Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Ծերությունը Հայաստանում. Ալցհայմերի հիվանդության մարտահրավերները (մաս 3-րդ)

Ծերությունը Հայաստանում. Ալցհայմերի հիվանդության մարտահրավերները (մաս 3-րդ)

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի կայքում գովազդվում է ախտորոշման ծառայություններ իր՝ Երևանում գտնվող հիշողության խանգարման կենտրոնում: Սակայն կլինիկայի ներսում Ալցհայմերի հիվանդությամբ (դեմենցիայի` ձեռքբերովի թուլամտության ծանր տեսակ) տառապող մարդիկ ոչ մի տեղ չեն երևում:

Անցնելով մանկական բաժանմունքի անհրապույր միջանցքներով, որտեղ երեխաներին գրկած մայրերը հերթ են կանգնել կամ հենվել են մաշված բազկաթոռներին, հասնում ես «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն, բժիշկ Կամսար Բաբինյանի արևոտ գրասենյակ: «Այստեղ Ալցհայմերով տառապող հիվանդներ չունենք»,- ձեռքերը կողմ տարածելով ասում է նա:

Ակնհայտորեն, ոչ մի ուրիշ տեղ էլ չկան:

Թեև Ալցհայմերի հիվանդությամբ և թուլամտության այլ դրսևորումներով (այս հիվանդությունների ժամանակ մարդիկ կորցնում են հիշողությունը և աստիճանաբար դառնում անկարող՝ կատարելու անգամ առօրյա պարզագույն գործողություններ) Հայաստանում տառապում է 65-ն անց 20-30 հազար քաղաքացի՝ զարմանալիորեն դժվար է գտնել նման հիվանդներ և մասնագետներ:

«Խնդիրն այն է, որ մարդիկ կարծում են, թե [Ալցհայմերի հիվանդությունն] ամոթալի է, և չեն ցանկանում ամբողջ աշխարհին ցույց տալ իրենց ամոթը»,- ասում է բժիշկ, Երևանի պետական բժշկական համալսարանի նյարդաբանության ամբիոնի վարիչ Հովհաննես Մանվելյանը, որը հավանաբար Հայաստանում Ալցհայմերի հիվանդությամբ մասնագիտացած միակ նյարդաբանն է: Քանի որ ձեռքբերովի թուլամտությունը ծանր սոցիալական խարան է, ընտանիքները նախընտրում են թաքցնել իրենց անպատվությունը լռության քողի հետևում: Շատ հիվանդների համար սա նշանակում է ապրել փակ դռների հետևում:

Սակայն Երևանի կենտրոնում գտնվող թիվ 2 պոլիկլինիկայում Մանվելյանը փորձում է բարձրացնել խնդրի մասին իրազեկվածությունը: Սան Ֆրանցիսկոյում Կալիֆոռնիայի համալսարանում որոշ ժամանակ աշխատելուց հետո Հայաստան վերադառնալուց ի վեր, նրա խոսքով` որոշ առաջընթաց է նկատվում:

«Երբ 2006-ին ԱՄՆ-ից Հայաստան եկա, նույնիսկ Ալցհայմերի հիվանդություն ախտորոշում չունեինք,- ասում է Մանվելյանը: - Այս բոլոր դեպքերը ընկալվում էին որպես ծերունական նորմալ փոփոխություններ՝ սովորական գործունեության կազմալուծում, հիշողության թուլացում, դեպրեսիա»:

Թեթևակի կախ ընկած դռնով ընդարձակ իր գրասենյակում Մանվելյանը թեքվել է միջին տարիքի տղամարդու վրա, որը պառկել է մետաղական մահճակալին: Սպիտակ խալաթներով բժշկական համալսարանի մի խումբ ուսանողներ խմբվել են Մանվելյանի շուրջը՝ դիտելու, թե ինչպես է բժիշկը հետազոտում հիվանդի ռեֆլեքսները: Հիվանդի կինն անհանգիստ սպասում է մոտակայքում:

Կարճ խորհրդատվությունից հետո Մանվելյանը թփթփացնում է հիվանդի մեջքին, իսկ կինը ժպտում է և շարժվում դեպի դուռը:

Մանվելյանն ասում է, որ հիվանդության իրազեկումը մեծացել է բժիշկների շրջանում՝ շնորհիվ ընտանեկան բժիշկների համար կազմակերպված համալսարանական դասախոսությունների և ուսուցումների: Հայաստանում ընտանեկան բժիշկները առաջինն են զննում հիվանդին, ապա ուղարկում համապատասխան մասնագիտացմամբ բժշկի մոտ: «Երկար ժամանակ պահանջվեց` ապացուցելու, որ գործ ունենք հիվանդության հետ, և որքան վաղ ախտորոշվի, այնքան ավելի մեծ հաջողություններ կունենանք»,- ասում է Մանվելյանը:

Թեև Ալցհայմերն անբուժելի է, սակայն 2009-ից Հայաստանում հասանելի են ոչ հանրահայտ ֆիրմաների դեղամիջոցներ, որոնք ինչ-որ կերպ կարող են կասեցնել հիվանդության զարգացումը: «Ժամանակը թանկ է, իսկ գինը` ուղեղը»,- ասում է Մանվելյանը:

Նորաստեղծ Ալցհայմերի հայկական ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Միխայիլ Աղաջանովը նվազ լավատես է: Թեև Հայաստանը Ռուսաստանից հետո միակ ԱՊՀ հանրապետությունն է, որը 2010-ին միացել է Ալցհայմերի հիվանդության միջազգային (ADI) կազմակերպությանը, նա ասում է, որ երկիրը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

Աղաջանովի խոսքով՝ հիմնական խնդիրը այս հիվանդության հետ կապված աճող ծախսերն են: Յուրաքանչյուր հիվանդ իրականում պահանջում է առնվազն 10 մասնագետների ուշադրություն՝ սկսած հոգեբանից ու նյարդաբանից մինչև լոգոպեդ ու վերջացրած շուրջօրյա բուժքույրով: Բնականաբար, ընտանիքներից քչերն են ի վիճակի նման համակողմանի խնամք ապահովել: «Սա ծախսատար հիվանդություն է: Յուրաքանչյուր հիվանդի խնամքի համար տարեկան անհրաժեշտ է միջինը 18.000 դոլար»,- ասում է նա:

Խնդիրն ավելի է սրվում այս ոլորտում համապատասխան որակավորմամբ բժիշկների բացակայությամբ: Չի օգնում նաև այն փաստը, որ ավելի թիրախային և ագրեսիվ դեղորայքը, որ այսօր կիրառվում է Եվրոպայում և ԱՄՆ-ում, դժվար հասանելի է Հայաստանում: Խոսելով անարդյունավետ դեղորայքի մասին` Աղաջանովն ասում է. «Մենք ուղեղում արյան շրջանառությունը կարգավորող դեղամիջոցներ ենք օգտագործում: Երբ օտարերկրյա գործընկերներս գալիս են այցելության, իրենց հետ որպես նվեր դեղեր են բերում, բայց ոչ այնքան, որ բոլորին բավարարի»:

Թեև դեմենցիայից տառապող մարդկանց համար հատուկ մասնագիտացված հիվանդանոց բացելու նպատակ կա, նախագիծը կանգնել է:

«Առանց վարձատրության ոչ ոք չի աշխատի, իսկ մենք գումար չունենք»,- ասում է Աղաջանովը: Լոնդոնի Ալցհայմերով հիվանդների աջակցության միջազգային կենտրոնը պարբերաբար նվիրաբերում է 500-ական դոլար, բայց այդ չեկերը հազիվ են բավարարում հոգալու իրազեկման թերթիկների տպագրության և սեպտեմբերի 21-ին Ալցհայմերի համաշխարհային օրվա կապակցությամբ համաժողով կազմակերպելու ծախսերը:

- Ֆինանսավորում չունենք,- ասում է նա:

Երևանի գլխավոր փողոցներից մեկում գտնվող պիցցայանոցում նստած Սուրեն և Լիլիթ Սարյաններն իրենց սեփական մաշկի վրա են զգացել Ալցհայմերի կործանարար ազդեցությունը: Սուրենի մայրն ընդամենը 40-անց էր, երբ դեմեցիայի առաջին ախտանշանները սկսեցին ի հայտ գալ: Երիտասարդ ամուսինները դժբախտություն ունեցան անձամբ բախվելու առողջապահական համակարգի թերություններին:

«Հիվանդությունն ուշ ախտորոշվեց, որովհետև նա ամեն կերպ փորձում էր թաքցնել, որ շատ մոռացկոտ է դարձել,- պատմում է Սուրենը: - Շատ դժվար ժամանակներ էին, վերջում մանկամիտ էր դարձել, երեխայի պես էր պահում իրեն՝ տիկնիկով խաղում էր, կոնֆետ գողանում և մոռանում, թե ինչ էր ասել»:

Մեկ ամիս տարբեր անալիզներ հանձնելուց և բժիշկների հետ խորհրդակցելուց հետո մի նյարդաբան վերջնական ախտորոշումը տվեց՝ Ալցհայմերի հիվանդություն: Դրան հետևեց գրեթե մեկ տասնամյակ, երբ հիվանդության ախտանշանների և բուժման եղանակների մասին մասին տեղեկություններ էին որոնում համացանցում ու զուգահեռ տարբեր հիվանդանոցներ և հաստատություններ դիմում:

«Բժիշկները մեծ մասամբ ոչ մի կոնկրետ բան չէին ասում, և մենք չունեինք վստահություն, թե իրենք գիտեին՝ ի´նչ էին անում: Դեղեր էին դուրս գրում՝ լավացնելու գլխուղեղի արյան շրջանառությունը, ուրիշ ոչինչ»,- պատմում է Լիլիթը:

Հոգեբանական ծանրությունը հերիք չէր, խնամքի ծախսը շուտով ավելացավ՝ մի քանի անգամ գերազանցելով հիվանդի 40.000 դրամ (98 դրամ) կենսաթոշակը: Անգամ մոտ բարեկամների օգնությունը չէր օգնում փակելու հիվանդանոցում ստացիոնար խնամքի համար անհրաժեշտ օրական 15.000 դրամը (37 դոլար):

Ի վերջո, ընտանիքը խնամակալ վարձեց, առանց հատուկ որակավորման: Թանկ դեղորայքը, որ հաճախ Ռուսաստանից կամ Գերմանիայից էին պատվիրում, և խնամակալի ամսավճարը միասին կազմում էին ամսական 400-800 դոլար:

Ավելին, նրանց ընկերներն ու հարազատները նախատում էին խնամակալ վարձելու համար: «Մարդիկ ասում էին՝ ինչո՞ւ ինքներդ չեք խնամում: Չէին հասկանում, թե դա ի´նչ դժվար է, մեղադրում էին մեզ»,- պատմում է Լիլիթը:

Թեև Սուրենի 58-ամյա մայրը մահացել է այս տարվա փետրվարին, ընտանիքը չի մոռանում Ալցհայմերի սարսափելի պատկերը: «Երբ այս հիվանդության մասին տեղեկացանք, տեսանք նաև դրանով տառապող շատ շատերի»,- ասում է Լիլիթ Սարյանը՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության հայաստանյան գրասենյակի մարդկային ռեսուրսների բաժնի վարիչը. «Որոշեցինք, որ մի օր հատուկ հիվանդանոց ենք բացելու նման հիվանդների համար, որպեսզի հարազատները չտանջեն նրանց»:

Սուրենը գլխով է անում՝ համաձայնելով: «Պիցցա Պեպինիոյի» տնօրեն, գործարար Սուրենն ասում է` այժմ ֆինանսավորում է փնտրում. «Հետո մի լավ տարածք կգտնենք մեծ բակով, որտեղ հիվանդները կարող են զբոսնել և ժամանակ անցկացնել: Չգիտեմ՝ ինչքանով կհաջողվի, բայց կանենք ամեն հնարավորը»:

Մի երկրում, որտեղ Ալցհայմերով հիվանդները և նրանց ընտանիքները դիմելու տեղ չունեն, անգամ փոքր քայլը լավ քայլ է դեպի առաջ:

Սկզբնաղբյուր. armenianow.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ