Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Բժշկական կազմակերպություններ և կենտրոններ

Ժամանակը թելադրում է իր պահանջները և տեղեկացված լինելն անհրաժեշտ պայման է հատկապես կրթության ոլորտում

Ժամանակը թելադրում է իր պահանջները և տեղեկացված լինելն անհրաժեշտ պայման է հատկապես կրթության ոլորտում

 ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտը շարունակական կրթության կենտրոններից մեկն է, որտեղ կարևոր օղակներից է նաև ուսումնամեթոդական բաժինը: Այստեղից է սկսվում վերապատրաստման և հետդիպլոմային շարունակական կրթություն ստանալու եկած բժիշկների, բուժքույրերի, կլինօրդինատորների առաջին ծանոթությունն ինստիտուտի հետ:

 

Այստեղ են աշխատում և մեր ակնարկի հերոսուհիներ Օլգա Կասպարովան, Լարիսա Բաբաևան և Սիլվա Յուզբաշյանը, անձինք, ում կենսագրություններն ինստիտուտի տարեգրության մի մասն են կազմում: 

 

Օլգա Կասպարովան իր աշխատանքային կենսագրության շուրջ չորս տասնամյակն անցկացրել է ինստիտուտում: Ծնվել է նա Կիրովաբադում, միջնակարգն ավարտել տեղի դպրոցում, սակայն բարձրագույն կրթությունը գերադասել է ստանալ Երևանում և ընդունվում է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը: Ավարտելուց հետո շուրջ յոթ տարի աշխատել է Ա.Ալեքսանյանի անվան համաճարակաբանության, վիրուսաբանության և բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտում, իսկ 1973 թվականի մարտից աշխատանքի է ընդունվում ԽՍՍՀ առողջապահության բժիշկների կատարելագործման Երևանի պետական ինստիտուտի հիգիենայի ամբիոնում, այնուհետև մոտ 20 տարի ուսումնական մասի վարիչն է եղել: Ներկայումս նա բաժնի ավագ տեսուչ է, համակարգում է բժիշկների վերապատրաստման գործընթացը: Օլգա Իվանովնայի մեղմ բնավորությունը, երկարամյա փորձն ու գիտելիքները նպաստում են աշխատանքի հստակ և պատշաճ կազմակերպմանը:

 

-Խորհրդային տարիներին շատ գործուղումներ ենք ունեցել Մոսկվա, Լենինգրադ, Մինսկ փորձի փոխանակման նպատակով և այդ տարիների ձեռք բերած համակարգված փորձը ներկայումս շատ է օգնում հանրապետության մարզերում ինստիտուտի արտագնա դասընթացների բարձր մակարդակով անցկացնելուն: Շատերին ենք օգնում նեղ մասնագիտության ընտրության հարցում,-պատմում է Օլգա Կասպարովան: 

 

Ազգությամբ ասորի Լարիսաա Բաբաևայի համար ինստիտուտը միակ հաստատությունն է, ուր նա ոտք է դրել դպրոցն ավարտելուց հետո, դա 1978 թվականն էր և միակ բաժինը` ուսումնական մասը որպես գործավար, տարիներ անց` ավագ տեսուչ: Ինչպես բաժնի վարիչ Գալինա Դաբաևան ասաց, նա այստեղ է ամուսնացել, երեխաներ ունեցել, շուտով էլ տատիկ կդառնա:

 

Ուշիմ և աշխատասեր Լարիսան որոշում է շարունակել ուսումն ու ընդունվում է Հայկական հեռակա մանկավարժական ինստիտուտի կենսաքիմիայի ֆակուլտետը: Բնավորությամբ լինելով անմիջական և ուշադիր շրջապատի հանդեպ, նա համբերությամբ և պատրաստակամությամբ է պատասխանում թերապևտիկ ու վիրաբուժական ֆակուլտետներին դիմաց կլինօրդինատորների բազում հարցերին: Նրա երազանքն է` աղջկան ևս տեսնել բժշկի սպիտակ խալաթով, ով այժմ սովորում է Հայկական բժշկական ինստիտուտի 5-րդ կուրսում:

 

Լարիսա Բաբաևայի աշխատանքը գնահատվել է շնորհակալագրերով, իսկ ԱԱԻ-ի 50-ամյակի առթիվ նա արժանացավ  թանկարժեք նվերի:

 

-Ոգևորիչ է, երբ քո համեստ լուման ունես հարազատ ինստիտուտի գործընթացում և այն գնահատվում է, - ասում է Լարան:

 

Ճակատագիրը Սիլվա Յուզբաշյանին էլ Վրաստանից բերեց Երևան: Ավարտելով Մոսկվայի նավթաքիմիագազարդյունաբերության ինստիտուտը, Սիլվան նախընտրում է գործուղվել Երևան: Աշխատանքի է անցնում Համամիութենական ռադիոֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտում, ինչպես ասում են, Ա.Հերունու ինստիտուտում, ամուսնանում է, հետո ընտանիքով մեկնում են Ջերմուկ, յոթ տարի անց վերադառնում են Երևան և սկսում աշխատանք փնտրել տան մոտ:

 

-Մենք ապրում ենք «Պրահա» հյուրանոցի մոտ, իսկ մեր ինստիտուտն արդեն այստեղ, նոր շենքում էր, եկա այն ժամանակվա ռեկտոր Սուրեն Քրիստափորիչի մոտ և ասացի, որ ուզում եմ ձեզ մոտ աշխատել, հարցրեց, որ ինստիտուտն եք ավարտել (իսկ նա այնպես էր նայում, որ մոռանում ես ասելիքդ) մի կերպ ամաչելով, կարմրելով ասացի, նա թե, ինչ կապ ունի մեր ինստիտուտը ձեր կրթության հետ: Ես էլ անկեղծորեն ասացի, որ ունեմ փոքր երեխաներ, որ ինձ համար շատ հարմար է: Սկսեց ծիծաղել, դե լավ, եթե հարմար է, կվերցնենք ձեզ աշխատանքի: Դա 1980 թվականն էր և այդպես մինչև օրս այստեղ եմ: Եթե այն ժամանակ հարմարության համար էի աշխատում, հիմա` սիրով, - պատմում է Սիլվան: 

 

Տարեկան ուսումնական բաժնով են անցնում մոտ 5000 բուժքույր, բժիշկ, կլինօրդինատոր: Օրվա ցանկացած ժամին էլ մտնես ուսումնա-մեթոդական բաժին` բազմամարդ է: Մեկ ընդարձակ սենյակում համերաշխ աշխատում են յոթ-ութ կին և յուրաքանչյուրը ջանում է հստակ ու ճշգրիտ պատասխանել և′ երեկվա շրջանավարտին, և′ բազմավաստակ բժիշկներին, ովքեր պատրաստվում են ընդունվել կլինօրդինատուրա կամ վերապատրաստվել, մանրամասն և համբերությամբ բացատրել պահանջվող փաստաթղթերի փաթեթի անսխալության անհրաժեշտությունը` բացառելու համար ավելորդ քաշքշուկները: 

 

Մարդկային փոխհարաբերությունն արվեստ է, որին տիրապետելով կարողանում ես ստեղծել ջերմ ու հարգալից մթնոլորտ ոչ միայն փոքր, այլև բազմամարդ կոլեկտիվում: Իսկ այդ արվեստն այս փոքրիկ կոլեկտիվում գնահատվում է բարձր և արդյունքն է բժիշկների ու բուժքույրերի շնորհակալական բազում խոսքերն ու գոհունակությունը նրանց ամենօրյա, այդքան կարևոր աշխատանքի համար: 

Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 9 (547) 12.03.2010
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ