Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Միզային համակարգ

Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am

Մեզը հիվանդությունների ախտորոշման ցուցիչ. armeniamedicalcenter.am

Մեզի գույնը

Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է, ջուր քիչ օգտագործելու դեպքում՝ մգանում:

Մեզը փոխում է իր գույնը` կախված օգտագործվող սննդից և ըմպելիքներից: Բազուկը գունավորում է մեզը վարդագույն, գազարը՝ նարնջագույն: Մեզի գույնի վրա ազդում են նաև որոշ դեղեր: Մեզը դառնում է մուգ դեղին ռիբոֆլավինից, նիտրոքսոլինից, կարմրում է ամինաֆենազոնից, ֆենինդիոնից և ացետիլսալիցիլաթթվի մեծ դոզաներից, նարնջագույն է գունավորվում ֆուրազիդինից, նիտրոֆուրանտոինից, ռիֆամպիցինից, մուգ շագանակագույն է դառնում մետրոնիդազոլից:

Մեզի գույնը նյութափոխանակության զգայուն ցուցիչ է, այդ պատճառով նրա փոփոխությունները կարող են վկայել որոշ հիվանդությունների մասին:

Մուգ դեղին, գրեթե մոխրագույնը կարող է բիլիռուբինի մեծ քանակի ցուցիչ լինել, որը լինում է հեպատիտների, ցիռոզի, լեղաքարային հիվանդության, էրիթրոցիտների մեծ քանակի քայքայման ժամանակ (վարակներ, մալարիա, արյան փոխներարկման բարդություններ):

Մուգ կարմիր անթափանց գույնը լինում է գլոմերուլոնեֆրիտի դեպքում: Պիելոնեֆրիտի ժամանակ մեզը կարող է գույնը փոխել կեղտոտ դեղինից մինչև վարդագույն-դեղինի, իսկ երիկամային կոլիկի (միզաքարային հիվանդություն), երիկամների ինֆարկտի ժամանակ կարող է դառնալ վառ կարմիր: Մեզը լինում է կապույտ կամ կանաչ որոշ գենետիկ հիվանդությունների, միզուղիների բակտերիալ վարակների, սննդի գունավորիչների, որոշ դեղերի ընդունման դեպքերում:

Մեզի թափանցիկությունը

Մեզի թափանցիկությունը նույնպես կարևոր ցուցանիշ է: Թարմ մեզը թափանցիկ է: Եթե այն պղտոր է, դա կարող է ո՛չ միայն հիվանդության, այլ նաև միզելուց առաջ ոչ ճիշտ հիգիենիկ միջոցառումների խախտման մասին վկայել:

Պղտոր մեզի պատճառ կարող են լինել աղերի (ֆոսֆատներ, օքսալատներ, ուրատներ) առկայությունը մեզում՝ նյութափոխանակության խանգարման, միզաքարային հիվանդության դեպքում: Միկրօօրգանիզմների, էպիթելային բջիջների, լեյկոցիտների, էրիթրոցիտների ներկայությունը խոսում է ցիստիտի, պիելոնեֆրիտի մասին, իսկ սպիտակուցներ մեզում առկա են գլոմերուլո- և պիելոնեֆրիտի դեպքերում:

Մեզի տեսակարար կշիռը

Առողջ մարդու մեզի տեսակարար կշիռը տատանվում է 1010-1020 գ/լ սահմանում: Շատ հեղուկ օգտագործելն իջեցնում է տեսակարար կշիռը, ջրի քիչ օգտագործման, շատ քրտնելու, փսխումների և դիարեայի ժամանակ տեսակարար կշիռը բարձրանում է: Բաց գույն ունեցող մեզը, սովորաբար, ունենում է ցածր տեսակարար կշիռ, մուգ մեզը՝ բարձր:

Պատճառները: Ցածր տեսակարար կշիռը վկայում է երիկամային ախտաբանության առկայության մասին (օրինակ. քրոնիկ պիելոնեֆրիտ կամ Կուշինգի համախտանիշ): Բարձր տեսակարար կշիռը պայմանավորված է մեզում լուծվող և չլուծվող նյութերի մեծ քանակությամբ: Մեզում սպիտակուց հայտնաբերվում է սուր գլոմերուլոնեֆրիտի ժամանակ, գլյուկոզա՝ շաքարային դիաբետի, լեյկոցիտներ, էրիթրոցիտներ՝ ցիստիտի և բորբոքային հիվանդությունների, աղեր՝ միզաքարային հիվանդության ժամանակ:

Երբեմն բարձր տեսակարար կշիռ լինում է մեզով հեռացող մեծ քանակի դեղերի օգտագործման դեպքում (հակաբիոտիկներ և այլն):

Մեզի հոտը և փրփուրի ներկայությունը

Մեզի հոտը և փրփուրի առկայությունը ոչ պակաս կարևոր դեր ունեն հիվանդությունների ախտորոշման գործում:

Պատճառները: Եթե մեզը անուշադրի աղի ուժեղ հոտ ունի, դա կարող է նշան լինել ջրազրկման, պիելոնեֆրիտի և ցիստիտի զարգացման:

Ոչ թարմ ձկան հոտ լինում է միզասեռական համակարգի բորբոքային և վարակային հիվանդությունների ժամանակ: Եթե մեզը ացետոնի հոտ ունի, ապա առկա է շաքարային դիաբետի բարդացած ընթացք (դիաբետիկ կոմայի վտանգավոր ախտանշան է):

Վատ հոտը՝ մեզի փրփրոտության հետ համակցված, կարող է նրա մեջ սպիտակուցի մեծ քանակի մասին խոսել, որը անհապաղ բժշկի խորհրդատվություն է պահանջում:

Մեզի ռեակցիան (рН)

Առողջ մարդու մոտ՝ լիարժեք սնվելու դեպքում, մեզն ունի թույլ թթվային ռեակցիա: Եթե սննդի մեջ գերակշռում են այս կամ այն մթերքը, մեզի կարող է թթվային կամ հիմնային ռեակցիա ունենալ:

Հնարավոր պատճառները: Առավելապես մսային և սպիտակուցով հարուստ մթերք օգտագործելիս մեզի ռեակցիան դառնում է թթվային, բուսական սնունդն առաջացնում է հիմնային ռեակցիա:

Մեզի ցանկացած փոփոխության ժամանակ պետք է դիմել մասնագետի:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ