Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Ավդալբեկյան Սուրեն Խաչատուրի

Առողջապահության համակարգը ծանր և անդառնալի կորուստ կրեց։ Մարտի 10-ին վախճանվեց  Սուրեն Խաչատուրի Ավդալբեկյանը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Մ.Հերացու շքանշանի առաջին ասպետ, ԽՍՀՄ ԱՆ Երևանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի (այժմ ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս.Խ.Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ) հիմնադիր, հայկական վիրաբուժության դասականը և հայ բժշկության նահապետը: Մահկանացուն կնքեց հանրաճանաչ մի մասնագետ, ով իր ողջ կյանքը նվիրել է մարդկանց բժշկելուն, բժշկական կրթությանը և գիտությանը, իր երկրի առողջապահության զարգացմանը: 

 

Ս.Խ.Ավդալբեկյանը ծնվել է 1920 թվականի հուլիսի 1-ին Սուխումի քաղաքում։ 1943թ. նա ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտի  բուժական ֆակուլտետը: Աննախադեպ բնական տաղանդով և մեծ աշխատասիրությամբ օժտված Ս. Ավդալբեկյանը դեռ ուսանողական տարիներից տարվել է վիրաբուժությամբ և հետաքրքրություն ցուցաբերել գիտական աշխատանքի նկատմամբ: 

 

Նրա բժշկական գործունեության սկիզբը համընկել է Հայրենական մեծ պատերազմի ծանր տարիների հետ: Լինելով Մոսկվայի ռազմական շրջանի էվակոհոսպիտալի առաջատար վիրաբույժ` Ս.Ավդալբեկյանը ցուցաբերել է ծառայության ղեկավարի մեծագույն պատասխանատվություն և մասնագիտական բարձր պատրաստվածություն:    

 

Զորացրումից հետո` 1945 թվականից Սուրեն Ավդալբեկյանն աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ֆակուլտատիվ վիրաբուժության կլինիկայում: Նա օրդինատոր-վիրաբույժի գործունեության հետ մեկտեղ ուսուցանում էր և անցկացնում գիտական հետազոտություններ: 

 

1948թ. Սուրեն Ավդալբեկյանը սկսել է զբաղվել ինտուբացիոն նարկոզով` դառնալով հանրապետությունում էնդոտրախեալ նարկոզի ներդրման հիմնադիրը:  

 

1949թ. Ս. Ավդալբեկյանն առաջիններից է արձագանքել է հեռավոր շրջաններից մեկում վիրաբուժական ծառայության բարձրացման վերաբերյալ հայրենիքի կանչին և ինքնակամ մեկնել Ղափանի շրջան, որտեղ աշխատել է գլխավոր բժիշկ և վիրաբուժական բաժանմունքի վարիչ: 

 

1951թ. Ս. Ավդալբեկյանը վերադարձել է Երևան, ֆակուլտատիվ թերապիայի կլինիկա, որտեղ պրոֆեսոր Ռ.Հ.Յոլյանի ղեկավարությամբ առաջին քայլերն է կատարել դեռևս չհետազոտված կրծքային վիրաբուժության ոլորտում:  

 

1952թ. Սուրեն Ավդալբեկյանը մրցույթով ընդունվել է Երևանի բժշկական համալսարանի ֆակուլտատիվ վիրաբուժության ամբիոն: Մոսկվայում ՄՈՆԻԿԻ-ում՝ պրոֆեսոր Բ.Է.Լիմբերգի կլինիկայում մասնագիտացումից հետո նա իր գիտելիքները և ունակությունները ներդրել է հայրենի բժշկագիտության զարգացման գործում:   

 

Ամփոփելով բազմամյա գիտագործնական գործունեության փորձը` Սուրեն Ավդալբեկյանը 1956թ. հաջողությամբ պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ «Թոքի հիդատիտոզ էխինակոկ», իսկ 1968թ. դոկտորական ատենախոսություն՝ «Բրոնխոէկտազների ֆունկցիոնալ հետազոտման և վիրաբուժական բուժման ժամանակակից հարցերը» թեմաներով: 

 

Հայ բժշկագիտության մեջ մեծ կշիռ ունեն Ս. Ավդալբեկյանի աշխատանքները նվիրված սրտի էլեկտրամեխանիկական ակտիվությանը, սրտի լայնակի բլոկադայով հիվանդների էլեկտրաստիմուլյացիայի ուսումնասիրմանը, թոքերի կոմպենսատոր պրոցեսների ձևաբանության, արյան մակարդման և ֆիբրինոլիտիկ համակարգերի, անգիոպուլմոնոգրաֆիայի եղանակով արյան փոքր շրջանառության, արտաքին շնչառության ֆունկցիայի հետազոտմանը և այլն: Նա ԽՍՀՄ առաջինն է կիրառել թոքերի սուր թարախակույտերի խոռոչների տրանսպարիետալ կատետերավորումը:  

 

Վարպետության աճի հետ զուգահեռ Ս.Ավդալբեկյանը հրաշալի գիտակցել է բժշկի մշտապես կատարելագործման անհրաժեշտությունը: Եվ պատահական չէ, որ նա Երևանի բժշկական ինստիտուտին կից բժիշկների կատարելագործման ֆակուլտետի ստեղծման նախաձեռնողներից մեկն էր և ֆակուլտետի դեկանը:  

 

Կարճ ժամանակաընթացքում Ս.Ավդալբեկյանի ղեկավարությամբ նշված ֆակուլտետը դարձել է միութենական նշանակության հզոր գիտամանկավարժական կենտրոն, բարձր որակավորմամբ կադրերի դարբնոց, որտեղ կատարելագործվում և մասնագիտացում էին ստանում  նախկին Խորհրդային Միության բժիշկները, դոկտորական և թեկնածուական թեզեր էին պաշտպանում մասնագետները:      

 

Ս.Խ.Ավդալբեկյանի ծառայությունները բարձր է գնահատել ԽՍՀՄ և Հայաստանի կառավարությունը: Նա պարգևատրվել է «Աշխատանքային Կարմիր դրոշի» , «Փառքի նշան»  շքանշաններով, վեց մեդալով, պատվոգրերով, արժանացել է «Հայկական ԽՍՀ վաստակավոր բժիշկ» պատվավոր կոչման: 

 

Հանրապետության, ժողովրդի առջև ունեցած վաստակի համար, առաջին անգամ մեր իրականության մեջ՝ կյանքի օրոք Հայաստանի Առողջապահության ազգային ինստիտուտը, Ա.Լ.Միքայելյանի վիրաբուժության ինստիտուտի կրծքային բաժանմունքը, «Շտապօգնության» ԳԲԿ-ի կրծքային և երկու վիրաբուժական բաժանմունքները, որտեղ նա աննկուն աշխատում էր մինչև կյանքին հրաժեշտ տալը, անվանակոչվել են ակադեմիկոս Ս.Խ. Ավդալբեկյանի անվամբ: 

 

Վիրաբուժության նահապետ Սուրեն Ավդալբեկյանի անունը միշտ վառ կմնա նրա գործընկերների ու սաների, ինչպես նաև հազարավոր ապաքինված հիվանդների սրտերում։  Տաղանդավոր վիրաբույժի ու գիտնականի ներդրումը հայ բժշկագիտության ամուր հիմքերից մեկը կմնա:

Հեղինակ. ՀՀ առողջապահության նախարարություն ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՀՀ ԱՆ առողջապահության ազգային ինստիտուտ
Սկզբնաղբյուր. Առողջապահության լրատու 3-4.2013
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ