Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Ճարպերից աղքատ սննդակարգը՝ կրծքագեղձի քաղցկեղից վաղ մահացության կանխարգելման միջոց. news.am

Ճարպերից աղքատ սննդակարգը՝ կրծքագեղձի քաղցկեղից վաղ մահացության կանխարգելման միջոց. news.am

Հետազոտությամբ պարզվել է, որ ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգը կարող է խիստ օգտակար գտնվել՝ էսթրոգեն ընկալիչ-բացասական հիվանդությամբ ախտորոշված զարգացման վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց համար: Ճարպերից  աղքատ սննդակարգ սահմանելով՝ վերջիններս կարող են ախտորոշման պահից հետո 15 տարիների ընթացքում ցանկացած պատճառով մահանալու ռիսկի՝ 36 տոկոսի չափով նվազեցման հասնել: Վերը հիշատակված եզրահանգման մասին Լոս Անջելեսի կենսաբժշկական հետազոտությունների ինստիտուտի օնկոլոգ դոկտոր Ռովան Չլեբովսկին է հայտնել:

 

Նրա խոսքով, հետազոտության ընթացքում մահացության ռիսկի ամենանշանակալի կրճատումը միաժամանակ էսթրոգեն եւ պրոգեստերոն ընկալիչ-բացասական հիվանդություններով ախտորոշված մասնակիցների մոտ է նկատվել: Ախտորոշումը ստանալուց հետո՝ 5 տարիների ընթացքում ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգի հետեւելու պարագայում հետագա 15 տարիներին նրանց մոտ ցանկացած պատճառով մահացության ռիսկի՝ 56 տոկոսի չափով կրճատում է նկատվել, հաղորդում է NewsMax Health-ը:

 

Հետազոտության մասնակիցները ճարպերի օրական սպառման ծավալները միջին ցուցանիշից՝ 29 տոկոսից ընդամենը 20-ի են հասցրել:

 

Դոկտոր Չլեբովսկին մտադիր է հետազոտության արդյունքներն առաջիկա օրերին Սան-Անտոնիայում կայանալիք կրծքագեղձի քաղցկեղի թեմայով գիտաժողովին ներկայացնել: Նմանատիպ միջոցառումներին ներկայացված տվյալները նախնական են համարվում՝ նախքան որեւէ գրախոսվող ամսագրում հրապարակվելը:

 

Վերը հիշատակված եզրահանգման համար հիմք ծառայած ուսումնասիրությունն ավելի քան 2400՝ 48-79 տարեկան կանանց շրջանում է իրականացվել: Ընդ որում, նրանցից գրեթե 1600-ի մոտ միայն էսթրոգեն ընկալիչ-բացասական հիվանդություն է ախտորոշվել, իսկ մնացած 800-ի պարագայում՝ նաեւ պրոգեստերոն ընկալիչ-բացասական հիվանդություն: Բոլոր մասնակիցները զարգացման վաղ փուլի կրծքագեղձի քաղցկեղ են ունեցել եւ համապատասխան բուժում ստացել՝ 1994-2001թթ. ընթացքում:

 

Կանանց մոտավորապես 50 տոկոսին ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգ է նշանակվել եւ պարբերական խորհրդատվություն տրամադրվել՝ ի տարբերություն համեմատական խմբում ընդգրկվածների, որոնց առջեւ որեւէ պահանջ չի դրվել:

 

Առաջին խմբում ընդգրկված կանանց մոտ ճարպերի կլանման մակարդակի կրճատումը նաեւ սննդակարգի ընդհանուր կալորիականության՝ 10 տոկոսի եւ մարմնի կշռի՝ 2,7 կգ-ի չափով նվազեցման է հանգեցրել, տեղեկացնում են հետազոտության հեղինակները: 

 

Բացի այդ, երկու խմբերում գրանցված արդյունքների համեմատական վերլուծությունը ցույց է տվել, որ անկախ քաղցկեղի տեսակից, ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգի հետեւող կանանց մոտ, ի համեմատություն ազատ սնվողների,  որոշակի ցածր մահացության ցուցանիշ է նկատվել՝ 14 տոկոս՝ 17-ի դիմաց:

 

Ճարպերից աղքատ սննդակարգի առավել նշանակալի ազդեցությունը քաղցկեղի ոչ հորմոնային տիպերով՝ էսթրոգեն եւ պրոգեստերոն ընկալիչ-բացասական հիվանդություններով, կամ միայն առաջինով ախտորոշված մասնակիցների շրջանում է նկատվել: Ընդ որում, հետազոտության հեղինակները ցանկացած պատճառով մահվան դեպքերն են արձանագրել: Այնպես որ, չի կարելի ասել, թե ճարպերի ցածր բաղադրությամբ դիետան ուղղակիորեն կրծքագեղձի քաղցկեղից մահացությունն է նվազեցնում, ընդգծել է դոկտոր Չլեբովսկին:

 

Փորձագետը բացատրություն չունի հարցին, թե ինչու է ճարպերից աղքատ դիետան այդչափ օգտակարություն դրսեւորում: Նրա միակ վարկածն այն է, որ առաջարկվող միջոցը մարմնի հավելյալ քաշի կորստի եւ դրանում առկա բորբոքումների ծավալի կրճատման կարող է հանգեցնել, ինչը քաղցկեղի աճը դանդաղեցնելու միտում ունի: Դոկտոր Չլեբովսկիի համար պարզ չէ նաեւ, թե ինչու է սննդակարգի ազդեցությունը հատկապես նկատելի էսթրոգեն ընկալիչ-բացասական հիվանդությամբ ախտորոշված կանանց շրջանում:  

 

Դոկտոր Դեյվիդ Հեբերը՝ Քալիֆորնիական համալսարանից, ընդգծել է, որ սա առաջին դեպքն է, երբ հետազոտության շրջանակում ճարպերի ցածր բաղադրությամբ սննդակարգի՝ կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված կանանց նկատմամբ երկարաժամկետ ազդեցությունն է ուսումնասիրվում: Հենվելով ընթացիկ եւ այլ նախընթաց հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների վրա, մասնագետը կրծքագեղձի քաղցկեղով ախտորոշված կանանց խորհուրդ է տալիս ճարպերի հաշվին ընդհանուր կալորիականության՝ 20-25 տոկոսի չափով կրճատում նախաձեռնել եւ միայն առողջարար ճարպեր, մասնավորապես, ձկնեղենի, օրինակ՝ սաղմոնի ու մի շարք այլ սննդատեսակների բաղադրիչը հանդիսացող օմեգա-3 ճարպաթթուներ ընդունել:

Սկզբնաղբյուր. news.am
Լուսանկարը. eda5.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ