Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Ոսկյա ծանրոցի իմպլանտացիան պարալիտիկ լագոֆթալմով հիվանդներին` կերատոպաթիայի բուժման նպատակով

Դիմային ներվի պարիեզը ուղեկցվում է կոպերի ոչ լիարժեք փակումով և դա պատճառ է հանդիսանում կերատոպաթիայի: Աչքի կողմից առաջանում են հետևյալ փոփոխությունները` եղջերաթաղանթի չորա­ցում, ոչ լիարժեք թարթում, լագոֆթալմ, ստորին կոպի էկտրոպիոն, հոնքի պտոզ:

 

Եղջրաթաղանթի չորացման խորությունը կախված է հիվանդի արցունքի որակից և Բելի ֆենոմենից: Եթե Բելի ֆենոմենը լավ է, ապա հիվանդը կարող է ունենալ քիչ կերատոպաթիա չնայած աչքի վատ փակվելուն:


Դիմային ներվի պարալիչի բուժումը կախված է անատոմիական ախտահարումների աստիճանից և հիվանդի պահանջներից:


Սկզբնական շրջանում եղջրաթաղանթի չորացումը անհրաժեշտ է բուժել արհեստական արցունքի հաճա­խակի կաթիլներով և քսուքներով: Պետք է խուսափել կպչուն վիրակապի միջոցով կոպերը փակելուց, քանի որ քնած ժամանակ վիրակապը կարող է վնասել եղջերաթաղանթը: Եթե եղջերաթաղանթի չորացումը չի կարող վերացվել դեղորայքի միջոցով կամ դիմային ներվի պարեզը անվերադարձ է, ապա անհրաժեշտ է հիվանդին պլանավորել վիրաբուժական միջամտության:


Նախկինում քսուքները, աչքի կաթիլները, կպչուն վիրակապերը, մասնակի կամ ամբողջական տար­զոռա­ֆիան հանդիսանում էին հիվանդի հիմնական բուժման մեթոդները:


Լագոֆթալմի կորեկցիայի ժամանակակից մեթոդը հանդիսանում է ոսկյա ծանրոցի իմպլանտացիան վերին կոպի հաստության մեջ: Այս մեթոդը հանդիսա­նում է պարալիզված աչքի ֆունկցիոնալ և կոսմետիկ վերականգնման լավագույն միջոց: Դիմային ներվի պարալիչով հիվանդները մեծ ռիսկի խումբ են կազմում աչքի բարդությունների տեսանկյունից, որը պայմա­նա­վորված է եղջերաթաղանթի չորացումով: Ոսկյա ծանրոցի իմպլանտացիան լավացնում է ախտա­հարված աչքի ֆունկցիան, կոսմետիկ տեսքը և բարձրացնում է հիվանդի աշխատունակությունը:


Ոսկյա ծանրոցը տեղադրվում է վերին կոպի աճառի վրա և լավացնում է աչքի փակումը: Մինչև վիրահատությունը կատարվում է ծանրոցների անհատական ճշգրիտ չափի ընտրություն յուրաքանչյուր հիվանդի համար:


Ոսկյա ծանրոցը նվազեցնում է կաթիլների օգտագործման անհրաժեշտությունը: Կոպի փակումը պայմանավորված է ոսկյա ծանրոցի ծանրության ուժով, այդ պատճառով քսուքի օգտագործումը քնելիս անհրաժեշտ է:


Այս վիրահատության հնարավոր բարդություններն են` ոսկյա ծանրոցի մերժում, ինֆեկցիա, պտոզ, աստիգմատիզմ, որոնք փոքր տոկոս են կազմում և կարող են զարգանալ հազվադեպ:


Այսպիսով, ոսկյա ծանրոցի տեղադրումը լավացնում է աչքի փակումը դիմային ներվի պարալիչով հիվանդների մոտ և վերացնում է կամ պակասեցնում լագոֆթալմը:


Կոսմետիկ տեսակետից այն առավել նախընտրելի է քան տարզոռաֆիան: Ոսկյա ծանրոցի տեղադրումը կանխում է կերատոպաթիան և լավացնում տեսողությունը:


Այս մեթոդի կիրառումը Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում ներ է դրվել 2005 թվականից և մինչ 2008 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածը կենտրոնում կատարվել է ոսկյա ծանրոցի իմպլանտացիա դիմային ներվի պարալիչով տառապող չորս հիվանդների մոտ: Հիվանդների համար ընտրվել է անհատական ոսկե ծանրոց, որը տեղադրվել է վերին կոպի աճառի և շրջանաձև մկանի միջև: Հետվիրահատական շրջանում ոչ մի հիվանդի մոտ իմպլանտը չի մերժվել: Հիվանդների մոտ նկատվել են վիճակի լավացում և աչքի չորության զգալի նվազում:


Հիվանդ 1.


Ձախ դիմային ներվի պարալիչով և կերա­տոպաթիա ախտորոշմամբ 29 տարեկան տղամարդ:


Հիվանդը բուժվելիս է եղել աչքի կաթիլներով և կոպերը փակելու համար օգտագործել է կպչուն վիրակապ: Ընտրվել է 1.8 գրամ քաշով ոսկյա ծանրոց և հաշվի առնելով +0.2 գործակիցը տեղադրվել է 2.0 գրամ քաշով ոսկյա ծանրոց վերին կոպի հաստության մեջ: Մինչև վիրահատությունը հիվանդը ուներ 9 մմ լագոֆթալմ: Վիրահատությունից հետո լագոֆթայլմը բացակայում է և հիվանդն ունի 2 մմ պտոզ:


Հիվանդ 2.


Ձախ դիմային ներվի պարալիչով և կերատո­պաթիա ախտորոշմամբ 58 տարեկան տղամարդ: Հիվանդը դիմել է Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն լագոֆթալմի և կերատոպա­թիայի բուժման համար: Հիվանդն ուներ նաև ձախ ունքի պտոզ և ստորին կոպի էկտրոպիոն: Հիվանդը ենթարկվել է հետևյալ վիրաբուժական միջա­մտության` հոնքի պլաստիկա, ոսկյա ծանրոցի իմ­պլան­տացիա, հետականջային մաշկի ազատ պլաստիկա ստորին կոպը ուղղելու նպատակով, կողմնային աճառային ձգում: Մինչև վիրահա­տու­թյունը հիվանդն ուներ 15 մմ լագոֆթալմ: Վիրահա­տությունից հետո հիվանդի լագոֆթալմ չունի:


Եզրակացություն


Պարալիտիկ լագոֆթալմով հիվանդների բուժման մեջ ոսկյա ծանրոցի իմպլանտացիան հանդիսանում է էֆեկտիվ մեթոդ: Այս մեթոդի կիրառումը պարտադիր է պարալիտիկ լագոֆթալմով տառապող հիվանդների բուժման ժամանակ, հաշվի առնելուվ նրա բար­դությունների ցածր հաճախականությունը և մեծ էֆեկտիվությունը:

 

Հեղինակ. Ա.Ֆ. Ղարաքեշիշյան Ս.Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 75-76
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ