Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Պատմության էջերից

Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը

 

Գարեգին Հարությունյանի տիկնոջ` Աիդա Հակոբյանի հետ հարցազրույցը վարեց Կ. Խաչատրյանը

 

 

–  Տիկին Հակոբյան, ինչպե՞ս կայացավ Ձեր ծանոթությունը Գարիկի հետ, ինչպիսի՞ն էր նա ուսանողական տարիներին և մարդկային ի՞նչ արժանիքներով էր օժտված:

 

–  Դեռևս ուսանողական տարիներին Գարիկը աշխատում էր քաղաքային շտապ բուժօգնությունում որպես բուժակ: Դրանք տարիներ էին, երբ մեծ դժվարություններ կային և´ հոսանքի, և´ վառելիքի հետ կապված, երկիրը գտնվում էր սոցիալ-տնտեսական ծանր վիճակում, անգամ անհրաժեշտ դեղորայքի խիստ պակաս էր զգացվում: Մենք միասին հաճախ էինք հերթապահում և կանչեր սպասարկում: Միշտ հիանում էի դժվար իրավիճակներում արագ կողմնորոշվելու և ամենաճիշտ լուծումը գտնելու նրա ունակությամբ: Լինում էին դեպքեր, երբ փողոցում քայլելիս մեզ էին մոտենում նախկին հիվանդները կամ նրանց հարազատները, որոնց նա բուժօգնություն էր ցույց տվել, և երախտիքի ու գովեստի խոսքեր հղում նրան, իսկ ինձ ասում էին`«բալա ջան, բախտդ բերել է»... 

 

Գարիկը շատ լավ երաժիշտ էր` ջութակահար. ավարտելով Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը` ցանկացել էր կոնսերվատորիա ընդունվել, սակայն բասկետբոլ խաղալիս (իսկ բասկետբոլ խաղում էր գրեթե պրոֆեսիոնալ մակարդակով) վնասել էր մատը, որի պատճառով ընդունելության քննություններին չէր կարողացել մասնակցել: Իր կազմակերպչական և երաժշտական բարձր ունակությունների շնորհիվ նա կարողացավ վերականգնել ինստիտուտում գործող«Մեդիկուս» անսամբլը, որը կարճ ժամանակ հետո սկսեց համերգներով հանդես գալ նաև արտասահմանում:

 

–  Որպես նրա կինը և գաղափարակիցը, ինչպե՞ս կգնահատեիք զինվորական բժշկական ծառայության կայացման գործում նրա կատարած աշխատանքը, հատկապես, որ նա զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության բուժվարչության պետի տեղակալի պաշտոնը:

 

–  Ավարտելով ինստիտուտը, Գարիկն ընտրեց թերապևտի մասնագիտությունը: Իր անսպառ էներգիայով նա միանգամից խորասուզվեց գիտության մեջ և ոգևորված հաճախ պատմում էր իրականացվող գիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների մասին: 1996 թ.-ից աշխատելով ՀՀ ՊՆ բուժվարչությունում` ամբողջովին նվիրվեց բանակի բուժծառայության կայացման պատասխանատու գործին: Չկա որևէ զինվորական հոսպիտալ կամ բուժկետ, որտեղ նա այցելած և իր կազմակերպչական հմտությամբ բարելաված չլիներ բուժծառայության աշխատանքը: Բազմաթիվ գործուղումներ էին լինում նաև Արցախ և ազատագրված տարածքներ: Միշտ մեծ ոգևորություն էր ապրում եղած թերությունները շտկելիս և դժվար իրավիճակում հայտնված ծառայությունները կարգավորելիս:


–  Իսկ ինչպիսի՞ն էր նա տանը:

 

–  Չնայած ծանրաբեռնվածությանը, երբեք չէր պակասում նրա ուշադրությունը ընտանիքի հանդեպ: Անգամ ամենադժվար գործուղումից շատ հոգնած վերադառնալիս հաճույքով հեքիաթ էր պատմում փոքրիկ Լիլիթի համար, կամ հանգամանալից պատասխանում նրա անվերջանալի հարցերին:


–  Գիտեմ, որ նա եղել է Ղարաբաղյան շարժման ակունքներում, ինչպես նաև բարեգործական ակտիվ գործունեություն է ծավալել...

 

–  Այո, ուսանողական տարիներին Գարիկը Ղարաբաղյան շարժման «Նախաձեռնող խմբի» ակտիվ անդամներից էր, որոնք բժշկականում համակարգում էին շարժումը: Որպես բուժակ նա մասնակցեց տարբեր մարտական գործողությունների` Երասխավանից սկսած մինչև Շուշի: Այնուհետև ստեղծելով ՙՆաիրի՚ բարեգործական միությունը` բժշկական ինստիտուտում կազմակերպեց բարեգործական ճաշարան, որտեղ ինձ համար անհասկանալի մեխանիզմներով ուսանողները սնվում էին` վճարելով ինքնարժեքից էլ շատ ցածր գին: Կազմակերպեց նաև բարեգործական դեղատուն, որտեղից ուսանողներն անվճար դեղորայք էին ստանում:

 

Բժշկականի «Նախաձեռնող խումբը» բավական մեծ հեղինակություն էր վայելում այլ բուհերի նմանատիպ կառույցների և տարբեր քաղաքական կազմակերպությունների երիտասարդական կառույցների շրջանում: Երբ ՀՀ նախագահին կից ստեղծվեց երիտասարդական խորհուրդ, Գարիկը նշանակվեց այդ խորհրդի քարտուղար: Այն ժամանակ նոր էին դրվում պետության կողմից իրականացվող երիտասարդական քաղաքականության հիմքերը:

 

–  Արդյո՞ք նույն խանդավառությամբ էր նա ծավալում իր գործունեությունն արդեն անկախ Հայաստանում:


–  Լինելով անսպառ եռանդի տեր և դժվարություններից ոչ միայն չվախեցող, այլև դրանք հաջողությամբ հաղթահարող անձնավորություն, դեռևս Ղարաբաղյան շարժման ակունքներում, Գարիկը ոգևորված անկախության գաղափարով, գտնում էր, որ անկախության մեկ-երկու տասնամյակը բավարար կլինի Հայաստանը ծաղկող երկիր դարձնելու համար: Նա իր ողջ էներգիան ներդրեց այդ գործին, սկզբնական շրջանում զբաղվելով Հայկական բանակի կարևորագույն ծառայություններից մեկի` բուժծառայության կազմակերպման գործով:

 

–  Մեզ հայտնի է, որ Գարեգին Հարությունյանը եղել է Հայկական բժշկական ասոցիացիայի հիմնադիր անդամ: Այդ ժամանակ Հայաստանում հասարակական ոլորտը կայացման փուլի իր առաջին քայլերն էր անում: Ի՞նչ կասեիք այդ մասին:

 

–  Ինչպես նշեցի, դեռևս ուսանողական տարիներին Գարիկն իր ընկերների հետ ստեղծել էր ՀՀ-ում առաջին ուսանողական խորհրդարանը և ՙ«Նաիրի» բարեգործական միությունը: Խանդավառվելով 2002 թվականին Մոսկվայից վերադարձած իրենց ընկերոջ` Պարունակ Զելվեյանի ներկայացրած գաղափարով, Գարիկն ու ընկերները հիմնադրեցին «Հայկական բժշկական ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը, որը շատ արագ դարձավ բժշկական ոլորտում ամենաճանաչված հասարակական կազմակերպություններից մեկը:

 

–  Ի՞նչ կմաղթեիք 55-ամյա«Առողջապահությանը»:


–  «Առողջապահություն» հանդեսը խորհրդային տարիներից սկսած ունեցել է իր ուրույն դերակատարությունը հասարակության և, մասնավորապես, երիտասարդ սերնդի կրթման ու դաստիարակության գործում: Շնորհավորելով հոբելյանի առթիվ` խմբագրության աշխատակազմին մաղթում եմ ուժ ու կորով, բեղմնավոր գործունեություն և նորանոր հաջողություններ:

Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ