Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միջոցառումներ

Գլխավոր
Տեսասրահ

Հայաստանում ֆարմակոէկոնոմիկան դեռևս սաղմնային վիճակում է: «Ֆարմակոէկոնոմիկայի հիմունքները» խորագրով սեմինար

Հայաստանում ֆարմակոէկոնոմիկան դեռևս սաղմնային վիճակում է: «Ֆարմակոէկոնոմիկայի հիմունքները» խորագրով սեմինար

Նոյեմբերի 23-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնես-կենտրոնում կայացավ «Ֆարմակոէկոնոմիկայի հիմունքները» խորագրով սեմինարը: Այն կազմակերպվել էր ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի, Ֆարմակոէկոնոմիկայի հետազոտությունների միջազգային կազմակերպության (ISPOR) և Աստելլաս Ֆարմա Յուրոփ դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության հովանավորությամբ: Սեմինարին մասնակցեցին բժիշկներ, դեղագետներ, տնտեսագետներ, ԵՊԲՀ ուսանողներ: Սեփական փորձով գործընեկերների հետ կիսվելու, նաև սեմինարում ելույթ ունենալու նպատակով, հայրենիք էր ժամանել տնտեսագիտության դոկտոր (Կոլորադոյի համալսարան, Բոուլդեր), պրոֆեսոր (Կոլորադոյի համալսարան, Դենվեր) Վահրամ Ղուշչյանը: Պարոն Ղուշչյանը կարդաց դասախոսություններ «Դեղերի հետազոտության արդյունքներ ու դիզայն» և «Դեղային քաղաքականություն, օրենսդրություն» թեմաներով:

 
Մեզ հետ զրույցում Վահրամ Ղուշչյանը պարզաբանեց իր ելույթին հարող մի քանի հարցեր…


–   Պարոն Ղուշչյան, Ձեր ելույթում խոսքը տնտեսագիտական որոշ գործիքներ դեղագործության մեջ կիրառելուն է վերաբերում: Կմանրամասնե՞ք:


–   Իմ ելույթով փորձում եմ ներկայացնել տնտեսագիտական այն գործիքները, որոնք օգնում են որոշումներ կայացնել դեղագործության ու, առհասրակ, բժշկության ոլորտում: Այս մեթոդներն օգնում են գումարներն ուղղորդել ճիշտ դեղերի ու ճիշտ բուժումների, և որ դրանք համապատասխանեն միջազգային ստանդարտներին: Այս գործընթացն ընդունված է անվանել ծախսերի արդյունավետության վերլուծություն, որն արդեն կիրառվում է բազմաթիվ զարգացած երկրներում:


–   Եթե ավելի մանրամասնենք, ի՞նչ հնարավորություն կտա ծախսերի արդյունավետության վերլուծությունը:


–   Հաճախ են բժիշկները հիվանդների բուժման գործընթացում ինտուիտիվ վերաբերմունք ցուցաբերում դեղերի ընտրությանը` մեկին վերագրելով առավել արդյունավետություն,  մյուսին` թերարժեքավորելով պակաս արդյունավետ լինելու մեջ: Այս մեթոդը հնարավորություն է տալիս տնտեսագիտորեն, կոնկրետ հաշվարկների միջոցով «ապացուցել» բժշկի` ինտուիտիվ մակարդակում հաստատված կարծիքը:


–   Որքանո՞վ եք արդյունավետ համարում միջազգային նման փորձը և նրա փոխադրումը Հայաստան:


–   Սեմինարի նպատակն է ցույց տալ` ինչպես օգտագործել այս ոլորտում միջազգային ասպարեզում արդեն կատարված վերլուծություններն ու նյութերը և ճանապարհներ գտնել` դրանք Հայաստանում կիրառելու համար:  Եղած գործիքները մաթեմատիկական են, իսկ Հայաստանում նման բազան հարուստ չէ,  սակայն, ելնելով միջազգային փորձից, հնարավոր է Հայաստանում այդ ուղղությամբ զարգացման կանխատեսումներ անել։ Ի վերջո, երբ փոձում ենք կանխատեսել հիվանդ մարդու կյանքի որակի փոփոխությունը, կարևոր չէ՝ մարդը հայ է, թե ամերիկացի, հիվանդությունը նույն կերպ է զարգանում ու բուժման ենթարկվում: Տարբերությունը ծախսերն են: 

ԵՊԲՀ դեղագործության կառավարման ամբիոնի վարիչ Մարգարիտա Բեգլարյանը  մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ սեմինարը հիանալի հնարավորություն է հայ մասնագետների համար` ծանոթանալու ֆարմակոէկոնոմիկայի հիմունքներին ու սկզբունքներին,  քանի որ, ըստ նրա, մեզանում ֆարմակոէկոնոմիկան դեռևս գտնվում է սաղմնային վիճակում. «Այս ոլորտում դեռևս ահռելի գործ կա կատարելու, որի հիմքն արդեն դրված է:  Հուսով եմ` փորձի նման փոխանակումը շարունակական կլինի: Հատկապես, որ հիմա ոլորտը բարելավելու ուղղությամբ բավական գործ է արվում: 1998 թվականին ընդունված դեղերի մասին օրենքը գործում է առ այսօր, սակայն արդեն պատրաստ է դաշտը կարգավորող մի նոր օրենք, որը շուտով կդրվի Ազգային ժողովի հաստատմանը: Այն զերծ կլինի նախկին օրենքի թերություններից»:


ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Ղուկաս Ուլիխանյանը  նույնպես մեզ հետ զրույցում շեշտեց կատարվող բարեփոխումների մասին. «Նմանատիպ սեմինարները միայն խրախուսելի են, քանի որ հետապնդում են միևնույն նպատակը, այն է` ոլորտի զարգացումը: Այդ իսկ պատճառով մենք օժանդակում ենք նման սեմինարների կազմակերպմանը, բայց և ակնկալում փոխադարձություն: Ինչպես գիտեք, շուտով ուժի մեջ կմտնի նոր օրենք, և  մենք ակնկալում ենք այն ավելի ընդգրկուն դարձնելու` այսօր այստեղ գտնվող մասնագետների օժանդակությամբ»:

Հեղինակ. Լարա Առաքելյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ