Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Պզուկներ

Պզուկներ

Պզուկները` կորյակները, մաշկի տարածված հիվանդություններից են: Դրանք հանդիպում են 12-25 տարեկանների 85%-ի, իսկ ավելի մեծահասակների 10%-ի մոտ: Հիվանդությունն ունենում է տարբեր չափի վտանգ ներկայացնող կլինիկական արտահայտություններ` սկսած ամենաթեթևից մինչև ամենածանրը:

 

Հետևաբար դա կարող է ոչ միայն կոսմետիկ անհանգստության, հուզական լարվածության, այլև ընդհանուր առողջական վիճակի և սոցիալական պահվածքի վատթարացման պատճառ դառնալ:

 

Ըստ առաջացման մեխանիզմի, պզուկները ճարպագեղձային-մազապարկային համալիրի բորբոքային (բուն պզուկներ) և ոչ բորբոքային բնույթի (կոմեդոններ և միլիումներ) ախտահարումներ են: Բոլոր դեպքերում հիվանդության ախտածնության մեջ որոշիչ դեր է խաղում ճարպագեղձերի գործունեության ակտիվացումը (սեբորեա կամ ճարպահոսություն)` պայմանավորված օրգանիզմում արական սեռական հորմոնների (անդրոգենների) քանակի ավելացումով, որը բնորոշ է հատկապես պատանեկան տարիքին: Նպաստող դեր ունեն նաև ժառանգական նախատրամադրվածությունը, ներքին սեկրեցիայի գեղձերի ոչ բնականոն գործունեությունը, կանանց արականացումը (մասկուլինացումը), ձվարանների պոլիկիստոզը, մարսողական համակարգի ախտաբանական վիճակը (այդ թվում` դիսբակտերիոզը), սննդակարգի (դիետայի) խանգարումները (ճարպերի, ածխաջրատների, գրգռիչ սննդանյութերի չափից ավելի օգտագործումը), իոնային ճառագայթումը և այլն: Պզուկների մի քանի ձևերի առաջացման պատճառ կարող են լինել կոսմետիկ միջոցների, որոշ հորմոնների, բրոմ և յոդ պարունակող պատրաստուկների երկարատև օգտագործումը, քսայուղերի, ձյութի, նավթի այլ ածանցյալների, փոշիների (ցեմենտ, լիմոնաթթու, պոլիմերներ) գրգռիչ ներգործությունը: Այսինքն, պզուկների որոշ ձևեր կարող են մասնագիտական ծագում ունենալ: Կան անգամ վեներական (սիֆիլիսային) ծագում ունեցող պզուկներ: Այսպես կոչված` մեխանիկական կամ քերծվածքային պզուկներ լիմում են հատկապես աղջիկների մոտ, որոնք հոգեկան անհանգիստ վիճակում գտնվելու պատճառով քերծում, արտաճնշում են դեմքի վրա նկատվող թեկուզ ամենաչնչին գոյացությունը, դրանով խախտելով մաշկի պաշտպանիչ պատնեշները և նպաստելով մանրէների ներթափանցմանը մաշկի մեջ:

 

Եվ այսպես, հանդիպում են մեծ մասամբ «սովորական» կամ պատանեկան պզուկներ, որոնց առաջացման պատճառը սեբորեան է, ըստ որում, նոսր խտությամբ յուղոտ սեբորեայի ժամանակ ճարպագեղձերի արտազատուկի մի մասը դեպի դուրս արտահոսելու ճանապարհին միախառնվում է ծորաններում գոյացող էպիթելային-եղջերային զանգվածների հետ և չորանալով` խցանում ճարպագեղձի ծորանը: Այդ խցանը կոչվում է կոմեդոն (կետավոր պզուկ), որն արտաքինից սև կետի տեսք ունի (նկար 1):          

 

 

Մեծ խտությամբ յուղոտ սեբորեայի դեպքում միայն ճարպն է կուտակվում ճարպագեղձերի ծորանների և մազապարկերի բացվածքների մեջ և ձևավորում կիստայանման փոքր (գնդասեղի գլխիկից մինչև կորեկի հատիկի մեծության) գոյացություն` կիսագնդաձև, սպիտակադեղնավուն մակերեսով: Դա անվանում են սպիտակ պզուկ կամ միլիում (նկար 2):

 

Եվ մեկ, և մյուս ոչ բորբոքային տարրերի մեջ կուտակված ճարպի քայքայման հետևանքով առաջանում են ճարպաթթուներ, որոնք գրգռում և բորբոքում են շրջակա հյուսվածքը, մաշկի մակերեսի վրա գտնվող ախտածին մանրէները (պրոպինիբակտերիա, ոսկեգույն ստաֆիլակոկ) ներթափանցում են մազապարկ-ճարպագեղձային կառուցվածքի մեջ, որի պատճառով վերջիններս թարախակալում են, առաջանում են հանգուցիկներ և թարախաբշտիկներ (մոտավորապես կորեկի հատիկի մեծության): Վերջիններս պահպանվում են 1-2 շաբաթ և վերանում` նկատվում են ոչ կայուն թեփոտում, թարախային կեղևներ, գունակավորում: Այսպես են ձևավորվում և արտահայտվում սովորական կամ պատանեկան կոչվող պզուկները (նկար 3):

 

Շատ հաճախ նման պզուկները 1-3 տարվա ընթացքում ինքնաբերաբար վերանում են, սակայն հիվանդությունը ձեռք է բերում ձգձգված ընթացք և կլինիկական տարբեր պատկեր: Այսպես, նշված մաշկային տարրերի հիմքի բորբոքային բջջանքի կուտակումը կարող է սովորականից ավելի խորը տեղակայվել և հասնել ավելի խոշոր չափերի, արտահայտվել որպես թարախաբշտեր (նկար 4), հանգուցիկներ (նկար 5), կամ լինել այդ երկուսի զուգորդված տարատեսակը (նկար 6), կիստաներ (նկար 7): Այս բոլոր դեպքերում նշված ակտիվ բորբոքային տարրերի տեղում սպիներ են մնում (նկար 8), որոնց ինտենսիվությունը պայմանավորված է կիրառված բուժման արդյունավետությամբ: Սակայն եթե մարդ անուշադիր է իր առողջության նկատմամբ, առհասարակ չի դիմում բժշկի, զբաղվում է ինքնաբուժմամբ, կամ օրգանիզմի իմունային համակարգը թուլացած է, ապա կարող են ձևավորվել սովորական պզուկների այլ արտահայտություններ: Դրանցից են գնդաձև կամ թարախակույտային պզուկները (նկար 9, 10), որոնց դեպքում մաշկի մեջ եղած և միմյանց նկատմամբ հարևանցիորեն տեղակայված բորբոքային բջջանքի կուտակումը վերածվում է բազմախոռոչային թարախակույտերի` սիսեռի, պնդուկի մեծության, բարձրադիր մակերեսով, բազմաթիվ խուղակներով և հաստ, կոպիտ, կամարաձև սպիներով: Թարախային արտադրուկը նման օջախներից ներծծվում է արյան մեջ և խիստ բացասաբար ներգործում տարբեր օրգան-համակարգերի վրա, առաջացնում նաև թարախային ծագման ալերգիա: 

 

Սովորական պզուկները վերը նշված ձևերով կարող են տեղակայվել դեմքի, ուսային գոտու, կրծքի և թիկունքի շրջաններում: Ամռան ամիսներին արևի ճառագայթների չափավոր ներգործության պայմաններում շատերի մաշկի վիճակը բարելավվում է, սակայն այս նույն գործոնի չափից ավելի ազդեցության դեպքում, հատկապես, երբ այն ուղեկցվում է մաշկի գերքրտնոտությամբ, բորբոքումը, ընդհակառակն, սրանում է, թարախաբշտիկների չափերը մեծանում են, քանակը` ավելանում: Բացի այդ, արևի ճառագայթները նույնպես կարող են ախտահարել մաշկը, առաջացնելով յուրատեսակ պզուկներ (նկար 11): Պզուկային ցանավորման ակտիվացում է նկատվում նաև նախադաշտանային և սթրեսային իրավիճակներում: Երբեմն զարգանում են կելոիդային պզուկներ, որոնք արտահայտվում են խոշոր, հաճախ երկարավուն, իրենց մակերեսով բորբոքային բջջանքի բարձրադիր կուտակումներով և սպիներով, որոնք սովորաբար տեղակայվում են պարանոցի հետին, կրծքի առաջային մակերեսին և գլխի մազածածկ մասի վրա (նկար 12): 

 

(շարունակելի)

Հեղինակ. Էդուարդ Դանիելյան պրոֆեսոր,«Հելիոս» դերմատոկոսմետոլոգիական կենտրոնից
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 4.2009
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

07.03.2016

Հարգելի Աննա, բարև Ձեզ: Կարևոր է ուղղակի ձեռք չտալ կորյակին, մեխանիկորեն չվնասել: Կարող եք դեմքը լվանալ "Ակնե Ուոշ" հեղուկ օճառով, կամ սրբել սալիցիլաթթվի 1%-ոց կուծույթվ, այնուհետ միայն կորյակի վրա քսեք որևէ հակաբիոտիկ պարունակող քսուք, օրինակ էրիթրոմիցինի, օրական մեկ անգամ քնելուց առաջ:

Աննա

13.02.2016

Բարև Ձեզ: Դեմքիս վրայի խալի ներքևի հատվածում առաջացել է թարախային կորյակ: Քանի որ խալի ներքևում է, վախենում եմ ինչ-որ միջոց կիրառել կորյակի դեմ: Ուզում եմ իմանալ արդյոք վտանգավոր է բշտիկն այդ հատվածում և ինչ միջոցներով կարելի այն բուժել, խալն առանց վնասելու: Խալն առկա է մոտ 20 տարի, իսկ կորյակն արդեն 3 շաբա թ է, որ կա: Կանխավ շնորհակալություն:

Մեդ-Պրակտիկ

07.11.2015

Հարգելի Lilit, բարև Ձեզ:Դեմքի սև կետերը կորյակների տեսակ են, որոնք առաջանում են դեմքի ճարպագեղձերի խցանման, բորբոqման հետևանքով: Մեծ մասամբ դրանց պատճառը ներքին խնդիրն է, այդ պատճառով ցանկալի է գտնել նախ պատճառը, փորձել վերացնել այն: Ստորև ներկայացնում ենք մի քանի օգտակար հղումներ.

 

www.med-practic.com/arm/802/23919/article.more.html

www.med-practic.com/arm/808/3619/article.more.html

www.med-practic.com/arm/808/35189/article.more.html

Liana

05.10.2015

inchpes azatvel sev keteric aysinqn (koreakneric)

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ