Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Վիրաբուժության Եվրոպական Միության տարեկան համաժողովը` Հայաստանում. հարցազրույց Սուրեն Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Վիրաբուժության Եվրոպական Միության տարեկան համաժողովը` Հայաստանում. հարցազրույց Սուրեն Ստեփանյանի հետ. armeniamedicalcenter.am

Հայաստանի վիրաբույժների համար այս տարի նախատեսված են երկու համաժողովներ՝ Վիրաբուժության Եվրոպական Միության տարեկան եւ Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի համաժողովները: Նախատեսված այս համաժողովները նպաստավոր են ոլորտի զարգացման եւ մեծ հնարավորություն` փորձի փոխանակման համար: Այս կարեւորագույն համաժողովներին վերաբերող հարցերի շուրջ զրուցեցինք Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ, ԵրՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, «Արմենիա» ՀԲԿ Վիրաբուժության կլինիկայի ղեկավար Սուրեն Ստեփանյանի հետ:

–   Պարոն Ստեփանյան, օգտագործելով առիթը, շնորհավորում ենք Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ ընտրվելու կապակցությամբ: Պատմեք խնդրեմ հայ վիրաբույժների և Վիրաբուժության Եվրոպական Միության համագործակցության պատմության մասին:

–   Շնորհակալություն շնորհավորանքի համար: 1990-ականներին, երբ տեղի ունեցավ խորհրդային, սոցիալիստական համակարգի փլուզում՝ նոր հանրապետությունների  առողջապահական համակարգը նախընտրեց Եվրոպայի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի ուսուցումը և փորձը: Սա մի նոր հնարավորություն էր մասնագիտական կրթության ու զարգացման համար: Այդ ընթացքում Արեւմտյան Եվրոպայում ձեւավորվեց շարժում՝ օգնելու Արեւելյան Եվրոպայի եւ հետխորհրդային երկրների վիրաբույժներին: Մասնավորապես, վառ օրինակ է Արեւմտյան Գերմանիայի՝ Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետության (ԳՖՀ), վիրաբույժների եւ վիրաբուժական դպրոցների մեթոդաբանական օգնությունը, ինչպես նաեւ նյութական աջակցությունը Գերմանական Դեմոկրատական Հանրապետության (ԳԴՀ) վիրաբուժական դպրոցներին: Այս օրինակին հետեւելով, արեւմտյան վիրաբուժական դպրոցները փորձեցին օգնել Լեհաստանի, Չեխիայի, Բելոռուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի եւ մյուս պետությունների վիրաբույժներին: Դրան հետեւեց 90-ականներին իտալացի վիրաբույժ, Հռոմի համալսարանի պրոֆեսոր Սերժո Ստիպայի և նրա համախոհների նախաձեռնությամբ Վիրաբուժության Եվրոպական Միության ստեղծումը: Այս կազմակերպության ստեղծման ակունքներում կանգնած էին բելգիացի, անգլիացի, գերմանացի եւ լեհ վիրաբույժներ:

1997-ին Վիրաբուժության Եվրոպական Միությունն առաջին անգամ կազմակերպեց կոնգրես, որը դարձավ ամենամյա եւ յուրաքանչյուր տարի կոնգրեսը անց էր կացվում տարբեր երկրներում: Կոնգրեսների շրջանակներում կազմակերպվում էին վերապատրսաստման դասընթացներ, ներկայացվում էին բուժօգնության հնարավորությունները, պահանջները, մեթոդները, փորձը եւ այլն: Սա հնարավորություն էր նաեւ ներգրավելու հետխորհրդային երկրների վիրաբույժներին:

Որոշ ժամանակ անց Վիրաբուժության Եվրոպական Միությունը նախաձեռնեց մասնագետների համար իրականացնել քննություններ, որպեսզի կառույցի վիրաբույժներին տրամադրվի եվրոպական նմուշի դիպլոմ: Անցյալ տարի` 2017-ի սեպտեմբերին, Լեհաստանի Կրակով քաղաքում կազմկարերպվեց հերթական քննությունը, որին մասնակցեց Եվրոպայի եւ Ասիայի տարբեր երկրներից շուրջ 30 վիրաբույժ: Դիպլոմի առկայության դեպքում վիրաբույժները աշխատանքային պրակտիկայում ձեռք են բերում մի շարք առավելություններ: Այն հնարավորություն է ընձեռում Եվրոպայի վիրաբուժական կլինիկաներում ավելի դյուրին պայմաններով ընդունվել աշխատանքի:



Վիրաբուժության Եվրոպական Միությունն իր գործունեության ընթացքում միշտ ընդլայնել է սեփական հնարավորությունները՝ ներգրավելով նոր բժշկական կենտրոններ` կառույցի կազմում ավելացնելով վիրաբույժների անդամակցության քանակը: Օրինակ՝ 2015 թվականին իրականացվեց համատեղ կոնգրես չինացի վիրաբույժների հետ եւ Պեկինում տեղի ունեցած այդ կոնգրեսին մասնակցեց շուրջ 5000 վիրաբույժ: Վիրաբույժների եվրոպական միությունն, առհասարակ, տարեկան կոնգրեսին պատրաստվելիս ընտրում է իր կազմում ընդգրկված վիրաբուժական դպրոցների ներկայացուցիչներին, որպեսզի մեկ տարվա ընթացքում կարողանան կազմակերպել կոնգրեսը եւ հաջորդ տարի հերթափոխը հանձնեն հաջորդ երկրին:

Մեր կապը Վիրաբուժության Եվրոպական Միության հետ մեկնարկել է 2010-ին, երբ վիրաբույժ Մկրտիչ Համլետի Մկրտչյանը անդամագրվեց այդ կազմակերպությանը ու կանոնավոր մասնակցեց ամենամյա կոնգրեսներին: Մկրտիչ Մկրտչյանի միջնորդությամբ Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովներին տարիների ընթացքում մասնակից հայ վիրաբույժների քանակն ավելացավ: 2016-ին Հայաստանից մի քանի վիրաբույժներ մասնակցեցին Իտալիայում կազմակերպված կոնգրեսին եւ հայտ ներկայացրեցին` 2018-ի կոնգրեսը Հայաստանում կազմակերպելու:

Կարևորելով այն հանգամանքը, որ 2018-ին Հայաստանում պետք է տեղի ունենար Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի համաժողովը, որոշում կայացվեց, որ այս երկու կարեւոր համաժողովները կայանան նույն ժամանակ: Վիրաբուժության Եվրոպական Միությունը դրական արձագանքեց մեր առաջարկին: Քանի որ միջոցառմանը պատրաստվելու ամբողջ պատասխանատվությունը կրում է Վիրաբուժության Եվրոպական Միության անդամակցող երկրի համապատասխան ներկայացուցիչը, ուստի առաջադրվեց իմ թեկնածությունը` որպես Վիրաբուժության Եվրոպական Միության նախագահ:

–   Համառոտ ներկայացրեք, խնդրեմ, Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի գործունեությունը:

–   Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան ունի յոթանասուն տարվա պատմություն: Այս տարիների ընթացքում ասոցիացիայի գործունեության հիմքում Հայաստանի վիրաբույժներին մասնագիտական մեթոդաբանական օգնություն ցուցաբերելն էր ու ոլորտին վերաբերող ժամանակակից մոտեցումներին ծանոթացնելը: Ներկայումս ասոցիացիայի գործառույթը Հայաստանում և Արցախում գործող բուժհաստատությունների վիրաբուժական բաժանմունքների գործունեությանը նպաստելն է: Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան այսօր ղեկավարում է Մուշեղ Միրիջանյանը: Պարբերաբար կազմակերպվում են նիստեր, որոնց շրջանակում քննարկվում են մասնագիտական տարբեր հարցեր: Ներկայումս Առողջապահության նախարության աջակցությամբ ասոցիացիան իրականացնում է մասնագիտական ուղեցույցերի հայերեն թարգմանություններ: Այս օրերին զբաղված ենք Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի կայքի ստեղծմամբ, որի մեջ կներառվեն այդ ուղեցույցերի թարգմանությունները, և վիրաբույժների համար կծառայեն որպես մասնագիտական կողմնորոշիչ միջոց:

–   Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովը ե՞րբ է անցկացվելու եւ ինչո՞ւ ընտրվեց մեր երկիրը:

–   Հայաստանն ընտրվեց, քանի որ մեր կողմից առկա է ընդգծված հետաքրքրություն Վիրաբուժության Եվրոպական Միության նկատմամբ: Մեր երկրի վիրաբուժությունը, վիրաբույժներին եւ ոլորտում գործունեության մեթոդներին նրանք լիարժեք ծանոթ չէին: Երկուստեք հետաքրություն առաջացավ եւ տարեկան համաժողովը որոշվեց անցկացնել Հայաստանում: Վիրաբուժության Եվրոպական Միության հերթական համաժողովը նախատեսվում է անցկացնել ս/թ/ սեպտեմբերի 26-28-ը:

–   Վիրաբուժության Եվրոպական Միության համաժողովը Հայաստանում անցկացնելու համար նախապատրաստական աշխատանքներն ի՞նչ փուլում են:

–   Այս օրերին գրանցման կայքի ստեղծման աշխատանքներն են ընթանում, վիրաբույժներին կոնգրեսի մասին տեղեկացնելու գործունեություն է ծավալվում եւ արտերկրի մեր գործընկերների հետ բանակցություններ վարելու փուլն է շարունակվում: Ծանոթանում ենք այն փորձառու բժիշկների հետ, ովքեր պետք է ներկայացնեն իրենց մասնագիտական փորձը: 2018 թ. մարտի 5-ից կգործի գրանցման կայքը, որպեսզի աշխարհի վիրաբույժներին համաժողովի մասին տեղեկությունը լինի հասանելի եւ հնարավոր լինի մասնակիցների գրանցումը: Տուր-օպերատորի հետ մեր համագործակցությունը շուտով կսկսվի, որպեսզի մեր արտերկրի գործընկերների ժամանման ու կեցության հարցերը կարողանանք ապահովել:

–   Համաժողովին վերաբերող ի՞նչ տեղեկատվություն կցանկանաք հաղորդել վիրաբույժներին:

–   Երեւանի եւ մարզային վիրաբույժների տվյալներն ենք հավաքագրում, որպեսզի կոնգերսի մասին նրանց տեղեկատվությունը դյուրին հասցնենք: Շատ կարեւոր է, որպեսզի այս կոնգրեսին հայ վիրաբույժների մասնակցությունը մեծ թիվ կազմի, քանի որ մեր բժիշկներին հնարավորություն է ընձեռվում փորձի փոխանակման և կապեր ստեղծելու համար: Շատ կարեւոր է, որ մեր վիրաբույժները լինեն պատրաստված և ակտիվ` ցանկացած հարցի քննարկմանը, ելույթների ընթացքում ներկայացնեն իրենց մասնագիտական մեթոդները, վիրահատական դեպքեր:

Համաժողովն անցկացվելու է եռալեզու թարգմանությամբ՝ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ