Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աշխատավայրում

Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն

Մենեջերի համախտանիշ կամ պատասխանատու վարչարարի հիվանդություն

Հոգեբանի անկյունն անդրադարձել էր սթրեսին և նրա հետևանքներին: Այժմ կփորձենք ներկայացնել 21-րդ դարում առավել հաճախ հանդիպող աշխատանքային սթրեսի տարբերակներից մեկը, այսպես կոչված` մենեջերի համախտանիշը: 

 

Մենեջերի համախտանիշը կարող է խոցել ցանկացած մարդու. բավական է լինել գերպատասխանատու, հավակնոտ, նպատակասլաց, և դուք արդեն ռիսկի խմբում եք: Այս «գերպատասխանատու» հիվանդությունն ավելի հաճախ հանդիպում է 30-45 տարեկան տղամարդկանց շրջանում: Համախտանիշից ապահովագրված չեն նաև այն կանայք, որոնք շատ լուրջ են վերաբերվում կարիերային: Ցավոք, այս տվյալները շատ հարաբերական են. չէ± որ մենեջերի համախտանիշը մինչև օրս ներառված չէ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիվանդությունների դասակարգման ցանկում: Այս հիվանդությունն առավել հաճախ ախտորոշվում է որպես քրոնիկական հոգնածություն կամ ընկճախտ` դեպրեսիա, թեպետ սրանք մենեջերի համախտանիշի միայն որոշ բաղկացուցիչներն են: Քրոնիկական հոգնածություն է ախտորոշվում այն մարդկանց մոտ, որոնք աշխատավայրում շատ ժամանակ են անցկացնում, քան անհրաժեշտ է` շաբաթական գրեթե 50-60 ժամ: Շուտով հոգնածությունը սկսում է դրսևորվել անտարբերությամբ. մարդը կորցնում է ոչ միայն աշխատանքից, այլև կյանքից հաճույք ստանալու ցանկությունը: 

 

Հոգնածության երկրորդ ուղեկիցը ցրվածությունն է, երբ անհնար է դառնում կենտրոնանալ մեկ աշխատանքի վրա: Մարդիկ սկսում են իրենց ծանրաբեռնել տարբեր գործերով, նրանց թվում է, թե նոր նախագիծն իրենց կազատի արդեն գոյություն ունեցող խնդիրներից: Ու գալիս է մի պահ, երբ մարդն արդեն ի վիճակի չի լինում ավարտել կուտակված, չավարտված գործերը, առաջանում է փակուղում գտնվելու զգացողություն: Կտրուկ ընկնում է աշխատունակությունը, առաջանում է թուլություն, պակասում  կենսուրախությունը: Այս ամենն էլ կարող է հանգեցնել հուզական պայթյունների: Այսպիսի մարդկանց մոտ հաճախ դիտվում են ֆիզիոլոգիական խնդիրներ` գլխացավ, նյութափոխանակության խանգարում, անքնություն, իմունային համակարգի թուլացում: Մենեջերի համախտանիշով տառապող մարդիկ մշտապես սթրես են ապրում, քանի որ անընդհատ ստիպված են ձեռքը պահել զարկերակին, անձամբ կայացնել բոլոր կարևոր որոշումները: Նրանք շղթայվում են ծառայողական խնդիրներին և կորցնում կյանքի այլ կողմերն ընկալելու ունակությունը: Աստիճանաբար դա կարող է հանգեցնել նրան, որ մարդու ողջ գործունեությունը թելադրվի աշխատանքային շահերով: Նրան թվում է, որ եթե աշխատավայրում բոլոր գործերը կարգավորվեն, ապա անձնական կյանքում ամեն ինչ ինքնին կկարգավորվի: Սակայն նրանք խորապես սխալվում են: Կարիերայի վազքում հաճախ նվազում է հետաքրքրությունն ընտանիքի նկատմամբ, տնային գործերի համար ժամանակ չի մնում և արդյունքում ընտանիքը կարող է հայտնվել փլուզման եզրին:

 

Դա սակայն բնավ միակ հետևանքը չէ: Մենեջերի համախտանիշը դրսևորվում է դեմքի անառողջ գույնով, աչքերի տակ զգալի պարկերով: Կան նաև այլ, առաջին հայացքից աննկատ, սակայն շատ վտանգավոր հետևանքներ: Չէ± որ մարդու հոգեկան աշխարհն ու մարմինն անքակտելիորեն կապված են միմյանց: Հոգեբանական ծանրաբեռնվածությունն ու սթրեսները շատ հաճախ սոմատիկ` մարմնական հիվանդությունների են բերում: Առաջին հարվածի տակ է հայտնվում սրտանոթային համակարգը: Հաճախ գերծանրաբեռնվածությունը հանգեցնում է նաև շնչառական համակարգի տարբեր հիվանդությունների, այդ թվում և ասթմայի: Եվ, ի վերջո, տուժում է միզասեռական համակարգը. մենեջերի համախտանիշով հիվանդների 95-97%-ը նման խնդիրներ ունի: 

 

Այնուամենայնիվ, բարձր պաշտոնը դեռևս չի նշանակում, որ մարդը դատապարտված է հիվանդանալու մենեջերի համախտանիշով: Դրանից կարելի է խուսափել` հրաժարվելով կառավարման կենտրոնացված համակարգից: Բոլոր հարցերն անձամբ լուծելու հարկ չկա, դրանցից շատերը կարելի է վստահել ենթականերին, որոնք պատասխանատու են իրենց ստորաբաժանման համար: Բացի այդ, անհրաժեշտ է հիշել, որ աշխատանքի արդյունավետությունը բնավ համարժեք չէ աշխատավայրում անցկացրած ժամանակին: Հոգեբանության մեջ գոյություն ունի ՙթայմ-մենեջմենթ՚ հասկացություն, այսինքն` ժամանակի կառավարում: Լավ վարչարարը նա է, ով կարողանում է ճիշտ բաշխել ինչպես իր, այնպես էլ աշխատակիցների ժամանակը: 

 

Ի դեպ, մենեջերի համախտանիշով մարդուն շատ հեշտ է բացահայտել, դատելով նրանից, թե ինչպես է նա ժողովներ անցկացնում: Հաճախ նա շեղվում է հիմնական մտքից, հեռանում բուն թեմայից ու սկսում երկրորդական խնդիրներ քննարկել: Դրա համար շատ կարևոր է առանձնացնել առաջնայինը: Բացի այդ, պետք չէ անձնական խնդիրներից փրկություն որոնել աշխատանքում, հարկ չկա կենտրոնանալ գործնական խնդիրների վրա: Մի մոռացեք, որ գրասենյակի պատերից այն կողմ էլ կյանք կա: Եվ իհարկե, ոչ մի դեպքում չի կարելի աշխատանքի մասին տանը խոսել, որը աշխատանքային հարցերի լուծման ու քննարկման վայր չէ: Կարևոր է մշակել հանգստանալու ավանդույթ: Հանգստյան օրերին մենք աշխատում ենք տանը, իսկ եթե ստացվում է բնության գրկում հայտնվել, ապա զբոսնելու, թարմ օդ շնչելու և շփվելու փոխարեն զբաղվում ենք խորոված պատրաստելով. կամ ողջ ժամանակն անցկացնում սեղանի շուրջ: Հարկավոր է կինո, թատրոն, համերգներ այցելել, օրվա ընթացքում նվազագույնը 30 րոպե զբոսնել: Կարելի է նաև յուրացնել թուլացման ու աուտոթրենինգի պարզ միջոցները: Այս ամենը կօգնի խուսափել մենեջերի համախտանիշից: Բացի այդ, պետք է սովորել «ոչ» ասել: Չի կարելի ձեռնարկել առաջարկվող ցանկացած գործ, այլապես հնարավոր է, որ ոչ իրազեկ անձի տպավորություն թողնեք: Եթե գիտեք, թե երբ և ում «ոչ» ասել, ապա դուք լավ մենեջեր եք: Շաբաթվա ընթացքում պարտադիր ինքներդ ձեզ համար գոնե մեկ հանգստյան օր ունեցեք: Այդ օրն ավելի լավ կլինի անջատել հեռախոսը, որպեսզի ոչ ոք չկարողանա ձեզ գտնել: Չէ որ, ի վերջո, դուք ոչ միայն մենեջեր եք, այլև սովորական մարդ, որը նաև հանգստի իրավունք ունի:

Հեղինակ. Խաչատուր Գասպարյան Մխիթար Հերացու անվան ԵՊԲՀ բժշկական հոգեբանության ամբիոն
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2011 (293)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ