Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լուրեր

Մինչև տարեվերջ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

Մինչև տարեվերջ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և բելգիական «Global Medical Solutions» ընկերության համագործակցությամբ Երևանում կհիմնվի ուռուցքաբանական հիվանդությունների բուժման գերժամանակակից կենտրոն: Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ կառավարությունում Հայաստանի Ազգային մրցունակության հիմնադրամի և «Global Medical Solutions» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Այն ստորագրել են ԱՄՀ գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը և «Global Medical Solutions» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը:   

Կենտրոնի համալիրն իր մեջ ներառում է տեխիկական բարձր հագեցվածությամբ երեք բաժանմունքներ. լաբորատորիա՝ ռադիոիզոտոպների սինթեզման «Ցիկլոտրոն» սարքով, ախտորոշման կենտրոն՝ Հայաստանում նախատիպը չունեցող PET նորագույն սկաներով, որը հնարավորություն է տալիս օրգանիզմում հայտնաբերել դեռևս սաղմնային վիճակում գտնվող ուռուցքը, և կլինիկա, որտեղ իրականացվելու է այդ նույն ռադիոիզոտոպներով բուժումը:

Հուշագրի ստորագրումից հետո լրագրողների հետ կայացած ճեպազրույցում հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը նշեց, որ կենտրոնը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ: Ըստ նրա՝ ուռուցքաբանական կենտրոնի ծրագիրն իրականացվում է պետական-մասնավոր համագործակցությամբ և ծրագրի առաջին փուլի արժեքը գնահատվում է մոտ 30 մլն եվրո: «Մեր նպատակը ոչ միայն գերժամանակակից բժշկական ծառայությունների մատուցումն է, այլ նաև նպաստել գիտահետազոտական և նորարարական կենտրոնների ստեղծմանը: Այն նաև լինելու է տարածաշրջանային կենտրոն, որն իր չափորոշիչներով չի զիջելու միջազգային նմանատիպ կենտրոններին»,- ասաց Ա. Խաչատուրյանը:

Նա նաև հայտնեց, որ կենտրոնում մատուցվող ծառայությունները լինելու են մատչելի և հասանելի մեր քաղաքացիների համար, քանի որ առանց մատչելիության, ըստ նրա, ծրագիրն իրականություն չի կարող դառնալ: «Մատչելի և որակյալ բուժսպասարկում ապահովող կենտրոնի կարևորությունը Հայաստանում մեծ է՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ մարդկանց մի ստվար զանգված բուժման նպատակով մեկնում է արտերկիր՝ անհամեմատ մեծ գումարներ ծախսելով, իսկ մի մասն էլ ընդհանրապես զրկված է այդպիսի հնարավորությունից»,- ընդգծեց Ա.Խաչատուրյանը:

Global Medical Solutions ընկերության գործադիր տնօրեն Հայկ Բաքրջյանը տեղեկացրեց, որ ուռուցքաբանական կենտրոնը կխթանի Հայաստանում միջուկային բժշկության հիմնմանը, այդ ոլորտի մասնագետների պատրաստմանը և համապատասխան կրթական ծրագրերի ներդրման գործընթացներին: Ըստ նրա՝ կենտրոնում հնարավոր կլինի արդիական տեխնոլոգիաների կիրառմամբ վաղօրոք հայտնաբերել ուռուցքը, ինչը կնպաստի օնկոլոգիական հիվանդությունների բուժման արդյունավետությանը և մահացությունների նվազմանը: Այն նաև հնարավորություն կտա յուրաքանչյուր հիվանդի համար ընտրել բուժման կոնկրետ եղանակ:

Նշենք, որ հիմնվելով ապացուցողական բժշկության սկզբունքների վրա և օգտագործելով եվրոպական ուղեցույցների կիրառման ժամանակակից եղանակներ՝ ստեղծվող կենտրոնը նպաստելու է հանրապետության բնակչության շրջանում չարորակ նորագոյացություններով հիվանդացության, հաշմանդամության ու մահացության ցուցանիշների նվազմանը:
Կենտրոնի կառավարումը վստահվել է Global Medical Solutions ընկերությանը, քանի որ այն այս բնագավառում ունի միջազգային մեծ փորձ: GMS-ի գլխավորությամբ նման կենտրոններ են գործում Ավստրալիայում, Բրազիլիայում, Չինաստանում, Հոնգկոնգում, Նոր Զելանդիայում, Ֆիլիպիններում, Թայվանում և Թայլանդում:

Վիճակագրության համաձայն՝ յուրաքանչյուր տարի չարորակ նորագոյացությունների հիվանդություններից Հայաստանում հաշմանդամ է դառնում շուրջ 2700 մարդ: Այդ առումով տարեկան տնտեսական վնասը գերազանցում է 75 մլն դրամը: Հիվանդացության ցուցանիշների աճի նման տեմպերի պահպանման պարագայում այդ թիվը տարեցտարի կկրկնապատկվի. եթե 100 հազար բնակչության հաշվարկով 1995 թվականին այդ թիվը կազմում էր 125 դեպք, իսկ 2000թ-ին՝ 185 դեպք, ապա այսօր այն հասել է շուրջ 235 դեպքի:

Սկզբնաղբյուր. Panorama.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ