Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԿԻՆ: Ինտիմ

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

«Պատահական սեռական հարաբերությունը հղի է մի շարք բացասական հետևանքներով». սեքսոպաթոլոգ Վրեժ Շահրամանյան

Ամռանը մյուս գայթակղություններին զուգընթաց շատանում են պատահական սեռական հարաբերությունները, որոնք, որպես կանոն, առավել հաճախ պատահում են գործուղումների, ճամփորդությունների, ամառային հանգստի ժամանակ:

 

Այս մասին «Մեդ Պրակտիկի» հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի կլինիկայի բժիշկ-սեքսոպաթոլոգ, սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, բժշկական գիտությունների թեկնածու Վրեժ Շահրամանյանը: «Ամեն ինչ սկսվում է պատահական ծանոթությունից և ավարտվում… պատահական սեռական հարաբերությամբ, ինչն էլ հղի է մի շարք բացասական հետևանքներով, մասնավորապես՝ սեռավարակներով: Հիմքում ընկած է սեռական առողջության հանդեպ թեթևամիտ վերաբերմունքը: Մասնագիտական փորձը վկայում է, որ տարեց-տարի ավելի շատ երիտասարդ մարդիկ են ենթարկվում սեռավարակներով ախտահարվելու վտանգին », - նշեց բժիշկը:

 

 

Վ. Շահրամանյանի փոխանցմամբ՝ հանգստյան աչքի ընկնող վայրերում ձևավորվում են, այսպես կոչված, ռիսկի խմբեր. «Այդ ռիսկի խմբերը բաղկացած են սեռավարակակիր մարմնավաճառներից (թե՛ կին, թե՛տղամարդ), ովքեր գումար կորզելու նպատակով միտումնավոր ծանոթանում են հանգստացողների հետ և մտնում պատահական սեռական հարաբերութան մեջ: Պատկերն ավելի է բարդանում, երբ հաճախակիանում են, այսպես կոչված, պատահական սեռական հարաբերությունները, մասնավորապես, լողափերին, ծովափերին կից գործող ժամանցի վայրերում և այլն: Պետք է հաշվի առնել, որ նման տեղերում միշտ չէ, որ տրամադրվում է մաքուր սպիտակեղեն և միշտ չեն մաքրվում լողավազանները: Եթե օգտվում եք նման հաստատություններից, ապա խնդրեք նախօրոք լավ մաքրել լողավազանը, ձեռքի տակ ունեցեք մաքուր անձնական օգտագործման սպիտակեղեն և աշխատեք հարաբերություն չունենալ ջրի մեջ, քանի որ նման դեպքում սեռավարակները թափանցելու ավելի մեծ հնարավորություն են ձեռքբերում»,- խորհուրդ է տալիս բժիշկը:


Ըստ նրա` պատահական սեռական հարաբերության բարեհաջող կանխարգելումը պայմանավորված է, առաջին հերթին, մարդկանց սեռական ճիշտ վարքագծով:


Սկզբունքային է ոչ այնքան պահպանակից օգտվելու մասին «բարոյախրատական դասախոսությունը», որքան ուղղամիտ, լրջմիտ սեռական մտածելակերպի մշակումը: Սեռավարակներով չվարակվելու առաջին նախապայմանը պատահական սեռական հարաբերություններից հրաժարվելն է:


Այնուամենայնիվ, ի՞նչ անել, եթե տեղի է ունեցել պատահական սեռական հարաբերություն: Բժիշկը ներկայացրեց հիմնական խորհուրդները, որոնք  ներկայացնում ենք ստորև.

 

  1. որքան հնարավոր է շուտ օճառով լվանալ սեռական օրգանները և գնալ զուգարան` միզելու,
  2. սեռական օրգանները մշակել հակասեպտիկ և մանրէասպան լուծույթով,
  3. անցնել բժշկական սեքսոլոգիական հետազոտություն:   


Հետևյալ խորհուրդները կօգնեն ինչ-որ չափով նվազեցնել վարակվելու հավանականությունը.

  1. սահմանափակեք զուգընկերների թիվը և խուսափեք պատահական կապերից,

  2. Ձեր զուգընկերոջ հետ սեռական հարաբերություն ունենալիս օգտվեք պահպանակներից՝ մինչև սեռավարակների հետազոտություններ հանձնելը,

  3. մի օգտագործեք պահպանակի ամբողջականությունը խախտող և յուղային հիմքով քսուքներ /վազելին, կոսմետիկ կրեմներ, բուսական յուղեր/,

  4. եթե անցած մեկ տարվա ընթացքում ունեցել եք մեկից ավելի զուգընկերներ և չեք օգտվել պահպանակներից, ապա  ցանկալի է ստուգվել՝ անցնելով համապատասխան հետազոտություններ, 

  5. սեռավարակների ախտանշանների  պարագայում մի զբաղվեք ինքնաբուժմամբ և անհապաղ դիմեք բժշկի,

  6. վերլուծեք վարակման եղանակը և տեղեկացրեք ձեր հիվանդության մասին բոլոր զուգընկերներին:

 

Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ