Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Համագործակցություն առաջատար մասնագետների հետ. morevmankan.am

Համագործակցություն առաջատար մասնագետների հետ. morevmankan.am

Հանրահայտ ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը կրկին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում էր:

Ապրիլի 18-ին, 19-ին և 20-ին պրոֆեսոր Ֆերնանդեսն իրականացրեց գինեկոլոգիական, անպտղության բուժմանն ուղղված վիրահատություններ` նորագույն մեթոդներով:

Պրոֆեսորի հետ համագործակցության և արդյունավետության մասին զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ փոխտնօրեն, բ.գ.թ., մանկաբարձ-գինեկոլոգ Արմեն Գասպարյանի հետ:

 


«Կրկին մեր կենտրոնում հյուրընկալեցինք պրոֆեսոր Ֆերնանդեսին, ով մեր ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող վիրաբույժ է և բազմաթիվ նորարարությունների հեղինակ:

Պրոֆեսոր Ֆերնանդեսին ճանաչում եմ շուրջ 12 տարի, երբ 2011-ին առաջին անգամ ինձ բախտ վիճակվեց այցելել նրա ղեկավարած համալսարանական կլինիկան` Փարիզում, որից հետո գրեթե ամեն տարի շարունակում եմ այցելել: Միասին սկիզբ դրվեց մեր համագործակցությանը, որը շարունակվում է առայսօր:

Ժամանակի ընթացքում պրոֆեսորի հետ մեր ծանոթությունը, գործընկերական համագործակցությունը վերաճել է ամուր ընկերության:

Իհարկե, փորձի փոխանակման առումով պրոֆեսորի կարիքն ավելի շատ ունենք, հատկապես նրան մեր կենտրոնում ընդունելու, քանի որ նրանից սովորելու շատ բան ունենք և իր այցն ավելի հեշտ է, քան մեր թիմի մեկնելը Փարիզ:

 


Այդ ուղղությամբ մեր աշխատանքն իր արդյունքը տվեց. այսօր այնպիսի ջերմ հարաբերություններ են ստեղծվել, որ մեր խնդրանքով պրոֆեսորը գրեթե տարին մեկ անգամ այցելում է մեր կլինիկա։ Եթե չեմ սխալվում, սա պրոֆեսորի վեցերորդ այցն էր:

Մեծ բախտ և հաջողություն եմ համարում, որ տարիներ առաջ ճանաչեցի պրոֆեսոր Ֆերնանդեսի նման մասնագետին, մարդո՛ւն. հենց միայն ինքս իրենից շատ բան եմ սովորել, որոնք այսօր կարողանում եմ օգտագործել մե՛ր երկրում, մե՛ր ազգաբնակչության համար:


Բժշկությունն այսօր արագ է զարգանում, անվերջ նորություններ են ավելանում, և պետք է հասցնել դրանք յուրացնել, քայլել ժամանակակից բժշկությանը համընթաց: Նորարարությունները շատ արագ կյանքի ուղեգիր են ստանում հատկապես եվրոպական երկրներում, և մենք փորձել ենք Ֆերնանդեսի հետ համագործակցության արդյունքում հասնել նրան, որ մեր երկրում նույնպես կարողանանք այդ ամենը ներդնել:

Արդյունքները մեզ գոհացնում են, պրոֆեսորի յուրաքանչյուր այցից հետո ձեռք ենք բերում բուժման նոր մոտեցումներ, վիրահատական նոր տեխնիկա»:

 


Պրոֆեսոր Ֆերնանդեսի հետ զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ-ի հետ համագործակցության, ստացված արդյունքների և իրականացված վիրահատությունների մասին։

«Մենք սկսել ենք մեր համագործակցությունը մոտավորապես 10 տարի առաջ: Բժիշկ Գասպարյանը Փարիզ էր եկել և մեր թիմում միասին աշխատել ենք, որն էլ հնարավորություն ընձեռեց հետագայում համագործակցությունն ավելի խորացնել: Եվ արդեն 10 տարի է, ինչ Հայաստան եմ այցելում:

Ինձ համար սա հնարավորություն է` կիսվելու վիրահատությունների ժամանակ կիրառվող նորագույն մեթոդներով և տեխնիկայով, որոնք արդեն օգտագործվում են Ֆրանսիայում, և հիմա սա հնարավորություն է Հայաստանում տեսնել կիրառվող նորագույն տեխնիկան, օրինակ, էնդոմետրիոզի բուժման ժամանակ:

 


Ըստ իս, կենտրոնի գինեկոլոգիայի, մանկաբարձության, վերատադրողականության բաժանմունքում բուժսպասարկումը բավականին լավ հիմքերի վրա է:

Սակայն պետք է շարունակել բուժման համար անհրաժեշտ նոր մեթոդներ ներմուծել Հայաստան, կիսվել նորարարություններով:

Այցի շրջանակում նաև վիրաբուժական գինեկոլոգիայի ոլորտին վերաբերող նորագույն զարգացումների մասին  դասախոսություններ եմ կարդում:

 

Սկզբնաղբյուր. morevmankan.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ