Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Լրահոս կանանց համար

Պտղի զարգացման տեմպերի եւ նորածին երեխայի չափի առաջին միջազգային ստանդարտներն են մշակվել. med.news.am

Պտղի զարգացման տեմպերի եւ նորածին երեխայի չափի առաջին միջազգային ստանդարտներն են մշակվել. med.news.am

Այսուհետ ողջ աշխարհում ծնված բոլոր երեխաները, որոնց թիվը տարեկան շուրջ 120 միլիոնի է հասնում, միասնական ստանդարտներով են գնահատվելու: Օքսֆորդի համալսարանականների գլխավորությամբ գործող միջազգային փորձագիտական խմբի անդամները ընդհանուր կանոնակարգ են մշակել՝ պտղի զարգացման տեմպերի եւ նորածին երեխայի չափերի գնահատման համար:

 

Վերջիններս կիրառելի են միայն այն պարագայում, երբ հղի մայրը որեւէ լուրջ առողջական խնդիր չունի, համարժեք սննդակարգի է հետեւում եւ կարող է պատշաճ բժշկական խնամք ստանալ: Գաղտնիք չէ, որ պտղի թերզարգացումն իր հետ անցանկալի երեւույթների շղթա է բերում. ծնվելիս  փոքր չափեր, հիվանդությունների նկատմամբ խոցելիության բարձր մակարդակ եւ, որոշ դեպքերում էլ, մահ՝ նորածնային կամ մանկական տարիքում: Բացի այդ, հղիության անբարենպաստ ընթացքը կարող է ոչ միայն երեխայի, այլ նաեւ՝ մոր առողջության վրա անդրադառնալ:

 

Խոսքը շաքարախտի, արյան բարձր ճնշման եւ սրտանոթային հիվանդությունների առաջացման բարձր ռիսկին է վերաբերում: Զարգացած եւ զարգացող երկրներին առավելապես նորմայից բարձր քաշ ունեցող նորածին երեխաներն են հատուկ, ինչը մոր մոտ՝ գերսնման արդյունքում առաջացած ճարպակալման հետեւանքն է դիտարկվում: Ու թեեւ նորմայից բարձր քաշով ծնված երեխաներին, որպես կանոն, հաջողվում է մանկական տարիքում մահացությունից խուսափել, այդուհանդերձ, հետագա տարիներին նրանց շաքարախտի եւ արյան բարձր ճնշման առաջացում է սպառնում, հաղորդում է Medical Daily-ն:

Նորմայից ցածր եւ բարձր քաշով ծնված երեխաներին սպառնացող վտանգները աշխարհի բոլոր բժիշկներին են հայտնի: Այդուհանդերձ, մինչ այժմ մասնագետները շարունակում են տարատեսակ՝ պտղի աճը եւ նորածին երեխայի չափերը նկարագրող գրաֆիկական աղյուսակներից օգտվել: Ընդ որում, միմյանցից էականորեն տարբերվող՝ տեղական ստանդարտների թիվը նույնիսկ մեկ հարյուրյակի շեմն է անցնում: Երբեմն էլ դրանք կարող են, առանց օպտիմալ ցուցանիշները հաշվի առնելու, ընդամենը որեւէ երկրի կոնկրետ տարածաշրջանում ծնված երեխաների՝ միավոր ժամանակահատվածի ընթացքում դրսեւորած աճի տեմպերն արձանագրել:

Bill & Melinda Gates հիմնադրամի ֆինանսավորմամբ իրականացված նախագիծը, որ ի սկզբանե ոլորտը կարգավորող միջազգային ստանդարտներ մշակելու նպատակ էր հետապնդում (պաշտոնական անվանումը INTERGROWTH-21st Project), աննախադեպ է՝ իր ծավալով եւ մասնակիցների քանակով: Ընդհանուր առմամբ, նախագծին իրենց մասնակցությունը բերած կին կամավորների թիվը 60 հազարի է հասել, որոնց հետազոտությամբ ավելի քան 300 փորձագետներ եւ բժիշկներ են զբաղվել: Նրանց կողմից առաջարկվող ստանդարտները հղիության ընթացքում երեխայի զարգացման 3-րդ, 10-րդ, 50-րդ, 90-րդ եւ 97-րդ օպտիմալ (ուլտրաձայնային հետազոտության արդյունքների հիման վրա ստացված) ցենտիլային կորերն ու նորածին երեխայի՝ ըստ գեստացիոն տարիքի նորմատիվային չափերն են ներկայացնում (կշիռ, հասակ եւ գլխի շրջագիծ):

“Միլիոնավոր երեխաների մոտ նկատվող աճի տեմպերի շեղումները ժամանակին հայտնաբերելու դեպքում հնարավոր է, հավելյալ սնուցիչների եւ թիրախային բուժման օգնությամբ, իրավիճակի շտկման հասնել: Հակառակ դեպքում նրանց շուրջ 5 տոկոսին է կյանքի առաջին տարվա ընթացքում մահ կամ, լավագույն դեպքում, ծանր, երկարատեւ բուժման ենթակա հիվանդություններ սպառնում”, - մեկնաբանել է հետազոտության ավագ ղեկավար, Օքսֆորդի պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամ, դոկտոր Խոսե Վիլարը: Նա հավելելով, թե ներկայացված չափորոշիչները կարող են առողջապահության ոլորտում աննախադեպ ձեռքբերումների միջոց ծառայել:

Ընդ որում, ակնկալվող ձեռքբերումները, փորձագետի համոզմամբ, ոչ միայն աղքատ կամ զարգացող, այլ նաեւ՝ զարգացած երկրներում կարող են ակնառու լինել: “Զարգացած երկրներում լույս աշխարհ գալու պահին ավելորդ քաշ ունեցող բազմաթիվ երեխաներ կարող են ժամանակին մատուցված բուժօգնություն ստանալ, ինչը նրանց հետագա կյանքում քրոնիկ բնույթ կրող հիվանդություններից խուսափելու հրաշալի հնարավորություն կընձեռի”, - նշել է դոկտոր Վիլարը:

Սկզբնաղբյուր. med.news.am
Լուսանկարը. feminograd.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ