Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2005 (21-24)

Երևանի շտապ օգնության կայանի գործունեության հետագա կատարելագործման մարտավարության որոշ հարցեր

Բանալի բառեր. շտապ օգնություն, մարտավարություն, կատարելագործում

Շտապ բժշկական օգնության ցուցաբերման խնդիրն աշխարհի գրեթե բոլոր պետություններում գոյություն ունի [1,2]: Այն պայմանավորված է ինչպես տվյալ երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակով, այնպես էլ ազգաբնակչության հիվանդացությամբ և առողջապահության հնարավորություններով [3-5]­­­­­: ­­­­

 

Վերջին տարիներ ընթացքում ՀՀ-ում տեղի են ունեցել սոցիալ-տնտեսական փոփոխություններ, որոնք անհրաժեշտ պայմաններ ստեղծեցին վերակառուցելու և ստեղծելու առողջապահության նոր մոդել` հաշվի առնելով մեր բնական, սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական և ֆինանսական հնարավորությունները:

­­­ ­­­­­­­­

Հարկ է նշել, որ առողջապահության գործի անհրաժեշտ բարելավումը մեզ մոտ տեղի կունենա միայն այն դեպքում, երբ վերջինս կդառնա պետության կարևոր և առաջնահերթ խնդիրներից մեկը, կգտնվի կենտրոնում և ապահովված կլինի համապատասխան միջոցառումների համակարգով:

 

Նշենք ևս մեկ կարևոր հանգամանք: Ընդունված է համարել, որ ազգաբնակչության առողջական վիճակը փաստացի արտացոլում է տվյալ երկրում տիրող սոցիալ-տնտեսական պատկերը և միտումները: Այդ տեսակետից ՀՀ-ում ազգաբնակչության առողջական վիճակի առկա խնդիրներն ունեն խոր սոցիալ-տնտեսական արմատներ և, անշուշտ, կապված են ներկայումս ստեղծված պայմանների հետ, որոնք էլ դինամիկայում պայմանավորում են նրա առողջական վիճակի տարբեր միտումները և կարևոր որակական ցուցանիշները: Այդ իսկ պատճառով նման սոցիալ-տնտեսական իրավիճակում, երբ շարունակվում է ազգաբնակչության սոցիալական տարբերակումը, տնտեսական բևեռացումը և, ընդհանուր առմամբ, տեղի է ունենում հասարակական մեկ կացութաձևի անցումը մեկ այլ ձևի, հանրային առողջապահության բնագավառում լավագույն տարբերակով անգամ մշակված ծրագիրը կարող է միայն որոշակի չափով մեղմացնել, այլ ոչ թե արմատապես փոխել դեպի լավը ազգաբնակչության առողջության կարևոր որակական ցուցանիշները: Դա է մեզ մոտ` հանրային առողջության զարգացման տեսակետից, օբյեկտիվ իրավիճակը և մոտակա հեռանկարը:­­­­­­­ ­­­­­ ­ ­­­­ ­­­ ­­ ­ ­

 

Հանրային առողջապահության կարևոր բաղադրիչներից մեկը շտապ բուժօգնության համակարգն է, որի առանցքային օղակների գործունեության բարելավումը կարող է նպաստել ստեղծված իրավիճակի մեղմացմանը: ­­

 

Այս տեսակետից ՀՀ-ում վերջին տաս տարիների ընթացքում ստեղծված ժողովրդագրական առանձնահատկությունների վերլուծությունը թույլ է տալիս ենթադրել և կանխատեսել`

­­­­­ ­

  • հանրապետությունում հիվանդանոցային մահճակալային ընդհանուր ֆոնդի հետագա կրճատում` միաժամանակ ամբուլատոր-պոլիկլինիկական ցանցի և շտապ բուժօգնության համակարգի ուժեղացմամբ,­ ­­­
  • ծննդաբերական-գինեկոլոգիական մահճակալային ֆոնդի էական կրճատում հանրապետությունում` համակարգի աշխատանքի որակի միաժամանակյա բարձրացմամբ,­­ ­­
  • անհետաձգելի բժշկական օգնության ծառայության պահանջի զգալի աճ` կապված այդ պրոֆիլի բուժօգնության բազաների ուժեղացման (առաջին հերթին վիրաբուժական, վնացվածքաբանական և վերակենդանացման) հետ,­­ ­­­­
  • օնկոլոգիական ծառայության ուժեղացում և բարելավում,
  • մեծահասակների համար հերիատրիկ ծառայության ստեղծում և ուժեղացում` նկատի ունենալով նաև ծանր, անբուժելի հիվանդների ծառայությունը (հոպիսներ),
  • հանրապետությունում ստեղծված սոցիալ-տնտեսական պայմաններում անհրաժեշտություն է դարձել մշակել, ստեղծել և իրականացնել նպատակային միջգերատեսչային ծրագրեր և սոցիալական նշանակություն ունեցող հիվանդությունների կանխարգելման և նպատակասլաց պայքարի համար` ընդգրկելով դրանում տուբերկուլյոզը, վեներական հիվանդությունները, նարկոմանիան, տոքսիկոմանիան և այլն:­­­ ­­­­­ ­­­­­­­­­

Վերջին տարիների ընթացքում առողջապահության բնագավառում կտրուկ փոխվել և փոխվում է կառավարումը, առողջապահության օրգանների և ձեռնարկությունների իրավատնտեսական կարգավիճակը: Հիվանդանոցային, ամբուլատոր-պոլիկլինիկական ապահովումը, դիսպանսերների և բուժկանխարգելիչ սպասարկումն ու ծննդատների գործունեությունն անմիջականորեն չի ղեկավարում առողջապահության նախարարության և նրա համապատասխան վարչությունների, գլխավոր մասնագետների կողմից: Այդ իսկ պատճառով հրատապ խնդիր է դարձել .

­­­­­­ ­­­­­­­­­ ­­­­­

  1. ՀՀ առողջապահության նախարարության ղեկավարող ապարատի վերակազմավորումը, վերահսկողության ոլորտում դրա ուժեղացումը,­­­ ­
  2. գործնական առողջապահության բնագավառում տիպային նոր կառավարման, տարբեր տարածքային միավորումների և կառուցվածքների մշակումն ու ներդրումը,­­­­
  3. բժշկական բնույթի ռեսուրսների բժշկատնտեսական առավելությունների և օգտագործվող հաշվետվական արդյունավետ նոր ձևերի մշակումն ու ներդրումը,­­­­­­
  4. առողջապահության ոլորտի ղեկավարող անձնակազմի համար տնտեսավարման հիմունքների, տնտեսական, հաշվապահական գործի և հաշվետվության, հարկերի, մենեջմենտի և մարկետինգի հիմունքների վերաբերյալ նոր ծրագրերի մշակումն ու ներդրումը,­­
  5. ընթացիկ և հեռանկարային պլանավորման ծրագրերի մշակումը և ներդրումը հետևյալ մակարդակներով.

  • հանրապետությունում կատարվող գիտահետազոտական աշխատանքների կոորդինացիայի ապահովում, այն ուղղելով առողջապահության հետագա զարգացմանն ու բարելավմանը,­­­­­ ­
  • առողջապահության նախարարությունում կազմակերպել գլխավոր մասնագետների խորհուրդ, ակտիվացնել դրա գործունեությունը, մշակել ու ներկայացնել նրանց կողմից կազմված հեռանկարային զարգացման ծրագրերը` ըստ առանձին մասնագիտությունների.­­­­­­­­
  • ՀՀ առողջապահության նախարարությունում իրականացնել մշտական հսկողություն` ընդունված սեփական որոշումների արդյունքների արդյունավետությունը որոշելու և գնահատելու նպատակով:

Ինչպիսի՞ն պետք է լինի ներկայիս քաղաքականությունը շտապ և անհետաձգելի բժշկական օգնության ոլորտում:

 

Ներկայումս ՀՀ-ում գործնական առողջապահությունը պետք է լուծի խիստ կարևոր մեկ խնդիր` ազգաբնակչությանը ժամանակին և որակյալ շտապ բժշկական օգնություն ցուցաբերել: Ընդ որում, այդ աշխատանքը չպետք է ծանրաբեռնվի այլ ոլորտների, մասնավորապես, ամբուլատոր-պոլիկլինիկական (ընտանեկան բժիշկների) համակարգի ֆունկցիաների վերաբաշխմամբ, առավել ևս խրոնիկական և դժվար բուժելի (ժամանակակից առողջապահության համար անբուժելի համարվող) հիվանդներին բուժօգնության ցուցաբերմամբ:

 

Սույն աշխատանքում վերլուծված են Երևան քաղաքի Շտապ բժշկական օգնության կայանի գործունեության կազմակերպման կարևոր ուղղությունները, շեշտադրումն արվել է այս բնագավառում դեռևս գոյություն ունեցող մի շարք չլուծված հարցերին, որոնք բացասական ազդեցություն են թողնում ազգաբնակչությանը շտապ բժշկական օգնության ցուցաբերման վրա:­­ ­

Ք. Երևանում մոտ 33000 բնակչին ընկնում է մեկ շտապ օգնության մեքենա, աշխատում է 196 բժիշկ, գործում է 38 բրիգադ (ընդհանուր բժշկական` 24 բուժակային` 2, մասնագիտական` 12, որից սրտաբանական` 8, վերակենդանացման, նյարդաբանական, հոգեբուժականև մանկական` մեկական):

 
Շտապ բժշկական օգնության ծառայության գործունեության վերլուծությունը ցույց է տվել, որ կանչերի գերակշռող մասը կազմում են սիրտ-անոթային, շնչառական և նյարդային հիվանդությունները, որոնց մեծ մասը խրոնիկական ձևերի սրացումներն են: Քիչ չեն դեպքերը, երբ կանչերը իրականացվել են ներարկումներ կամ էլէկտրասրտագրություն կատարելու համար:­­ ­­ ­
 

Շտապ օգնության կայանի կողմից իրականացվող աշխատանքների ոչ հիմնավորված ծանրաբեռնվածությունը մեծ մասամբ, պայմանավորված է պոլիկլինիկական օղակի աշխատանքներում տեղ գտած թերություններով և շտապ օգնության ու պոլիկլինիկայի միջև նախկինում քիչ թե շատ գործող փոխադարձ կապի խզումով:

 
Ոչ բավարար է նաև շտապ օգնության կայանի կապը ստացիոնարների հետ. այսպես, օրինակ, ստացիոնարներից շտապ օգնության կայաններ ուղեկցող թերթիկների (ձև 114) վերադարձը 38% -ից չի անցնում:­
 

Վերլուծությունը ցույց է տվել, որ շտապ բժշկական օգնության կայանի բնականոն գործունեության համար խոչընդոտ է հանդիսանում անբավարար նյութատեխնիկական բազան և բժշկական օգնության համար բացակայող անհրաժեշտ որակի չափորոշիչները:

 

Հանրապետությունը ներկայումս գտնվում է իր զարգացման անցումային շրջանում և բնական է, որ նոր սոցիալ-տնտեսական պայմաններում հանրային առողջապահությունը դեռևս իր կայացման փուլում է: Մասնավորապես` ամբուլատոր-պոլիկլինիկական նախկին ցանցի աշխատանքի հին մեթոդները բավարար չափով չեն գործում (այսինքն, խրոնիկական հիվանդների բուժապահովումն ունի բավականին բարդ խնդիրներ), փոխվել են հիվանդանոցային համակարգի գործունեության սկզբունքները, օնկոլոգիական, հակատուբերկուլյոզային և նմանատիպ ծառայությունները գտնվում են վերակառուցման փուլում, իսկ ընտանեկան բժիշկների համակարգը որպես այդպիսին իր ձևավորման շրջանում է: ­­­­­­­­­ ­­­­­ ­­­­­­­ ­­

 

Մեր կողմից կատարված աշխատանքը թույլ է տվել ք. Երևանի Շտապ բժշկական օգնության կայանի աշխատանքում հիվանդներին ցուցաբերվող բուժօգնության հարցում պարզաբանելու պատճառա-հետևանքային կապը: Այստեղ իր ուրույն տեղն ունի մեր կողմից մշակված և դեռևս մասնակի ներդրված տեղեկատվական քարտը, որը թույլ է տալիս խորն ու բազմակողմանի գնահատելու կայանի գործունեությունը և դրա հիման վրա առաջարկելու աշխատանքի հարցում նոր մոտեցումներ և նոր ցուցանիշներ` նպատակ ունենալով բարձրացնելու ազգաբնակչությանը ցուցաբերվող բուժօգնության որակն ու արդյունավետությունը:

 ­­­

Խնդրի նկատմամբ նման մոտեցումը հնարավորություն է տալիս հանրապետության անցումային շրջանում պատշաճ և գիտականորեն հիմնավորված մակարդակով լուծելու ք. Երևանի Շտապ օգնության կայանի-ի աշխատանքի կազմակերպման բարելավման ու կատարելագործման հարցերը: Առաջարկվում է, որ ներկայումս ք. Երևանի Շտապ բժշկական օգնության կայան-ը գործնականում օրինականացնի և իր սպասարկմանը վերցնի բոլոր այն խրոնիկական հիվանդներին, որոնք տվյալ պահին շտապ բժշկական օգնության կարիք ունեն, բայց որոշակի պատճառներով այն այլ համակարգում ստանալու հնարավորություն չունեն: Մասնավորապես, խնդիրը վերաբերվում է խրոնիկական սրտային, նյարդային, շնչառական, ուռուցքային և այլ նմանատիպ հիվանդներին: Ըստ մեզ, այսպիսի մոտեցումը ինչպես մարդասիրական է, այնպես էլ հետագայում` առողջապահության համակարգի ձևավորման պայմաններում, հնարավորություն կընձեռնի արագ անցում կատարելու և նպատակային ուղղորդելու հիվանդների հոսքը:­­­­­­ ­­ ­­­­ ­­ ­­ ­­­ ­­­­­­­­­

 

Կայանի աշխատանքի համակարգային բազմագործոնային վերլուծությունը մաթեմատիկական մոդելավորմամբ հիմք է տալիս եզրակացնելու, որ այստեղ էական և սկզբունքային նշանակություն ունի կանչի վրա ծախսված ժամանակը և կանչի ելքը (լավացում, անփոփոխ, մահ): Ընդ որում, բոլոր դեպքերում կանչի վրա ծախսված ժամամանակն ունի առաջնային նշանակություն:­­ ­­­­­­­­

 

Համակարգի գործունեության արդյունավետությունն, ըստ նախնական տվյալների, արդեն թույլ է տալիս կրճատելու մեկ դեպքին հատկացվող ժամանակը մինչև 30 րոպե: Սա պետք է դիտարկել որպես լուրջ նվաճում:

 

­­

Հետագա ռազմավարությունը` կապված առողջապահության կայացման և զարգացման հետ, նախատեսում է ուժեղացնել և բարձրացնել շտապ և անհետաձգելի բուժծառայության մակարդակը, դարձնելով այն ավելի ճկուն ու արդյունավետ: Դրա համար պլանավորվում է այժմ գործող շտապ օգնության ենթակայանները վերափոխել ու դարձնել հիվանդանոցների պետական պատվերի շրջանակներում գործող շտապ օգնության բաժանմունքներ, պաշտպանելով տարածքային նպատակահարմարությունը, անփոփոխ թողնելով շտապ օգնության բրիգադների օպերատիվ և վարչական ղեկավարությունը: Նման շենքային հարմարությունների հետ կապված փոփոխությունները` ի հաշիվ քաղաքային հիվանդանոցների, բավական կթեթևացնեն այդ կայանների նյութատեխնիկական հոգսերը, ինչը, ի վերջո, կխնայի առողջապահությանը հատկացված ոչ քիչ ֆինանսական և նյութական միջոցներ:­­­­­ ­­­­ ­­­­ ­­­­ ­­ ­­ ­­­

 

Գրականություն


  1. Апанансенко Б.Г., Кирилюк И.Г., Блинков Ю.И. Определение и научное содержание понятий скорая медпомощь и неотложная медпомощь. Здравоохранение Российской Федерации, 1992, 6, с.10.
  2. Нечаев Э.А. Проблемы медицинского обес­пе­чения в экстремальных ситуациях, Военно-мед. ж., 1990, 6, с.10-15.
  3. Boutis K., Stephens D., Lam K., Ungar W.J. et al. The impact of SARS on a teritary care pediatric emergency department, CMAJ, 2004 Nov 23; 171 (11): 1353-8.
  4. Dawson E.J., Paterson-Brown S. Emergency general surgery and the implications for specialisation, Surgeon, 2004 Jun, 2(3): 165-70.
  5. Suppa M., Di Lallo N., Scarponi V. et al. The Moschkowitz syndrome in emergency depart­ment, Case report, Clin. Ther., 2004 Jul-Aug; 155(7-8):321-5.

 

Հեղինակ. Վ.Ռ. Պողոսյան ՀՀԱՆ բժշկական օգնության կազմակերպման վարչություն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2005 (23) 34-38
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ