Միզային համակարգ
Հեմոդիալիզ և պերիտոնեալ դիալիզ. հարցազրույց բաժանմունքի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանի հետ. armeniamedicalcenter.am
Ի՞նչ է դիալիզը:
Դիալիզը երիկամփոխարինող բուժական մեթոդ է, որի հիմքում կիսաթափանցիկ թաղանթի միջոցով արյան մեջ կուտակված նյութափոխանակության արգասիքների հեռացումն է։ Այն կիրառվում է սուր և քրոնիկ երիկամային անբավարարության տերմինալ փուլում, երբ երիկամներն այլևս չեն կատարում իրենց գործառույթը։ Հիվանդների մոտ տուժում են միզարտադրության, նյութափոխանակության արգասիքների հեռացման, արյան էլեկտոլիտային և թթվահիմնային հավասարակշռության կարգավորման գործառույթները, հաճախ արձանագրվում է անմիզություն:
Երբ երիկամների ֆունկցիայի ընկճումը դառնում է կյանքի համար վտանգավոր, որպես երիկամփոխարինող բուժում իրականացվում է դիալիզ, կամ երիկամի փոխպատվաստում:
Դիալիզի ի՞նչ տեսակներ կան:
Գոյություն ունի դիալիզի երկու տեսակ՝ հեմոդիալիզ (դիալիզ արյան միջոցով) և որովայնային դիալիզ (պերիտոնեալ): Հայաստանում հեմոդիալիզի մասնաբաժինը գերազանցում է 90 տոկոսը: Որովայնային դիալիզն իրականացվում է հիմնականում մանկաբուժական պրակտիկայում, որն ունի իր առավելությունները և թերությունները:
Ինչպե՞ս է իրականացվում որովայնային դիալիզը:
Որովայնային դիալիզի դեպքում, որպես կիսաթափանցիկ թաղանթ, ծառայում է պացիենտի որովայնամիզը։ Որովայնի առաջային պատին նախապես տեղադրված կաթետրի միջոցով հատուկ արտադրված դիալիզացնող հեղուկը ներմուծվում է որովայնի խոռոչ: Որոշ ժամանակ այնտեղ մնալու ընթացքում՝ դիֆուզիայի շնորհիվ, այդ հեղուկն իր մեջ է հավաքում հիվանդի մոտ կուտակված կրեատինինը, միզանյութը, ինչպես նաև, իրականանում է էլեկտրոլիտային և թթվա-հիմնային հավասարակշռության կարգավորում: Դիալիզացնող հեղուկն` իր բաղադրության շնորհիվ, առաջացրած օսմոտիկ ճնշման միջոցով հիվանդի օրգանիզմից իր մեջ է լուծում անմիզության հետևանքով կուտակված ավելորդ հեղուկի որոշակի քանակ։ Այդպիսով, ներմուծված հեղուկի ծավալը, ինչպես նաև քաշը, ավելանում են պացիենտից հեռացվող հեղուկի քանակի չափով։
Հայաստանում որովայնային դիալիզը հազվադեպ է կիրառվում: Սակայն մի շարք զարգացած երկրներում այն բավականին տարածված է։
Շատ դեպքերում, որոշակի հմտություններ ձեռք բերելուց հետո, հիվանդն ինքն է իրականացնում պերիտոնեալ դիալիզ` իր իսկ բնակարանում։ Այդ դեպքում չի պահանջվում բարձր որակավորման բուժանձնակազմի մշտական հսկողությունը։ Իսկ անհրաժեշտ դիալիզացնող հեղուկները պարբերաբար առաքվում են հիվանդի հասցեով։
Որոշ անոթային խնդիրների դեպքում որովայնային դիալիզը համարվում է այլընտրանքային։
Ինչպե՞ս է իրականացվում հեմոդիալիզը:
Հեմոդիալիզի դեպքում արյունը 200-400 մլ/րոպե հոսքով անցնում է ֆիլտրի՝ դիալիզատորի միջով, որը բաղկացած է կիսաթափանցիկ թաղանթից: Այդ արագությունն ապահովելու համար կամ կենտրոնական որևէ անոթում տեղադրվում է հատուկ՝ մուտք ու ելք ունեցող կաթետր, կամ վերջույթի վրա իրականացվում է ֆիստուլավորման՝ զարկերակ-երակային բերանակցման վիրահատություն:
Հեմոդիալիզային բուժման ընթացքում՝ կախված հիվանդի ընդհանուր վիճակից, ուղեկցող հիվանդություններից, քաշից, կազմվում է անհատական գրաֆիկ, որն իր մեջ ներառում է համապատասխան դիալիզատորի (ֆիլտր) ընտրության, միջամտության տևողության, հաճախականության և այլ ցուցանիշների հաշվարկը:
Բուժման ընթացքում կարևոր է ֆիքսել հիվանդի «իդեալական քաշ»-ը: Դա մարմնի օպտիմալ քաշն է ՝ առանց երիկամների ջրազատման ֆունկցիայի նվազման պատճառով օրգանիզմում կուտակված ավելորդ հեղուկի կշռի. հիվանդի այն քաշն է, որքան նա կկշռեր, եթե նրա երիկամները գործեին: Հիվանդի քաշն ավելանում է միջդիալիզային օրերի ընթացքում օգտագործած հեղուկի հաշվին, քանի որ, ինչպես նշվեց, նրանց մոտ տուժում է երիկամների ջրային հավասարակշռության կարգավորման գործառույթը։
Դիալիզի միջամտությունից առաջ հիվանդը կշռվում է և գրանցվում է նրա հավելյալ քաշը, որը հեռացվում է հեմոդիալիզի կամ որովայնային դիալիզի ընթացքում: Եթե հեմոդիալիզի դեպքում դա իրականացվում է հատուկ սարքով, որը կոչվում է «արհեստական երիկամ», ապա որովայնային դիալիզի դեպքում դա հնարավոր է դիալիզացնող հեղուկի օսմոտիկ հատկության շնորհիվ։ Եթե հեռացված հեղուկի քանակը բավարար չէ՝ որովայնային դիալիզը կրկնվում է:
Գերակշիռ դեպքերում տերմինալ երիկամային անբավարարությամբ տառապող հիվանդները հեմոդիալիզ ստանում են շաբաթը երեք անգամ` 4-ական ժամ տևողությամբ:
Հեմոդիալիզը կենսակերպի ձև է։ Բուժառուներին բացատրվում է, որ բուժման համար պետք է շաբաթական տրամադրեն 12-14 ժամ:
Քրոնիկ երիկամային անբավարարությամբ հիվանդների ախտաբանությունը շատ բարդ է և, հավանաբար, կարիք է լինում նաև այլ միջամտությունների:
Հիվանդների մոտ լինում են նաև մետաբոլիկ փոփոխություններ, հորմոնալ տեղաշարժեր՝ ջրային, թթվա-հիմնային, էլեկտրոլիտների բալանսի խանգարումներ, երկրորդային սակավարյունություն: Դիալիզային բուժումը ներառում է պայքարն ուրեմիայի հետևանքների և վերը նշված խանգարումների դեմ, որպեսզի ապահովվի բուժառուի երկարակեցությունը և, ինչը շատ կարևոր է, բարձրացնի կյանքի որակը։
Արդյոք բոլո՞ր հիվանդները հնարավորություն ունեն հեմոդիալիզ ստանալու:
Մեր երկրում Հայաստանի քաղաքացիների բուժումն իրականացվում է պետպատվերով:
Բազմաթիվ հեմոդիալիզի բաժանմունքների հիվանդները` նեղ մասնագիտական միջամտություն և բուժում ստանալու նպատակով, հաճախ ուղեգրվում են բազմապրոֆիլային խոշոր կլինիկաներ, ինչպիսին մեր հիվանդանոցն է, որտեղ հեմոդիալիզային ծառայությունը դարձյալ իրականացվում է պետպատվերի շրջանակում:
Սակայն դեռևս առկա են սոցիալական խնդիրներ: Ցավոք, մեզ մոտ այն դեռ կարգավորված չէ, և բուժաշխատողները, հիվանդանոցները, որոնք ունեն այդ ծառայությունը, երբեմն ստիպված են լինում իրենց վրա վերցնել հիվանդի սոցիալական խնդիրները. օրինակ` հեմոդիալիզի անցկացման «հարմարեցումը» հիվանդին, թե ո՞ր ժամին նրանով կարող են հարազատները զբաղվել՝ բերել հիվանդանոց և հետո տուն տանել և այլն: Դա, իհարկե, առաջացնում է բարդություններ, և սոցիալական խնդիրները վեր են ածվում առողջապահականի:
Որո՞նք են հեմոդիալիզի ցուցումները:
Հիմնական ցուցանիշը, որով բուժառուի մոտ ախտորոշվում է տերմինալ երիկամային անավարարություն՝ երիկամների կծիկային ֆիլտրացիայի արագությունն է: Յուրաքանչյուր անձ՝ կախված տարիքից, քաշից, մաշկի գույնից, սեռից, կարող է ունենալ իր անհատական երիկամային ֆիլտրացիան, ուստի հեմոդիալիզի ցուցումը հասկանալու համար այդ ամենը վերահաշվարկվում է միջինացված՝ 1,73 մետր քառակուսի մաշկի մակերես ունեցող մարդու համար:
Դիալիզային բուժման ցուցում է այդ ցուցանիշի 15-մլ/րոպեից կայուն ցածր լինելը, երբ դեղորայքային բուժումն անարդյունավետ է։ Սակայն որոշ ախտաբանությունների դեպքում ցուցված է դիալիզային բուժման վաղաժամ անցկացումը, երբ կծիկային ֆիլտրացիան 18-20 մլ/րոպե 1,73մ2 է: Հայաստանում ընդունված է 12 մլ/րոպե 1,73 մ2 ցածրի դեպքում:
Տերմինալ երիկամային անբավարարությունը ֆունկցիոնալ ախտորոշում է, այսինքն, ցույց է տալիս, թե երիկամները որքանով են կատարում իրենց աշխատանքը: Համացանցում հասանելի են տարբեր հավելվածներ, որոնցով ցանկացած անձ՝ ներմուծելով իր տվյալները (տարիք, սեռ, մաշկի գույն, կրեատինի ցուցանիշ), կարող է հաշվել իր երիկամների կծիկային ֆիլտրացիայի արագությունը:
Կան հեմոդիալիզի այլ ցուցումներ ևս՝ արյան պլազմայի էլեկտրոլիտների խիստ խանգարումները, օրինակ, կալիումի բարձր ցուցանիշը, նատրիումի բարձր կամ ցածր ցուցանիշը և այլն, սակայն դրանք ավելի շատ վերակենդանացման և սուր դիալիզին են վերաբերում:
Կոնսերվատիվ միջոցառումների անարդյունավետության դեպքում՝ ցուցում է նաև այտուցային համախտանիշը, երբ անուրիայի կամ օլիգուրիայի պատճառով օրգանիզմում կուտակվում է մեծ քանակի հեղուկ, ինչը հանգեցնում է շնչառական անբավարարության:
Հեմոդիալիզը ցուցված է որոշ էկզոգեն թունավորումների դեպքում և կարող է կյանքեր փրկել: Մեր կլինիկայում, անհրաժեշտության դեպքում, տոքսիկոլոգիայի բաժանմունքի հետ համագործակցելով, արագ արձագանքում ենք և մասնակցում նման հիվանդների բուժմանը:
Տարիների ընթացքում դիտվո՞ւմ է հեմոդիալիզի արդյունավետության բարձրացում և ինչի՞ հաշվին:
Տարիների ընթացքում արդյունավետությունը բավականին բարձրացել է: Անհատական մոտեցումը դարձել է համատարած: Ինչպես ամեն դեղորայք՝ դիալիզը նույնպես ունի «դեղաչափ», ինչը հաշվարկվում է հատուկ բանաձևերով։ Ընտրելով համապատասխան դիալիզատոր, հաշվարկվում է արյան և դիալիզացնող հեղուկի արագությունը, միջամտության տևողությունը և այլ ցուցանիշներ:
Դիալիզի արդյունավետությունը ևս ունի ցուցանիշ՝ KT/V, որն ամբողջ աշխարհում ձգտում են բարձրացնել: Նախկինում այդ ցուցանիշը համարվում էր բավարար 1-1,2-ի դեպքում: Հայաստանում այդ ցուցանիշն արդեն գտնվում է 1,2-1,4-ի տիրույթում, ոմանց մոտ` դրանից էլ բարձր, ինչը բերում է հավելյալ դեղորայքի հնարավորին կրճատման, նպաստում, որ հիվանդները չհյուծվեն, և, ամենակարևորը, ապահովում է բուժառուների երկարակեցությունը և բարձրացնում նրանց կյանքի որակը:
Ի՞նչ հակացուցումներ կան:
Հակացուցումներն են՝ արյունահոսությունը, հոգեկան խանգարման այն տեսակները, երբ հիվանդը վտանգավոր է շրջապատի համար, քրոնիկ ալկոհոլիզմը, նարկոմանիան, կենտրոնական նյարդային համակարգի, արյան շրջանառության խանգարումները՝ իշեմիկ, հեմոռագիկ կաթվածներ:
Սուր երիկամային անբավարարության և թունավորումների ժամանակ հեմոդիալիզի հակացուցումները խիստ սահմանափակ են (ագոնալ և պրեագոնալ վիճակներ), ճնշման խիստ անկում, սրտի ռիթմի խանգարումներ, պրոֆուզ արյունահոսություն և այլն։
Կարդացեք նաև
Միզային համակարգը բաղկացած է՝ երիկամներից, միզածորաններից, միզապարկից և միզուկից։ Երիկամները կատարում են մեզի արտադրական ֆունկցիա, միզածորանների դերը կայանում է...
Երիկամի քաղցկեղը երիկամի նորագոյացություն է, որի դեպքում երիկամային հյուսվածքը վերակերպվում է չարորակ գոյացության: Ունենում է ինվազիվ աճ` քայքայելով շրջակա հյուսվածքները...
Ցավոտ միզապարկի համախտանիշը կամ ինտերստիցիալ ցիստիտը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ բուժառուներն ունենում են ցավ միզապարկի, փոքր կոնքի շրջանում միզելու հաճախացած, ուժեղ ցանկություն /ուրգենտություն/...
Միզապարկի քարերի առկայության ժամանակ սնունդը պետք է լինի հավասարակշռված, հարուստ վիտամիններով և հանքային աղերով, ուղղված նյութափոխանակության խանգարման կարգավորմանը...
Երիկամային և միզուղիների քարերի մեծ մասն ինքնուրույն հեռանում են մեզով: Այնուամենայնիվ, կախված քարի չափերից և տեղակայումից, դրա համար որոշակի ժամանակ է պահանջվում: Իսկ քարի տեղաշարժման...
Երիկամային խիթը (կոլիկա) պաթոլոգիկ սուր վիճակ է, որի ժամանակ քարը փակում է միզածորանը: Ցավը արագ վերացնելու համար անհրաժեշտ է անհապաղ կապ հաստատել բուժող բժշկի կամ մոտակա բուժհաստատության հետ...
Մեզը կենսաբանական հեղուկ է, որը արտացոլում է օրգանիզմի վիճակը, իսկ նրա ցուցանիշները կարող են վկայել տարբեր օրգան-համակարգերի հիվանդությունների մասին...
Մեզի գույնը
Առողջ մարդու մեզը բաց դեղին գույն ունի: Շատ հեղուկներ օգտագործելու դեպքում գույնը բացվում է...
Նեֆրոպտոզը (շարժուն երիկամ) ախտաբանություն է, որի ժամանակ երիկամի իջեցումը 5 սմ-ից ավելի է: Հաճախ երիկամի դիրքի այդպիսի փոփոխությունը լինում է կանգնելիս: Ժողովրդի մոտ այդ վիճակն անվանում են...
Հիվանդությունը բնորոշվում է միզարձակության վերահսկողության կորստով, և կարող է արտահայտվել հաճախամիզությամբ կամ անմիզապահությամբ...
Ավանդական չինական բժշկության հիմնական փիլիսոփայությունն այն է, որ մարդու էներգետիկ համակարգն ազդում է մարմնի, մտքի, հույզերի և հոգու առողջության վրա։ Իսկ այդ ներքին էներգիայի հավասարակշռությունն ապահովում է...
Մեղրամսի ցիստիտը վերաբերում է միզապարկի այն բորբոքումներին, որոնք տեղի են ունենում կամ կրկնվում են սեռական հարաբերությունից հետո: Ցիստիտի այս տեսակը, սովորաբար, ի հայտ է գալիս կնոջ առաջին սեռական...
Երիկմաները զույգ օրգաններ են, որոնց կարևոր ֆունկցիան արյան մաքրումն է և օրգանիզմից նյութափոխանակության արգասիքները հեռացնելը: Փաստորեն, երիկամներն օրգանիզմի համար ծառայում են որպես ֆիլտր...
Երիկամային ցավը հաճախ ի հայտ է գալիս այնտեղ քարերի առկայության ժամանակ, ավելի ճիշտ, տհաճ զգացողություններն սկսվում են, երբ քարն արդեն հայտնվում է միզածորանում: Հիվանդության սկիզբն անցնում է աննկատ: Ինչպե՞ս հասկանալ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Հղիություն. 1-ին ամիս
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն