Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)

Օրթոդոնտիկ բուժում ստացող հիվանդների մոտ բերանի խոռոչի անհատական հիգիենայի վերաբերյալ գիտելիքների և վարքագծի գնահատումը և այն փոփոխելու հնարավորությունները

Բանալի բառեր. կարիես, օրթոդոնտիկ բուժում, հիգիենա

Ի նկատի ունենալով, որ օրթոդոնտիկ անշարժ ապարատներով բուժման ժամանակ կարիեսի կանխարգելիչ միջոցառումների և, մասնավորապես, բերանի խոռոչի անհատական հիգիենայի պահպանությունը պահանջում է հիվանդի ակտիվ համագործակցությունը, հեղինակների կողմից որոշվել է հետազոտել հիվանդների մոտ հիգիենայի վերաբերյալ գիտելիքների առկայությունը և բժշկական խորհրդատվության միջոցով այդ գիտելիքը ավելացնելու հնարավորությունը: Բերանի խոռոչի անհատական հիգիենաի կիրառումը կարևորվում է նրանով, որ հիվանդը ամեն օր կարող է հետևել իր ատամներին` ի տարբերություն ստոմատոլոգ-մասնագետին կատարած այցելությունների: Սակայն նախ դժվար է հետևել, թե հիվանդներից քանիսն են հետևում բժշկի խորհուրդներին, ապա, թե որքանով ճշտորեն են նրանք կատարում բժշկի ցուցումները:

 

Այսպիսով, իմանալով հիվանդների կողմից բերանի խոռոչի անհատական հիգիենայի կանոնների պահպանման հիմնախնդիրները, կարելի է փորձել գտնել լուծումներ այն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Սա, իր հերթին, կբերի օրթոդոնտիկ բուժում ստացողների ստոմատոլոգիական առողջության բարելավմանը:

 

Նյութը և մեթոդները


Մեր կողմից օրթոդոնտիկ բուժում ստացող 45 հիվանդների մոտ անցկացվել է նախնական հարցում բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ: Տրվել են հարցեր, որոնք վերաբերում են կարիեսի կանխարգելման նպատակով կիրառվող սննդակարգին, ատամների հիգիենայի նպատակով օգտագործվող նյութերի իմացությանը, անհատական հիգիենայի մեթոդների տեխնիկայի տիրապետմանը և կիրառմանը և այլն: Այնուհետև նրանք ստացել են բժշկական խորհրդատվություն ատամների խնամքի վերաբերյալ: Նրանց բոլորին տրվել է նախօրոք մշակված 10-15 րոպեանոց խորհրդատվություն, որտեղ, օգտագործելով համապատասխան նկարներ և այլ դիդակտիկ նյութեր, բացատրվել է բերանի խոռոչի ընդհանուր հիգիենայի կանոնները և օրթոդոնտիկ բուժման ժամանակ կիրառվող առանձնահատկությունները, որից հետո տրվել են համապատասխան ցուցումներ: Դրանից 12 ամիս անց բոլոր հիվանդների մոտ կատարվել է կրկնակի հարցում: Հավաքված տվյալները մուտքագրվել են համակարգիչ և ենթարկվել վիճակագրական վերլուծության SPSS ծրագրի օգնությամբ:

 

Արդյունքները և դրանց քննարկումը


Հիվանդների նախնական հարցումը ցույց է տվել, որ շատ դեպքերում կա կամ ճիշտ ինֆորմացիայի բացակայություն, կամ թյուր ինֆորմացիա: Այսպես, հիվանդների միայն 26%-ն է գտնում, որ շաքարի ամենօրյա կիրառումը բարձրացնում է կարիեսի զարգացման վտանգը, կամ միայն 16%-ն է ճիշտ նշել այն սննդամթերքը, որը նպաստում է ատամների առողջության պահպանմանը: Զարմանալի չէր այն տարածված մոլորության հայտնաբերումը, որ ծխելը թողնելը բերում է ատամների շարժունակության հետևանքով դրանց կորստին: Չնայած հարցվողների մեծ մասը (>85%) կարևորել էր ատամների խոզանակումը, միայն 24%-ը կարողացավ ցույց տալ խոզանակման ճիշտ մեթոդը: Պատասխանների 96%-ում ատամի մածուկը նշվել է որպես հիգիենայի միջոց: Սակայն անհամեմատ սակավ դեպքերում են նշվել հիգիենայի այնպիսի միջոցներ, ինչպիսիք են ողողման հեղուկները և ատամնաթելերը (38% և 24% համապատասխանաբար): Օրթոդոնտիկ բուժման ժամանակ բերանի խոռոչի հիգիենայի առանձնահատկությունների մասին գրեթե ոչ ոք տեղեկություն չուներ:

 

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում գիտելիքի և վարքագծի համադրման վերլուծության արդյունքները: Գրեթե բոլոր դեպքերում արձանագրվել է մեծ տարբերություն ատամների խնամքի վերաբերյալ գիտելիքի և իրականում ունեցած վարքագծի միջև: Օրինակ, հարցվողների ճնշող մեծամասնության (>90%) կողմից նշվել է, որ ատամի մածուկով ատամները ամեն օր երկու անգամ խոզանակելը թույլ է տալիս նվազեցնել կարիեսի զարգացումը, սակայն միայն 45%-ն է նշել, որ խոզանակում է ատամները նշված հաճախականությամբ: Նմանատիպ տարբերություն հայտնաբերվել է բոլոր կանխարգելման միջոցների ուսումնասիրության արդյունքում:

 

Տասներկու ամիս անց` կրկնակի հարցման ժամանակ, պարզվեց, որ գիտելիքի մակարդակը աճել է: Ընդհանուր առմամբ գրանցվել էր ճիշտ պատասխանների մոտ 35% աճ: Առավելագույն փոփոխություն նկատվել էր օրթոդոնտիկ առանձնահատկությունների վերաբերյալ գիտելիքների աճի մեջ (58%): Սա բացատրվում է ինչպես սկզբնական գիտելիքների բավականին ցածր մակարդակով, այնպես էլ հարցվողների հետաքրքրությամբ` կապված իրենց կողմից ստացվող բուժ. օգնության հետ: Դատելով պատասխաններից կարելի է եզրակացնել, որ նշված տասներկու ամիսների ընթացքում տեղի են ունեցել նաև դրական վարքագծային փոփոխություններ, սակայն այս տվյալների իսկությունը դժվար էր ստուգել, որովհետև հնարավոր է, որ հարցվողները ներկայացրել էին ցանկալի վարքագիծը որպես իրական: Այնուամենայնիվ, պետք է արձանագել, որ կտրուկ աճել էր խոզանակման ճիշտ եղանակի իմացությունը (24-ից 72%):

 

Հետազոտության սահմանափակումները. Այս հետազոտության միջոցով հնարավոր չէր ճշտորեն գնահատել հարցվողների վարքագիծը: Սակայն, այնուամենայնիվ, ստացված տվյալներից կարելի է դատողություններ անել այդ վարքագծի փոփոխության կամ առնվազն դրա շտկման վերաբերյալ:

 

Եզրակացություն. Ստացված տվյալները թույլ են տալիս եզրակացնել, որ առաջարկված մեթոդիկայով տրված բժշկական խորհրդատվության միջոցով կարելի է բարձրացնել ատամների խնամքի վերաբերյալ օրթոդոնտիկ հիվանդների գիտելիքների մակարդակը` դրանով նպաստելով նրանց մոտ կարիեսի առաջացման վտանգի նվազեցմանը: Վարքագծային փոփոխությունների և գիտելիք-վարքագիծ կապի գնահատման համար կարիք կա անցկացնել լրացուցիչ ուսումնասիրություն:

Հեղինակ. Մ.Մ. Մարգարյան, Տ.Բ. Ավետիսյան ԵրՊԲՀ, ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2006 (26), УДК 616.716.4-089.843
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Margar

26.03.2011

Uzum em imanal inchpes e bujvum lndaxt@ xndrum em hamarot nerkayacnel bujum@

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ