Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Երևանում կայացավ երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված երկօրյա սիմպոզիումը

Երևանում կայացավ երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված երկօրյա սիմպոզիումը

Հոկտեմբերի 22-ին «Արաբկիր» բժշկական համալիր - երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի (ԲՀ-ԵԴԱԻ) կոնֆերանս դահլիճում իր աշխատանքն ավարտեց երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը նվիրված երկօրյա սիմպոզիումը: Սիմպոզիումի կազմակերպիչներն էին`«Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ, Մանկական բժիշկների հայկական ասոցիացիան, Ժնևի (Շվեյցարիա) համալսարանը և Հոգեվերլուծական ասոցիացիան: 


Ժնևից Հայաստան էր ժամանել ոլորտում ճանաչված չորս մասնագետ, ովքեր ներկայացնում են Ժնևի համալսարանը: Կազմակերպիչների փոխանցմամբ՝ սիմպոզիումը մեծ հետաքրքրություն էր առաջացրել հայ մասնագետների շրջանում. մանկաբույժների, հոգեբույժների, հոգեբանների, ինչպես նաև հարակից մասնագետների՝ մանկավարժներ, ուսանողներ և այլն: 


«Արաբկիր» բժշկական համալիր-երեխաներ և դեռահասների առողջության ինստիտուտի հոգեկան առողջության ծառայության ղեկավար Սիրանուշ ՀակոբյանՄեր զրուցակիցն էր «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ հոգեկան առողջության ծառայության ղեկավար Սիրանուշ Հակոբյանը:


–   Բժշկուհի Հակոբյան, նմանատիպ միջոցառում Երևանում առաջին անգա՞մ է կազմակերպվում:


–   Նման ծավալով՝ այո՛,  առաջին անգամ: Հուսանք, որ այն շարունակական կլինի:


–   Այսպիսի միջոցառումների անցկացումը, սովորաբար, հրատապ խնդիրների հե՞տ են կապում: 


–   «Արաբկիր» բշկական համալիրում աշխատող բազմապրոֆիլային մասնագետների՝ հոգեբույժների, հոգեբանների աշխատանքային տարիների փորձը ցույց է տվել, որ, մասնագիտական հաջողությունները թիմային աշխատանքի արդյունք են: Հրավիրելով հիմնականում մանկաբույժների և ընտանեկան բժիշկների, փորձեցինք կիսվել, թե որքան անհրաժեշտ է հոգեբույժ-հոգեբան կապը, խոսել հաճախակի հանդիպող հոգեսոմատիկ հիվանդությունների արդյունավետ բուժման մասին:


–   Որո՞նք են այն գլխավոր թեմաները, որի մասին բարձրաձայնվեցին երկօրյա հանդիպումների ժամանակ:


–   Սիմպոզիումը կազմված էր երեք փուլից. զրոյից մինչև մեկ տարեկան, երեխաներ և դեռահասներ, այսինքն, ըստ երեխաների տարիքային խմբերին վերաբերող թեմաների:


–   Կա՞ն հաճախ հանդիպող հիվանդություններ այդ տարիքային խմբերում:


–   Մենք նպատակ չունենք նախապատվություն տալ կամ առանձնացնել այս կամ այն հիվանդությունն ու խոսել միայն դրա շուրջ, մեր նպատակն այլ է: Օրինակ, եթե խաթարված է մայր-երեխա հարաբերությունը, ապա ամեն ինչ կարող է տեղի ունենալ, ամեն ինչ կարող ենք սպասել…


–   Մանրամասնեք, խնդրե՛մ:


–   Երբ մայրն իր երեխային չի զգում, չի հասկանում: Օրինակ. նորածինը լաց է լինում, իսկ մայրը դժվարանում է հասկանալ պատճառը. կերակրե՞լ է պետք, փորի՞կն է ցավում, թե՞ պարզապես ուզում է գրկեն իրեն: 

 

Երևանում իր աշխատանքն է սկսել երկօրյա սիմպոզիումը՝ նվիրված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը


–   Ինչպիսի՞ն է դիմելիությունը,  Հայաստանում երեխայի հետ հոգեբույժի մոտ այցելելու մշակույթը…


–   Պետք է զարմացնեմ. կա այդ մշակույթը: Եթե նախկինում խուսափում էին, գերադասում էին դիմել միայն հոգեբանի, այժմ՝ ոչ: Օրինակ, մեր կաբինետները գտնվում են պոլիկլինիկայում և շատ հաճախ որևէ մասնագետի մոտ եկած պացիենտը՝ նկատելով հոգեբույժի ցուցանակը, ինչ-որ խնդրով դիմում է նրան: Այսինքն՝ վախը, ամոթի զգացումը, որ նախկինում կար, բավականին նվազել է: Գուցե զարմանալի թվա, բայց մենք ունենք մեծ թվով այցելություններ: Այլ մասնագետների մոտ ուղեգրեր ստանալուց և հաճախելուց զատ, զանգահարում են կլինիկա և հարցնում հոգեբույժի, հոգեթերապևտի, հոգեբանի ծառայությունների առկայության մասին:


–   Ի՞նչ խնդիրներով են հիմնականում դիմում դեռահասները:


–   Տարբեր՝ սկսած վարքի խանգարումից մինչև իսկ ինքնասպանության մտքեր, անգամ՝ փորձեր: Շատ տարածված են դեպրեսիաները:


Երևանում իր աշխատանքն է սկսել երկօրյա սիմպոզիումը՝ նվիրված երեխաների և դեռահասների հոգեկան առողջությանը–   Ինչո՞վ եք դա բացատրում, ինչու՞մն է հիմնախնդիրը դեռահասի մոտ:


–   Չեմ կարծում, որ դա տնտեսական խնդիր է: Մենք գիտենք, որ դեպրեսիաները նույնիսկ ամենազարգացած երկրներում են հանդիպում: Առաջին հերթին, կարծում եմ, ընտանիքի խնդիրն է. երբ ընտանիքի անդամներն ապագայի հետ որևէ հույս չեն կապում, այն փոխանցվում է երեխային... Բացի այդ, դպրոցներում ուսուցիչ-աշակերտ, դեռահաս-դեռահաս կապն այնքան էլ առողջ չէ:


–   Խորացած դեպրեսիան ինչի՞ կարող է հանգեցնել դեռահասի մոտ:


–   Այն կարող է բերել ինքնասպանության: Պետք է շատ արագ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել, միայն թե երեխային դուրս բերել այդ վիճակից: 


–   Դեղորայքային միջամտության մասի՞ն է խոսքը:


–   Ո՛չ, դեռահասների բուժման պարագայում ավելի սակավ դեպքերում ենք դիմում դեղորայքային միջամտությունների, միայն ծանր դեպքերում, առավել հակված ենք  հոգեթերապիային: Դեռահասին օգնում ենք փնտրել ու գտնել մեկին, ում վրա կարող է հոգեբանորեն հենվել:

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ