Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 1.2007 (29)

Արյան ռեոլոգիական որոշ ցուցանիշների միջև կախվածության կապերի գնահատումը թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունների ժամանակ

Բանալի բառեր. թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդություններ, թոքային հիպերթենզիա, էնդոթելի ախտահարում
Հիմնախնդիրը:
Համաշխարհային գրականության վերջին տվյալների համաձայն թոքերի խրոնիկական օբստրուկտիվ հիվանդությունները (ԹԽՕՀ), ըստ հիվանդացության, մահացության և հաշմանդամության ցուցանիշների, գրավում են առաջին տեղերից մեկը [2,3,6]։ Այսօր արդիական կարևորություն ունի այդ հիվանդութունների ոչ միայն բուժման օպտիմալ կազմակերպումը, այլև ԹԽՕՀ-ի բարդությունների` թոքային հիպերթենզիայի (ԹՀ) և խրոնիկ թոքային սրտի (ՔԽՍ) վաղաժամ ախտորոշումը և կանխարգելումը: Չնայած այն հանգամանքին, որ ԹՀ և ՔԹՍ-ը բազմիցս հետազոտվել են, պաթոգենեզին վերաբերվող շատ հարցեր դեռևս մնում են վիճարկելի և չպարզաբանված։

Ներկայումս ԹՀ-ի պաթոգենեզի ժամանակակից տեսություններում հիմնական շեշտը դրվում է էնդոթելի վնասման կամ դիսֆունկցիայի վրա։ Խոսելով էնդոթելի բիոքիմիական պատկերի մասին, կարելի է թվարկել մոտ քսան կենսաբանական ակտիվ նյութեր, որոնք սինթեզվում են ըստ օրգանիզմի ֆունկցիոնալ կարիքների [2,4,6,11] և իրենց ուրույն դերն ունեն նաև թոքային հիպերթենզիայի առաջացման գործում։ Ինչպես հայտնի է, ԹԽՕՀ-ի ժամանակ պերֆուզիայի և օդափոխության միջև հավասարակշռության խանգարման հետևանքով առաջացած ալվեոլյար հիպօքսիան [1,7,12], որպես ախտաբանական գործոն, ազդում է անոթային էնդոթելի վրա, առաջացնելով ֆունկցիայի խանգարում, որն առաջին հերթին արտահայտվում է անոթալայնիչ և անոթասեղմիչ նեյրոհումորալ մեդիատորների միջև հավասարակշռության խախտմամբ [8,9,10]։

Երկարատև անոթակծկման հետևանքով առաջանում են թոքային անոթների հարթմկանային բջիջների պրոլիֆերացիա, զարկերակների մեդիալ թաղանթի և ինթիմայի էքսցենտրիկ հաստացում, արյան ռեոլոգիական հատկությունների արտահայտված փոփոխություններ, բարձրանում արյան ձևավոր տարրերի ագրեգացիոն-ադհեզիվ հատկությունները, առաջանում առպատային թրոմբներ, որոնք բերում են անոթի լուսանցքի խցանման։ Արդյունքում բարձրանում է թոքային անոթային դիմադրողականությունը, որը բերում է ԹՀ-ի առաջացման կամ ֆունկցիոնալ (դարձելի) ԹՀ-ն վեր է ածվում անդարձելի ԹՀ-ի [6,13,14]։ Այսպիսով, հիմնվելով էնդոթելային դիսֆունկցիայի հետևանքով արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունների առավել տեղեկատվական ցուցանիշների վրա, կարելի է գնահատել ԹԽՕՀ-ի ընթացքը և թոքային հիպերթենզիայի, առաջացման հավանականությունը։

Նյութը և մեթոդները

Աշխատանքի նպատակի իրականացման համար հետազոտվել են ԹՔՕՀ 16-65 տարեկան, արական և իգական սեռի 223 հիվանդներ։ Հիվանդներից 92-ի մոտ ախտորոշվել է բրոնխիալ ասթմա, մյուսների մոտ` խրոնիկական օբստրուկտիվ բրոնխիտ։ Հիվանդներից 98-ի մոտ թոքային զարկերակում ճնշումը եղել է թույլատրելի նորմայի սահմաններում (հաշվումը կատարվել է էխոկարդիոգրաֆիկ քննությամբ, ըստ Բեռնուլի բանաձևի P=4VԱ, որտեղ, P-ն եռփեղկ փականի վրա ճնշման գրադիենտն է, V-ն տրիկուսպիդալ ռեգուրգիտացիայի արագությունն է մ/վ–ով)։ 125 հիվանդների մոտ գրանցվել է բարձր սիստոլիկ ճնշում` 35-54 մմ.սնդ.ս. Համեմատական խումբը կազմել են 40 պրակտիկ առողջներ, որոնց մոտ կլինիկական և լաբորատոր քննության տվյալները եղել են թույլատրելի նորմայի սահմաններում։

Պարտադիր հետազոտություններից բացի (էլեկտրոսրտագրություն, Դոպլեր-էխոսրտագրություն, թոքերի ռենտգենոգրաֆիա, արտաքին շնչառական ֆունկցիայի հետազոտում, լաբորատոր քննություններ և այլն), կատարվել է արյան որոշ ռեոլոգիական հատկությունների հետազոտում` էրիթրոցիտների ագրեգացման (ԷԱ) աստիճանի և թրոմբոցիտների ագրեգացման (թրոմբոցիտների ադենոզին կրկնակի ֆոսֆատով` ԹԱ ԱԿՖՀ, ագրիստինով` ԹԱ ԱԳՀ, ադրենալինով` ԹԱ ԱԴՀ հարուցված ագրեգացիա) աստիճանի որոշում, էրիթրոցիտների զետտա պոտենցիալի (ԷԶՊ), էլեկտրոֆորետիկ շարժունակության (ԷԷՇ) և ձևափոխունակության (ԷՁ) որոշում։

Հետազոտության արդյունքում ստացված տվյալները ենթարկվել են վիճակագրական, մաթեմատիկական քննության` հատուկ համակարգչային ծրագրով, հայտնաբերված կախվածության կապերն արտահայտվել են կորելյացիայի գործակիցներով։ Փորձնական տվյալների միջարկման համար կիրառվել է երրորդ կարգի սպլայն` հիմնված Նյուտոնի միջարկման բազմանադամի վրա։ Փորձնական տվյալների բաշխվածության ֆունկցիայի հիմնավորման համար կիրառվել են Կոլմոգորովի, Ստյուդենտի, Պիրսոնի, Շուվենի և այլն չափանիշները։

Արդյունքները և քննարկումը

Առաջին փուլում հետազոտվել են ԹՀ-ով և առանց ԹՀ-ի ընթացող ԽՕԲ-ով հիվանդների մոտ արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունների միջև կախվածության կապերի բնույթը։ Հետազոտման արդյունքները ներկայացված են թիվ 1 աղյուսակում։
Աղյուսակ 1. ԹՀ-ով բարդացած և առանց ԹՀ-ի ընթացող ԽՕԲ-ով հիվանդների մոտ արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունների միջև կախվածության կապերի արտահայտումը կորելյացիայի գործակցով


1.         – ԽՕԲ առանց ԹՀ-ի
2.         – ԽՕԲ ԹՀ-ով

Ինչպես երևում է աղյուսակից, արյան ռեոլոգիական հատկությունները պայմանավորող գործոնների և հիվանդության դինամիկայի միջև կան հավաստի դրական կորելյացիոն կապեր։ Կորելյացիայի գործակիցը տատանվել է 0,6-0,97-ի սահմաններում։ Հայտնաբերվել է նաև բացասական ամուր կապ ԷԶՊ-ի և ԷԷՇ-ի միջև։

ԹՀ-ով և առանց թոքային հիպերթենզիայի ընթացող բրոնխիալ ասթմայով հիվանդների մոտ արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունների միջև կախվածության կապերի արտահայտումը ներկայացված է թիվ 2 աղյուսակում։
Աղյուսակ 2. ԹՀ-ով և առանց ԹՀ-ի ընթացող ԲԱ-ով հիվանդների մոտ արյան ռեոլոգիական հատկությունների փոփոխությունների միջև կախվածության կապերի արտահայտումը կորելյացիայի գործակցով


1.    – ԲԱ առանց ԹՀ-ի
2.    – ԲԱ ԹՀ-ով

Այս խմբի հիվանդների մոտ ևս հայտնաբերվել են հավաստի դրական կորելյացիոն կապեր ԹՀ-ով և առանց ԹՀ-ի ընթացող ԲԱ-ով հիվանդների միևնույն ցուցանիշների միջև։ Կորելյացիայի գործակիցները տատանվել են 0,5-0,99-ի սահմաններում։ Դրական կապեր են գրանցվել նաև ԹՀ-ով բարդացած ԲԱ-ով հիվանդների ԱԿՖ-ով հարուցված ագրեգացման և առանց ԹՀ-ի ընթացող ԲԱ-ով հիվանդների ադրենալինով հարուցված (0,75) և ագրիստինով հարուցված ագրեգացման միջև (0,71)։ Կան արտահայտված բացասական կապեր ԷԱ -ի և ԷԶՊ-ի միջև (-0,76), ԷԱ-ի և ԷԷՇ-ի միջև (-0,8), ԷԶՊ-ի և ԷԷԾ-ի միջև (-0,99), դրական կապեր ԷԷԾ-ի և ԷՁ-ի միջև (0,65), ԷԱ-ի և ԷՁ-ի միջև (0,71)։

Վերոհիշյալ հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ հիվանդության բարդությունների զարգացումն ուղեկցվում է արյան միկրոշրջանառության համակարգում առկա խանգարումների էլ ավելի վատացմամբ։ Ստացված ցուցանիշները հավաստի են և կարող են կիրառվել որպես թոքային հիպերթենզիայի վաղ ախտորոշման չափանիշներ, իսկ ԹԽՕՀ-ի բուժման ընդհանուր սխեմաներում արյան ռեոլոգիական հատկությունները կարգավորող դեղամիջոցների կիրառումը հնարավորություն կտա կանխել ԹՀ-ի առաջացումը և հետագա զարգացումը։

Եզրահանգումներ


    ԹԽՕՀ-ի հետևանքով զարգացած ԹՀ-ի պաթոգենեզում կարևոր դեր է խաղում էնդոթելային դիսֆունկցիան, որի արդյունքում առաջանում են արտահայտված փոփոխություններ արյան միկրոշրջանառության համակարգում` թրոմբոցիտների և էրիթրոցիտների ագրեգացման հատկությունների բարձրացում, էրիթրոցիտների զետտա պոտենցիալի, էլեկտրաֆորետիկ շարժունակության և ձևափոխունակության նվազում։
    Առանց ԹՀ-ի և ԹՀ-ով բարդացած ԹԽՕՀ հիվանդների արյան ռեոլոգիական հատկությունները պայմանավորող միևնույն ցուցանիշների միջև կորելյացիոն կապերի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կա ուղիղ համեմատական կապ արյան ռեոլոգիական հատկությունների վատացման և հիվանդության դինամիկայի միջև։
    Արյան ռեոլոգիական հատկությունների ուսումնասիրությունը բավականին մատչելի է և կարող է կիրառվել բժշկական գործունեության տարբեր մակարդակներում` բուժարաններում, պոլիկլինիկաներում, մասնագիտացված ստացիոնարներում։ Վերջին հանգամանքը հնարավորություն կտա բարձրացնել ԹՀ–ով հիվանդների հայտնաբերման մակարդակը հիվանդության զարգացման վաղ շրջաններում և յուրաքանչյուր կլինիկական դեպքի համար կատարել նպատակաուղղված բուժում։

Գրականություն

    Баркаган З.С., Момот А.П Диагностика и контролируемая терапия нарушений гемостаза. М.: Ньюдиамед, 2001.
    Козлов В.И., Сидоров В.В. Исследование колебаний кровотока в системе микроциркуляции. В кн.: Применение лазерной допплеровской флоуметрии в медицинской практике .Материалы II Всероссийского симпозиума. М., 1998, с. 8–14.
    Михайлов В.В. Основы патологической физиологии., М.: Медицина, 2001.
    Мореза Б.Б. Актуальные проблемы патофизиологии., М.: Медицина, 2002.
    Майкл А. Патофизиология легких. М., Бином, 1997, 315 с.
    Ольбинская Л.И., Белов А.А., Опаленков Ф.В. Суточный профиль артериального давления при хронических обструктивных заболеваниях легких и при сочетании с артериальной гипер-тензией. Российский кардиологический журнал. 2000, 2 (22), с. 20–25.
    Палеев Н.Р., Распопина Н.А., Федорова С.И. и соавт. Существует ли пульмогенная гипертен-зия. Кардиология, 2002, 6, с. 51–53.
    Ройтман Е.В., Фирсов Н.Н., Дементьева М.Г. и соавт. Термины, понятия и подходы к исследованиям реологии в клинике. Тромбоз, гемостаз и реология, 2001, с. 3-12.
    Федорова Т.А., Химочко Т.Г., Ройтман А.П. и др. К вопросу о состоянии ренин–ангиотензин–альдостероновой системы у больных хроническими обструктивными болезнями легких с легочным сердцем. Московский медицинский журнал, 2001, 1, с. 23–25. Kataoka H., Otsuka F., Ogura T., Yamauchi T. et al. The role of nitric oxide and the renin–angiotensin system in salt–restricted Dahl rats, Am. J. Hypertens., 2001 Mar; 14(3)։ 276–285.
    Taddei S., Salvetti A., Pathogenetic factors in hypertension. Endothelial factors, Clin. Exp. Hypertens., 1996 Apr–May; 18(3–4)։ 323–35.

Հեղինակ. Մ.Վ. Սարգսյան, Լ.Օ. Նանիջանյան ՀՀ ԱՆ ԱԱԻ ներքին հիվանդությունների ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա-գործնական Բժշկական Հանդես «Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի», 1. 2007(29) 1-5
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Լնդային հեղուկի ֆիբրոնեկտինի պարունակությունը որպես գերաճական երևույթների զարգացման գործոն

Բանալի բառեր. էպիլեպսիա, լնդային հեղուկ, ֆիբրոնեկտին
Լնդային հյուսվածքում գերաճական պրոցեսի առաջացման մեջ ընդգրկված մի շարք մեխանիզմներ իրացվում են ցիտոկինների հատուկ խմբի` շարակցական և էպիթելային հյուսվածքների բջիջների աճի գործոնների միջնորդությամբ։ Սակայն դրանց իրականացման հետագա մեխանիզմները, այսինքն ֆիբրոբլաստների տեղային խթանման պրոցեսներն իրականացնող կոնկրետ գործոնները, գրեթե ուսումնասիրված չեն...

Ստոմատոլոգիա
Վասկուլյար էնցեֆալոպաթիաների կոգնիտիվ խանգարումների բուժումը նոոտրոպ դեղամիջոցներով

Բանալի բառեր։ էնցեֆալոպաթիա, կոգնիտիվ խանգարումներ, բուժում, նոոտրոպ դեղամիջոցներ, պիրացետամ
Խրոնիկական դիսցիրկուլյատոր կամ վասկուլյար էնցեֆալոպաթիան գլխուղեղի դիֆուզ կամ բազմաօջախային պրոգրեսիվ ախտահարում է, որն արտահայտվում է կլինիակական, նյարդաբանական, նյարդահոգեբանական և հոգեբանական խանգարումներով՝ պայմանավորված գլխուղեղի խրոնիկական անոթային անբավարարությամբ կամ ուղեղի արյան շրջանառության հաճախակի կրկնվող սուր էպիզոդներով (դիսեգմիս, տրանզիտոր, իշեմիկ գրոհ, ինսուլտ)...

Նյարդաբանություն

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ