Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ծերություև և երկարակեցություն

Ծերացում

Ծերացում

Ծերացումը մարդու կենսագործունեությունն ապահովող համակարգերում դեզինտեգրացիայի դրսևորումն է։ Այն հակասություններով լի շրջան է մարդու զարգացման ընդհանուր գործընթացում և բնութագրում է մարդու կյանքի վերջին փուլը։

 

Ծերացումը նորմալ ֆիզիոլոգիական երևույթ է, որն առաջացնում է ախտաբանական փոփոխություններ, որոնք, ի վերջո, բերում են մահվան։ Ծերացումն ինքնին կարելի է դիտարկել կյանքի մի փուլ այն իմաստով, որ այն ստատիկ երևույթ չէ և բնութագրվում է թե՛ հին, թե՛ նոր ձեռք բերած պաշտպանական ռեակցիաներով և մեխանիզմներով՝ զանազան ֆիզիկական, սոցիալական և հոգեբանական ազդակների (գործոնների) հանդեպ: Տարբեր մարդկանց մոտ ծերացման գործընթացը յուրովի է ընթանում, սակայն այն համընդհանուր բնույթ է կրում։ Ծերացումը բազմագործոնային երևույթ է և, ըստ այդմ էլ, ձևավորում են հետևյալ չորս տեսակները` նորմալ-ֆիզիոլոգիական, ախտաբանական, արագացած (կամ վաղաժամ) և դանդաղած (ուշացած կամ երկարակեցություն)։

Նորմալ ֆիզիոլոգիական ծերացումը բնութագրվում է տարիքային փոփոխությունների համապատասխան տեմպով և հաջորդականությամբ, որոնք համահունչ են օրգանիզմի կենսաբանական հարմարվողական մեխանիզմներին և հնարավորություններին։ Արագացած ծերացումը բնութագրվում է տարիքային փոփոխությունների ավելի վաղ դրսևորմամբ` կենսաբանական տարիքը առաջ է ընկնում օրացուցային տարիքից։ Դանդաղած ծերացումը (երկարակեցությունը) արտահայտվում է կենսաբանական տարիքի հետ ընկնելով։

Ծերացումը համարում են ախտաբանական, երբ նորմալ ֆիզիոլոգիական ծերացման կառուցվածքում ձևավորվում են զանազան համախտանիշներ (նևրոտիկ, աֆեկտիվ, զառանցանքային)։ Ծերացման «կլինիկան», հիմքում ունենալով նյարդային և անոթային համակարգերի փոփոխությունները, արտահայտվում է հետևյալ ախտանիշներով` հյուծվածություն, ցածր ինտելեկտուալ և ֆիզիկական աշխատունակություն, հիշողության թուլացում, հուզական և կամային անկայունություն, նյարդային պրոցեսների շարժողականության անկում (ռիգիդություն), անհամապատասխան վազոմոտոր ռեակցիաներ, զգացողությունների (սենսորիկայի) և շարժումների (մոտորիկայի) դանդաղում և թուլացում, վերարտադրողական ֆունկցիայի կորուստ, տարբեր օրգանների հարմարվողական հնարավորությունների անկում։

Պատճառագիտությունը։ Ծերացումը բավականին բարդ և բազմագործոնային պրոցես է, որի բացատրման համար այսօր ընդունված է, այսպես կոչված, ինտեգրատիվ մոտեցումը։ Այդ մոտեցումն այլ կերպ կոչվում է էտագենեզի տեսություն, որը հաշվի է առնում հասուն մարդու (անհատի) զարգացման գործընթացում օրգանիզմի «արտաքին» և «ներքին» միջավայրի ազդեցությունները, ժառանգական և միջավայրի գործոնները, հիմնվում է գենոտիպի և ֆենոտիպի փոխհարաբերությունների վրա։

Այլ տեսություններից հետաքրքրություն է ներկայացնում ժառանգական գենետիկական տեսությունը, ըստ որի՝ ծերությունը կանխավ ծրագրված է։ Ըստ արտաքին միջավայրի ազդեցության տեսության՝ հիվանդությունները, տրավմաները և մի շարք այլ արտաքին ազդեցություններ նպաստում են օրգանիզմի «մաշվելուն»։ Ծերացմանն են նպաստում մի շարք «ռիսկի գործոններ»՝ զանազան հիվանդությունները, ժառանգականությունը, սթրեսները, վնասակար սովորույթները, հիպոդինամիան, սնունդը, բնապահպանական գործոնները և այլն:

Հեղինակ. Ս.Հ. Սուքիասյան, Ս.Պ. Մարգարյան
Սկզբնաղբյուր. Հոգեբուժություն
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. elvensou1.ru
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ