Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Ծերություև և երկարակեցություն

Ծերությունը Հայաստանում. կենսաթոշակային խնդիրներ (մաս 2-րդ)

Ծերությունը Հայաստանում. կենսաթոշակային խնդիրներ (մաս 2-րդ)

Սպասքի մետաղական զրնգոցն ու ափսեների շխկշխկոցը խառնվում են խուլ ձայներին և թարմ պատրաստված մակարոնի բույրին Երևանի Շենգավիթի բարեգործական ճաշարանում :

 

Հարյուրից ավելի տարեցներ հերթ են կանգնել իրենց բաժինը ստանալու կամ էլ խմբվել ենինքնաշեն սեղանների մոտ և արդեն ճաշում են. քանդակազարդ առաստաղով տպավորիչ սրահում ամռան տոթի պատճառով օդն ասես կանգնած լինի:

 

Չնայած վերջին տարիներին կյանքի տևողությունը երկարել է, իսկ առողջապահական ծառայությունները` բարելավվել, կենսաթոշակառուների մի հոծ խումբ, որ կանգնած սպասում է անվճար տաք ապուրի, վկայում է Հայաստանի դեռ շարունակվող տնտեսական դժվարությունների մասին: Երբ թոշակն ամսական ընդամենը 31.000 դրամ է (75 դոլար) մի երկրում, որտեղ գնաճի հետևանքով ապրանքների գները անդադար բարձրանում են, շուրջ կես միլիոն ծերեր հազիվ են ծայրը ծայրին հասցնում:

Սոնա Հովակիմյանը՝ «Առաքելություն Հայաստան» ՀԿ հիմնադրած բարեգործական ճաշարանի 25-ամյա սոցիալական աշխատողը, քաջ ծանոթ է իր տարեց շահառուների խնդիրներին: Որպես 150 սոցիալապես անապահով կենսաթոշակառուների միակ խնամակալ` նա ասում է, որ նրա աշխատանքային ծանրաբեռնվածությունը մեծ է, պարտականությունների շրջանակը՝ լայն:

«Տարեց մարդիկ տեղեկատվության կարիք ունեն, քանի որ չգիտեն, թե ինչպես պայքարեն սեփական իրավունքների համար, կամ էլ չունեն անհրաժեշտ հմտություններ՝ հոգալու իրենց կարիքները»,- ասում է նա` իր նեղ ու փոքր, բայց արևոտ գրասենյակում նստած: Ծանր քայլելով՝ ներս են մտնում մի քանի ծերեր, Հովակիմյանը նրանց ողջունում է ջերմ ժպիտով. «Մենք փորձում ենք բարելավել նրանց կյանքն ու օգնում ենք լուծելու խնդիրները»:

Ծերերից շատերի կենսապայմաններն իրոք սարսափելի են: Եթե 90-ականների սկզբին ջեռուցում և գազամատակարարում չկային Ադրբեջանի հետ պատերազմի պատճառով, ապա այժմ ծերերը չեն կարողանում դրանցից օգտվել արդեն անընդհատ բարձրացող գների հետևանքով, ասում է «Առաքելություն Հայաստան» ՀԿ նահագահ և համահիմնադիր Հռիփսիմե Կիրակոսյանը:

100-ամյա Ելենա Աբրահամյանը մեկն է «Առաքելություն Հայաստանի» 4000-ից ավելի շահառուներից: Կազմակերպության սոցիալ-առողջապահական ծառայությունների կոորդինացման բաժնի ղեկավար Նուրիկ Դաղունցի խոսքով՝ մեկ դար ապրած այս կինը լքված էր ու միայնակ: «Տաղանդավոր նկարչուհի էր, բայց նրան գտանք՝ մատները ցրտահարված, որովհետև ջեռուցման վարձն ի վիճակի չէր վճարել»,- պատմում է նա:

Այսօր Աբրահամյանը նորից նկարում է, նա նաև հուշեր է գրել իր կյանքի փորձությունների և ապրումների մասին` որպես Հայոց ցեղասպանությունը վերապրած: Ցույց տալով «Առաքելություն Հայաստանի» մասնաշենքի պատերից մեկից կախված կտավը, որում պատկերված են ծաղկամանի մեջ դրված նուրբ ճերմակ և բաց մանուշակագույն ծաղիկներ, Դաղունցն ասում է. «Մեզ է նվիրել՝ ի նշան երախտագիտության»:

Հայաստանի բնակչության 16 տոկոսը հասել է կենսաթոշակային տարիքի: Եվ չնայած «Առաքելություն Հայաստանի» և նման ՀԿ-ների օգնության, Հայկական բարեգործական ընդհանուր միության ճաշարանի առկայության և բարեգործական այլ աջակցության՝ ծերացող հասարակությունն այս երկրում շուտով չափազանց սրությամբ է զգալու կենսաթոշակային խնդիրների բացասական ազդեցությունը:

Թեև աշխատավարձերից 26 տոկոս պահվում է որպես կենսաթոշակային հատկացում, միջին կենսաթոշակն անգամ ավելի քիչ է, քան սպառողական զամբյուղով սահմանված կենսապահովման համար անհրաժեշտ նվազագույն դրամը:

«Մենք այս համակարգը ժառանգել ենք Խորհրդային Միությունից, այստեղ մի սերունդը վճարում է գալիք սերնդի համար»,- ասում է Արմեն Ուդումյանը՝ «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի» համագործակցությունների զարգացման և ռեսուրսների ներգրավման պատասխանատուն:

Ուդումյանի կազմակերպությունը մասամբ ֆինանսավորվում է պետության կողմից՝ կենսաթոշակային հետագա բարեփոխումների մասին իրազեկելու նպատակով: Նրա խոսքով՝ հին համակարգն այլևս կենսունակ չէ: Ծերացող հասարակության, գործազրկության բարձր տոկոսի և երիտասարդների շարունակվող արտագաղթի պարագայում, ընդհանուր առմամբ, մեծապես նվազել է եկամուտ ստեղծող պոտենցիալ հարկատուների թիվը: Խնդիրն ավելի է սրվում այսպես կոչված «ստվերային տնտեսության» առկայությամբ, երբ որոշ գործատուներ, իրենց աշխատակիցների համաձայնությամբ, թաքցնում են իրական եկամուտը՝ խուսափելով լրիվ հարկերը վճարելուց:

Ճիշտ է, երկիրը դժվար կացության մեջ է, բայց անմխիթար չէ: Պարտադիր կենսաթոշակներ նախատեսող բարեփոխմամբ՝ 16-40 տարեկան աշխատողները հնարավորություն ունեն իրենց սեփական կենսաթոշակային ֆոնդը ստեղծելու և ապահովելու իրենց ծերությունը: Աշխատանքով ապահովված մարդիկ այսօր կարող են վերահսկել իրենց կենսաթոշակային կուտակային հաշիվները և որոշել, թե ինչպես տնօրինել սեփական խնայողությունները:

Չնայած շատերը թերահավատորեն են վերաբերվում այս բարեփոխմանը, Ուդումյանի խոսքով՝ վերջին փոփոխությունները որոշակի առավելություններ են խոստանում: Նա հավաստիացնում է, որ համակարգն ավելի թափանցիկ կդառնա՝ սկսած կենսաթոշակային կուտակային հաշիվների վերահսկումից և ավելի խիստ հարկային հսկողությունից մինչև տեղեկատվական և հաղորդակցման տեխնոլոգիաների զարգացումը:

Բայց անգամ նոր համակարգի ներմուծումը չի լուծում կենսաթոշակային առկա խնդիրները: Հայաստանցիները շոշափելի փոփոխություն կսկսեն զգալ միայն 2037 թ., երբ առաջին տարիքային խումբը, ըստ նոր համակարգի, անցնի կենսաթոշակի: «Այս բարեփոխումը կենսաթոշակառուների ներկայիս սերնդի վրա չի ազդի: Միայն հաջորդ սերունդը կօգտվի»,- ասում է Ուդումյանը:

Անահիտ Գևորգյանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների վարչության պետի տեղակալը, համամիտ է, որ բարեփոխումները այսօրվա տարեցների հոգսը չեն թեթևացնի. «Ինձ վրա էլ չի ազդելու, ես էլ եմ ցածր կենսաթոշակ ստանալու»:

Նրա խոսքով՝ փոքր պետական բյուջեով հանդերձ, իրավիճակը բարելավվում է: «20 տարի առաջ Հայաստանը չուներ ծերերի աջակցության ոչ մի համակարգ: Հիմա մենք 5000 շահառու ունենք, որոնք տնային խնամք են ստանում, 1250-ը ծերանոցներում են, իսկ 2500-ն էլ՝ ցերեկային խնամքի կենտրոններում են աջակցություն ստանում»:

Կառավարությունը նաև իրավիճակը բարելավելու երկարաժամկետ ռազմավարական ծրագիր է մշակում: Ծրագրի նպատակներից են՝ վերապատրաստել գերոնտոլոգներ, որոնք կզբաղվեն ծերերի խնդիրներով, ինչպես նաև անօթևան ծերերի համար կառուցել բնակարաններ, ստեղծել Հայաստանում առաջին «հոսփիսները», որոնք պալիատիվ խնամք կապահովեն մահացու հիվանդների համար, և բացել ևս հինգ ցերեկային խնամքի կենտրոններ տարեցների համար:

«Հուսով եմ՝ ծրագիրը կհաստատվի»,- ասում է նա՝ հավելելով, որ ծրագիրն այժմ քննարկման փուլում է: «Եթե անգամ ծրագրի 20 տոկոսն էլ ֆինանսավորվի և կյանքի կոչվի, տարեցների կյանքում որակական մեծ փոփոխություններ կլինեն»:

Վերադառնալով Շենգավիթի ճաշարան՝ ճաշն ավարտած ծերերը պատրաստակամորեն պատմում են իրենց մասին: 71-ամյա Սվետլանա Ղազարյանը նստած է ճոճաթոռին ճաշարանին կից զուսպ, կոկիկ խորհրդատվությունների սենյակում: Հետևի պատից կախված է Վան Գոգի «Մորմոքող ծերունի» կտավի վերատպությունը, որում ալեհեր մի ծերունի նստած է դատարկ սենյակում՝ գլուխը բռունցքների մեջ առած:

Ճաշարանում շատերի նման, Ղազարյանը ոչ միայն ինքն է գոյատևում իր աղքատիկ թոշակով, այլև օգնում է ընտանիքին: Նրա, 32-ամյա հաշմանդամ դստեր և 4-ամյա թոռան ապրուստի միջոցը ամսական 50.000 դրամ (120 դոլար) կենսաթոշակն է:

«Մենք այդ փողով ձգում ենք մինչև ամեն ամսվա 20-ը,- ասում է նա թարգմանչի օգնությամբ: - Գազի ու էլեկտրականության վարձերը տալուց հետո տակը բան չի մնում ուրիշ բաների համար: Վերջին տասը օրերին մեր միակ փրկությունը «Առաքելություն Հայաստանն» է»:

Աղքատությունը հերիք չէ, նա նաև ընտանեկան բռնության զոհ է: «Մեկ-մեկ, որ ուտելու բան չենք ունենում, աղջիկս ինձ ծեծում է»,- ասում է նա՝ արցունքներն աչքերից թափելով, և ցույց տալիս կապտուկներով ու սպիներով պատված ձեռքերը:

Բարեփոխումները գուցեև ճանապարհին են, իսկ մինչ այդ Ղազարյանը և նրա պես շատերը, որ հավաքված են անհրապույր ընդունարանում և սոցիալական աշխատողի խորհրդատվությանն են սպասում, միաձայն ասում են, որ «Առաքելություն Հայաստանի» պես կազմակերպությունները փոխել են իրենց կյանքը: Որոշ դեպքերում արդեն առաջխաղացում է նկատվում:

«Ես շատ գոհ եմ, քանի որ տարիներ շարունակ չկար այն օգնությունը, որ այսօր ունենք,- ասում է 74-ամյա Ռոզա Հակոբյանը, ով հաշմանդամ դստերն է խնամում՝ գոյատևելով միայն կենսաթոշակով: - Առաջ հագնելու կոշիկ էլ չունեինք»:

Մեջքը պատին հենած, վառ վարդագույն վերնաշապիկը հագին՝ Ռ. Հակոբյանն ասես տոկունության և մարդու համակերպվելու ունակության մարմնավորումն է: Այն հարցին, թե ապագայի ի´նչ հույսեր ունի, նա պարզապես պատասխանում է. «Ուտելու, հագնելու բան լինի` ինձ հերիք ա, ուրիշ բան չեմ ուզում»:

Սկզբնաղբյուր. armenianow.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am
Ծերությունը և առողջությունը. armeniamedicalcenter.am

Մարդկանց մեծամասնության մոտ ծերացմանը զուգահեռ վատանում է առողջական վիճակը, տուժում է տարբեր օրգան-համակարգերի նորմալ գործունեությունը...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Սնունդն ու ծերացումը. urolog.am
Սնունդն ու ծերացումը. urolog.am

Տարիքի առաջացման հետ մեկտեղ, փոխվում են տղամարդու սննդի կարիքներն ու կալորիաների այրումը։ Ուստի անհրաժեշտ է իմանալ յուրաքանչյուր տարիքի համար սննդի տեսակի, կարևորության, վտանգավորության, քանակության...

Սնունդը և առողջությունը
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3
Արևային հերոդերմիա. Սալուտեմ ամսագիր №3

Տարիներ շարունակ արևային լույսի կանոնավոր ներգործությունը կարող է հանգեցնել մաշկի վաղաժամ ծերացման՝ արևային հերոդերմիայի, համախտանիշի, որը պայմանավորված է ուլտրամանուշակագույն ճառագայթների...

Մաշկաբանություն Առողջ և գեղեցիկ Սալուտեմ 3.2021
Ծերացում (Aging). urolog.am
Ծերացում (Aging). urolog.am

Ծերացումը հոգեբանական, ֆիզիկական և սոցիալական փոփոխությունների ամբողջություն է, որի ժամանակ բոլոր կենսական նշանակության օրգանները սկսում են կորցնել իրենց որոշ գործառույթներ։ Ծերացման փոփոխությունները...

Ֆիզիկական թերակտիվությունը` որպես ռիսկի գործոն
Ֆիզիկական թերակտիվությունը` որպես ռիսկի գործոն

Ֆիզիկական ակտիվությունը՝ մարմնի կմախքային մկանների յուրաքանչյուր շարժումն է, որի ժամանակ ծախսվում է ավելի շատ էներգիա, քան հանգիստ վիճակում: Ֆիզիկական թերակտիվությունը ճարպակալման զարգացման հիմնական ռիսկի գործոնն է...

ՀՀ ԱՆ. Առողջ ծերություն
ՀՀ ԱՆ. Առողջ ծերություն

Ընդունված է հասարակության խոցելի խումբ համարել երեխաներին և ծերերին: Նրանք են, որ մշտապես հատուկ ուշադրության և հոգատարության կարիք ունեն: Ցրտաշունչ ձմեռը մեծահասակների նկատմամբ հատուկ ուշադրություն...

Երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս. 1in.am
Երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս. 1in.am

Ստորեւ կներկայացվում է երկարակեցությանը նպաստող բաղադրատոմս, որը պատրաստվում է արագ և հեշտությամբ, ընդ որում այն պետք է օգտագործել անմիջապես...

Սնունդը և առողջությունը
Գիտնականները որոշել են այն ըմպելիքները, որոնք երկարացնում են կյանքը. 1in.am
Գիտնականները որոշել են այն ըմպելիքները, որոնք երկարացնում են կյանքը. 1in.am

Գիտնականները խորհուրդ են տալիս օրաբաժնում ընդգրկել 9 ըմպելիք, որոնք նպաստում են երկարակեցությանը: Բացի օրական 2.5 լ ջուր խմելուց, որը բջիջները հարստացնում է թթվածնով, նորացնում է դրանք և կանխում ճարպակալումը, կարևոր են...

Սնունդը և առողջությունը
Երկարակեցության 9 ամենաարտառոց գաղտնիքներ. 1in.am
Երկարակեցության 9 ամենաարտառոց գաղտնիքներ. 1in.am

Այժմ արդեն հազվադեպ երևույթ չէ 100 տարուց ավելի ապրելը: Supreme2.ru-ն հավաքել է երկարակյացների ամենաանսպասելի և արտառոց գաղտնիքները: Սակայն դրանք չպետք է ընդունել որպես առողջության բաղադրատոմս...

10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի. 1in.am
10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի. 1in.am

Healthinfo.ua-ը ներկայացնում է 10 ոսկե կանոն, որոնք կօգնեն ապրել 100 տարի...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Հանրահայտ խոհարարը թվարկել է 14 մթերք, որոնք նպաստում են երկարակեցությանը. news.am
Հանրահայտ խոհարարը թվարկել է 14 մթերք, որոնք նպաստում են երկարակեցությանը. news.am

Հանրահայտ խոհարար ու հեռուստահաղորդավար Ջեյմի Օլիվերը երկար տարիներ ճամփորդել է աշխարհում, որպեսզի գտնի ամենաառողջարար մթերքները. հիմա նա պատմում է, թե ինչ է պետք ուտել՝ մինչեւ 100 տարեկան...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ծերացումը կարելի է դանդաղեցնել բեռնաթափման օրերի միջոցով. 1in.am
Ծերացումը կարելի է դանդաղեցնել բեռնաթափման օրերի միջոցով. 1in.am

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները պնդում են, որ ծերացումը կարելի է դանդաղեցնել բեռնաթափման օրերի միջոցով...

Սնունդը և առողջությունը Սննդակարգեր
Երկարակեցության 10 խորհուրդ մոլորակի ամենատարեց մարդկանց կողմից. 1in.am
Երկարակեցության 10 խորհուրդ մոլորակի ամենատարեց մարդկանց կողմից. 1in.am

novate.ru-ն ներկայացնում է երկարակեցության խորհուրդներ այն մարդկանց կողմից, ովքեր հատել են 100-ամյակի շեմը...

Սովորություններ, որոնք ծերացնում են մարդկանց. 1in.am
Սովորություններ, որոնք ծերացնում են մարդկանց. 1in.am

Ladyhealth.com.ua-ի փոխանցմամբ` բժիշկները թվարկել են մի շարք սովորություններ, որոնք ծերացնում են մեզ...

Վնասակար սովորություններ
Ծերացմանը նպաստող երեք մթերք. med.news.am
Ծերացմանը նպաստող երեք մթերք. med.news.am

Որոշ մթերքներ կարող են նպաստել ծերացմանը, հատկապես, եթե դրանք հագեցած են շաքարով, ճարպերով, աղով: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի այդպիսի մթերք...

Սնունդը և առողջությունը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ