Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1-4.2006 (25-28)
Կարծրամաշկության դասակարգումը, տարածվածությունը և ախտածագումնային ընդհանուր մեխանիզմները
Բանալի բառեր. կարծրամաշկություն, համախտանիշ, դասակարգում
Համաձայն ժամանակակակից պատկերացումների կարծրամաշկություն տերմինը միավորում է կարծրամաշկային խմբի հիվանդությունների լայն շրջանակ` համակարգային և օջախային կարծրամաշկությունից մինչև մակածված (ինդուցված) ձևերը և կեղծ կարծրամաշկությունը [6,10,13,17]: Պետք է նշել, որ 20-րդ դարի երկրորդ կեսում կարծրամաշկության մասին զարգացման տեսությունը մեծ էվոլյուցիա վերապրեց: ավելի քան 300 տարի տևած մաշկաբանական փուլը փոխարինվեց թերապևտիկով, անջատվեց համակարգային կարծրամաշկությունը` կամ համակարգային հարաճող կարծրությունը, սկսվեց հիվանդության ինտենսիվ ուսումնասիրումը ինտերնիստական դիրքերից [2,16]: Հետագայում համակարգային կարծրամաշկության և նրան մոտ կանգնած վիճակների ուսումնասիրման առաջընթացը տարբեր կլինիկական ձևերի տարանջատումով, հիվանդաբանության էության հստակեցման և տարբերակման գործընթացը` մակածված կարծրամաշկության նորանոր ձևերի հայտնությամբ, բերեցին կարծրամաշկային հիվանդությունների խումբ հասկացողությանը [17]:
Այսօրվա դրությամբ այդ խումբն ընդգրկում է տարբեր ախտաբանական ձևերի և համախտանիշների լայն սպեկտր` տարածուն կամ տեղային ֆիբրոզի բնորոշ զարգացմամբ` ախտընթացի մեջ կենսապես կարևոր օրգանների ոչ հազվադեպ ընդգրկումով: Կարծրամաշկային հիվանդությունների խմբի հիմնական կլինիկական ձևերը ընդհանրացված են ժամանակակից կլինիկական դասակարգման մեջ, որտեղ ընդգրկվել են նաև հարուռուցքային (պարանեոպլաստիկ) կարծրամաշկությունը և բազմաօջախային (մուլտիֆոկալ) ֆիբրոզը, որն անվանում են նաև տեղայնացված համակարգային կարծրություն (լոկալիզացված սիստեմային սկլերոզ):
Կարծրամաշկության դասակարգումը (հիվանդությունների կարծրամաշկային խումբը).
-
Համակարգային կարծրամաշկություն (համակարգային կարծրություն).
-
տարածուն (դիֆուզ)
-
սահմանափակված (լիմիտացված)
-
վերադիր (overlap). համակարգային կարծրամաշկություն+դերմատոմիոզիտ, համակարգային կարծրամաշկություն + ռևմաթոիդ արթրիտ և այլն
-
ընդերային (վիսցերալ)
-
պատանեկան (յուվենիլ)
-
Սահմանափակ կարծրամաշկություն.
-
օջախային (թիթեղային և տարածուն)
-
գծային (թրի հարվածի ձևի, կիսատ ձևի)
-
Տարածուն էոզինամետ փակեղաբորբ (դիֆուզ էոզոնոֆիլ ֆասցիիտ)
-
Բուշկեի կարծրայտուց (սկլերեդեմա)
-
Բազմաօջախային ֆիբրոզ (տեղայնացված համակարգային կարծրություն)
-
Մակածված կարծրամաշկություն.
-
քիմիական, դեղորայքային (կայծքարային փոշի, քլորվինիլ, օրգանական լուծիչներ, բլեոմիցին և այլն)
-
տատանումային (տատանումային` վիբրացիոն հիվանդության հետ կապված)
-
իմունաբանական (ադյուվանտային հիվանդություն, փոխպատվաստի մերժման խրոնիկական հակազդում)
-
հարուռուցքային կամ ուռուցքակախյալ
-
Կեղծ կարծրամաշկություն.
-
նյութափոխանակային
-
ժառանգական (պորֆիրիա, ֆենիլկետոնուրիա, առաջակզություն` պրոգերիա, ամիլոիդոզ, Վեգեների և Ռոթմունդի համախտանիշներ, կարծրալորձայտուց` սկլերոմիքսեդեմա և այլն):
Համակարգային կարծրամաշկությունը, կամ համակարգային կարծրությունը, հարաճող բազմահամախտանիշ հիվանդություն է` մաշկի, հենաշարժական ապարատի և ներքին օրգանների` թոքերի, սրտի, մարսողական ուղու, երիկամների բնորոշ փոփոխություններով և Ռեյնոյի համախտանիշի ձևի անոթակծկանքային տարածուն ախտահարումներով: Հիվանդության հիմքում ընկած են շարակցական հյուսվածքի ախտահարումը` ֆիբրոզի գերակշռումով, և անոթային ախտահարումը` խցանող մանրաանոթախտի ձևի: Դեռ 1985թ. հայտնի անգլիացի ռևմատաբան Ե. Բայոթերսը գրել է. Համակարգային կարծրամաշկությունը մեր սերնդի հանելուկն է. դրամատիկ և անսպասելի իր հայտնության պահին, ուրույն և կախարդական իր կլինիկական արտահայտություններով, հարաճող և բուժմանը համառորեն դիմադրող, ինչը հուսահատության մեջ է գցում և հիվանդներին, և բժիշկներին: Համակարգային կարծրամաշկության մասին մեր պատկերացումներում վերջին տասնամյակների ընթացքում տեղի ունեցավ մեծ առաջընթաց, այն այսօրվա դրությամբ կարող է բնորոշվել որպես կլինիկական դիրքերից լավ ուսումնասիրված վառ և ուրույն հիվանդաբանական ձև` արտահայտված բազմազանությամբ և ուրույն ախտածագմամբ [14]:
Համակարգային կարծրամաշկության առաջնային հիվանդացությունը, ըստ եղած վիճակագրական տվյալների, կազմում է տարեկան 2,7-12 դեպք 1 000 000 բնակչության հաշվարկով [10]: Համակարգային կարծրամաշկությունը տարածված է ողջ երկրագնդով: Կանայք 3-7 անգամ ավելի հաճախ են հիվանդանում, քան տղամարդիք: Երեխաների և 45-ն անց մեծահասակների մոտ իգական սեռի գերակշռումն ավելի քիչ է արտահայտված: Գծային կարծրամաշկության ժամանակ տարածվածության սեռական տարբերություներ չկան: Հիվանդությունն ավելի հաճախ ախտորոշվում է 30-50 տարեկանների մոտ, սակայն նրա սկզբնական արտահայտությունները հաճախ նկատվում են ավելի վաղ տարիքում: ԱՄՆ-ում այն հանդիպում է ավելի հաճախ, քան Եվրոպայում և Ճապոնիայում [10]:
Համակարգային կարծրամաշկության պատճառները բարդ են և լիարժեք չեն ուսումնասիրված: Ենթադրվում է համակարգային կարծրամաշկության բազմապատճառային ծագումը: Այն, հավանաբար, պայմանավորված է ընդերածին և արտածին անբարենպաստ գործոնների և ժառանգական նախատրամադրվածության համազդեցությամբ [1]: Նախկինում շատ քննարկվող վարակի, մրսածության, արևահարման, տատանման, վնասվածքների, սթրեսի և ներզատական տեղաշարժերի դերի հետ մեկտեղ, վերջին ժամանակներս հատուկ ուշադրություն է դարձվում քիմիական, արտադրական, կենցաղային, սննդային գործոնների և առանձին դեղորայքների ձգանային ազդեցությանը, որն առավել ակնհայտ է մակածված կարծրամաշկության դեպքերի պարագայում [15]:
Ժամանակակից հետազոտությունների շնորհիվ վերծանված են նաև համակարգային կարծրամաշկության նախատրամադրվածության ժառանգական որոշ մեխանիզմները, ինչը նախկինում հիմնավորվում էր համակարգային կարծրամաշկության և նման հիվանդությունների ընտանեկան դեպքերի առկայությամբ, պրոբանդների առողջ հարազատների մոտ իմուն և այլ տեղաշարժերի ընդհանուր քանակակազմից ավելի բարձր հաճախությամբ [1]: Հաստատված է քրոմոսոմային անկայունությունը համակարգային կարծրամաշկությամբ տառապողների մոտ [5]: Հայտնաբերվել է կապը հյուսվածահամատեղության համակարգի որոշակի հակածինների և ալելների հետ. HLA-A9, В8, В35, DR1, DR3, DR5, DR11, DR52 и С4А [3,7,8], որոնք բավականին տարբեր են զանազան քանակակազմերում, ինչը, ըստ ժամանակակից տվյալների, կարող է կապված լինել նաև թելոմերների քրոմոսոմային արատի հետ [12]: Տարբեր վիրուսներից ուշադրություն է դարձված ցիտոմեգալովիրուսային վարակին` որպես համակարգային կարծրամաշկության և այլ ինքնաիմուն հիվանդությունների ժամանակ դիտվող անոթախտի հնարավոր ձգանի [4,9,11]:
Մեր հետագա հաղորդումներում ավելի մանրամասն կխոսենք համակարգային կարծրամաշկության ախտածագման, կլինիկական պատկերի, մասնավորապես մաշկի, հենաշարժական ապարատի, մարսողական ուղու, շնչառական օրգանների, սրտի, երիկամների ախտահարումների, ընդհանուր արտահայտությունների, լաբորատոր փոփոխությունների, ընթացքի, ախտորոշման հարցերի, և, իհարկե, բուժման մասին:
Գրականություն
-
Assassi S., Tan F.K. Genetics of scleroderma: update on single nucleotide polymorphism analysis and microarrays, Curr. Opin. Rheumatol., 2005; 17(6): 761-767.
-
Barnett A.J, Miller M., Littlejohn G.O. The diagnosis and classification of scleroderma (systemic sclerosis), Postgrad. Med. J., 1988; 64 (748): 121-125.
-
Gladman D.D., Kung T.N., Siannis F., Pellett F., Farewell V.T., Lee P. HLA markers for susceptibility and expression in scleroderma, J. Rheumatol., 2005; 32(8): 1481-1487.
-
Hamamdzic D., Kasman L.M., LeRoy E.C. The role of infectious agents in the pathogenesis of systemic sclerosis, Curr. Opin Rheumatol. 2002; 14(6): 694-698.
-
Invernizzi P., Miozzo M., Selmi C., Persani L., Battezzati P.M., et al. x chromosome monosomy: a common mechanism for autoimmune diseases, J. Immunol., 2005; 175(1): 575-578.
-
Jablonska S. Classification of scleroderma, Clin. Dermatol., 1994; 12(2): 225-8.
-
Joung C.I., Jun J.B., Chung W.T., Song G.G., Choe J.Y., Chang H.K., Yoo D.H. Association between the HLA-DRB1 gene and clinical features of systemic sclerosis in Korea, Scand. J. Rheumatol., 2006; 35(1): 39-43.
-
Loubiere L.S., Lambert N.C., Madeleine M.M., Porter A.J., et al. HLA allelic variants encoding DR11 in diffuse and limited systemic sclerosis in Caucasian women, Rheumatology (Oxford), 2005; 44(3): 318-322.
-
Lunardi C., Dolcino M., Peterlana D., Bason C., Navone R., et al. Antibodies against human cytomegalovirus in the pathogenesis of systemic sclerosis: a gene array approach, PLoS Med., 2006; 3(1): e2.
-
Mayes M.D. Classification and epidemiology of scleroderma, Semin. Cutan. Med. Surg., 1998; 17(1): 22-26.
-
Namboodiri A.M., Rocca K.M., Pandey J.P. IgG antibodies to human cytomegalovirus late protein UL94 in patients with systemic sclerosis, Autoimmunity, 2004; 37(3): 241-244.
-
Ohtsuka T., Yamakage A., Yamazaki S. The polymorphism of telomerase RNA component gene in patients with systemic sclerosis, Br. J. Dermatol., 2002; 147(2): 250-254.
-
Peterson L.S., Nelson A.M., Su W.P. Classification of morphea (localized scleroderma), Mayo Clin. Proc., 1995; 70(11): 1068-1076.
-
Sakkas L.I. New developments in the pathogenesis of systemic sclerosis, Autoimmunity, 2005; 38(2): 113-116.
-
von Mikecz A. Xenobiotic-induced autoimmunity and protein aggregation diseases share a common subnuclear pathology, Autoimmun. Rev., 2005; 4(4): 214-218.
-
Winkelmann R.K. Classification and pathogenesis of scleroderma, Mayo Clin. Proc., 1971; 46(2): 83-91.
-
Wollheim F.A. Classification of systemic sclerosis. Visions and reality, Rheumatology (Oxford), 2005; 44(10): 1212-1216.
20.05.2006 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ