային համակարգող մարմին, բազմաթիվ իրավական ակտեր են մշակվել և ներդրվել, կանոնակարգվել է շահագրգիռ մարմինների միջև համագործակցությունը, ԱՀԿ հաղորդակցման գործընթացը, մշակվել է տեղեկատվության ազգային ռեգիստր և այլն:

 

–  Անկախությունը ի՞նչ խնդիրներ առաջադրեց այս ոլորտում, ի՞նչ խնդիրներ կան այժմ:

 

–  Անցած 20 տարիները ոլորտի համար միայն ձեռքբերումների շրջան են եղել: Իհարկե, դժվարություններ եղան անցումային ժամանակաշրջանում. ստեղծվեց նոր պետություն, նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն ծագեց, այդ դաշտը բաց էր: Բավական ժամանակ պահանջվեց այն կանոնակարգելու համար և կարելի է ասել, որ հիմքը ստեղծված է: Աշխատանքներն իրականացվում են միջազգային մոտեցումներին համապատասխան: Այսօր խնդիրներ կան` կապված աղիքային վարակիչ հիվանդությունների հետ: Բնակչության սանիտարահակահամաճարակային անվտանգության ապահովումը գործառույթ է, որին մասնակցում են բազմաթիվ գերատեսչություններ: Խնդիրն այս գործառույթները միավորելու և ինտեգրելու մեջ է: 

 

–  Բոլոր բնագավառներում կան թերություններ: Այդ տեսանկյունից եթե նայենք, որո՞նք են հակահամաճարակային ծառայության ոլորտում շտապ լուծման կարիք ունեցող խնդիրները: 

 

–  Իհարկե, հնարավոր չէ որևէ կառույցի աշխատանք առանց թերությունների: Մենք փորձում ենք դրանք նվազագույնի հասցնել, քանի որ մեր բնագավառն այնպիսին է, որ մի փոքր թերացումն անգամ կարող է լուրջ հետևանքների պատճառ դառնալ: 

 

Մեր հիմնական խնդիրներն են` վարակի աղբյուրի ժամանակին հայտնաբերումն ու վերացումը, սննդի նկատմամբ խիստ վերահսկողությունը, տնտեսվարողների և բնակչության ինքնագիտակցության բարձրացումը, սանիտարական գիտելիքների քարոզչությունը, փողոցում, բակերում մթերքի վաճառքի արգելումը: Ողջունելի է, որ այժմ կան մի շարք կազմակերպություններ, որոնք կոչված են պահպանելու սանիտարահակահամաճարակային նորմերը, և բազմաթիվ ձեռնարկություններ, որոնք պահպանում են պահանջվող նորմերը:

 

–  «Առողջապահություն» հանդեսը 55 տարեկան է, կցանկանայի գնահատեիք նրա անցած ճանապարհը, դերը ոլորտի կայացման և զարգացման գործում: 

 

–  Նախ ցանկանում եմ շնորհավորել հանդեսի աշխատակիցներին` հանդեսի 55-ամյակի կապակցությամբ:«Առողջապահությունը» բավական երկար ուղի է անցել և այդ տարիների ընթացքում ներկայացրել է տարբեր ոլորտների գործունեությունը, գիտական հետազոտությունների արդյունքները, մասնագիտորեն և մանրամասն իրազեկել է առողջապահության համակարգում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Կցանկանայի, որ հանդեսն իր հետագա գործունեության ընթացքում ավելի շատ անդրադառնար նեղ մասնագիտական գործընթացներին, առանձին ոլորտների խնդիրներին:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ