Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 1.2011

Նախարարը ներկայացրեց ոլորտի զարգացման գերակա ուղղությունները

Վերջերս լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը խոսելով համակարգի գործունեության առանցքային խնդիրները կարգավորելու, պետական քաղաքականության հիմնական սկզբունքները ոլորտում ամրագրելու, բնակչության առողջության պահպանման և բուժսպասարկման մակարդակը բարձրացնելու մասին, նշեց, որ այդ նպատակով նախարարությունը մշակել և արդեն իրականացնում է մի շարք ծրագրեր. անհետաձգելի ու գինեկոլոգիական բուժօգնության և սպասարկման բնագավառում համավճարի համակարգի կիրառում, առողջության առաջնային պահպանման օղակում ֆինանսավորման կարգի հաստատում` ըստ կատարողականի, երեխայի առողջության պետական հավաստագրի, ինչպես նաև շտապ բուժօգնության և սպասարկման հայեցակարգերի ներդրում:

 

Համավճար

 

2011թ. փետրվարի մեկից հանրապետության ողջ տարածքում ներդրվել է համավճարային մեխանիզմ, որով անհետաձգելի և գինեկոլոգիական բժշկական օգնության ու սպասարկման համար պետական ֆինանսավորումից բացի նախատեսվում է նաև բնակչության մասնակցությունը ֆինանսական փոխհատուցման գործում:

 

Համավճարի չափը բժշկական ծառայությունների իրական ինքնարժեքի և պետության կողմից սահմանված գնի տարբերությունն է: ՀՀ մարզերի բնակչության համար այն ավելի քիչ է սահմանված, քան` մայրաքաղաքի: Նոր ծրագրի ներդրման արդյունքում գոյացած ֆինանսական միջոցները կնպաստեն բուժօգնության ծառայությունների որակի, ինչպես նաև բժշկական հաստատություններում ֆինանսական հոսքերի կառավարման բարելավմանն ու բնակչության համար ֆինանսական ծախսերի կանխատեսելիության ավելացմանը: Նշված միջոցներն ուղղվելու են բուժանձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը:

 

Ֆինանսավորման կարգ` ըստ կատարողականի

 

Ֆինանսավորման և վարձատրության համակարգի ներդրումն ըստ կատարողականի նպատակ ունի վերացնելու ինչպես բժշկական հաստատությունների, այնպես էլ բժիշկների միջև գոյություն ունեցող համահարթեցման համակարգը: Բժշկական հաստատությունները ֆինանսապես կխրախուսվեն, իսկ բժիշկները` համապատասխան խրախուսական վարձատրություն կստանան, ելնելով ՀՀ ԱՆ կողմից հաստատված գործունեության ցուցանիշների արդյունքներից:

 

Երեխայի առողջության պետական հավաստագիր

 

Ծննդօգնության պետական հավաստագրի ներ-դրման ծրագրի շարունակականությունն ապահովելու համար մոր և մանկան առողջության պահպանման նպատակային ծրագրի շրջանակներում 2011թ. հունվարի 1-ից ներդրվել է 0-7 տարեկան երեխաների առողջության հավաստագրի համակարգ:

 

Առողջության պետական հավաստագրի ներ-դրմամբ մանկական հիվանդանոցային ծառայությունների իրական մատչելիությունն ու որակը կբարելավվեն: Կավելանա բուժաշխատողների աշխատավարձը, որը կնպաստի բուժսպասարկման մակարդակի բարձրացմանը, երաշխավորված կլինեն սոցիալական արդարության սկզբունքները, կնվազեն հիվանդանոցային մանկական մահաբերությունը և մահացության ցուցանիշը:


 Շտապ բժշկական օգնություն


Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ծառայությունների որակի և մատչելիության էական բարելավում:

 

Վերանայվել են ծառայության ֆինանսավորման և մասնագետների վարձատրության սկզբունքները, զգալիորեն բարձրանալու է բուժանձնակազմի վարձատրության չափը: Ներդրվելու է շտապ բուժօգնության և սպասարկման կանչերի ընդունման նոր համակարգ, ստեղծվելու է միասնական դիսպետչերական կենտրոն: Կանչերի ընդունումն իրականացվելու է GPRS արբանյակային կապի միջոցով, որը հնարավորություն կտա արագ արձագանքելու, ինչպես նաև առավելագույնը վերահսկելի դարձնելու կանչերի իրականացման ընթացքում մեքենաների տեղաշարժը, գտնվելու վայրը, կանչի տևողությունը, կատարված ծախսերը (վառելանյութ, դեղեր):

 

Նախատեսվում է ծառայությունում գործող վերակենդանացման բրիգադները համալրել առաջատար կլինիկաների բժիշկ-ռեանիմատոլոգներով և կլինիկական օրդինատորներով: Համաձայն ժամանակացույցի և կրթական ծրագրերի` իրականացվում է մասնագետների (բժիշկներ, բուժքույրեր, վարորդ-սանիտարներ) վերապատրաստում:

 

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ապրանքային դրամաշնորհի շրջանակներում նորացվում է շտապ օգնության ծառայության ավտոպարկը: 

Հեղինակ. Տիգրան Գրիգորյան
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 1.2011 (290)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ