Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես և աշխատանքը

Միշտ չէ, որ հաջողվում է աշխատել այնտեղ, որտեղ ցանկանում ես

Միշտ չէ, որ հաջողվում է աշխատել այնտեղ, որտեղ ցանկանում ես

Իրականում աշխատանքի հանդեպ վերաբերմունքը տարբեր փուլեր է ունենում. մեկ այն սիրում ենք, մեկ` ատում, մեկ ձանձրույթից տառապում, մեկ էլ անտարբեր դառնում: Այնպես որ, շուտափույթ եզրակացություններ կատարել և կտրուկ որոշումներ ընդունել չարժե:

 

Պարզաբանումների համար պետք է ազնվորեն պատասխանել հետևյալ հարցերին. ձեր աշխատանքում հատկապես ինչը ձեզ դուր չի գալիս, ինչպես կարող եք այն փոխել և ինչու մինչև այժմ այլ աշխատանքի չեք տեղափոխվել:  

 

Կան մարդիկ, ովքեր աշխատանքի հանդեպ պրագմատիկ, զուսպ, ռացիոնալ վերաբերմունք ունեն, նրանց համար ամենակարևորն այն է, ինչով իրենք զբաղվում են: Նման մարդիկ ամենևին էլ կարիերային նվաճումների չեն ձգտում, բայց նրանք միշտ անում են միայն այն, որը ինչ-ինչ պատճառներով անհրաժեշտ են համարում: Նրանք զարգացած պատասխանատվության, պարտքի զգացում ունեն, հենց այդ զգացումներն էլ գերակա են հույզերից: Այս տեսակի մարդիկ կարող են աշխատել ցանկացած պայմաններում, եթե այդ աշխատանքը նրանց սրտովը լինի: 

 

Կան մարդիկ, ում համար առաջին հերթին կարևոր են հույզերն ու հարաբերությունները, այդ թվում և աշխատանքային, նրանք իրենց աշխատանքային գործունեությանը նայում են հենց այդ տեսակետից: Աշխատանքից ստացած բավականությունը նրանց համար կախված է այն բանից, թե հաճելի է նրանց համար աշխատանքի գնալ և ժամանակն անցկացնել տվյալ կոլեկտիվում, թե` ոչ: 

 

Այնպիսի մանրուքներ, ինչպես ասենք, ծուռ հայացքները, անզգուշորեն ասված բառերը, նրանց հունից հանում են, իսկ կոնֆլիկտն արդեն նրանց համար աղետ է նշանակում: Նման բնավորության տեր մարդիկ լիովին կարող են այնպիսի աշխատանք կատարել, որն ամենևին չի համապատասխանում նրանց կոչմանն ու հետաքրքրություններին, միայն թե բարի մթնոլորտ լինի ու հաճելի մարդիկ: 

 

Իհարկե, եթե աշխատանքը կտրականապես դուր չի գալիս ու ձեզ այլ աշխատատեղ են առաջարկում, ըստ երևույթին, իմաստ ունի ընդունել նոր առաջարկը: Բայց նույնիսկ նման բարենպաստ իրավիճակի դեպքում պետք է ինքդ քեզ հաշիվ տալ, որ իդեալական աշխատավայր, ավաղ, գոյություն չունի և, բացառված չէ, որ դուք մի խնդիրը մյուսով եք փոխարինում: Այնպես որ, պետք է մի լավ կշռադատել հին և նոր աշխատատեղերի դրական և բացասական կողմերը:

 

Իսկ ինչ անել, եթե աշխատանքը փոխելու հնարավորություն չկա: Հոգեբանների կարծիքով, մեծ մասամբ,«չեմ կարող աշխատանքս փոխել» արտահայտությունը իրականում նշանակում է «չեմ ուզում ոչինչ փոխել»: Դրա հետ մեկտեղ, նոր աշխատանքը միշտ նշանակում է նոր հարաբերություններ, նոր աշխատատեղին հարմարվելու անհրաժեշտություն: Իսկ տարիքի հետ մարդը ավելի քիչ է հակված լինում փոփոխություններին և միշտ դժվարությամբ է հարմարվում: Ինչ-որ մեկը չի ուզում կորցնել այն առավելությունները, որոնք նա ունի իր այժմյան աշխատատեղում, թող որ չսիրած (օրինակ, հարմար գրաֆիկը, կամ էլ գտնվելու վայրը), մյուսն էլ կարծում է, որ վստահելի աշխատատեղում  պետք է մնա մինչև թոշակի անցնելը, երրորդն էլ համոզված է, որ ամենուր նույնն է:

 

Այնուամենայնիվ, չսիրած աշխատանքին դիմանալը վնասակար է առողջության համար, և ֆիզիկական, և հոգևոր: Գիտնականները պարզել են, որ «փայտով աշխատանքի գնալը» ամենաիսկական սթրեսն է, որը դեպրեսիայի և նյարդային ցնցման պատճառ է դառնում, ընդ որում, նույնիսկ ավելի շատ, քան աշխատանքի բացակայությունը: Իսկ մշտական հոգեբանական անհարմարավետությունը, գրգռվածությունը, դժգոհությունը, տարբեր հիվանդություններ տանող ուղիղ ճանապարհն է: Առաջին հերթին դրանից նվազում է իմունիտետը, և մարդն սկսում է անվերջ հիվանդանալ: Ընդ որում, նա առողջանալու ոչ մի խթան չունի, քանի որ անաշխատունակության թերթիկը օրինական հնարավորություն է չսիրած աշխատանքին չգնալու: Այդ ամենը ենթագիտակցական մակարդակում է տեղի ունենում: Պարզապես անընդհատ սթրեսը հյուծում է պաշտպանական ուժերը և օրգանիզմը տառացիորեն տրամադրում է հիվանդության: Եթե դուք մշտապես նյարդայնանում եք աշխատանքի պատճառով, ձեզ համար երաշխավորված է ստամոքսի գաստրիտը և ստամոքս-աղիքային ուղու այլ հիվանդությունները: 

 

Այդ նույն գիտնականները ապացուցել են, որ աշխատանքից քրոնիկական դժգոհությունը հանգեցնում է նյարդաբանական հիվանդությունների: Հնարավոր են նաև սիրտ-անոթային հիվանդություններ: Այնպես որ, չսիրած աշխատանքին դիմանալը անմտություն է: Բայց, ինչպես հայտնի է, եթե չեք կարողանում փոխել իրավիճակը, ուրեմն փոխեք դրա հանդեպ ձեր վերաբերմունքը:

 

Մտածեք, թե ինչ լավ ու շահավետ բան կա ձեզ համար այժմյան աշխատանքի մեջ: Գուցե դա ցանկացած ժամանակ թույլտվություն վերցնելու հնարավորությունն է, կամ լավ աշխատավարձը, կամ էլ հաճելի կոլեկտիվը: Նույնիսկ մեկ դրական պատասխանն արդեն լավ է, հատկապես, եթե այժմ ոչինչ փոխել հնարավոր չէ: Նույնիսկ առաջին հայացքից ամենատհաճ իրավիճակում էլ շահավետ ինչ-որ բան որոնեք: Դուք այնքան էլ շատ աշխատանք չունեք, բայց ձեզանից պահանջում են նստել աշխատավայրում մինչև վերջ: Մի նյարդայնացեք, այլ ազատ ժամանակը օգտագործեք ձեր օգտին. օրինակ, կատարելագործեք համակարգչի ձեր գիտելիքները:  Գործընկերների հետ ընկերական հարաբերություններ պահպանեք: Աշխատավայրում մենք այնքան ժամանակ ենք անցկացնում, որ մեզ պարզապես անհրաժեշտ է օրվա ընթացքում ինչ-որ մեկի հետ զրուցել, կամ նախաճաշ անել և այլն:  Մի բաժակ սուրճի շուրջ զրուցելուց հետո ավելի ես թեթևանում, հանդարտվում: 

 

Ընդհանրապես, չի կարելի սևեռվել բացասական հույզերի վրա: Քանի որ աշխատանքը, առավել ևս չսիրած, ձեր ողջ կյանքը չէ: Հավանաբար, դուք ընտանիք ունեք, ընկերներ, սիրած զբաղմունք: Ահա այդ մասին էլ մտածեք: Իսկ աշխատանքին վերաբերվեք որպես անհրաժեշտ մի բանի: Ի վերջո, բոլոր կանայք չէ, որ սիրում են աման լվալ, և բոլոր տղամարդիկ չէ, որ սիրում են շուկայից ծանր զամբյուղներ քարշ տալ, բայց դա անում են, որովհետև այլ կերպ չի կարելի:

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 1.2012
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. getyourmillion.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ