Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Էխոսրտագրությունը ցուցված է բոլոր այն դեպքերում, երբ պացիենտի մոտ սրտային ախտաբանության որևէ կասկած կա. սրտաբան Լիլիթ Ռամազյան. armeniamedicalcenter.am

Էխոսրտագրությունը ցուցված է բոլոր այն դեպքերում, երբ պացիենտի մոտ սրտային ախտաբանության որևէ կասկած կա. սրտաբան Լիլիթ Ռամազյան. armeniamedicalcenter.am

Մեր զրուցակիցն է «Արմենիա» ՀԲԿ ֆունկցիոնալ ախտորոշման բաժնի ղեկավար, սրտաբան Լիլիթ Ռամազյանը:

–   Բժշկուհի Ռամազյան, հետազոտության ո՞ր մեթոդներն են կիրառվում ֆունկցիոնալ ախտորոշման բաժնում:

–   «Արմենիա» ՀԲԿ ֆունկցիոնալ ախտորոշման բաժնում, որն իր գործունեությունը ծավալում է 2001 թվականից, գործում է էխոսրտագրության ծառայությունը և իրականացնում է ծանրաբեռնվածության տրեդմիլ թեստը: Տրեդմիլ թեստը կատարվում է ընտրողաբար և ոչ բոլոր պացիենտներին է առաջարկվում:  Էխոսրտագրությունը ցուցված է բոլոր այն պացիենտներին, որոնց մոտ կա սրտային ախտաբանության որևէ կասկած: Այն թույլ է տալիս գնահատել սրտի ներքին կառուցվածքը՝ սրտի խոռոչները (ձևը, չափերը), սրտամկանի վիճակը (պատերի հաստությունը), սրտամկանի կծկողական ֆունկցիան (հատկապես կարևոր է կաթվածի ժամանակ. որոշում է օջախի տեղը, թույլ է տալիս գնահատել հիվանդության ծանրությունը), փականային և ենթափականային կառույցները (հատկապես կարևոր է ռևմատիկ, ձեռքբերովի և բնածին հիվանդությունների դեպքում) և  հետագա բուժման մարտավարությունը որոշելու համար:

–   Ի՞նչ տեխնիկայով է զինված բաժինը:

–   Էխոսրտագրության համար կարևոր է սարքի որակը, քանի որ տարեցտարի հայտնվում են առավել բարձրորակ սերնդի սարքեր, իսկ այստեղ ցանկալի է օգտագործել ախտորոշման բոլոր հնարավորությունները:

«Ամրենիա» ՀԲԿ ախտորոշիչ կենտրոնի գունավոր էխոկարդիոգրաֆը «Siemens» ընկերության արտադրության է: Այն ձեռք է բերվել 2012 թվականին, և իր սերնդի մեջ լավագույնն է: Այս սարքի հնարավորությունները թույլ են տալիս շատ նուրբ կառուցվածքային առանձնահատկություններ ախտորոշել:

–   Այնուամենայնիվ, ինչո՞ւ կատարել էխոսրտագրություն:

–   Կան սրտային այնպիսի խնդիրներ, որոնք գանգատ են առաջացնում արդեն ուշ շրջանում, և նախքան այդ մոտավորապես 10 -20 տարի որևէ կերպ չեն անհանգստացնում հիվանդին, հատկապես բնածին արատները, որոնք շատ դեպքերում պատահական են հայտնաբերվում:     

–   Էխոսրտագրության հնարավորությունները և ցուցումները:

–   Տեխնիկական տեսակետից սա ուլտրաձայնային հետազոտություն է: Առաջինը՝ այն տեսանելի է դարձնում սիրտը, երկրորդը՝ թույլ է տալիս գնահատել ներսրտային հոսքերը, որը կոչվում է դոպլեր հետազոտություն:

Պետք է նշեմ, որ էխոսրտագրությունը սքրինինգային հետազոտություն չի համարվում: Սովորաբար, էխոսրտագրության ուղղորդում է բժիշկը, եթե սրտի աշխատանքի հետ կապված ինչ-որ կասկածներ կան: Այն չի իրականացվում պոլիկլինիկաներում: Ծառայությունը վճարովի է, տեխնիկատար է և բարձրորակ մասնագետ է պահանջում, ընդ որում, նա ուսուցողական մի քանի էտապներ է անցնում մինչև աշխատանքի անցնելը: Էխոսրտագրության մասնագետները, որպես կանոն, համապատասխան վերապատրաստում անցած ռադիոլոգները կամ սրտաբաններն են:

–   Կա՞ն արդյոք էխոսրտագրության հակացուցումներ:

–   Էխոսրտագրությունը հակացուցմներ չունի: Այն բացարձակ անվնաս է. էխոսրտագրություն կատարում են հղիներին, ծանր կամ շոկային վիճակում գտնվող պացիենտներին, երեխաներին և նորածիններին:

–   Որո՞նք են էխոսրտագրության առավելությունները:

–   Ի տարբերություն ախտորոշման այլ գործիքային հետազոտությունների, էխոսրտագրությունը ոսկե չափանիշ է համարվում սրտի կառուցվածքային հիվանդությունների հայտնաբերման գործընթացում: Օրինակ. էլեկտրասրտագրությունը գնահատում է սրտի աշխատանքի ռիթմը (հայտնաբերում է ռիթմի խանգարումները՝ առիթմիաները, ինչպես նաև սնուցման որոշ խանգարումները), կորոնարոգրաֆիան` սրտի անոթները, սրտի կաթետերիզացիան` սրտի խոռոչներում ճնշումները և արյան հոսքերը, իսկ էխոսրտագրությունը սրտի կառուցվածքի պատկերային գնահատականն է տալիս:

–   Ինչպե՞ս նախապատրաստվել էխոսրտագրության:

–   Էխոսրտագրությանը հատուկ նախապատրաստվելու կարիք չի լինում: Կլինիկա մուտք գործած պացիենտը  5-10 րոպե անց կարող է անցնել էխոսրտագրություն, եթե ունի համապատասխան խնդիրներ կամ պատրաստվում է վիրահատական միջամտության:


Սրտի կողմից գանգատներ ունեցող պացիենտների  համար գործիքային այս հետազոտությունը կարելի է համարել պարտադիր: Արյան զարկերակային բարձր ճնշում ունեցող հիվանդներին խորհուրդ է տրվում կյանքի որոշակի փուլում կատարել էխոսրտագրություն:

–   Ինչպե՞ս է տեղի ունենում էխոսրտագրության վերծանման գործընթացը:

–   Հետազոտության իրականացման ընթացքում բժիշկը սկսում է գնահատել այն, ինչ տեսնում է էկրանի վրա: Այդ տվյալները գրանցվում են և կարող են ներկայացվել պացիենտի բուժող բժշկին՝  նկարագրության տեսքով և ոչ միայն. սովորաբար, տրամադրվում է նաև լուսանկար, եթե կան նորմայից շեղումներ, իսկ դինամիկ խնդիրների դեպքում լուսնակարներ չեն տրվում, քանի որ այն տեղեկատվություն չի պարունակում:

Որոշ դեպքերում պացիենտին տրվում է նկարահանման ընթացքը՝ էլեկտրոնային կրիչով (խտասկավառակ` CD): Դա կիրառվում է այն դեպքերում, եթե պացիենտի անամնեզում նշված է վիրահատական միջամտություն պահանջող ներսրտային խնդիր: Հատկապես սրտի վիրահատության ենթակա պացիենտների համար դա անհրաժեշտ է:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ