Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները

Առողջապահության  համակարգի   բարեշրջումների հիմնախնդիրները

2008 թ. հունիսի 5-ին «Մարիոթթ Արմենիա» հյուրանոցի «Թագուհի Էռատո» շքասրահում Հայկական բժշկական ասոցիացիայի կողմից նախաձեռնվեց կլոր սեղան «Առողջապահության համակարգի բարեշրջումների հիմնախնդիրները» թեմայով` նվիրված հանրապետության առողջապահության համակարգի առջև ծառացած ռազմավարական կարևորության հիմնահարցերին և դրանց լուծման հնարավոր ուղիներին։

 

Կլոր սեղանի ընթացքում Ասոցիացիայի կողմից ներկայացվեց 2 զեկուցում (թեզիսները ներկայացվում են ստորև)։

 

ԲԺՇԿԻ ԴԵՐԸ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

զեկուցող` Ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյան

 

  • Առողջապահական համակարգի կենտրոնում պետք է լինի բժիշկը` որպես կարևոր օղակ, բարիք արարող հիմնական գործող անձ։

  • Բացի գործող օրենսդրությունից` բժիշկը պետք է առաջնորդվի նաև էթիկայի կոդեքսով։ Այսօր ՀՀ-ում չկա բժշկի էթիկայի կոդեքս։ Ասոցիացիան պատրաստել է Համաշխարհային բժշկական ասոցիացիայի էթիկայի կոդեքսի հայկական տարբերակը, որը տեղայնացվելուց հետո կդրվի շրջանառության մեջ, և հուսով ենք, որ այն աստիճանաբար կդառնա բոլորի կողմից ընդունված։

  • Իր գիտելիքները մշտապես կատարելագործող, էթիկայի կոդեքսով առաջնորդվող բժիշկը պետք է առաջին հերթին բարձր վարձատրվի։

  • Ասոցիացիան պատրաստակամ է պաշտպանելու էթիկայի կոդեքսը չխախտած յուրաքանչյուր բժշկի շահերը։


ԲՈՒԺՕԳՆՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

զեկուցող` Արտակ Գրիգորյան

 

  • Մատուցվող բուժօգնության ծառայությունների դիմաց պետական պատվերի շրջանակներում սահմանել հստակ իրատեսական գներ` հիմնված ռեալ գնագոյացման հաշվարկների վրա։

  • Հաշվարկներ կատարելիս անհրաժեշտաբար նախատեսել այն, որ օպտիմալ կառուցվածք և միջին ծանրաբեռնվածություն ունեցող առողջապահական հաստատությունում աշխատող բժշկի աշխատավարձը պետք է նրան ընձեռի արժանապատիվ ապրելու հնարավորություն։

  • Պետական պատվերի շրջանակներում նախատեսված ծավալների և ֆինանսական հնարավորությունների միջև անհամապատասխանությունը հաղթահարելու նպատակով առաջարկվում է.

    . պետական պատվերի շրջանակներում իրականացնել միայն բնակչության սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված քաղաքացիներին մատուցվող ծառայությունները, ինչպես նաև հանրության համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բուժումը։

    . Ամսական որոշակի գումարից (ենթակա է քննարկման) ավելի եկամուտ ունեցող քաղաքացիների համար բուժօգնությունը պետական պատվերի շրջանակներից փոխադրել վճարովի համակարգ` բացառությամբ նախորդ ենթակետում նշված դեպքերի։

    . Այս երկու խմբերում չընդգրկված քաղաքացիների համար սահմանել համավճար` իրատեսական գնի և պետության կողմից տրամադրվող հնարավոր փոխհատուցման տարբերության չափով։

    . Ձեռնարկել համապատասխան քայլեր բժշկական ապահովագրության զարգացման համար։

 

Հնչեցին բազմաթիվ ելույթներ ինչպես բժիշկների, այնպես էլ առողջապահության կազմակերպիչների կողմից. ելույթների հիմնական ուղղությունները և գնահատականները ներկայացվում են ստորև.

 

  • առողջապահական համակարգի անկատար կառավարման և ոլորտում առկա բազմաթիվ այլ հիմնախնդիրների պատճառով բժիշկն իր առաքելությունները կյանքի կոչելու ճանապարհին հաղթահարում է տարատեսակ խոչընդոտներ։ Բժիշկը ստիպված է լուծել խնդիրներ, որոնք ոչ միայն որևէ կապ չունեն իր մասնագիտական գործունեության հետ, այլև շատ հաճախ հարիր չեն իր կոչմանը և չեն մտնում աշխատանքային պարտականությունների մեջ։ Ոլորտում դեռևս առկա է համահարթեցման սզբունքը, որի հետևանքով նույնիսկ բարեխիղճ և մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող բժիշկները չեն ստանում համարժեք վարձատրություն։

  • Անհրաժեշտություն է զգացվում մշակելու և գործողության մեջ դնելու բժշկական էթիկայի կանոնակարգը կամ, այլ կերպ ասած, բժշկի էթիկայի կոդեքսը։ Վերջինս կարող է հանդիսանալ մասնագիտական գործունեության վարքի կանոնների հիմնական ուղեցույցը։

  • Իրենց գիտելիքները մշտապես կատարելագործող և, առկայության դեպքում էթիկայի կոդեքսով առաջնորդվող բժիշկները պետք է ստանան բարձր վարձա տրություն։

  • Առողջապահության համակարգի ֆինանսավորումը և գնագոյացման մեխանիզմները հեռու են համարժեք լինելուց, առկա է անվճար բուժօգնության հայտարարվող ծավալների և այդ ծավալների համար առողջապահությանը հատկացվող գումարների անհամապատասխանություն։ Նման պայմաններում բուժհիմնարկների ղեկավարներն իրենց հերթին պարտադրված են բուժման ծախսերի պակասը լրացնելու այլ աղբյուրների հաշվին` նպաստելով ոլորտում առկա ստվերի խորացմանը։ Արդյունքում, համակարգում ձևավորվել են ստվերային շուկայական հարաբերություններ։

  • Վերը նշվածին գումարվում է նաև այն հանգամանքը, որ առողջապահական կազմակերպությունները համարվում են առևտրային և գտնվում են նույն հարկային դաշտում այլ ծառայություններ մատուցող առևտրային կազմակերպություններին զուգահեռ` այստեղից բխող բոլոր հետևանքներով։ Նշված հանգամանքներն առողջապահության ոլորտը դարձնում են ինվեստիցիոն առումով ոչ գրավիչ և համակարգին զարգանալու հնարավորություն չեն տալիս։ Անհրաժեշտ է համակարգը դուրս բերել ստվերից, դարձնել ներդրումային առումով գրավիչ։ Որպես օրինակներ նշվեցին «Նորք-Մարաշ», «Շենգավիթ» և «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնները։ Ներկայացվեց «Սուրբ Ներսես Մեծ» բժշկական կենտրոնի փորձը։ Ամփոփման արդյունքում ընդհանուր առմամբ հավանություն տրվեց զեկուցումներին և հնչած գնահատականներին։ Ասոցիացիայի կողմից ներկայացվեց էթիկայի կոդեքսը, որը տեղայնացման նպատակով սկզբնական փուլում դրվում է շրջանառության մեջ. ակնկալվում է ստանալ առաջարկներ հարցի վերաբերյալ, որոնք ամփոփվելուց հետո կդրվեն քննարկման։ Մենք լիահույս ենք, որ ընթերցողը ևս շահագրգիռ վերաբերմունք կցուցաբերի խնդրո առարկայի վերաբերյալ ներկայացվող առաջարկներով և տեսակետներով։ 


Ասոցիացիան պարտավորվում է նաև կազմակերպել շարունակական քննարկումներ խնդրո առարկա հարցերի շուրջ և պարտաստակամ է նշված հարցերի վերաբերյալ տարբեր ձևաչափերով քննարկումներին մասնակցելու` հետամուտ լինելով դրանց լուծմանը։

Հեղինակ. Վահե Տեր-Մինասյան
Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 6-7-2008 (13)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ