Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Ակնաբուժական օգնության իրականացման հեռանկարները մարզային առողջապահության զարգացման տեսակետից

Հանրապետությունում իրականացվող առողջապա­հության ոլորտի բարեփոխումների նպատակն է բազմակողմանիորեն բարձրացնել բուժօգնության որակը և հասանելիությունը: Ներոլորտային մակար­դա­կում առաջնությունը տրվելու է առողջության առաջ­նային պահպանման օղակին` կարևորելով ընտանեկան բժշկության համակարգի զարգացումը: Այս ծրագրային խնդիրներից է թեթևացնել ստացիո­նար բուժօգնության ծանրաբեռնվածությունը, իջեցնել ծախսատարությունը: Առողջապահության նախարա­րության գերակա խնդիրներից է համարվում մարզային բուժհաստատությունների ապահովումը կադրերով և ժամանակակից բուժսարքավորումներով, շենքային պայմանների բարելավումը: Մեր կարծիքով, առանձ­նակի ուշադրության են արժանի մասնա­գիտացված բուժօգնության իրականացման հնարա­վորությունների դիտարկումը մարզային պայ­մաններում:

 

Այսպես, եթե մայրաքաղաքում ակնաբուժական օգնությունը իրականացվում է ակնաբուժական կենտրոնում և բաժանմունքներում, ապա նման ծառայություն շրջաններում կամ նախատեսված չէ, կամ էլ լավագույն դեպքում կազմակերպվում է ակնա­բու­ժական կաբինետի մակարդակով:


Որակյալ բուժօգնության ապահովման նպա­տա­կով, անհրաժեշտ է կատարել զգալի ֆինանսական ներդրումներ, որոնք իրենց մեջ ներառելով նաև որոշ վերադիր ծախսեր, դժվար է իրականացնել ամբողջ ծավալով: Նյութական միջոցների, դեղորայքի և բժշկական պարագաների արժեքները, էլեկտրա­էներգիայի, ջրի, կոյուղու, կապի և այլ ծառա­յությունների սակագների աճի ավելացումը կատար­վում է արագ և անընդմեջ: Այս իրավիճակում, բնակա­նա­բար, հիվանդի բուժման համար նախատեսված գումարների մի մասը, լրացուցիչ կերպով, ծախսվում է թանկացած ապրանքների ձեռք բերման և ծառա­յությունների պարտքերը մարելու նպատակով:


Ստեղծված իրավիճակում, բուժական գործընթացի ծախսատարությունը նվազեցնելու նպատակով, հրա­մա­յական է դառնում հիվանդների մի մասի ախտո­րոշումը կամ բուժումը իրականացնել ցերեկային ստացիոնար և ամբուլատոր պայմաններում:


Խնդրի նման դիտարկման ժամանակ հնարա­վորությունները ավելի բարենպաստ են ակնաբու­ժա­կան ծառայության արդիականացման համար: Ախտո­րոշիչ և խորհրդատվական ծառայությունները ամբողջ ծավալով հնարավոր է իրականացնել ամբուլատոր պայմաններում` դինամիկ հսկողության միջոցով, իսկ վիրահատությունները, կարծում ենք, պետք է իրականացվեն ստացիոնար կամ ցերեկային ստացիո­նար պայմաններում:

 

Վիրահատական միջամտություն պահանջող հիվանդների ճնշող մեծամասնությունը տարեցներ են, տառապում են այլ օրգան համակար­գերի կողմից ախտաբանական փոփոխություններով, կարիք ունեն բազմակողմանի հետազոտությունների և մշտական խնամքի, որի ապահովումը հնարավոր է իրականացնել ստացիոնար պայմաններում, ինչը կնպաստի հավանական բարդությունների առաջաց­ման կանխարգելմանը:


Որակյալ բուժօգնության կազմակերպման նպա­տա­կով նպատակահարմար է մասնագիտացված բուժօգնության որոշ խմբերի, գործառույթների, վիրա­բուժական միջամտությունների և բուժական սկզբունք­ների ներդրում մարզային մակարդակով:


Այս դրույթը կարևոր է նաև այն իմաստով, որ ակնաբուժական բուժօգնության իրականացումը ներկա պայմաններում ենթադրում է արդեն իսկ այս սկզբունքների կիրառում արտակարգ իրավիճակ­նե­րում: Դա առավել ցայտուն էր դրսևորում հատկապես պատերազմական գործողությունների ժամանակ:


Արցախյան հակամարտության ընթացքում ակնա­բու­ժա­կան վնասվածքներով ընդունված վիրավորների բուժօգնությունը հիմնականում իրականացվել է վնասվածք ստանալուց 8–10 ժամից մինչև վնասված­քից 5–6 օր անց: Եթե նկատի ունենանք նաև, որ վիրավոր­ների 80–85%-ը իրենց հետագա բուժումը շարու­նա­կել են ակնաբուժական կենտրոններում, արդեն իսկ վիրահատական միջամտության համար անբարենպաստ ժամկետներով, ապա ակնհայտ է հարցի հրատապությունը:

 

Չխորանալով նաև այն հարցում, որ մարզային մակարդակով աշխատող ակնաբույժների ճնշող մեծամասնությունը չեն իրականացնում վիրահատական միջամտություններ, կարծում ենք պետք է կատարվի ակնաբուժական ծառայության կազմակերպման, բարելավման, առաջ­նա­հերթ խնդիրների, շեշտադրումների փոփոխություն: Նպատակն է` ընդլայնել տեղերում ցուցաբերվող ակնա­բու­ժական վիրաբուժական միջամտությունների քանակը և որակը:


Կարծում ենք, որ ակնաբուժական առավել հաճախ հան­դիպող հիվանդությունների և վնասվածքների ախտո­րոշման, բուժօգնության իրականացման, հետ­վիրա­հատական վերականգնման, ինչպես նաև բժշկական չափորոշիչների ներդրման, մասնա­գի­տական կադրերի անընդմեջ կատարելագործման հար­ցերը պետք է արժանանան հատուկ ուշա­­դրության: Մարզային առողջապահության, ինչպես նաև արտակարգ իրավիճակներում բուժօգնության հստակ իրականացման նպատակով, ցանկալի է մասնագիտացման և վերապատրաստման ծրա­գրերում հիմնական ուշադրությունը կենտրոնացնել անհրաժեշտ ակնաբուժական վիրահատական մեթոդ­ների և սկզբունքների մատչելի և գործնական ուսուցմանը:

Հեղինակ. Ս.Ս. Ամիրյան ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 69-70
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ