Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Սուր ապենդիցիտի ընթացքի առանձնահատկությունները ներկա փուլում

Սուր ապենդիցիտը հաճախակի հանդիպող սուր վիրաբուժական պաթոլոգիաներից է, որի բաժնեմասը վիրաբուժական պրոֆիլի ստացիոնարներում կազմում է 20-25%, հետվիրահատական բարդությունները կազմում են 4,2-16,2%, որն ունի ավելացման միտում տարեց հիվանդների մոտ: Մահացությունը զգալի է՝ 0,14-0,5%՝ տարեցների և ուշացած դեպքերի ժամանակ անցնելով 1%-ոց շեմքը:

 

Նյութը և մեթոդները

 

Ուսումնասիրվել են սուր ապենդիցիտ ախ­տորոշմամբ Էրեբունի ԲԿ 2000-2007թթ ընդունված 1708 և վիրահատված 1496 (87,6%) հիվանդները ռետրոսպեկտիվ: Չվիրահատված 212 հիվանդների ճակատագիրն այսպիսին է եղել. 103 հիվանդներ հսկո­ղությունից հետո տեղափոխվել են այլ (հիմնականում գինեկոլոգիական և ուրոլոգիական) բաժանմունքներ՝ հետագա բուժումը կազմակերպելու նպատակով; 51 հիվանդի մոտ նախնական ախտորոշումը ժխտվել է, 32 հիվանդներ հրաժարվել են վիրահատական բուժու­մից և դուրս են գրվել, 21 հիվանդների վիրահատական պլանը փոխվել է վիրահատության ընթացքում. 2 հի­վանդ­ներ վիրահատվել են խոցի թափածակման, 7-ը՝ դեստրուկտիվ խոլեցիստիտի, մնացածները՝ տարբեր գինեկոլոգիական պաթոլոգիաների կապակցությամբ: 5 հիվանդներ ստացել են կոնսերվատիվ բուժում՝ ինֆիլտրատիվ ապենդիցիտի կապակցությամբ:

 

Հետազոտության պլանը բոլոր դեպքերում ներառել է արյան և մեզի ընդհանուր քննություն, խումբ, ռեզուս, շաքար, միզանյութ, կոագուլոգրամա, ԷՍԳ, թոքերի և, որովայնի օրգանների սոնոգրաֆիկ քննություն; ան­հրա­ժեշտության դեպքում կատարվել են նաև այլ հետազոտություններ՝ որովայնի ռենտգեն-կոնտրաստ քննություն, ԷԳԴՍ, էքսկրետոր ուրոգրաֆիա, կոմ­պյու­տերային տոմոգրաֆիկ քննություն, հետին կամարի պունկցիա և այլն:

 

Համեմատական ուսումնասիրության նպատակով հիվանդները բաժանվել են երկու խմբերի ըստ անամնեզի տևողության՝ մինչև 24ժամ և ավել: 1-ին խումբ են մտել 1496 հիվանդներից 1027-ը /68,6տոկ/: Հիվանդների գերակշիռ մասը վիրահատվել են առաջին ժամերի ընթացքում: Տարիքային տարբե­րու­թյուն­ները եղել են 15 –ից մինչև 87տարեկան; վիրա­հա­տությունների գերակշիռ մասն իրականացվել է 18-28 տարիքային խմբում՝ 887 (59,3%): 1118 վիրահա­տու­թյուն իրականացվել է հասարակ, մնացած դեպքերում՝ դեստրուկտիվ ապենդիցիտի կապակցությամբ (378, 25,3%): Այս խմբում մահացությունը կազմեց 2,2% (8 հիվանդ): Վերջին խմբում միջային որովայնա­հատ­մամբ և որովայնի խոռոչի լվացմամբ ու դրենա­վոր­մամբ իրականացվել է 103 վիրահատական միջա­մտություն: Բոլոր դեպքերում ռետրոգրադ ապեն­դէկ­տո­միաները 106-ն են (7,0%): Անհրաժեշտ է նշել, որ երկրորդ խմբում դեստրուկտիվ ձևերի մասնաբաժինը եղել է անհամեմատ բարձր՝ 469-ից 191-ը (40,7%)՝ 18,2%-ի դիմաց:

 

Ուսումնասիրվել են վաղ հետապենդէկտոմիկ բարդությունները, որոնք ընդհանուր առմամբ եղել են 98–ը (6,5%): Բարդությունների կառուցվածքն այսպի­սին է եղել. թոքաբորբեր՝ 13 (13,3%), վերքի թարա­խա­կալում՝ 41 (41,8%), այլ բարդություններ՝ 21 (21,4%), կրկնակի վիրահատական միջամտություններ՝ 23 (23,5%), որոնք կատարվել են տարբեր բարդու­թյուն­ների կապակցությամբ. շարունակվող պերիտոնիտ՝ 15, պերիապենդիկուլյար թարախակույտ՝ 4, ներորո­վայ­նա­յին արյունահոսություն՝ 2, էվենտերացիա՝ 2: Ան­հրա­ժեշտ ենք համարում նշել, որ բոլոր շարունակվող պերիտոնիտների դեպքերը գրանցվել են 2-րդ խմբի հիվանդների մոտ, իսկ ընդհանուր առմամբ 98 բարդություններից այդ խմբի բաժինը կազմում են 38-ը, որը կազմում է 8,1%: 1-ին խմբում բարդությունները 60–ն են (5,8%):

 

Այսպիսով, ներկայացվեց 2000-2007թթ Էրեբունի ԲԿ ապենդէկտոմիա տարած հիվանդների որոշ հիմ­նա­կան տվյալներ, որոնցից պարզվում է, որ հետվիրահատական (մանավանդ ծանր) բարդություն­ների քանակը ուղիղ համեմատականորեն աճում է անամնեզի տևողությանը զուգահեռ:

 

Հեղինակ. Ա.Ռ. Ասատրյան, Ա.Ա. Ուզանկիչյան, Ա.Ա. Օհանյան, Ա.Մ. Աթեյան, Տ. Մահորյան, Ա.Լ. Մինասյան, Վիրաբուժական հիվանդությունների թ.1 ամբիոն, Էրեբունի ԲԿ
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> - 3. 2008 (35) 15-16
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ