Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Ռելապարոսկոպիայի կիրառումը հետվիրահատական բարդությունների ժամանակ

Գիտատեխնիկական բուռն զարգացման արդի դարաշրջանում էապես փոխվել, բարելավվել են հիվանդությունների ախտորոշման և բուժման մեթոդները։ Դեղորայքային հզոր զինանոցը թույլ է տալիս զգալի բարձրացնել բուժման արդյունա­վետու­թյունը՝ դրանով իսկ իջեցնելով հետվիրահատական բարդությունների քանակը։ Սակայն, դրանով իսկ հանդերձ, դժվարանում է հետվիրահատական բարդությունների ժամանակին ախտորոշումը և լիկվի­դացումը։ Հետվիրահատական ներորովայնային բար­դու­թյունների դեպքում կրկնակի վիրահատական միջա­մտության ուշացումը պայմանավորվում է ինչպես կլինիկական նշանների խառնաշփոթով, այնպես էլ վիրաբույժի հոգեբանական արգելքի առկայությամբ, որը հաճախ բերում է անհարկի երկարատև կոն­սերվատիվ բուժման, անտեղի ժամանակի կորստի, որով և բարձրանում է մահացության տոկոսը։ Մյուս կողմից հետվիրահատական ընթացքի բնույթի և կլինիկական նշանների անհամապատասխանությունը բերում է անհարկի ռելապարատոմիաների՝ զգալի ծանրացնելով հիվանդի վիճակը։

 

Լապարասկոպիան, լինելով մինիմալ ինվազիվ մեթոդ, աստիճանաբար լայն կիրառում է գտնում նաև հետվիրահատական բարդությունների ախտորոշման և բուժման բնագավառում։


Ռելապարասկոպիա ասելով հասկանում ենք լա­պա­րասկոպիկ վիրահատություններից հետո տարբեր ժամկետներում կրկնակի պնևմոպերիտոնեումի ստեղ­ծու­մը, որովայնի խորոչի ստուգումը, համա­պա­տասխան գործողությունների կատարումը, որի արդյուն­քում վերացվում է բարդության աղբյուրը։


1992-2008թթ.-ին Մալաթիա Բժշկական Կենտրոնի Լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքում կատարված 2850 վիրահատություններից 21 հիվանդ­նե­րի մոտ կատարվել է ռելապարասկոպիա (0,73%)։ Նրանցից 16(76%) դեպքում կրկնակի վիրահա­տու­թյունը շարունակվել է լապարասկոպիկ եղանակով, 2(9,5%) դեպքում կատարվել լապարատոմիա։ 3 հիվանդների մոտ ներորովայնային պաթոլոգիա չի հայտնաբերվել։ Բուժական լապարոսկոպիան կրել է վաղ և շտապ բնույթ։ Հիվանդներից 5-ի մոտ եղել է լեղահոսություն լեղապարկի բունոցից, կատարվել է բունոցի կոագուլյացիա, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։

 

Միջամտությունից հետո 3-5-րդ օր եղել է քիչ քանակի լեղահոսություն միայն ենթալյարդային շրջանի դրենաժից, որը ինքնուրույն դադարել է։ 2 հիվանդների մոտ հայտնաբերվել է ընդհանուր լեղածորանի պատի դեֆեկտ1-2մմ տրա­մա­գծով, կատարվել է ընդհանուր լեղածորանի դրենավորում, դեֆեկտի կարում, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։ 7 հիվանդների մոտ եղել է ներորովայնային արյունահոսություն, կատարվել է հեմոստազ, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։

 

2 հիվանդների մոտ հայտնա­բեր­վել է հետվիրահատական ստրանգուլյացիոն աղիքային անանցանելիություն, կատարվել է սեղմող ձգանանման կպումի անջատում, աղիների անցանելիության վերականգնում, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։ 2 հիվանդների մոտ վնասված են եղել բարակ աղեգալարները, հի­վանդ­ները նախկինում վիրահատված են եղել որովայնի տարբեր հարկերի պաթոլոգիաների կա­պակ­ցությամբ և տարածուն կպումային պրոցեսը թույլ չի տվել կատարել լիարժեք գործողություններ, որի պատճառով կատարվել է լապարոտոմիա, աղիների վնասվածքների վերականգնում, որովայնի խոռոչի սանացիա, տուալետ, դրենավորում։ Բոլոր հիվանդ­ները դուրս են գրվել 5-7օրը առողջացումով։


Մեր փորձը ցույց է տալիս, որ ռելապարոսկոպիան շատ և շատ ավելի քիչ տրավմատիկ միջամտություն է, քան լապարոտոմիան և առավել ևս ռելա­պարո­տոմիան։ Դրա հետ կապված վիրաբույժը ավելի հեշտ է հաղթահարում կրկնակի վիրահատական միջա­մտություն կատարելու հոգեբանական արգելքը, հիվանդ­ները ավելի հանգիստ են տանում նորից վիրահատվելու ստրեսային վիճակը։ Ռելապա­րոսկո­պիայից հետո հիվանդները շատ արագ են վերա­կանգնվում և հետագա ֆիզիկական ծանրաբեռնվա­ծու­թյան վրա այն որևէ էական ազդեցություն չի գործում։


Այսքանից կարելի է անել հետևություն, որ ռելա­պարոսկոպիան քիչ տրավմատիկ և բարձր արդյունա­վետությամբ միջամտություն է, այն հայտնաբերում է բարդության պատճառը, ունենում է բուժական ար­դյունք և թույլ է տալիս հիվանդին կրկնակի վիրա­հա­տական միջամտությունից հետո արագորեն վերա­դառնալ նորմալ կենսագործունեության։

 

Հեղինակ. Ա.Ռ. Մելիքյան, Հ.Ա. Բարսեղյան, Ա.Ա. Ոսկանյան, Կ.Հ. Դալլաքյան, Գ.Ա. Գոմցյան, ՀՀ ԱՆ ԱԱԻ, Էնդոսկոպիկ վիրաբուժության ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 29-30
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ