Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

ԵՊԲՀ. Նորագույն սարքավորում՝ ֆակոէմուլսիֆիկացիայի համար

ԵՊԲՀ. Նորագույն սարքավորում՝ ֆակոէմուլսիֆիկացիայի համար

Օրերս Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի համար ԵՊԲՀ ղեկավարության կողմից գնվեց ֆակոէմուլսիֆիկացիայի համար նախատեսված նորագույն սարքավորում: Այս, ինչպես նաև այլ հարցերի շուրջ զրուցեցինք ակնաբուժական կլինիկայի ղեկավար, բ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Շաքարյանի հետ:

 

–   Ի՞նչի համար է նախատեսված նոր սարքավորումը և որքանո՞վ է այն արդյունավետ:

 

–   Նորագույն և թանկարժեք այս սարքավորումը նախատեսված է Ֆակոէմուլսիֆիկացիայի համար: Դա ծերունական կատարակտի հեռացումն է ուլտրաձայնային վիրահատության մեթոդով, որը հնարավորություն կտա ավելի արագ և ինչը շատ կարևոր է՝ անվտանգ եղանակով հեռացնել կատարակտը: Ժամանակակից այս մեթոդի կիրառումը շվեյցարական «Alcon» ֆիրմայի նորագույն սարքավորման միջոցով բացառում է կարի դնումը, ինչն առաջացնում է եղջերաթաղանթի ասիգմատիզմ: Իսկ կարերի բացակայությունը հնարավորություն է տալիս հիվանդին՝ վերականգնելու տեսողությունը շատ կարճ ժամանակում:

 

–   Հակիրճ ներկայացրեք, խնդրում եմ, ակնաբուժական կլինիկայի ստեղծման պատմությունը:

 

–   Ակնաբուժական կլինիկան սկսել է կառուցվել 1928թ.-ին, սփյուռքահայ հայտնի գործիչ և բարերար Պողոս Նուբարյանի (Պողոս Նուբար Փաշա) միջոցներով: Կառուցումն ավարտվել է 1929թ.-ին: Եվ կլինիկան կրում է Նուբար Փաշայի կնոջ` Մարի Պողոսյանի անունը և կոչվում է «Մարի Նուբար ակնաբուժական կլինիկա»:

 

–   Ներկայացրեք, խնդրեմ, կլինիկայի գործունեությունը:

 

–   Կլինիկայում տեղակայված է հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի մանկական ակնաբուժության ամբիոնը: Այստեղ բժիշկների, բուժքույրերի վերապատրաստման դասընթացներ են անցկացվում մանկական ակնաբուժության տարբեր թեմաներով: Միևնույն ժամանակ կլինիկան զբաղվում է նաև նախադիպլոմային կրթությամբ, մասնավորապես՝ մանկական ակնաբուժությանը վերաբերվող աչքի հիվանդությունների որոշ դասընթացներ ևս անց են կացվում մեր ամբիոնում: Եվ պետք է նշեմ, որ մեր ամբիոնն առաջինն է Հայաստանում, իսկ մեր կլինիկան առաջատարն է համարվում երեխաների տեսողության պահպանման և նրանց մոտ հաճախ հանդիպող աչքի հիվանդությունների բուժման ոլորտում: Կարևորում եմ նաև այն հանգամանքը, որ մեզ մոտ ուսանող լավագույն կլինիկական օրդինատորները հնարավորություն են ստանում ներգրավվելու մեր աշխատանքում: Նաև մենք հրավիրել ենք հայտնի ակնաբույժ, վնասվածքաբան Անդրե Ամիրխանյանին՝ մեր բժիշկների հետ միասին նոր սարքավորման միջոցով վիրահատական միջամտություններ իրականացնելու համար:

 

–   Եվ վերջում՝ առողջապահության ոլորտում ի՞նչ հարց է Ձեզ մտահոգում:

 

–   Իմ կարծիքով՝ այսօր բժշկության մեջ զգացվում է պետական մակարդակով ներդրված բժշկական պարտադիր ապահովագրության կարիքը: Եվ գործընթացի նախնական փուլերին անպայման պետք է մասնակցի երկրի առողջապահության նախարարությունն իր գլխավոր մասնագետներով, ովքեր կկարողանան ճիշտ գնահատել ծախսերի այն ծավալը, որն իրականացնում է այսօրվա բժշկությունը՝ հիվանդների բուժման ընթացքում:

Սկզբնաղբյուր. Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ