Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)

Օրթոդոնտիկ հիվանդների մոտ կարիեսի կանխարգելման նպատակով Bifluorid 12 ֆտոր-լաքի ազդեցության կլինիկական դիտարկումների արդյունքները

Բանալի բառեր. օրթոդոնտիա, կարիես, Bifluorid 12 ֆտոր-լաք

Ներածություն. Օրթոդոնտիան ստոմատոլոգիայի համեմատաբար նոր ճյուղ է, որը բուռն զարգանում է վերջին մի քանի տասնամյակների ընթացքում: Այս զարգացումն իր հերթին առաջ է բերում բազմաթիվ հարցեր, որոնք պահանջում են համապատասխան լուծումներ: Այս հարցերը վերաբերում են ինչպես առանձին վերցված օրթոդոնտիային, այնպես էլ ընդհանուր ստոմատոլոգիայի պրոբլեմներին: Այսօր օրթոդոնտիայի առջև ծառացած լրջագույն հարցերից մեկը կարիեսի կանխարգելումն է: Առավել մեծ վտանգ են ներկայացնում անշարժ օրթոդոնտիկ սարքերի կիրառման ժամանակ բուժվողի կողմից բերանի խոռոչի հիգիենայի կանոններին չհետևելու արդյունքում առաջացած կարիոտիկ ախտահարումները: Սա բերում է նրան, որ օրթոդոնտիկ բուժման շնորհիվ ստացված դրական էսթետիկ արդյունքը տուժում է առաջացած սպիտակ բծերի կամ կարիեսի առավել խորը ախտահարումների հետևանքով:

 

Տարբեր երկրներում կատարված և տպագրված բազմաթիվ ուսումնասիրություններ դեռ վերջնական պատասխան չեն տվել այն հարցին, թե ինչպես առավել արդյունավետորեն պաշտպանել օրթոդոնտիկ հիվանդներին կարիեսի զարգացման վտանգից [1,4-9]: Մեր կողմից ուսումնասիրված տպագիր աշխատանքներում չի գտնվել նմանատիպ հետազոտություն, որը անցկացվել է ՀՀ-ում:


Հեղինակները նախաձեռնել են տվյալ կլինիկական հետազոտությունը` բրեկետ համակարգի միջոցով բուժվողների համար կարիեսի կանխարգելման արդյունավետ մեթոդ գտնելու նպատակով:

 

Նյութը և մեթոդները


Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մի շարք գիտական աշխատանքներ, որոնք տպագրվել են արտասահմանում, թույլ են տալիս ենթադրել, որ առավել հավանական կարիեսի կանխարգելման միջոցը, որը կարող է շահավետ լինել նման հիվանդների համար, մասնագետ օրթոդոնտի կողմից ֆտորիդներ պարունակող միջոցերի կիրառումն է [3,5,6], որոշվեց փորձարկել այսօր հայրենական շուկայում առկա և մատչելի ֆտոր-լաքի` Bifluorid 12-ի (Voco., Germany) ազդեցությունը և ազդեցության չափը վերոնշյալ նպատակին հասնելու համար: Մեր կողմից բուժվող 45 հիվանդների մոտ կատարվել է ատամների էմալի ախտահարման և բերանի խոռոչի հիգիենայի նախնական գնահատում (ատամների ընդհանուր քանակը` 876): Այդ նպատակով հաշվվել է բուժվողների մոտ առկա սպիտակ բծերի քանակը և որոշվել է Green-Vermillion-ի կամ OHI-S ինդեքսի ձևափոխված տարբերակը [2]: Ձևափոխումը վերաբերում է նրան, որ 16, 26, 36 և 46 ատամների փոխարեն հետազոտվել են 15, 25, 35 և 45 ատամները այն պատճառով, որ առաջին մոլյարները գտնվում են օրթոդոնտիկ օղակների տակ և հնարավոր չէ որոշել նրանց վրա փառի առկայությունը և քանակը: Ինդեքսի հեղինակների կողմից առաջարկված 11 և 31 ատամների հետ մեկտեղ ուսումնասիրվել են նաև 21 և 41 ատամները, որպեսզի ատամնաշարերի աջ և ձախ կողմերը հավասարապես ներկայացված լինեն:

 

Միջամտության արդյունավետությունը որոշելու նպատակով օգտագործվել է այսպես կոչված կես-բերանի (split-mouth) մեթոդը, որի ժամանակ նույն հիվանդի ատամների մի կեսի վրա կատարվում է միջամտություն (խումբ I), իսկ մյուս կեսը հանդիսանում է հսկիչ (խումբ II): Այս մեթոդը հնարավորություն է տալիս հասնել երկու խմբերի առավելագույն նմանության, քանի որ նույն անձը հանդիսանում է և’ միջամտության, և’ հսկիչ խմբի անդամ:

 

Անմիջապես բրեկետների ամրացումից հետո, միջամտության խմբի բոլոր ատամների բրեկետի հիմքին հարող մակերեսը մշակվել է ֆտոր-լաքով: Հակառակ կողմի ատամները թողնվել են չմշակված: Ֆտոր-լաքով կրկնակի մշակումը իրականացվել է յուրաքանչյուր երեք ամիսը մեկ` բուժման կուրսի կամ հետազոտության ամբողջ ընթացքում: Վերոնշյալ ինդեքսները կրկնակի հաշվարկվել են բուժման կամ հետազոտության ժամկետի ավարտին: Դիտարկման ժամանակը առանձին հիվանդների մոտ տատանվել է 12-24 ամիս:

 

 

Արդյունքները և նրանց քննարկումը

 

 Ինդեքսների նախնական տվյալների համեմատությունը երկու խմբերում էլ ցույց է տվել որոշակի վատթարացում: Սակայն միջամտության խմբի մոտ գրանցվել է կարիեսի կանխարգելման առումով առավել բարենպաստ արդյունքներ: Ստացված տվյալները մշակվել են ըստ Ստյուդենտի հավաստիության թեստի և հաստատվել է, որ վերլուծության արդյունքները վիճակագրորեն հավաստի են (p

 

Նմանատիպ արդյունք է ստացվել նաև Green-Vermillion-ի ինդեքսի ուսումնասիրության արդյունքում: Երկու խմբերում էլ նկատվել է բերանի խոռոչի հիգիենիկ վիճակի վատթարացում, սակայն միջամտության խմբում տարբերությունը, համեմատած հսկողական խմբի հետ, ավելի փոքր է եղել (p

 

Եզրակացություն. Այսպիսով, պրակտիկ օրթոդոնտներին խորհուրդ է տրվում կիրառել առաջարկված մեթոդը` բրեկետ համակարգով բուժվողների մոտ կարիեսի զարգացումը կանխելու նպատակով: Այս մեթոդի կիրառումը կարևորվում է նաև նրանով, որ տվյալ դեպքում դրական արդյունքի ստացումը պահանջում է բուժվողի նվազագույն համագործակցություն: Սա թույլ է տալիս հասնել հաջողության նույնիսկ այն դեպքերում, երբ բուժվող երեխաները չեն հետևում հիգիենայի վերաբերյալ բժշկի տված խորհուրդներին: Հաշվի առնելով այն դիտարկումը, որ փոքր տարիքային խմբերում (11-15տ.) սպիտակ բծերի առաջացումը առավել հաճախակի է` խորհուրդ է տրվում այդ տարիքի երեխաների բուժման ժամանակ նախապատվությունը տալ շարժական սարքերով բուժմանը, առավել ևս որ այս տարիքի երեխաների մոտ դեռ շարունակվում է ծնոտի աճը, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծում շարժական սարքերով դրական արդյունքի հասնելու համար:

 

Գրականություն


  1. Володатски М.П., Христофорандо Ю.Д. Профилактика кариеса зубов при ортодонтическом лечении. М., Стоматология, 1989, 68(6), с. 63–66.

  2. Кузьмина Э.М. Профилактика стоматологических заболеваний. М., МГМСУ, 2001. с. 39–41.

  3. Кузьмина Э.М., Смирнова Т.А. Фториды в клинической стоматологии. М., МГМСУ, 2001, с. 27– 32.

  4. Простакова Т.Б. Эффективность профессиональной гигиены полости рта в профилактике заболеваний пародонта у детей с дизокклюзиями. Дисс. … канд. мед. наук. М., ММСИ, 1994.

  5. Benson P.E., Parkin N., Millett D.T., Dyer F.E., Vine S., Shah A. Fluorides for the prevention of white spots on teeth during fixed brace treatment, Cochrane Database Syst. Rev., 2004, N3, CD003809.

  6. Bowman S.J. Use of a fluoride varnish to reduce decalcification, J. Clin. Orthod., 2000, v. 34, p. 377–379.

  7. Chadwick B.L. Products for prevention during orthodontics, Br. J. Orthod., 1994 Nov, v. 21, N 4. p. 395-398.

  8. Lehman R., Davidson C.L., Duijsters P.P. In vitro studies on susceptibility of enamel to caries attack after orthodontic bonding procedures, Am. J. Orthod., 1981 Jul, v. 80, N 1, p. 61-72.

  9. Mitchell L. Decalcification during orthodontic treatment with fixed appliances: an overview, Br. J. Orthod., 1992, v. 19, p. 199–205.

Հեղինակ. Մ.Մ. Մարգարյան, Տ.Բ. Ավետիսյան ԵրՊԲՀ, ստոմատոլոգիական հիվանդությունների կանխարգելման և մանկական ստոմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 2.2006 (26), УДК 616.716.4-089.843
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ