Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի 3.2008 (35)

Ուսուցման սիմուլյացիոն մեթոդներ ներդրման անհրաժեշտությունն անհետաձգելի բուժօգնության ուսուցման շրջանակներում

Բժշկական գործունեության մեջ անհետաձգելի հա­մարվում են այն ախտաբանական փոփո­խու­թյուն­ները, որոնց արդյունքում հիվանդի ընդհանուր վիճակը կտրուկ վատանում է և, համապատասխան անհետա­ձգելի բժշկական օգնություն չցուցաբերելու դեպքում, նրա կյանքին ուղղակի վտանգ է սպառնում: Նման իրա­վիճակներում դիտվող բարդությունների և անբա­րե­նպաստ ելքերի պատճառը հաճախ հանդիսանում է մարդկային գործոնը, այսինքն՝ բժշկի անբավարար փորձառությունը: Սակայն միշտ չէ, որ սեփական աշխատանքային փորձը կարող է լինել բավարար՝ նման իրավիճակներում գործելու համար:

 

Ճիշտ գոր­ծելա­կերպը պահանջում է համակարգված տեսական և գործնական կոնկրետ գիտելիքների իմացություն, որոնք բժիշկը պետք է ձեռք բերի դեռևս ուսումնա­ռության ընթացքում՝ նախքան ինքնուրույն աշխա­տանքի անցնելը: Ուստի՝ ինտենսիվ թերապիայի հիմունքների իմացությունը և նպատակաուղղված անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու կարո­ղու­թյունը պարտադիր են ցանկացած մասնագիտության բժշկի համար, քանի որ առօրյա աշխատանքային գործունեության ընթացքում յուրաքանչյուր բժիշկից կարող է պահանջվել ցուցաբերել անհետաձգելի միջո­ցառումներ:

 

Կրիտիկական վիճակներում ելք գտնելու և կարճ ժամանակահատվածում անմիջապես ճիշտ որոշում կայացնելու կարողությունը պետք է լինի ոչ թե տարիների ընթացքում սեփական փորձի կուտակման արդյունք, այլ՝ ուսումնառության գործընթացի հիմնա­կան նպատակն ու պահանջը: Հետևաբար, ուսանողին պետք է սովորեցնել առաջին հայացքից թռուցիկ թվա­ցող զննման արդյունքում արագ գնահատել հիվանդի ծանրությունը, կողմնորոշվել ախտորոշման հարցում և ձեռնարկել ճիշտ բժշկական միջոցառումներ:

 

Սակայն մեր կողմից մինչ այժմ կիրառվող դասա­վանդ­ման մեթոդները (դասախոսություն, թեստեր, սի­տուացիոն խնդիրներ, վարժասարքեր) համակողմանի չեն և հնարավորություն չեն տալիս ուսանողին սովո­րեց­նել կողմնորոշվելու բոլոր այն իրավիճակներում, որոնք հնարավոր են իրական կյանքում՝ հաշվի առնելով իրավիճակի բարդությունը, անորոշությունը, վտանգը, հնարավոր հոգեբանական լարվածությունն ու շփոթվածությունը:

 

Ուսանողը պետք է պատրաստ լինի այն հանգամանքին, որ ոչ մի իրավիճակ խիստ յուրահատուկ չէ և նման չէ առաջին հայացքից նույնատիպ թվացող նախորդ դեպքերին: Քանի որ հաջողված ուսումնական գործընթացի գրավականը և ցուցանիշը հանդիսանում է կլինիկորեն մտածելու և գործնական խնդրին ստեղծագործական լուծում տալու կարողությունը, ապա մեծ ուշադրություն պետք է դարձնել նաև որոշում կայացնելու փորձի ձեռք բերման վրա: Իսկ սա հնարավոր է միայն ուսուցման սիմուլյացիոն մեթոդի ներդրման դեպքում: Վերջինս ենթադրում է իսկական կլինիկական իրավիճակի և նրա հնարավոր բարդությունների զարգացման նույնպիսի վերարտադրություն, որն իրականացվում է բոլոր անհրաժեշտ միջոցներով ու սարքավորումներով հագեցած սրահում:

 

Իսկ որպես հիվանդ՝ հանդես է գալիս համակարգչին միացած մանեկենը: Սիմուլյա­տոր­ներով ուսուցման առավելությունները կայանում են նրանում, որ վերարտադրվում և ուսումնասիրվում են այն իրավիճակները, բարդությունները և խնդիր­ները, որոնք գործնականում հազվադեպ են հանդի­պում: Բացի այդ, ուսանողը հնարավորություն է ստանում տեսական գիտելիքներն օգտագործել տար­բեր իրավիճակներում և մարզվում է այնքան անգամ, որքան որ անհրաժեշտ է իրեն տվյալ իրավիճակը լավ յուրացնելու համար:

 

Մենք կարծում ենք, որ միայն ուսուցման սիմուլյա­ցիոն մեթոդի ներդրմամբ է հնարավոր բարձրացնել ուսանողների տեսական պատրաստավածությունն ու գործնական հմտությունների մակարդակը:

 

 

Հեղինակ. Գ.Գ. Մխոյան, Մ.Ի. Եղիազարյան, Ա.Ֆ. Վարոսյան ,Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ-ի անեսթեզիոլոգիայի, ինտեն­սիվ թերապիայի և ռեանիմատոլոգիայի ամբիոն
Սկզբնաղբյուր. Գիտա - գործնական Բժշկական Հանդես <<Մեդիցինսկիյ Վեստնիկ Էրեբունի>> -3. 2008 (35) 4-5
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ