Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Բժիշկ-արվեստագետ

ՆԱՆԵ. Երկուսը

ՆԱՆԵ. Երկուսը

Հակոբն ամբողջ գիշեր աչք չփակեց… Եվ դա վերջին ամիսներին առաջին անքուն գիշերը չէր։ Անքուն ժամերն անցնում էին ինչ-որ ելքի փնտրտուքով…Վարկից վարկ պարտքերը  տոկոսների հետ աճում  ու աճում էին։ Եվ հիմա ինքը նման էր ճահճի մեջ հուսահատ թպրտացող մեկի, ով կառչելու համար ծեղ անգամ չէր գտնում։

 

Կնոջ դժգոհ ու նյարդային տեսքից չգիտեր ուր փախչեր։ Ո՞ւր մնաց այն ջահել օրերի խելագար սերը։ Ասենք` ի՞նչ սիրո, հույզի մասին կարող է խոսք լինել, երբ ուղեղումդ միայն փողի հաշվարկ է…և այն էլ միշտ մինուսով։

Իսկ երեխաները շուտով ավարտելու են ու կիսաքաղց գոյության անլուծելի հոգսերին դեռ գումարվելու է նրանց ուսման վարձն ու նմանատիպ շատ այլ բաներ։ Ըստ կնոջ «տրամաբանության»` ուսումը պարտադիր  է, և կարևոր չէ. դրա համար պայմաններ կա՞ն, թե՞ չէ, երեխաները բավարար ունակություններ ունե՞ն, թե՞ չունեն, ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում, …

–Իրենք շա՞տ են հասկանում, թե ինչ են ուզում… Համ էլ` ո՞ւմից են պակաս,-նման խոսակցությունների ժամանակ կինը լացակումած ամուսնու երեսին նետում էր հայ մայրերի ամենասիրած արտահայտությունն ու դրանով թեման փակվում էր։

Չէ, ի՞նչ փակվել…հենց դրանից հետո էր սկսում ամենասարսափելին. իր լարված լռությունը, որի մեջ ամեն բան կար` անհուսություն, տագնապ, դող, ցավ, վիրավորանք… և անքնության  մեկ- մեկու հաջորդող գիշերները։

Բայց այս մի գիշերը նախորդներից տարբեր էր… Կյանքը թշնամու պես մի բան էր դարձել ու մտքում մի հարյուր անգամ հաճույքով բռնեց նրա կոկորդից… Մարտ էր…ու ինքը հաղթեց… Մտքում, իհարկե…

Մինչև առավոտ արդեն հաստատ էր վճռի մեջ…Ընտանիքի անդամներն ու հարազատները օտարացել էին…Իր վշտի մեջ մենակ էր իրեն զգում և ցավ չզգաց այն մտքից, որ մի վերջին անգամ նրանց տեսնել չի ուզում…

Հագնվեց, թեյ խմեց ու…դուրս եկավ։

 

Գլուխը կախ սկսեց քայլել։ 

Արդեն տանից շատ հեռու էր, երբ հիշեց, որ նման դեպքերում ճիշտը ինչ-որ երկտող թողնելն էր. «Իմ մահվան համար ոչ ոքի չմեղադրեք», կամ. «Կներեք, այսպես էլ չէի կարող ապրել»։ Երևի երկրորդը կգրեր, բայց արդեն ուշ էր։ Ձեռքը թափ տվեց…

Երկու կանգառն արդեն անցել էր, մի այդքան էլ կար։

Գլխում մշուշ էր… Չնայած մտքերը, որ իրեն քշեցին մինչև այսօրը, այլևս անելիք չունեին և հանգիստ էին թողել, բայց ներքին ինչ-որ անհանգստություն առաջ էր մղում... Քայլերն արագացրեց… ասես կարևոր մի բանից ուշանում էր։

Ահա և կամուրջը… Քիչ մնաց… Մի քանի րոպեից ամեն բան կվերջանա։ Ամեն բան…

Այդ պահին այլևս չէր էլ գիտակցում ոչ այդ ամեն բանը, ոչ էլ դրանից այն կողմը… Վճիռ էր, գործ, որը պարզապես պետք էր իրականացնել` այլևս առանց երկար-բարակ մտածելու։

Օրն արևոտ էր, ու Հրազդանի ձորը, որ աշնանային հուրհրան գույներին արևի շողերի ոսկեծուփ կոհակներն էր խառնել, բացված օրվա լարված անցուդարձի մեջ մի անդորր ու հմայիչ օազիս էր թվում… 

Հակոբը` աչքը ձորին, մոտենում էր… Սկսեց քայլել կամրջի մետաղյա ճաղաշարին քսվելով…

Ոչինչ չէր մտածում, մի պարզ նախադասություն ասես արդեն ուղեղը ձևակերպել չէր կարող, բայց մտքերի տեղ ինչ-որ դող սկսեց  վերուվար անել գլխում, հետո` մարմնով մեկ…

 

Կամուրջը շատ էր վերջին դողահար քայլեր տեսել և վերջին ոտնահետքեր ամփոփել իր հիշողության մեջ  ու … անհաղորդ էր…

Հակոբը մի պահ երերաց…  ոտքերի դողը դժվարացնում էր ընթացքը…

Ուշ նկատեց կամրջի մեջտեղում կանգնած տղամարդուն…

–Վա՜յ քու,-մրթմրթաց,- միայն սա էր պակաս։

Ասես իր վճռով արդեն պայման էր կապել կամրջի հետ ու այս պահին այն միայն իրենն էր… իրե՛նը պետք է լիներ…

Ստիպված էր կանգ առնել… սպասել… Տղամարդը  երևի շուտով կգնա…

Տառապանքը, որն այլևս ոչ մտքի տեսք ուներ, ոչ հույզի, պարզապես կար` երկարաձգվեց… Ու դողը գնալով, ավելի էր իրեն զգացնել տալիս։

Կամրջին հենված տղամարդը ծխում էր։

Հակոբը չարությամբ ոտքից-գլուխ զննեց շքեղ կոստյումով, հարդարված ու խնամված արտաքինով մարդուն ու անլսելի ֆշշացրեց ատամների արանքից…»Սաղ դուք, դուք եք մեղավոր…ձեր նմանների ձեռից է, որ էստեղ եմ հասել……Ագահ շուն-շանորդիք, Եղած-չեղածս ձեզնով արեցիք ` քի՞չ էր, որ այս վերջինը` իմ կամուրջն էլ եք խլում…»…

 

Դիմացինի նկատմամբ նողկանքն այնքան խորն էր, որ ուշ կարողացավ ընկալել պահի զարգացումը…

Շքեղ կոստյումովն այդ ընթացքում դեն նետեց կիսատ գլանակը և ոտքը  հարմարեցնելով ճաղաշարի կորություններին` փորձում էր վեր բարձրանալ։ 

–Վա՜յ ես քու,-այս անգամ արդեն Հակոբի քրթմնջոցը լրիվ այլ տոնայնություն ուներ…

Երկար-բարակ մտածելու ժամանակ չկար… Նա մղվեց առաջ ու հազիվ հասցրեց վերջին պահին կառչել տղամարդու թևից։ Տղամարդը դիմադրում էր, բայց Հակոբի մեջ` մարդուն փրկելու մղումը, այնպիսի մի ուժի էր վերածվել, որին դիմակայելը պարզապես անհնար էր։

Նա քաշեց անծանոթին դեպի իրեն և գրկից բաց չթողնելով, մի պահ երերալուց հետո հաստատուն կանգնեց տեղում։

–Թող, թող, ասում եմ,-տղամարդը ինչ-որ բորբոքված գոռում էր, թափահարվում։

Մարդիկ հավաքվեցին… Նրանց անհանգիստ-հետաքրքրված, ցավակցող, բայց նաև նոր նյութ ստանալու հաճույքից խոշորացած աչքերով ներկայությունը սթափեցրեց երկուսին էլ։

–Բան չի եղել… գնացեք, ցրվեք,- ձեռքով նրանց հեռանալու նշան էր անում Հակոբը։

Հետո, դառնալով տղամարդուն, ուղղակի կարգադրեց.

–Գնանք էստեղից։

Անծանոթը, որը թևաթափ ու գլխահակ կանգնած էր դեռ Հակոբի պինդ ձեռքերի  գերության մեջ, հնազանդորեն գնաց նրա հետ։

Կամուրջը մնաց հետևում։

Հակոբի մարմնի դողը փոխարինվել էր մի ահավոր թուլությամբ, նա գրեթե ընկավ առաջին իսկ պատահած նստարանին` կողքին նստեցնելով տղամարդուն

–Գո՞հ ես արածիցդ,-ասաց…

Մնացածը մտածեց.»Սա որ չլիներ, արդեն պրծած կլինեի»։

–Քո արածն էլ բան չէր…Թողնեիր էլի… Թողնեիր էս կյանքին մի լավ ապտակ տայի…

 

Նայեցին իրար։

–Անունս Հայկ է,-ասաց անծանոթը։ 

–Հակոբ,-ձեռքը երկարեց Հակոբը ու սկսեց ասես, ավելի շատ ինքն իր հետ, դժգոհ խոսել.- Դու չես հասկանում, որտեղից հասկանաս։ Վախենում եմ, որ վճռականությունս չի հերիքի նորից այնտեղ վերադառնալ… Գոնե գիտե՞ս, թե ինչ դժվար էի մեջս ուժ գտել… Ամբողջ գիշեր բաց աչքերով գցում-բռնում էի։ Ասենք, գցել-բռնելու բան չկար… Մտածեմ-չմտածեմ` ոչ պարտքերս կքչանան, ոչ ապրելն ավելի թեթև կդառնա։

–Ո՞նց, դու է՞լ էիր…,-Հայկի աչքերը զարմանքից կլորացան, անգամ կարծես հազիվ զսպեց ծիծաղը,- Ո՞նց…

–Հա, բա՞...,-Հակոբը գրպանից հանեց միակ գլանակը, որը պետք է ցած նետվելուց առաջ ծխեր, մոտեցրեց շուրթերին,- Բայց դե իմը պարզից պարզ ա, Բա դո՞ւ, դո՞ւ ինչի համար… 

Հայկը մի պահ կկոցեց աչքերը, ասես ինքն էլ էր իրեն նույն հարցը տալիս.

–Կարծում ես միայն կարի՞քը կարող է խնդիր լինել…Ճիշտ է, ամեն բան ունեմ, փող, պաշտոն, կին…կանա՜յք… բայց…,- Հայկը լռեց…

Հակոբը բան չհասկացավ ու ինքն էլ լուռ էր… սպասում էր։

Աշնան կեսօրը խայտում էր մայթերին, հեռվում տարտամված հորիզոնին, քիչ այն կողմ ասես հրդեհված ծառերի կատարներին…ամենուր…

 

Սպասումը երկարեց…

–Բայց ի՞նչ,- ի վերջո անհամբեր վրա տվեց Հակոբը։

–Զզվել եմ, հասկանո՞ւմ ես, զըզ-վե՜լ եմ…

–Ինչի՞ց։

–Ամեն ինչից։

–Հա՜…,- Հակոբը փորձեց հասկացողի տեղ դնել իրեն, բայց ոչինչ չհասկացավ։

–Արի, արի գնանք,- Հակոբի հայացքում վախ հայտնվեց` չլինի թե նորից այնտեղ,- Մեզ հիմա մի-մի բաժակ կոնյակը չէր խանգարի,- միտքը վերջացրեց Հայկը։

–Ես օղի կխմեի։

–Օղի, գինի, կոնյակ, միևնույն է, եղբայրս, կարևորը կարողանանք մի քիչ լիցքաթափվել։ Այս պահին ինձ ամենամոտ մարդը դու ես։ Մեր միևնույն վճռով մենք ասես հարազատացել ենք…

Հակոբը նույնպես ինչ-որ ջերմ մի բան էր արդեն զգում այս օտար մարդու նկատմամբ։ Այդպես մարտադաշտի ընկերներին էր կապված։ Դա մի ուրիշ ջերմություն ու սեր էր։ Խաղաղ օրերին ուրիշ է… Հիմա կարծես մարտադաշտից են վերադարձել։ Ասենք, ինչո՞վ մարտադաշտ չէ կյանքի ու մահվան սահմանը, որը դեռ երկուսի համար էլ ներկայի մի մաս էր…

–Հա, ախպերս, գնանք,- հոգոց հանեց  Հակոբն ու ծանր հևալով  բարձրացավ նստած տեղից։

Հայկը կանգնեցրեց փողոցով անցնող տաքսիներից մեկը ու վարորդին ինչ-որ հասցե ասաց։

 

Կարճ ժամանակից արդեն տեղում էին։ Շքեղ ռեստորան էր։

Սեղանին շուտով հայտնվեցին աշխարհի ամենահամեղ խորտիկները։  Հակոբն ասես երազի մեջ լիներ։

–Խմենք,-ասաց Հայկը` լցնելով բաժակները։ 

Երկուսի մտքով էլ որևէ կենաց չանցավ։ Կյանքի ու մահվան սահմանում ամեն բան անկարևոր էր թվում…իմաստազուրկ։ Խմեցին…

–Կարծես վախենում եմ կյանք վերադառնալ, կարծես դեռ կամրջի վրա եմ…Ամեն դեպքում չեմ շտապում ոչ ընկերներիս տեսնել, ոչ հարազատներիս։ Լավ է` երկտող չթողեցի,-ասաց Հայկն ու անհանգստացած հարցրեց,-Դու հո չե՞ս գրել։

–Չէ, մտքովս չանցավ…Հետո մտածեցի, որ կարելի էր գրել։

–Լավ է։ Հանգիստ կարող ենք դեռ ձգել այս կյանքից ասես դուրս վիճակը։ Ասում ես ինչո՞ւ էիր ուզում ինքնասպան լինել։

–Լավ, թողնենք…մոռանանք,- քրթմնջաց Հակոբը։ Հետո ինքն իրեն մտածեց. «Մոռանա՞լ կլինի»։

–Լսիր, եղբայրս,-արտիստիկ ժպիտով դեպի նա թեքվեց Հայկը,- դու երևի չես էլ հասկանում, թե որքան երջանիկ ես, թե որքան քիչ բան է քեզ պակասում… Փողն ի՞նչ է… Այսօր չլինի` վաղը կունենաս.. Դու չգիտես, թե ինչ ահավոր բան է հոգու դատարկությունը…Գայլի պես ոռնում ես ինքդ քո մեջ…

–Դե, գայլը քաղցից էլ է ոռնում,- Հակոբը մեղմորեն փորձեց այս կյանքի դառնություն չտեսածին բան հասկացնել։  

Ծիծաղեցին… 

–Հասկանում եմ, դա էլ է դժվար, բայց… Լավ, մի խոսքով…

Խմիչքն իր գործն արդեն արել էր։ Հիացած, ասես նորություն գտածի պես իրար էին զննում։

–Լավ օր է … Աստված վկա` լավ օր է, - Հայկը հետ ընկավ աթոռի թիկնակին ու խորը շունչ քաշեց։

Նորից առանց կենացի խմեցին։

 

Երբ դուրս եկան ռեստորանից, արդեն երեկո էր։

Մթնշաղի մեջ քաղաքի լույսերը դեռ տարտամ էին։ Քայլում էին կողք-կողքի ու չէին շտապում բաժանվել։ Երկուսն էլ նույնն էին զգում…

–Գիտե՞ս, բայց ես կարծես այնտեղ ինչ-որ բան այնուամենայնիվ  նետեցի,- ասաց Հայկը։ Պարզ էր, որ «այնտեղ»  ասելով կամուրջն ու ձորը նկատի ուներ։ - Երևի այս կյանքի անիմաստ փուչ ու ցածր արժեքները, որոնք խաղալիքների պես բաներ են, բայց ախր մենք մանուկ չենք։ Միայն ծանր գնով դա հասկացա…Կյանքին մտովի վերջին հրաժեշտը տալուց հետո ահավոր մի բան ես զգում. մի դատարկություն` անհատակ, զարհուրելի… Ասենք, ո՞ւմ եմ ասում… Դու էլ ես հաստատ դա զգացել։

Հակոբը մտածեց, որ գուցե ինքն էլ ինչ-որ բան թողեց այնտեղ, մտածեց-մտածեց, բայց ոչինչ չգտավ. ամեն բան նույնն էր` նույն պարտքերը, նույն սոված երեխաները, նույն գորշությունը։

 

Դանդաղ  քայլում էին…

–Նայիր, ինչ գեղեցիկ է,- Հայկը հայացքով ցույց տվեց կողքի մայթից այն կողմ թեթև ցանկապատված փոքրիկ այգին` ծառերի աշնանային խարտյաշ նրբերանգներով զարդարված։ Նա ասես նոր էր հայտնագործում աշխարհը ու նայելուց չէր հագենում։

–Ըհը՛, - քթի տակ քրթմնջաց ու գլուխը հաստատական ժեստով տարուբերեց Հակոբը։  

–Հրա՜շք – նորից հնչեց Հայկի ոգևորված ձայնը, -այսքան գեղեցիկ բան կա, իսկ մենք…

Քայլում էին…

–Բայց դու լավ տղա ես, - գինուց, փակուղուց այն կողմ շարունակության անսպասելի, թող որ դեռևս անորոշ գյուտի հրճվանքից  շողշողացող աչքերը Հակոբի վրա հառեց Հայկը։ - Ասում ես  ինչ կարող ես անե՞լ։

–Դե… գործ լինի… 

–Եղավ։ Վաղը դու արդեն աշխատանք կունենաս։ Զանգիր ինձ ու անցիր։ Կապերս կօգտագործեմ ու մի բան կգտնենք։ Պարտքդ ինչքա՞ն էր…

–Էհ… թողնենք,- Հակոբն անգամ անհարմար զգալուց կարմրեց։

–Ինչ էլ լինի, իմ կյանքի գինն ավելին է։ Իսկ դու այսօր կյանքս փրկեցիր։

Հակոբն այնքան էլ դեռ իրականության մեջ չէր զգում իրեն, որ ընկալեր մինչև վերջ այդ խոսքերի իմաստը… դեռ տագնապ կար ներսում, թեպետ դա էլ ասես ոչ իրական, սղալված ու կիսաջնջված մի բան էր…

 

Քայլում էին…

Հայկը ժպտում էր ինքն իրեն, դա հոգուց բխած մի թեթև-թեթև ժպիտ էր, քայլում էր թեթև-թեթև, շնչում` թեթև-թեթև… ինչպես` երբեք…

Անցնում էին եկեղեցու կողքով…

–Արի մտնենք, - առաջարկողը Հայկն էր, - եթե ճիշտ է, որ ինքնասպանները կործանում են իրենց  հոգին, ուրեմն մենք այսօր շատ մեծ բանից ազատվեցինք… Դրա կողքին կյանքն ի՜նչ է, որ չդիմանանք… Իսկ այս ամենում Աստծո մատը հաստատ խառն էր…

Եվ ուղղվեցին դեպի գմբեթները երկնային կապույտի մեջ մխրճած, աշխարհը տիեզերքի  հետ կամրջած  եկեղեցին, որ գեղեցիկ էր…անչափ էր գեղեցիկ… 

Ինչպե՞ս առաջ չէին նկատել…  

Հեղինակ. ՆԱՆԵ. մանկական նյարդաբան, բանաստեղծ-հրապարակագիր, գեղանկարիչ
Սկզբնաղբյուր. Գրական թերթ
Լուսանկարը. tanat.info
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ
«ՍՊԻՏԱԿԻ ԵՐԿՐԱՇԱՐԺ» ՕՊԵՐԱՑԻԱՆ

Այսօրվա զենքերի հնարավորություններն արդեն ասես կտրել-հատել են մարդկային երևակայության սահմաններն անգամ, կամ էլ, դրանց վրա կենտրոնացածները մոռացել են, որ այդ զենքերը այս միամորիկ, չափ ու սահմաններով...

Պատմության էջերից Հիշարժան տարեթվեր
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ
2015-ը … Հարության և շարունակության տարի. ՆԱՆԵ

Արդեն մեկ դար է, որ, իհարկե, ոչ բավարար չափով, բայց միևնույն է` մեր երկրի և սփյուռքի հայության ջանքերի գնով, փորձում ենք աշխարհին համոզել, որ մարդկություն բառի արմատը մարդն է` Աստծո պատկերով ու նմանությամբ...

ՆԱՆԵ. Նոստալգիա
ՆԱՆԵ. Նոստալգիա

Ես քեզ որոնեցի երեկ գիշեր նորից,
Թեկուզ մեր այն վերջին...

ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը
ՆԱՆԵ. Երկնագույն ծաղիկների ամիսը

–   Զինվորը կգա, զինվորը չի գա, - Երկնագույն ծաղիկների նրբին թերթերը հատ-հատ պոկելով մրմնջում էր Արփին: Հետո գլուխը բարձրացեց ու հայացքը սահեցրեց երկնագույն ծաղիկներով ծփացող դաշտին...

ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր
ՆԱՆԵ. Դեպի քո անհասկանալին, Երկի՛ր

 Ես հանելուկներ չեմ սիրում. լավ է, երբ ամեն ինչ պարզ է, ու ես ամեն բան գիտեմ։ Հանելուկն անպայման` ուզեմ, թե չուզեմ, մտքերս խճճելու է իր հանգույցների մեջ, լուծեցի` կարող եմ թեթևացած շունչ քաշել, չլուծեցի...

ՆԱՆԵ. Վերադառնամ...
ՆԱՆԵ. Վերադառնամ...

…Վերադառնամ դաշտը այն բաց .

Բաղեղները հյուսած ծամիս`

Սպասեմ քույր մուսաներին...

ՆԱՆԵ. Երկիրս
ՆԱՆԵ. Երկիրս

Ինչ էլ լինի`  ծաղկելու է ծիրանենիդ.

Ծիծեռնակը ծանոթ քիվին –              

                   նորոգելու բույնը իր հին,

Պայթելու է հունդը հողում...

Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին
Մենք բոլորս ենք տեսնում, թե ինչպես արդեն մոլորակով մեկ ծավալվում ու տիրաբար իշխում են ստորը, դաժանը, ցածրը, գարշելին

Ձեզ ենք ներկայացնում Արթուր Հովհաննիսյանի հարցազրույցը բանաստեղծ և հրապարակագիր, Հայաստանի գրողների միության անդամ, Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Նանեի հետ, ով մասնագիտությամբ...

Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ
Լևոն Անդրանիկի Ճաղարյան. բարձրակարգ վիրաբույժ

Մարդ, ահա' թե ինչն է ինձ հետաքրքրում:

Մարդկային դեմքը բնության բարձրագույն ստեղծագործությունն է,

և այն ինձ համար անսպառ աղբյուր է:

Ամադեո Մոդիլյանի...

Ֆարմացևտ պրակտիկ 3-4.2009 (15)
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան
Բժիշկ-նկարչի հոգու աշխարհը - Աշոտ Եղոյան

- Զարմանալի բան է բժշկությունը, և արդյոք կապ ունի՞ արվեստի հետ, թե՞ ոչ` դժվար է ասել։ Բայց եթե Բուլգակովը, Շիլլերը, Կոնան Դոյլը, Չեխովը բժիշկներ էին, ուրեմն` արվեստի հետ բժշկությունն իսկապե՛ս...

Ֆարմացևտ պրակտիկ 9-10.2008 (14)
Հրանտ Սապոնջյան
Հրանտ Սապոնջյան

Մեր հյուրն է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի ավագ օրդինատոր, բ.գ.դ. Հրանտ Սապոնջյանը, ով տարիներ շարունակ իր հիմնական աշխատանքին զուգահեռ զբաղվում է նաև նկարչությամբ...

Ֆարմացևտ պրակտիկ 6-7.2008 (13)
Մեկ դար... Մեկ կյանք...
Մեկ դար... Մեկ կյանք...

Օրեցօր վերափոխվում է Երևանը։ Նոր սերնդի համար այն վիթխարի, բարձրահարկ շինություններով, անթիվ-անհամար գովազդային վահանակներով ու գունավոր ցուցափեղկերով մի քաղաք է, որի հատուկենտ...

Ֆարմացևտ պրակտիկ 4-5.2008 (12)
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան
Բժիշկ-արվեստագետ - Տաթևիկ Շահյան

- Նկարել սիրել եմ միշտ։ Միշտ ասելով` նկատի ունեմ դպրոցական տարիքից, երբ գրադարանից գրքեր էի վերցնում ու դրանց մեջ եղած պատկերները արտանկարում։ Վերջերս ձեռքս ընկավ «Մյունհաուզենի արկածները» գրքի մի հին...

Ֆարմացևտ պրակտիկ 1-2.2008 (10)

Notice: Undefined index: HTTP_X_FORWARDED_FOR in /sites/med-practic.com/classes/flud_class.php on line 33

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ