Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ:

 

–  Ինչպե՞ս կգնահատեիք Հայաստանի երեք հանրապետությունների առողջապահության բնագավառում տեղի ունեցած փոփոխությունները:

 

–  Առաջին հանրապետությունը շատ կարճ գոյատևեց, ուստի այդ ժամանակաշրջանի առողջապահության գործունեությունն ինձ համար փոքր-ինչ անծանոթ է: Այդ տարիներին համակարգի վիճակը Հայաստանում եղել է շատ անմխիթար` ցեղասպանությունից փրկված մարդկանց բուժօգնության, համաճարակների վերացման տարիներ են եղել, սակայն կարող ենք հպարտանալ նրանով, որ կար մասնագետ-բժիշկների ներուժ: Խորհրդային տարիներին անկախ չլինելը երբեք չի խոչընդոտել առողջապահության համակարգի զարգացմանը: Մենք ոչ միայն զրկվել էինք մեր հողերից, այլև չէինք կարողանում ասել, որ Ղարաբաղը մերն է, այդ մասին մենք անգամ խոսելու իրավունք չունեինք: Յոթանասուն տարիների ընթացքում բոլոր բնագավառները լավ զարգացան, իսկ մեր անկախանալը եղավ հանգամանքների բերումով. Խորհրդային Միությունը փլուզվեց, և Հայաստանը ձեռք բերեց անկախություն:

 

–  Ի՞նչպես փոխվեց առողջապահության բնագավառն անկախության տարիներին թե´ դրական, թե´ բացասական առումով:

 

–  Դրականն այն է, որ անկախության շնորհիվ միջազգային համագործակցության լայն դաշտ ստեղծվեց, սկսեցինք ինտեգրվել եվրոպական, ամերիկյան բժշկությանը: Սակայն միաժամանակ ծագեցին մի շարք խնդիրներ, որոնք չէին կարող չառաջանալ. երկրաշաժ տեսած, տնտեսապես անկայուն վիճակում գտնվող երկիրը մտավ պատերազմի մեջ, իսկ հետո սկսվեց շրջափակումը: Մեկ օրում մենք դարձանք փոքր անկախ երկիր` հզոր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Այս բոլորը, բնականաբար, ազդեց մեր տնտեսության, այդ թվում` առողջապահության համակարգի վրա: Բայց հպարտությամբ պետք է շեշտել, որ մենք պատվով դուրս եկանք բոլոր փորձություններից, որի առհավատչյան հենց ազատագրված Արցախն է:


–  Անկախությունից հետո անցել է քսան տարի: Այսօր ի՞նչ է արվել առողջապահության բնագավառում:

 

–  Անընդհատ աշխատել ենք գնալ միջազգային փորձի ներդրման ճանապարհով: Անկախության տարիներին ամրապնդվել և կայունացել է եղած համակարգը, իսկ վերջին 3-4 տարիների ընթացքում սկսվել է առողջապահական նոր շենքերի կապիտալ շինարարությունը մարզերում: Ներկայումս կառուցվում է Գյումրու նոր հիվանդանոցային համալիրը: Հնարավոր եղավ պահպանել, նաև զարգացնել ռազմավարական նշանակություն ունեցող վիրաբուժական ուղղությունները: Սա այն ոլորտն է, որը եթե կորցնես, այլևս չես կարող վերականգնել: 

 

Զարգացում է ապրում նաև շտապ բուժօգնության համակարգը: Ստեղծվել է ընտանեկան բժշկության ինստիտուտ, որը նույն գյուղական բժշկական ամբուլատորիաներն են: Սակայն քիչ հասկանալի է ընտանեկան բժշկության կենտրոնի դերը քաղաքում, այն դեպքում, երբ ամբողջ աշխարհը մտորում է պոլիկլինիկաներ ստեղծելու գաղափարի շուրջ: Չի կարելի մի մարդու վրա դնել գինեկոլոգի, թերապևտի, մանկաբույժի և այլ մասնագետների պարտականությունները:

 

Պետության ջանքերի շնորհիվ պոլիկլինիկաները շարունակում են գործել: Ողջունելին գյուղական բժշկական ամբուլատորիաների պահպանման ծրագիրն է: Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դրանք վերանորոգվել են, լավ կահավորվել, հագեցվել անհրաժեշտ տեխնիկայով: Ինչ վերաբերում է ծննդօգնության ծառայությանը և մանկական պետական հավաստագրերի ներդրմանը, ապա ժողովուրդը դրա պահանջարկն ուներ, իսկ պետությունը ժամանակին արձագանքեց:

 

–  Ձեր կարծիքով, ի՞նչ թերություններ կան բնագավառում և ինչպես կարելի է դրանք վերացնել:


–  Կարծում եմ, որ լուրջ խնդիրներ կան կրթական համակարգում, չափազանց հասարակացվեց բժշկական կրթությունը: Ոլորտում կազմակերպչական առումով եղել են օպտիմալացման կամ բարեփոխումների անհաջող, իմ կարծիքով, անիմաստ փորձեր կամ գործընթացներ: Օրինակ, բուժմիավորումների ապակենտրոնացումը մարզերում, իսկ Երևանում` բուժմիավորումների բուրգերի ստեղծումը: Սանիտարահակահամաճարակային ծառայությունները բավական թուլացրել են իրենց դիրքերը հատկապես սննդի վերահսկման գործում: Աննպատակահարմար է փոքր մասնավոր ատամնաբուժարանների գործունեությունը, ինչպես նաև տարբեր մասնավոր բուժկենտրոններում, ոչ հիվանդանոցային պայմաններում վիրահատություններ կատարելը: Այսինքն, պետությունը լիբերալ տնտեսության, շուկայական հարաբերությունների պայմաններում իր հսկողությունը պետք է ավելի ուժեղացնի:

 

–  Ի՞նչ եք կարծում, որոնք են առաջնահերթ լուծման կարիք ունեցող հիմնախնդիրները:

 

–  Պետք է առաջին հերթին ուշադրություն դարձնել թե´ բուժքույրական, թե´ բարձրագույն բժշկական կրթության հարցերին: Մենք այդ ուղղությամբ օրինակելի փորձ ենք ձեռք բերել ԽՍՀՄ-ի տարիներին, իսկ հիմա կորցնում ենք այն: Մեր դասախոսները պետք է լավ պատրաստված լինեն, տիրապետեն առնվազն երեք լեզվի: Բժշկական համալսարանի դասախոսը հասարակության էլիտան պետք է լինի: Կրթական մակարդակն առնվազն պետք է հասնի նախկինին: Դրականն այն է, որ գյուղերում բժշկական համակարգը գտնվում է ուշադրության կենտրոնում: Մարզպետարաններն ու նախարարությունը գյուղի բժշկի համար պետք է ստեղծեն բոլոր պայմանները` բարձր աշխատավարձ, հողամաս, տուն, որ նա չլքի գյուղը: Անհրաժեշտ է հետևել, որ այդ բժշկի երեխան ապահովված լինի ամեն ինչով: Եթե գյուղը դատարկվեց, մենք կզրկվենք մեր ազգային արժեքներից:

 

–  Անդրադառնանք «Առողջապահություն» հանդեսին, որը 55 տարեկան է: Ինչպե՞ս եք գնահատում նրա դերը առողջապահական համակարգի կայացման և զարգացման գործում:

 

–  Նախ կցանկանայի շնորհավորել հանդեսի խմբագրակազմին հոբելյանի կապակցությամբ:«Առողջապահությունը» միշտ նպաստել է առողջապահական համակարգի զարգացմանը, աշխատել է լինել առավելագույնս օբյեկտիվ և իր դերը կատարել է նաև անցումային շրջանում: Հանդեսը կարողանում է լուծել իր առջև դրված խնդիրները:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ