Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին բժշկական օգնություն

Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում

Առաջին հոգեբանական օգնությունն արտակարգ իրավիճակներում

Արտակարգ իրավիճակներում հոգեբանական տրավմայի ենթարկված մարդկանց օգնություն ցուցաբերելու հիմնական սկզբունքները հետևյալն են.

 

  • անհետաձգելիությունը,
  • դեպքերի վայրին մոտ լինելը,
  • սպասումը, որ նորմալ վիճակը կվերականգնվի,
  • հոգեբանական ազդեցության պարզությունն ու միասնությունը:

 

Անհետաձգելիությունը ենթադրում է, որ հոգեբանական օգնությունը տուժածին պետք է ցուցաբերվի հնարավորինս շուտ. որքան շատ ժամանակ անցնի տրավմա ստանալու պահից, այդքան մեծ է հավանականությունը, որ խանգարումը քրոնիկ կդառնա, ինչպես նաև ավելի մեծ է հետտրավմատիկ սթրեսային խանգարման հավանականությունը:

 

Դեպքերի վայրին մոտ լինելու սկզբունքը ենթադրում է օգնության ցուցաբերում ծանոթ իրավիճակում ու ծանոթ սոցիալական շրջապատում, ինչպես նաև հոսպիտալացման բացասական ազդեցության նվազեցում:

 

Նորմալ իրավիճակի վերականգնման սպասում. վնասվածք ստացած մարդու հետ պետք է վարվել ոչ թե որպես հիվանդի, այլ որպես նորմալ մարդու:

 

Հոգեբանական ազդեցության միասնությունը ենթադրում է, որ աջակցությունը պետք է տրվի կա՛մ մեկ անձի կողմից, կա՛մ այդ ազդեցությունը պետք է միասնականացված լինի:

 

Հոգեբանական ազդեցության պարզություն. անհրաժեշտ է տուժածին հեռացնել տրավմայի աղբյուրից, ապահովել նրան  հանգիստ վիճակ, անվտանգ միջավայր, սնունդ, լսված լինելու հնարավորություն տալ:

 

Արտակարգ իրավիճակներում հոգեբանի աշխատանքը տարբերվում է սովորական պայմաններում իրականացվող թերապևտիկ գործունեությունից հետևյալով.

 

  1. Աշխատանք խմբերում: Հաճախ անհրաժեշտ է լինում զոհերի հետ իրականացնել խմբակային աշխատանք: Ելնելով հոգեթերապևտիկ կարիքներից`այդ խմբերը չեն ընտրվում հոգեբանի (հոգեթերապևտի) կողմից արհեստականորեն, այլ ստեղծվում են աղետի դրամատիկական իրավիճակից ելնելով: Այցելուները հաճախ հայտնվում են ծանր աֆեկտի իրավիճակում: Հաճախ հարկ է լինում աշխատել, երբ տուժածները դեռ գտնվում են աֆեկտի ազդեցության տակ, որն այդքան էլ սովորական չէ նորմալ հոգեթերապևտիկ աշխատանքի համար:

  2. Տուժածների սոցիալական ու կրթական ցածր մակարդակ. հաճախ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր իրենց սոցիալական ու կրթական մակարդակից ելնելով՝ երբեք չէին հայտնվի հոգեթերապևտի աշխատասենյակում:

  3. Զոհերի հոգեպաթոլոգիաների տարատեսակություն. բռնության զոհերը հաճախ տրավմատիկ սթրեսից բացի տառապում են նևրոզներով, պսիխոզներով, բնավորության խանգարումներով և աղետի կամ այլ վնասող իրավիճակի պատճառով առաջացած մի շարք  տարատեսակ խնդիրներով, ինչպիսիք են, օրինակ, ապրուստի միջոցների բացակայությունը, աշխատանքի բացակայությունը և այլն:

 

Գրեթե բոլոր այցելուները կորստի զգացողություն ունեն, քանի որ նրանցից շատերը կորցնում են հարազատներին, աշխատավայրը, ապրուստը, որն իր ներդրումն է ունենում այցելուի նոզոլոգիական պատկերում, հատկապես այդ ախտանիշի դեպրեսիվ բաղադրիչի մեջ: Առաջին հոգեբանական օգնության նպատակն ու խնդիրներն են`

 

  • սուր պանիկ ռեակցիաների, հոգեծին նյարդա-հոգեկան խանգարումների կանխարգելումը,
  • անհատի ադապտացիոն հնարավորությունների բարձրացումը,
  • սահմանային նյարդա-հոգեկան խանգարումների հոգեթերապիան:

 

Հոգեթերապիան ու հոգեկանխարգելումն  իրականացվում են երկու ուղղությամբ.

 

Առաջինը. հասարակության առողջ մասի հետ` որպես կանխարգելում.

 

  • սուր պանիկ խանգարումների,
  • հետաձգված  նյարդա-հոգեկան խանգարումների:

 

Երկրորդ ուղղությունը զարգացած նյարդա-հոգեկան խանգարումներով մարդկանց հետ իրականացվող հոգեթերապիան ու հոգեպրոֆիլակտիկան են:

 

Վթարների վայրում փրկողական աշխատանքների տեխնիկական դժվարությունները կարող են հանգեցնել նրան, որ տրավմայի ենթարկված մարդիկ երկար ժամանակ գտնվեն արտաքին աշխարհից ամբողջովին մեկուսացված վիճակում: Այդ դեպքում իրականացվում է հոգեթերապևտիկ օգնություն «տեղեկատվական թերապիայի» միջոցով, որի նպատակն այն մարդկանց հոգեբանական աջակցումն է, ովքեր կենդանի են մնացել, սակայն գտնվում են մեկուսացման մեջ շրջապատող աշխարհից (երկրաշարժեր, պայթյուններ, վթարների արդյունքում բնակարանների փլուզում):

 

«Տեղեկատվական թերապիան» իրականացվում է ռադիոհեռախոսների միջոցով և հետևյալ հաղորդագրությունների հաղորդմամբ, որոնք պետք է տուժածները լսեն.

 

  • Տեղեկատվություն այն մասին, որ շրջապատող աշխարհը գնում է նրանց ընդհառաջ, և ամեն ինչ արվում է, որպեսզի օգնությունը հասնի հնարավորինս շուտ:

  • Մեկուսացման մեջ գտնվողները պետք է հնարավորինս հանգստություն պահպանեն, քանի որ դա նրանց փրկության կարևոր պայմաններից է:

  • Անհրաժեշտ է, որպեսզի տուժածներն օգնություն ցուցաբերեն իրենք իրենց:

  • Փլատակների տակ մնալու դեպքում անհրաժեշտ է խուսափել ինքնուրույն որևէ ֆիզիկական ջանք գործադրելուց, քանի որ դա կարող է հանգեցնել նրանց  վրա բեկորների թափվելուն:

  • Անհրաժեշտ է մաքսիմալ խնայել ուժերը:

  • Խորհուրդ է տրվում փակել աչքերը, որը կօգնի գտնվել նիրհի վիճակում և խնայել ուժերը: Հարկավոր է շնչել քթով դանդաղ, ոչ խորը, ինչը թույլ կտա խնայել խոնավությունն ու թթվածինը թե՛ օրգանիզմում, թե՛ շրջապատում:

  • Մտովի մի քանի անգամ կրկնել հետևյալ արտահայտությունը. «Ես լիովին հանգիստ եմ». այն թույլ կտա ձերբազատվել ներքին լարվածությունից ու կարգավորել սրտի զարկերն ու զարկերակային ճնշումը, ինչպես նաև  բարձրացնել ինքնակառավարումը:

  • «Գերությունից» ազատվելը կարող է ավելի շատ ժամանակ խլել, քան կցանկանային տուժածները: Հարկավոր է նրանց պարբերաբար հիշեցնել, որ լինեն  ուժեղ և համբերատար, քանի որ շուտով  օգնությունը  կմոտենա:

 

«Տեղեկատվական թերապիայի» նպատակներից մեկը տուժածների մոտ վախի զգացողության նվազեցումն է, քանի որ հայտնի է, որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ վախից ավելի հաճախ են մահանում, քան իրական վտանգի գործոնից: Շինության փլատակներից տուժածներին հանելուց հետո անհրաժեշտ է շարունակել հոգեթերապիան ստացիոնար պայմաններում:  

 

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. galo.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ