Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Անհնար էր նրան լսել ու չբոցավառվել. Մուրադ Մուրադյանի մասին

Անհնար էր նրան լսել ու չբոցավառվել. Մուրադ Մուրադյանի մասին

Տիկին Մնացականյան, Ձեր ամուսինը` Մուրադ Մուրադյանը ազատագրական շարժման հայտնի դեմքերից էր: Պատմեք, խնդրեմ, թե ինչպես եք ծանոթացել, ո՞վ էր Մուրադը ոչ միայն Ձեզ համար:

 

– 1988 թ.-ին Մուրադի հետ բժշկականի նախապատրաստական բաժնում էինք սովորում, թեպետ ինձանից 5 տարով մեծ էր: Երկուսս էլ մանկաբույժ էինք: Սկսվեց շարժումը: Մուրադը մինչև այդ էլ մասնակցել էր ազգային ազատագրական պայքարին, մանրակրկիտ ուսումնասիրել «ԱՍԱԼԱ»-ի գործունեությունը, եղել էր ՊԱԿ-ի հսկողության տակ: «Սովետական Հայաստան» թերթում կարդացի, թե իբր «ԱՍԱԼԱ»-ի` գաղտնի բանակի անդամ է եղել, ոչ թե «Սփյուռք» ամսագրի թղթակից, որին իրոք թղթակցում էր: Մինչև հիմա ինձ համար գաղտնիք է` արդյո՞ք այդպես էր: Մուրադի գրքույկը շրջափակման ժամանակ ընկնում է ազերիների ձեռքը և նրանք հայտարարում են աշխարհով մեկ, որ հայկական բանակի կազմում կռվում են «ԱՍԱԼԱ»-ի ներկայացուցիչները սփյուռքից: Այդ սյուժեն անգամ ռուսական «Вести» լրատվական ծրագրով ցուցադրեցին:

 

Ինչո՞վ էր Ձեզ գերել:

 

– Անհնար էր նրան լսել ու չբոցավառվել: Էությամբ առաջնորդ էր: Շատ բանիմաց էր, ամեն բանից տեղեկացված, մանրամասնորեն գիտեր աշխարհում տեղի ունեցած ազատագրական բոլոր շարժումների մասին: 

 

Շարժմանը ակտիվ մասնակցությունը ուսմանը չէ՞ր խանգարում:

 

– Իհարկե խանգարում էր, բայց նա իր բնույթով բժիշկ էր, նախքան ինստիտուտ ընդունվելը աշխատել էր Կիրովականի հիվանդանոցում որպես բուժակ:

 

Շատ արագ էր կողմնորոշվում մասնագիտական հարցերում: Երրորդ կուրսի ուսանող էր, պարանոցային 6-րդ ողնի վնասվածք ստացած իրենց ջոկատի ռազմիկին մասնագիտական այնպիսի օգնություն էր ցուցաբերել, որ Երևանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտի պրոֆեսորը զարմացել էր: 

 

Տիկին Անժելա, տեղյա՞կ էիք Մուրադի կյանքի ռազմական ուղղվածությանը:

 

– «Նիկոլ Դուման» ջոկատում մոտ 80%-ը ուսանողներ էին, բոլորն էլ կռվող տղաներ, ոչ միայն բժշկական օգնություն էին ցուցաբերում, այլև մեկնում էին մարտական առաջադրանքներ կատարելու, մոտ մեկ ամսով, հետո իրար էին փոխարինում, գալիս էին քննություններ հանձնելու:

 

Ձեր մեղրամիսը, Ղարաբաղի և Հայաստանի համար ամենադժվարին ժամանակահատվածները համընկել էին...

 

– Գրեթե չենք հանդիպել այնպես, ինչպես սովորաբար հանդիպում են սիրահարվածները: Մեկ տարի նշանված էինք, բայց Մուրադը միշտ մարտական գործողությունների էր մասնակցում:

 

Երևի չհասցրե՞ց գիտակցել, որ ամուսնացել է:

 

– 1990 թ.-ին ամուսնացանք, 1996 թ.-ին զոհվեց: Այդ կարճ ժամանակաշրջանն իրենով եմ ապրել: Այդպես է եղել: Երբևէ չեմ ասել.«Մի գնա»,երբևէ չեմ լացել հետևից: Գուցե դա էր օգնում, որ երբեք չվիրավորվեց:

 

Ե՞րբ ծնվեց Ձեր զավակը:

 

– Մեր ամուսնության օրը` 1991 թ.-ի օգոստոսի 11-ին: Երբ տղաս ծնվել էր, նրա չլվացած շապիկը տվեցի Մուրադին, որ սրտի մոտ պահի, գնդակ չկպչի: Մուրադը փոքրիկ նովելներ էր գրում, այդ մասին էլ է գրել: Մի անգամ թեժ կետում Վազգեն Սարգսյանը տեսել էր նրան Ռոբերտ Բյորնս կարդալիս, հիացել էր: Կանչել էր իր մոտ որպես «Բյորնս կարդացող տղա» (անունը չէր հիշել): Այդպես էլ կարգադրել էր, որ գտնեն, բերեն Մուրադին իր մոտ: Բուժվարչության պետի տեղակալ նշանակեց: Մեծ ծրագրեր ունեին զինբուժծառայության հետ կապված: Չհասցրեց... Ուղարկել էին Տավուշի մարզ հոսպիտալները ստուգելու: Մարտի 8-ն էր: Դիրքերում դեպք էր պատահել: Գնացել էին այնտեղ, հետ վերադարձին զրահամեքենան, որի մեջ Մուրադն ու կադրերի բաժնի վարիչն էին, ձորն էր ընկել:

 

Ինչպե՞ս հաղթահարեցիք Ձեր ողբերգությունը: Ասում են, աշխատանքն է փրկում:

 

– Ամուսնուս քույրերը, ընկերները ստիպեցին, որ աշխատանքի անցնեմ հոսպիտալում: Մեկ տարի հետո կարողացա ինձ տիրապետել և աշխատանքի անցա Երևանի կայազորային հոսպիտալում, որպես բժիշկ-ճառագայթաբան:

 

Մուրադ Մուրադյանը ծրագրում էր վերափոխել զինվորական բուժծառայությունը: Ինչպիսի՞ն է այդ ծառայության վիճակն այսօր: Փոփոխություններ կա՞ն:

 

– Փոփոխություններ շատ կան, կարևորը` բժիշկները շատ մեծ նվիրումով և շատ մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում: 

 

Անկախությունը ի՞նչ է Ձեզ համար:

 

– Երևի զարթոնք, հասկացել ենք ինչ է մեր Հայրենիքը, ինչ է մեր ազգը: Ավելի լավ ենք ճանաչել և´ մեր ակունքները, և´ արմատները: Դա իմ ապրածն է:

 

Ի՞նչ կմաղթեիք «Առողջապահություն» հանդեսին:

 

– Հուսով եմ, որ մոտ ապագայում կավելանա հանդեսի հրատարակման հաճախականությունը, որն ուրախություն կպատճառի իր ընթերցողներին:

 

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ