Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Երեւանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը

Երեւանում կայացավ Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ տարեկան գիտաժողովը սեպտեմբերի 26-ից  27-ը «Իզմիրլյան բժշկական կենտրոն» -ում համախմբել էր Եվրամիության եւ ԱՊՀ երկրների, ԱՄՆ-ի, Ռուսաստանի դաշնության համաշխարհային ճանաչում ունեցող մի շարք մասնագետների:

 

Գիտաժողովի շրջանակներում Եվրոպական ուրոլոգիական ասոցիացիայի ուրոլոգիայի դպրոցը կազմակերպեց գործառական ուրոլոգիայի՝ տղամարդկանց եւ կանանց սեռական խանգարումներին նվիրված դասընթացներ:


Վերջին տասնվեց տարիների ընթացքում Հայկական ուրոլոգիական ասոցիացիան անընդմեջ կազմակերպել է ամենամյա ժողովներ, որոնք վկայում են Հայաստանի ուրոլոգների մասնագիտական որակի, կազմակերպության եւ համախմբվածության ցուցանիշների պահանջներին համապատասխան բարձր մակարդակի մասին:


Գիտաժողովի ընթացքում քննարկվող թեմաների շրջանակն ընդգրկուն էր: Դրանք վերաբերվում էին ժամանակակից գործառական ուրոլոգիայի գիտական եւ տեսական լուծումներ պահանջող արդիական մի շարք խնդիրների: Մանրամասնորեն անդրադարձ է կատարվել միզային եւ սեռական ոլորտների ֆունկցիոնալ խանգարումներին վերաբերող հարցերին:


Հիմնադրամն առաջին իսկ պահից Հայկական ուրոլոգիական ասոցիացիան ընտրել է համաշխարհային առաջադեմ ուրոլոգիական կազմակերպությունների հետ մասնագիտական ինտեգրացման ուղին, փորձելով իր հնարավորությունների սահմանում, փոխառել աշխարհում ընդունված առաջադեմ մասնագիտական փորձը:


Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի 16-րդ գիտաժողովը ամենամյա ամենալուրջ ստուգատեսն է թե՛ անհատ մասնագետների ոլորտում, թե՛ Հայաստանի ուրոլոգիական համայնքի համար, քանի որ այն թույլ է տալիս վերլուծել յուրաքանչյուր տարվա ընթացքում կատարած աշխատանքը, արձանագրել ձեռքբերումներն ու բացթողումները, հստակեցնել գերակայունությունները եւ նախագծել հետագա զարգացման ուղիները:

Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկի«Մեր մասնագետները պետք է իրազեկ լինեն ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք այսօր կիրառվում են ուրոլոգիական աշխարհում». մեր զրուցակիցն է Հայկական ուրոլոգիական ասոցիացիայի նախագահ Արթուր Գրաբսկին:


–   Ո՞րն է 16-րդ գիտաժողովի առանձնահատկությունը:


–   Այն, որ համաժողովն ավանդական է դարձել: Հայաստանի բոլոր ուրոլոգները գիտեն, որ սեպտեմբերին տեղի է ունենալու մեծ միջոցառում, որին կարող են մասնակցել: Մեծ է նաեւ հետաքրքրությունը գիտաժողովի հանդեպ պոլիկլինիկաներում, մարզերում աշխատող բժիշկների մոտ:  


–   Գիտաժողովները պահանջված են…


–   Այո՛, քանի որ միշտ փորձել ենք, ինչպես նաև այս գիտաժողովին, հրավիրել Եվրոպայի կամ աշխարհի որեւէ երկրից առաջադեմ մասնագետների, որպեսզի նրանք ներկայացնեն ամենանորագույն մոտեցումներն ու բուժումները: Փորձում ենք ամեն ինչ անել, որ երկրների հեռավորությունն ու օտար լեզուն չհանդիսանան պատնեշ հայ ուրոլոգների համար: Մեր մասնագետները պետք է իրազեկ լինեն ժամանակակից տեխնոլոգիաներին, որոնք այսօր կիրառվում են ուրոլոգիական ոլորտում: Այս տարի համաժողովի մեկ օրը մենք  հատուկ հատկացրել ենք Եվրոպական ուրոլոգիայի դպրոցին, որն անցկացվեց Եվրոպայում ընդունված կարգով՝ տալով համապատասխան գիտելիքներ, ստանալով եվրոպական կրեդիտով հավաստագիր:


–   Ի՞նչ թեմաներ էին նախատեսված դասընթացներին:


–   Այս անգամ թեման ընտրված էր այնպես, որը կարեւվորում էր հարակից մասնագետների հետ լուրջ շփումը: Այսինքն, դասընթացի թեման կոչվում էր ֆունկցիոնալ ուրոլոգիա, որը միաժամանակ հետաքրքիր էր նաեւ գինեկոլոգներին, սեքսոպաթոլոգներին, սխալված չեմ լինի, եթե ավելացնեմ, որ սեքսուալ ու վերարտադրողական ֆունկցիայի խանգարումներով պետք է զբաղվեն, ինչու ոչ, ընտանեկան բժիշկները, էնդոկրինոլոգները:


–   Էլ ինչո՞վ առանձնացավ համաժողովը:


–   Սեպտեմբերի 27-ին հանդիսավորությամբ նշելու ենք պրոֆեսոր Իվան Աղաջանյանի ծննդյան 75-ամյա հոբելյանը: Նրան կշնորհվի «Ուրոլոգիայի նահապետ» պատվավոր կոչումը՝ ի ճանաչումն Հայաստանում ուրոլոգիայի բնագավառում ունեցած բացառիկ ծառայությունների:
Ավելի ուշ կներկայացվեն վիրաբուժական թեմաներ. ռոբոտիկ, լապարասկոպիկ վիրաբուժություններ: Դեղագործական ընկերությունները, որոնք ակտիվ մասնակցություն ունեն գիտաժողովին, կցուցադրեն իրենց նորագույն բուժման մեթոդներն ու գործիքները:

–   Համաժողովը, սովորաբար, ամփոփում է ոլորտի բացթողումներն ու ձեռքբերումները: Խոսենք առաջինի մասին:


–   Բոլոր ոլորտներում էլ բացթողումներ կան: Գուցե կրթական համաժողովները պետք է անել տարին մի քանի անգամ, չնայած վերջին տարիներին Հայկական ուրոլոգիական ասոցիացիան բազմաթիվ միջոցառումներ է անցկացրել՝ ունենալով նաեւ մարզային այցելություններ: Այս ծրագրում մենք ներգրավվել ենք ո՛չ միայն ուրոլոգների, քանի որ մարզերում քիչ են ուրոլգները, այլ նաեւ ընտանեկան բժիշկներին: Նրանք առաջին օղակն են, ովքեր շփվում են հիվանդների հետ: Քանի որ  գիտաժողովն իր հրատապությամբ կարեւորված է՝ փորձում ենք խոսել ավելի շատ ձեռքբերումների, անելիքների մասին: Ուրոլոգիական ասոցիացան միակներից է, եթե ոչ՝ միակը, որ դեռեւս համախմբված է եւ չի կիսվել բազմաթիվ մանր ասոցիացիաների:


–   Ո՞րն էր գիտաժողովի հիմնական շեշտադրումը. հիվանդություններ, որոնց մասին հարկ էր խոսել:


–   Եթե թեմաներն ընտրվեին ըստ հիվանդությունների հրատապության, ապա ամեն տարի թեմաները կլինեին նույնատիպ, ասենք, օրինակ՝ քաղցկեղ, միզաքարային հիվանդություն եւ այլն: Բայց մենք քայլ առ քայլ, մեթոդաբար փորձում ենք լուսաբանել բոլոր թեմաները: Որպես կանոն, համաժողովների ժամանակ, երբ կա կրթական մաս, ավելի շատ փորձագետներն են խոսում: Մենք հրավիրել ենք այդ ոլորտի լավագույններին:
    

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ