Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Հայաստանում չարորակ ուռուցքից հնարավոր է բաժանվել մեկընդմիշտ՝ ստանալով եվրոպական չափանիշներով բուժում, չվնասելով կյանքի որակը

Հայաստանում չարորակ ուռուցքից հնարավոր է բաժանվել մեկընդմիշտ՝ ստանալով եվրոպական չափանիշներով բուժում, չվնասելով կյանքի որակը

«Հիմա քաղցկեղին այլ հայացքով են նայում. այն մի շարք հիվանդությունների նման դիտարկվում է որպես քրոնիկ տարբերակ: Մենք ավելի պոզիտիվ ենք նայում այս հարցին, քանի որ հարյուրավոր հիվանդներ ունենք, ովքեր բուժվել են և վայելում են առողջ կյանք»:

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտյոմ Ստեփանյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց մանրամասներ ոլորտի վերաբերյալ:


–   Օնկոգինեկոլոգիան կարծես սահմանային ոլորտ լինի ուռուցքաբանության և գինեկոլոգիայի միջև: Այն հասցրե՞լ է կայանալ որպես ինքնուրույն ճյուղ:


–   Օնկոգինեկոլոգիան աշխարհում արդեն կայացած ոլորտ է և շատ ակտուալ, քանի որ կանանց սեռական համակարգի ամենահաճախ հանդիպող հիվանդություններից են հենց չարորակ ուռուցքները: Ընդ որուոմ, այն որպես ինքնուրույն մասնագիտություն, ձևավորվել է բավականին վաղուց:


–   Կանայք ձեզ մոտ գալիս են արդե՞ն հաստատված ախտորոշմամբ…


–   Մեր բաժանմունքի ներուժը թույլ է տալիս շատ բարձր մակարդակով իրականացնել չարորակ ուռուցքների և նախաքաղցկեղի ախտորոշումը հենց ամենասկզբնական փուլերում, բայց, սովորաբար, օնկոգինեկոլոգը չէ, ում պացիենտը դիմում է իր առաջին այցով… Ամբողջ աշխարհում է այդպես. այն պացիենտները, ովքեր դիմում են մասնագիտացված ուռուցքաբանական բաժանմունք, արդեն նախապես անցած են լինում գինեկոլոգի խորհրդատվություն:


–   Բայց կարո՞ղ է կինը միանգամից դիմել ձեզ, եթե այդպես է ցանկանում:


–   Իհարկե՛, կարող է, և դա ավելի խելամիտ կլինի: Քաղցկեղի հիմնական խնդիրը ուշ ախտորոշումն է: Վաղաժամ ախտորոշումը պահանջում է բավականին խոր գիտելիքներ և շատ հարուստ ու ծավալուն ախտորոշիչ բազա, որը ունի մեր կլինիկան: Սխալ ախտորոշումը նման մասնագիտացված բաժանմունքում գրեթե անհնար է: Հենց այդ պատճառով էլ շատ-շատերը կասկածների դեպքում առաջին հերթին դիմում են մեր բաժանմունք, որպեսզի հանգիստ լինեն ու համոզված, որ հետազոտությունը կկատարվի պատշաճ մակարդակով:


«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտյոմ Ստեփանյան–   Կարծում եմ՝ շատ դժվար է ամեն օր գործ ունենալ կյանքի և մահվան միջև պայքարող մարդկանց հետ, ավելին՝ լինել նրանց հույսը… Որպես բժշիկ, Ձեր ապրումների մասին…


–   Քսան-երեսուն տարի առաջ քաղցկեղը մահապատժի դատապարտված լինելու պես մի բան էր: Եթե մարդու մոտ ախտորոշվում էր քաղցկեղ, նա պատրաստվում էր մահվան… Հիմա քաղցկեցին այլ հայացքով են նայում. այն մի շարք հիվանդությունների նման դիտարկվում է որպես քրոնիկ տարբերակ: Ընդ որում, նկատեմ, որ քաղցկեղի մի շարք տեսակների դեպքում մահացությունը շատ ավելի ցածր է, քան, օրինակ, սրտամկանի ինֆարկտի կամ երկկողմանի թոքաբորբի բարդությունների ժամանակ: Բժշկությունը մեծ հաջողությունների է հասել քաղցկեղային հիվանդությունների բուժման ոլորտում: Այն հնարավորությունները, որ այսօր մենք ունենք, կտրականապես տարբերվում է տարիներ առաջ ունեցած հնարավորություններից: Հիմա մենք ավելի պոզիտիվ ենք նայում այս հարցին, քանի որ հարյուրավոր հիվանդներ ունենք, ովքեր բուժվել են և վայելում են առողջ կյանք:


–   Պարզապես գործ ունեք կանանց հետ՝ թույլ սեռի, ով տրվում է հույզերին, իսկ դա կարող է վնասել բուժման ընթացքը…


–   Որպես բժիշկ կարող եմ ասել, որ ճիշտ հակառակ միտումն եմ նկատում. կանայք ավելի ամուր են, ավելի պայքարող: Բնությունից նրանց օրգանիզմն այդպիսին է: Ցանկացած տղամարդու համար կործանիչ կարող էր լինել ծննդաբերության ցավը, իսկ կինը դիմանում է: Իհարկե՛, կանայք հուզական են, բայց հաղթահարելը մեծ դժվարություն չէ:


–   Ժամանակակից օնկոգինեկոլոգիան ի՞նչ նոր մոտեցումներ ունի:


–   Նախկինում ուռուցքի բուժումը հաշմող բնույթ ուներ: Այո՛, ուռուցքաբանը հասնում էր արդյունքի, բայց արդյունքում մարդը դառնում էր հաշմանդամ: Այսօր փոխվել է ուռուցքաբանության փիլիսոփայությունը: Մարդուն վերադարձնում ենք հասարակություն բուժված ու առողջ, և նա ի վիճակի է վայելել իր կյանքը լիարժեք: Սա շատ սկզբունքային հարց է, քանի որ ուռուցք ունեցող մարդը հոգեբանական լուրջ տրավմա է ապրում: Ուռուցքով տառապող մարդիկ հոգեբանորեն շատ խոցելի են լինում:


Մեր բաժանմունքում կիրառվող բուժումը կտրուկ տարբերվում է ավանդական, հնացած ձևերից:


«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական ծառայության ղեկավար Արտյոմ Ստեփանյան–   Լինո՞ւմ են դեպքեր, երբ պացիենտից թաքցնում եք չարորակ ուռուցքը:


–   Ես կտրականապես դեմ եմ հիվանդից իր ախտորոշումը թաքցնելու մոտեցմանը: Չեմ կարծում, թե մարդասիրական մոտեցում է մարդուց իր առողջական վիճակը թաքցնելը: Ի վերջո, նա գլխի է ընկնում և կորցնում է վստահությունը բժշկի հանդեպ: Տարիների ընթացքում փորձ ես ձեռք բերում, թե ինչպես պացիենտին ասել դրա մասին… Մեր հիվանդների զգալի մասն առողջանում է և շարունակում իր նորմալ կյանքը. որևէ բան թաքցնելու կարիք չկա:


–   Ի սկզբանե ո՞րն է եղել «Նաիրի» բժշկական կենտրոնում նման ծառայություն ստեղծելու նպատակը:


–   Ես արտերկրում աշխատելու շատ մեծ փորձ ունեմ, ընդ որում՝ լավագույն կլինիկաներում: Անընդհատ տեսնում էի հայերի, ովքեր, բազմաթիվ դժվարություններ կրելով, գալիս էին բուժվելու այդ կլինիկաներում: Իմ գործընկերները միշտ հարցնում էին, թե ինչու քաղցկեղի այդ նույն բուժումը չենք կազմակերպում Հայաստանում: Եվ մենք հիմնեցինք այս բաժանմունքը «Նաիրի» բժշկական կենտրոնում, ու այսօր արդեն ի վիճակի ենք նույն՝ եվրոպական որակի բուժումն իրականացնել Հայաստանում: «Նաիրի» -ի թե՛ տեխնիկական հագեցվածությունը, թե՛ մասնագետների պատրաստվածությունը ո՛չ միայն չեն զիջում եվրոպական կլինիկաներին, այլև քայլ առաջ կարելի է համարել: Ծառայության հիմնադրման նպատակն այն էր, որ եվրոպական չափանիշներին համապատասխան բուժումը հնարավոր լինի կազմակերպել Հայաստանում մի քանի անգամ ցածր գներով:

Հեղինակ. Տաթև Մադաթյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Լուսանկարը. Գրիգոր Արզումանյան
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ