Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2010

Առողջապահության կազմակերպում ՀՀ նախագահը արմավիրի մարզում

Առողջապահության կազմակերպում ՀՀ նախագահը արմավիրի մարզում

Վերջերս աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը եղավ «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնում և Արմավիրի նորաբաց բժշկական կենտրոնում:

 

Նրան ուղեկցում էին ՀՀ առողջապահության նախարար Հ.Քուշկյանը, Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը, մարզպետի տեղակալ, առողջապահության, սոցիալական ապահովության վարչության պետ և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի համակարգող Լ.Մուրադյանը և այլք: Հ.Քուշկյանը հանրապետության նախագահին տեղեկացրեց, որ Համաշխարհային բանկի «Առողջապահական համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնովին վերանորոգվել է բժշկական կենտրոնի ջրամատակարարման, էլեկտրասնուցման, գազամատակարարման և ջեռուցման համակարգերը, ինչպես նաև ընդունարանը, թերապևտիկ, մանկական, վիրաբուժական, մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներն ու հիվանդասենյակները: Նախարարը խիստ կարևորեց այն հանգամանքը, որ վերանորոգումից հետո ընդլայնվել է նաև բուժծառայությունների ցանկը, նկատի ունենալով դիալիզի նորաբաց բաժանմունքը: Այսուհետև դիալիզի կարիք ունեցող հիվանդներն այլևս ստիպված չեն լինի Երևան հասնելու: Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Նշան Գևորգյանը կենտրոնում աշխատող 94 բժիշկների և 244 միջին բուժաշխատողների անունից, իր շնորհակալական խոսքն ուղղելով հանրապետության նախագահին և առողջապահության նախարարին, նշեց, որ 1959-ից երբևէ չվերանորոգված բժշկական կենտրոնն այսօր լիովին փոխված է և նորովի տեսք է ստացել:

 

Արմավիրի մարզի բնակիչներն արդեն կարող են օգտվել հարմարավետ, երկտեղանոց հիվանդասենյակներ և ժամանակակից կահավորմամբ վիրահատարաններ ունեցող, եվրոպական չափանիշներին համապատասխանող նորագույն սարքավորումներով հագեցած բժշկական կենտրոնից, որը կապված է Երևանի առաջատար կլինիկաների հետ բժշկական խորհրդատվություն իրականացնելու հնարավորությամբ:

 

Հանրապետության նախագահը մասնակցեց նաև «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի բացման արարողությանը: Ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը, «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի խորհրդի ատենապետ Կարո Արմենը, բարերար Ջորջ Փակումյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

«Փակումյան ընտանիք» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից իրականացվել է շենքի հիմնանորոգման աշխատանքները: Ֆինանսական օգնություն են ցուցաբերել նաև Արթուր, Լուիզա Քուբիքյաններ և Ռոբերտ Բաղրամյան ընտանիքները: 

 

Առողջության կենտրոնն առաջնային բուժօգնություն է ցուցաբերում Բաղրամյանի տարածաշրջանի բնակչությանը: Հայրենանվեր գործունեություն ծավալելու, բարեգործական մի շարք ծրագրեր իրականացնելու գործում ունեցած նշանակալից հաջողությունների համար հանրապետության նախագահը հանդիսավոր պայմաններում ՀՀ անձնագիր հանձնեց հիմնադրամի խորհրդի նախագահ Կարո Արմենին, իսկ բարերար Ջորջ Փակումյանը պարգևատրվեց ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ